livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

ashxatankԻնչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, գոյություն ունեն աշխատանքի տեղավորման գործակալություններ: Նրանց գերխնդիրը պետք է լինի դիմող քաղաքացու համար աշխատանք գտնելը: Սակայն ինքս դրանում չհամոզվեցի, երբ դիմեցի ՙՎականտ՚ գործակալությանը: Ինձ ընդամենը հսկիչ-վաճառողուհու աշխատանք էր պետք:

Աշխատանք գտնելու դեպքում ես գործակալությանը պետք է վճարեի առաջին աշխատավարձի 40%-ը: Նաեւ խնդրեցի, որ հնարավորության դեպքում աշխատանքն ավարտվի 21:00-ին: Սպասեցի երկու ամիս, զանգահարեցին եւ աշխատանք առաջարկեցին շշերի գործարանում. պետք է շշերը դասավորեի արկղերի մեջ: Բնականաբար, մերժեցի, քանի որ հայտի մեջ լրացրել էի, որ հսկիչ-վաճառողուհու աշխատանք եմ փնտրում: Դրանից հետո գործակալությունից եւս երկու անգամ զանգահարեցին, բայց կրկին ոչ համապատասխան աշխատանքի առաջարկով:

Պարզվում է, որ նման իրավիճակում հայտնվել եմ ոչ միայն ես, այլ նաեւ մի շարք քաղաքացիներ: Հարցման միջոցով մեր համաքաղաքացիներից փորձեցինք պարզել, թե հաճա՞խ են օգտվում աշխատանքի տեղավորման գործակալություններից եւ գո՞հ են: Արդյունքներն այսպիսին էին. հարցվածների 80%-ը դժգոհ էր Հայաստանում գործող գործակալություններից, 15%-ը` չէր վստահում, եւ միայն 5%-ը փաստեց, որ գոհ է մնացել գործակալությունների աշխատանքից:

Հարցման ընթացքում, երբ փորձեցինք պարզել, թե մեր համաքաղաքացիները ի՞նչ հաճախականությամբ են ՙգործ՚ ունեցել աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ, մի կին զայրացած պատասխանեց. ՙԱյո: Աղջիկներիցս մեկը 18 տարեկան է, դիմել էր ՙԶատիկ՚ գործակալությանը: Վճարել էր 3000 դրամ, եւ նրան խոստացել էին մեկ ամսվա ընթացքում գործ գտնել: Բայց այդպես էլ չզանգահարեցին: Սակայն, փորձեցինք իրենց գրասենյակ զանգահարել, բարեհամբույր հեռախոսավարուհին երբ իմացավ, որ աղջիկս արդեն դիմել է իրենց եւ պատասխանի է սպասում, միանգամից փոխեց իր վերաբերմունքը: Տվեց ինչ-որ բջջային հեռախոսահամար, որն այդպես էլ անհասանելի մնաց՚: Տիկինը նշեց նաեւ, որ բողոքների արդյունքում ՙԶատիկ՚ գործակալությունը փակվել էր, բայց մեկ ամիս էլ չանցած` կրկին սկսել էր գործել: ՙԼավ մեջք ունեն՚,- հավելեց նա:

Տիկնոջ խոսքերով. ՙՄյուս աղջիկս դիմել էր ՙԻմպերիա՚ գործակալությանը, որից էլ. խեր չտեսանք: Աղջիկս վճարել էր 4000 դրամ: Նրան տվել էին ինչ-որ մասնավոր ընկերության հեռախոսահամար: Եվ երբ զանգահարեց այդ համարով, նրան ճշգրիտ գրասենյակի հասցեն չասացին: Ասել էին, որ իրենց աշխատողը կիջնի ներքեւ, եւ եթե աղջիկս համապատասխանի իրենց տվյալներին` միայն այդ դեպքում կարող է բարձրանալ գրասենյակ: Բայց դե, աղջկաս թույլ չտվեցի, որ գնա, որովհետեւ արդեն պարզ էր` ուր էին տանելու եւ ինչի՚:

Մենք եւս փորձեցինք կապ հաստատել ՙԶատիկ՚ գործակալության հետ, սակայն ապարդյուն: Աշխատակցուհին երբ իմացավ, որ զանգը ՙԻրավունք՚ թերթից է, եւ նյութ ենք պատրաստում գործակալությունների մասին, ագրեսիվ պատասխանեց. ՙԻսկ ինչի՞ եք մեր գործակալությանը զանգել, ուրիշ գործակալություն չկա՞: Ես ձեր ոչ մի հարցին էլ չեմ պատասխանի, որովհետեւ չեմ ուզում: Լավ, ցտեսություն, զբաղված եմ՚:

Փորձեցինք նաեւ գնալ ՙԻմպերիա՚ գործակալության հետքերով, սակայն, պարզեցինք, որ աշխատանքի տեղավորման նման գործակալություն գոյություն չունի: Հավանաբար այս գործակալությունը եւս թիթեռի կյանք էր ունեցել` փակվել եւ վերաբացվել մեկ ուրիշ անվան տակ:

Գոյություն ունեն նաեւ այնպիսի գործակալություններ, որոնք պայմանագիր են կնքում գործատուի հետ, որպեսզի վերջինս հաճախակի աշխատող փոխի: 50 տարեկան մի կին նշեց. ՙՀիմա էլ թազա ձեւ ա, 2 տարվա ստաժ են ուզում: Ստիպված դիմեցի գործակալությանը: Առաջին աշխատավարձի 40%-ը մուծեցի, բայց երրորդ ամիսն էլ չէր լրացել, հանեցին, դուրս շպրտեցին: Հիմա ջահելը չի կարողանում գործ գտնի, ես 50 տարեկան եմ, կգտնե՞մ: 50 տարեկանից հետո մենք ո՞վ ենք որ, մեռած մարդիկ ենք էս երկրում՚:

Ցավոք, լինում են նաեւ այնպիսի դեպքեր, երբ գործակալության եւ գործատուի միջեւ կապն անցնում է մարդկային բարոյականության բոլոր սահմանները: 25 տարեկան հաշմանդամ մի երիտասարդ մեզ հետ զրույցում ասաց. ՙՈւզում էի աշխատել, բայց ոչ մի գործի չընդունեցին: Ես էլ դիմեցի գործակալությանը, Էրեբունիի մոտ էր գտնվում: 5000 դրամ վճարեցի, գործ առաջարկեցին շշերի գործարանում: Օրական 2000 դրամ պիտի վճարեին: Գործարանում ասացին, որ եթե վատ աշխատեմ, էդ էլ չեն տա: Ճար չունեի, ստիպված մնացի: Սկզբից ասում էին, որ վատ եմ աշխատում, բայց կսովորեմ, ու էդ ժամանակ էլ կվճարեն: Ու ըտենց 3 ամիս ձրի աշխատեցի: Հասկացա, որ ինձ փող տվողը չեն, դուրս եկա ու էլ չգնացի՚:

Այնուամենայնիվ, երիտասարդն իր համար գործ գտել է. զբոսայգում կշեռքի դիմաց նստած` 20 դրամով անցորդներին է կշռում: Հասկանալի պատճառներով երիտասարդը թույլ չտվեց իրեն լուսանկարել, քանզի կարող էր այդ չնչին աշխատանքից էլ զրկվել:Կան նաեւ, ինչպես ասում են, ՙանունը կա, ամանումը չկա՚ գործակալություններ: 19 տարեկան մի աղջիկ պատմեց, որ 2011 թվականին աշխատանք է փնտրել, եւ պատին փակցրած գործակալության հայտարարության հեռախոսահամար էր վերցրել: Բայց, գործակալությունը գտնվում էր ոչ թե գրասենյակում, այլ տանը. ՙՃիշտ է, առաջին տպավորությունն այնքան էլ հուսադրող չէր, բայց 5000 դրամ վճարեցի: Ինձ ասացին, որ 2 ամսվա ընթացքում կզանգահարեն, բայց չզանգեցին: 2 անգամ էլ գնացի այդ հասցեով, բայց ո°չ հայտարարությունը կար, ո°չ էլ տան դուռը բացող եղավ՚:

Ինչպես միշտ, վատի կողքին կարելի է նշել նաեւ լավը: Բայց այս դեպքում լավը, ցավոք, քիչ է: 26 տարեկան մի երիտասարդ նշեց, որ 2 անգամ դիմել է գործակալությանը եւ գոհ է մնացել: Նույնիսկ առաջարկեց գործակալության այցեքարտը, որ պետք լինելու դեպքում դիմեմ, եւ հավատացրեց. ՙՀաստատ չեն խաբի՚:

Եթե, վերջիվերջո, որոշել եք դիմել աշխատանքի տեղավորման գործակալություններին, ապա փոքր-ինչ հետաքրքրվեք, որպեսզի զուր չվատնեք ձեր ժամանակը եւ գումարը: Գործակալություններին գումար վճարելուց առաջ մի' մոռացեք հայտնի ասացվածքը. ՙՏասը չափիր, մեկ կտրիր՚:

Բայց ամենակարեւոր պահը նկատենք. մեր զրուցակիցների հիմնական մասը, փաստորեն, հավաստիացնում են, որ այս կամ այն գործակալությանը վճարել են 3-5 հազար դրամ, սակայն դրա դիմաց ոչինչ չեն ստացել: Այստեղ խոսքը, կարծում ենք, շատ դեպքերում ամենասովորական խաբեության մասին է, քանի որ այդ վճարի դիմաց գործակալությունները հիմնականում խոստացել են մարդկանց աշխատանքի տեղավորել եւ չեն արել ու չեն էլ վերադարձրել մարդկանց փողերը: Որոշ գործակալություններ, միգուցե, պարզապես չեն կարողացել իրենց խոստումը կատարել, մի քանիսն էլ, հնարավոր է, որ չեն էլ մտածել այդ մասին, եւ նրանց միակ նպատակը մարդկանցից փող վերցնելն է եղել: Սակայն էությունը մեկն է` քաղաքացին վճարել է ու ոչինչ չի ստացել: Իսկ դա նշանակում է` այս ամբողջ համակարգը վաղուց պետք է որ հայտնված լիներ իրավապահների ուշադրության կենտրոնում: Սակայն, որքան էլ փորձեցինք, չկարողացանք գոնե մեկ դեպք հիշել, որ որեւէ գործակալություն հաճախորդին խաբելու համար պատասխանատվության ենթարկված լիներ: Իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ մեր իրավապահները, մեղմ ասած, մատների արանքով են այս ամենին նայում: Ինչու, միգուցե այս մեծ ստվերային ՙբիզնեսից՚ ում որ պետք է, ինչքան որ պետք է, ժամանակին հասնում է...


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում