livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 rusՄոսկվայի մանկապատանեկան արվեստի կենտրոնների սաները Հայաստան էին ժամանել` մասնակցելու ՙՀայ-ռուսական երգ ու պարի՚ փառատոնին: Ռուս փոքրիկները նախ հանդես եկան Արմավիրում, ապա հնարավորություն ունեցան հիանալ Հայաստանի տեսարժան վայրերով: 17 հոգուց բաղկացած պատվիրակության անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, Բագարանի կողմից եղան հայ-թուրքական սահմանին, եղան Էջմիածնի տաճարում, մեկնեցին Գառնի, Գեղարդ, Զվարթնոցի տաճար: Իսկ վերջին օրը համերգային ծրագրով դպրոցի սաների հետ հանդես եկան Գավառի արվեստի դպրոցում:

Փառատոնի անցկացման մտահղացումը դաշնակահարուհի ՎԱՐՎԱՌԱ ՄԱՆԹԱՇԵՎԱՆ էր, ով արմատներով սերում է Թիֆլիսի հայտնի Մանթաշովների տոհմից: Վ. Մանթաշեվան մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շուրջ տասը տարի` 1981-91թթ., ղեկավարել է Գավառի արվեստի դպրոցը, իսկ այսօր աշխատում է Մոսկվայում եւ կրկին կրթում մատաղ սերնդին: Նրա խոսքերով. ՙՓառատոնի անցկացման նպատակը մեկն է, որ իմ աշակերտները գան Հայաստան, ծանոթանան մեր մշակույթին, ազգային արժեքներին եւ ըստ արժանվույն գնահատեն այն: Պետք է տեսնեն, թե, բազում դժվարությունների միջով անցնելով, ինչեր է կերտել հայ ժողովուրդը: Հուսամ, որ այս փառատոնը կարող է ռուս բարերարների միջոցներով նոր ճանապարհներ ու դռներ բացել երկու երկրների երեխաների համար: Ճիշտ է, արմատներս սերում են Թիֆլիսից, բայց ես հոգով ու սրտով կապված եմ Հայաստանին, Գավառին եւ միշտ ջանացել եմ, որ իմ աշակերտները ճանաչեն ու գնահատեն հայի իսկական արժեքն ու մարդկային որակները: Պիտի ասեմ, որ այլազգի իմ սաները սրտանց ու հոգով են երգում հայերեն երգերը, լսում հայ ժողովրդի պատմությունը: Հենց այդ նպատակով էլ իրականացրեցի այս միջոցառումը, ինչի համար չեմ կարող շնորհակալությունս չհայտնել այն երկու դպրոցների տնօրեններին, որտեղ դասավանդում եմ. 264 դպրոցի տնօրեն Սերգեյ Ուսկովին եւ մանկապատանեկան ստեղծագործական ՙԱլեքսեեւսկի՚ կենտրոնի տնօրեն Ելենա Ուսկովային, ովքեր հնարավորություն ընձեռեցին եւ թույլատրեցին, որ մեկնենք Հայաստան՚:

Իսկապես, ներկա լինելով փառատոնին, համոզվեցինք, թե  ռուս սաները որքան նվիրումով են երգում հայերեն:

Ռուս եւ հայ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններով հագեցած երաժշտական ծրագիրը համեմված էր հայկական, հունգարական, վրացական պարերի կատարումներով: Ներկաներին հատկապես հուզեցին Ալեսյա Չերնովայի եւ Եկատերինա Ֆեոդոտովայի սահուն հայերենով ՙՈվ սիրուն-սիրուն՚ եւ ՙԱրմենիա՚ երգերը: Այնուհետեւ հանձնվեցին փոխադարձ նվերներ եւ պատվոգրեր: Կնքվեց բարեկամության դաշինքը` հաջորդ հանդիպումը Մոսկվայում ունենալու ակնկալիքով:

Հայաստան ժամանած յոթ սաները այնքան էին հիացած մեր երկրով, որ մեկնելիս, դիմելով ուսուցչին` տիկին Մանթաշյանին, ասացին. ՙԿարելի՞ է էլի գալ Ձեր երկիր՚: Իսկ ՙԻրավունքի՚ հետ զրույցում անկեղծացան. ՙԱյստեղի ժողովուրդը շատ հյուրասեր ու անկեղծ է: Մենք ելույթ ունեցանք Սարդարապատում եւ այս մի քանի օրում ծանոթացանք Հայաստան աշխարհի հետ: Մենք կկարոտենք Հայաստանը եւ անհամբեր կսպասենք հաջորդ այցին՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում