livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

NarekԻնչպես ներկայացրել էինք, մեր երկրի ներկայացուցիչն առաջին անգամ մասնակցեց Վիեննայում կայացած «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012»-ին: Այն առաջին անգամ անցկացվել է 1982 թվականին` Մեծ Բրիտանիայում: Հաղթողին որոշեց 5 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին: Մեր երկիրը մրցույթում ներկայացնող 15-ամյա վանաձորցի քանոնահար ՆԱՐԵԿ ԿԱԶԱԶՅԱՆԸ, եզրափակչում ներկայացնելով Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը, զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը:

Մրցույթին մասնակցել էր 14 երկիր, որոնցից եզրափակիչ էին անցել Հայաստանը, Բելառուսը, Ավստրիան, Չեխիան, Գերմանիան, Նորվեգիան եւ Լեհաստանը: Առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդը` Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը` հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին:

Ինչպես ներկայացրել էր հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, երեք տեղերն էլ մրցանակային էին, եւ Նարեկ Կազազյանին տվեցին Վիեննայի միջազգային երաժշտական դպրոցում master class-ի հնարավորություն` քանոնի որեւէ լավ մասնագետի մոտ: Նա ստացել է նաեւ ժյուրիի անդամներից մեկի նվագախմբի հետ նվագելու հնարավորություն (նա նաեւ հայտնի խմբավար է), ինչպես նաեւ 2000 եվրոյի չափով մրցանակ:

Նշենք, որ Նարեկ Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ Առաջին տիկնոջ կողմից: 2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է:

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Նարեկի մայրիկի` ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆԻ հետ: Նա աշխատում է մանկապարտեզում, ունի երկու որդի, որոնցից ավագը սովորում է ինստիտուտում եւ միաժամանակ ֆուտբոլիստ է:

Ամուսինն արհեստավոր է` կոշկակար, այս պահին աշխատանք չունի: Ու նաեւ երաժշտական կրթություն ունի: Նարեկի պապիկը խմբավար է. ժողգործիքների խումբ է ղեկավարել, նաեւ վոկալիստ է, ուդ է նվագել, հորաքույրը դաշնակահարուհի է: Դե, իսկ մեր զրուցակիցը սովորել է քանոնի բաժնում:

- Երեւի հենց Դուք էլ եղել եք Նարեկին քանոն նվագել սովորեցնողը:

- Կարող է չհավատաք, բայց ես ընդհանրապես չեմ էլ ցույց տվել, թե այդ գործիքն ինչպես են նվագում, Նարեկն ինքնուրույն է նվագել սովորել: Նույնիսկ, երբ նվագել է, ես ուշադրություն չեմ դարձրել` մտածելով, որ Նարեկը, միեւնույն է, քանոն չի նվագելու, երեխա է, պարզապես հետաքրքրություն ունի քանոնի նկատմամբ: Բայց հետո, երբ  տեսանք, որ իրոք շատ սիրում է այդ գործիքը եւ արդեն ինչ մտածում է, ինչ ուզում է, անմիջապես նվագում է, տարանք նաեւ քանոնի: Իսկ մինչ այդ` մեկ տարի առաջ, նա արդեն սովորում էր երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում:

- Իսկ ո՞ւմ մոտ է սովորել:

- Նարեկը սովորում է Վանաձորի Միքայել Թավրիզյանի արվեստի պետական քոլեջում` Անահիտ Հովսեփյանի դասարանում: Իմիջիայլոց ասեմ, որ կան մարդիկ, ավելի կոնկրետ` Հասմիկ Լեյլոյանը, ով անընդհատ ամեն տեղ ասում է, որ Նարեկի ուսուցչուհին նաեւ ինքն է: Ուզում եմ իմանաք, որ ինքն ընդհանրապես Նարեկի հետ ոչ մի կապ չունի, Նարեկի միակ ուսուցչուհին Անահիտ Հովսեփյանն է: Միայն Ծովինար Հովհաննիսյանը «Եվրատեսիլ» գնալուց առաջ` մոտավորապես մի տասը օր, իմպրովիզացիաներ, մշակումներ է կատարել այն ստեղծագործությունների մեջ, որոնք Նարեկը ներկայացրեց «Եվրատեսիլում»: Եվ մենք անչափ երախտապարտ ենք Ծովինար Հովհաննիսյանին:

- Մրցույթից հետո Նարեկին համագործակցության առաջարկներ եղե՞լ են:

- Այո՛, Նարեկն արդեն հրավեր է ստացել մրցատյանի (ժյուրի) կազմում Լեհաստանի ներկայացուցչից, ով նաեւ խմբավար է: Նարեկը պիտի Լեհաստանում համերգների մասնակցի Լեհաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Արդեն երկրորդ անգամ Լոնդոն է գնալու համերգների, ԱՄՆ-ից հրավեր ունի, ուրիշ ծրագրեր էլ կան...

- Շատերն են ասում, որ Նարեկը կարող էր նաեւ առաջին տեղը զբաղեցնել: Իսկ նորվեգացին առանձնապես ոչնչով աչքի չընկավ:

- Եթե Դուք տեսել եք Նարեկի ելույթը, համոզված կլինեք, որ կարեւորը մրցանակային տեղերը չէին, ամենալավն ընդունվեց Նարեկի կատարումը: Միայն տեսնել էր պետք ժողովրդի, մրցատյանի եւ սիմֆոնիկ նվագախմբի ընդունելությունը. դա բառերով հնարավոր չէ արտահայտել: Նշեմ նաեւ մի փաստ: Մասնակիցներից յուրաքանչյուրն ամեն փորձի ժամանակ 5-6 անգամ փորձել է սիմֆոնիկի հետ, որ ստացվի: Իսկ Նարեկի երեք փորձին էլ մեկ անգամով վերջացրել են, որովհետեւ ամեն ինչ տեղում է եղել, Նարեկը  կամերային նվագախմբի հետ էլ է նվագել, Սպիվակովի նվագախմբի հետ էլ, եւ նրա համար դա նորություն չէր:

- Իսկ նման երաժշտական լսողությամբ Նարեկը ո՞ր տարիքից է աչքի ընկել:

- Երեքուկես տարեկանից Նարեկը երգել է, մի քանի տարի երգեց` մինչեւ հասունացման շրջանը: Նա չցանկացավ երգել, բայց չգիտեմ, թե հետո ինչ կանի: Չորս տարեկանից շատ լավ ասմունքում էր, մոտավորապես ութ տարեկանից Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում էր խաղում...

- Նարեկը շփվե՞լ է Լորիս Ճգնավորյանի որդու` Էմանուելի հետ:

- Այո՛, իհարկե շփվել է:

- Էմանուելը հայերեն խոսո՞ւմ է:

- Այո՛: Նարեկը նրան այստեղից էր ճանաչում: Նարեկը «Նոր անունների» անդամ է, Ճգնավորյանը նույնպես այդ խմբում նվագում էր, եւ միասին համերգների են եղել:

- Ինչպե՞ս դիմավորեցին:

- Մարզպետարանը շատ գեղեցիկ էր կազմակերպել ամեն ինչ, զուռնա-դհոլով դիմավորեցին օդանավակայանում... Շատ շնորհակալ ենք մեր մարզպետին, քաղաքապետին...

- Ասացին, որ երկու հազար եվրոյի մրցանակ է ստանալու, ծրագրե՞լ եք, թե ինչ նպատակով եք այն ծախսելու:

- Այդ մրցանակը դեռեւս մեզ չեն տվել, ասել էին` մեկ ամսվա ընթացքում բանկային հաշվով կուղարկեն, չգիտեմ` ում պիտի ուղարկեն: Ծախսելու նպատակներ շատ կան: Երբ որ տեղ հասնի, կորոշենք` ինչպես անենք, որ Նարեկի համար լավ լինի:  

Զրույցը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում