livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

Երբ փոթորիկ ես ցանում

 

kriv   Վերջին օրերին ինտերնետային կայքերում ինտենսիվ շրջանառվում են տարբեր տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են հայազգի 14-15 կամ 16-17 տարեկան աղջնակները կատաղի ծեծում իրար ու քաշքշում՝ այդ ամենն ուղեկցելով ամենալկտի հայհոյանքներով։

   Խոսքը, ընդհանուր առմամբ, երեք տարբեր դեպք պատկերող տեսանյութերի մասին է։ Ըստ որում, աղջնակների "ռազբորկաները" տեղի են ունենում վկաների, հիմնականում տղաների ներկայությամբ։

   Հասկանալի է, որ այդ ամենով հետաքրքրվելու էին նաեւ իրավապահ մարմինները եւ հետաքրքրվեցին։ Ի վերջո, խուլիգանական դրդումներով ծեծի դեպքեր են, ինչի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Եվ տեսանյութերից մեկի «հերոսուհիներինե ոստիկանությունն արդեն պարզել է։ Երեկ տարածված տեղեկատվության համաձայն, ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում համացանցում հայտնված տեսանյութում պատկերված դեպքի կապակցությամբ:

   Միաժամանակ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը եւս որոշակի մանրամասներ է պարզել, որոնք երեկ հանրությանը ներկայացրեց վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

   Մասնավորապես պարզվել է, որ, կոնկրետ մի տեսանյութում պատկերվածի պարագայում, դեպքը տեղի է ունեցել 2010 թվականին, Երեւանի թիվ 102 դպրոցի բակում կամ մերձակա տարածքում։ Հայտնի է դարձել, որ պատկերված աղջնակներից մեկն արդեն ավարտել է դպրոցը, իսկ մյուսը սովորում է 9-րդ դասարանում:

   Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ նշել է, որ սա բացառիկ դեպք է, ու միայն դրա վրա հիմնվելով, սխալ է ասել, թե կրթական համակարգը թերի է: Նա նկատել է. «Նախադեպ չի եղել: Այդ դեպքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Պատասխանատու են բոլորը` հասարակությունը, ծնողները, մանկավարժները, աշակերտները: Այդ հարցը սուր քննարկման է դրվելուե:

   Դե, ինչ վերաբերում է հարցը «սուր քննարկման դնելունե, ինչպես ասվում է, լավ է ուշ, քան երբեք։ Բայց վախենամ, էլի կենտրոնանանք հետեւանքները մատնացույց անելու, ավելի ցնցող բաներ իրար պատմելու, այլ ոչ թե պատճառները վեր հանելու, վերլուծելու եւ, ըստ այդմ, հնարավորինս չեզոքացնելու վրա։

   Տեսանյութերն այս օրերին ինտերնետ «հիթե են դարձել, էլ չասած՝ սոցցանցերում շարունակական քննարկումներ, ցանցային լրատվամիջոցներում ճչացող վերնագրերով դրանց նկարագրության, զանազան ընդհանրական բնույթի դատողությունների ինտենսիվ շրջանառության մասին։

   Ի դեպ, ընդհանրական դատողությունների վերաբերյալ. հենց միայն մեկ-երկու տեսանյութի շրջանառումը որոշ մարդկանց առիթ տվեց, որ քաղքենիական պաթոսով սկսեն. «Այս ի՜նչ է կատարվում ազգի հետ, սա է այսօրվա դեռահաս աղջիկների կամ երիտասարդ կանանց նկարագիրը, սա հայ ազգին բնորոշ չէ...ե, եւ այսպես շարունակ։ Իսկ ո՞վ ասաց, թե բնորոշ է։ Կամ մի՞թե կարելի է երկու-երեք դեպքի հիման վրա մի ամբողջ ազգի ու նրա նկարագրի մասին ընդհանրական դատողություններ անել։ Ցնցվա՞ծ եք։ Շոկի մե՞ջ։

   Մի կողմից, իհարկե լավ է, ավելի ճիշտ՝ այդ տեսանյութերի շրջանառման հետ կապված միակ դրական բանն այն է, որ դա կարող է մարդկանց մի մասին իսկապես ցնցվելու եւ լրջորե՛ն մտահոգվելու առիթ տալ։ Պե՛տք է որ տա, ինչ-որ տեղ օգնի սթափվել։

   Բայց, մյուս կողմից, ինչ-որ մի նոր բան չէ, որ տղամարդկանցից բացի, նաեւ կանայք կարող են իրար քաշքշել, ծեծել կամ անպատվել։ Իսկ դուք հիշեք, թե ժամանակին ինչեր էին կատարվում զանազան հերթերում։ Ու ոչ միայն սոված տարիների հացի հերթերում, այլեւ «լեն ու բոլե խորհրդային տարիներին, ասենք, բանջարեղենի կրպակ-տաղավարի մոտ 10 կոպեկանոց լոլիկի հերթերում։

   Ուղղակի այն ժամանակ հեռախոսային տեսախցիկ չկար, որ մեկը նկարեր ու «դներե ինտերնետ։

   Իսկ, անկեղծ ասած, ի՞նչ էինք մենք սպասում։ Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է հնձել, եթե փոթորիկ ես ցանում։

   Ավելի քան 15 տարի, Հայաստանի դպրոցական կրթության համակարգը պարբերական «բարեփոխումներիե գործընթացների մեջ է, որի նպատակադրումները մշուշոտ են, ծրագրերը՝ խախուտ, խրթին, հաճախ խառնիխուռն։ Ավելին՝ փորձառու, իրենց գործն իմացող մանկավարժների զանգվածային ջարդը, որ ձեռնարկվեց օպտիմալացման անվան տակ, ուղղակի խեղեց դպրոց ասվածի բովանդակային նկարագիրը։

   Իսկ հետեւանքներն ահավոր են, որովհետեւ մեծանում է առավելապես կիսագրագետ, անկիրթ, անդաստիարակ, լկտի ու ցինիկ պահվածքով աչքի ընկնող սերունդ, որին առաջնորդողը գրգիռներն ու ռեֆլեքսներն են։

   Երկրորդ. արդեն տարիներ շարունակ հեռուստաեթերն ուղղակի հեղեղված է ամեն կարգի այլանդակության քարոզով. բռնություն, սեռական սանձարձակություն, հայհոյանք, գռեհկություն ու ցինիզմ, խաբեություն ու սրիկայություն, սպանություն ու լկտիություն, անբարոյականություն ու դավաճանություն, եւ այլն, եւ այլն։ Իսկ վերջին տարիներին, զանգվածային բթացման այդ սարքին համալրելու է եկել ինտերնետը։ Կապի միջոցը, իհարկե, մեղավոր չէ, հարցն այն է, թե ով ինչ է դրանից քաղում։ Հետեւանքներն ակներեւ են։

   Իսկ այդ ի՞նչ կարելի է սպասել վերը նշված արատների ու անբարոյականության շարունակական քարոզչությունից, ի՞նչ։ Որ բարեկրթություն մարմնավորող լուսավորյալ սերո՞ւնդ մեծանա։ Ինչպե՞ս կարող է դաժանության, անխղճության, ուժի ու փողի պաշտամունքից ինչ-որ լուսավոր բան ստացվել։ Չի՛ կարող։ Պատրանքներ չարժե ունենալ։

   Իսկ Հայաստանում տիրապետող սեւեռումը, անգամ կարելի է ասել գաղափարախոսությունը հենց փողն է եւ ուժը, լրացված դաժանությամբ ու անխղճությամբ։ Ու դա ոչ մեկին չի էլ հետաքրքրում՝ ո՛չ պետական կառույցներին, ո՛չ էլ հասարակական կազմակերպություններին (չէ՞ որ դրա համար գրանտ տվող ամերիկացի ձյաձյաներ չկան)։

   Ի դեպ, շատերը ախուվախ են անում, նկատի ունենալով, որ հայհոյախառն ծեծկռտուքով են զբաղված աղջիկները։ Իսկ այն, որ դպրոցահասակ տղաներն են իրար հոշոտում՝ ոհմակային եղանակներով, որ դպրոցականները իրար վրա դանակ են քաշում, կարծես թե նույնպիսի սրությամբ չի ընկալվում ակտիվ հանրության կողմից։ Իսկ չէ՞ որ այդ տղաները վաղը-մյուս օրը գնալու են բանակ։

   Տպավորությունն այնպիսին է, որ տանը մտածում են, թե երեխայի հետ դպրոցում «կզբաղվենե, դպրոցում բողոքում են, որ տանը չեն «զբաղվումե, իսկ ինքնահոսի թողնված խակգլուխ դեռահասները զբաղվում են ինչով կարող են, նրանք սովորել են ամենեւին էլ ոչ այն, ինչ երկար-բարակ գրված է դասագրքերում։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

armworld.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում