livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

Martin1ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆՆ ավարտել է Պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը` Գ. Սարաջեւի ղեկավարությամբ, այնուհետեւ` կոմպոզիտորական բաժինը, նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում: Ղեկավարել է ՙՄոսկվա՚ կինոթատրոնի նվագախումբը, եղել ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավար: 1990թ.-ից էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է, խորհրդատուն: Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում: Պրոֆեսոր է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: 2004թ. ստացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Գրել է ավելի քան 100 դրամատիկ ներկայացումների երաժշտություն, 5 մյուզիքլ եւ 40 ֆիլմերի երաժշտություն:

-Հայաստանի պետական ջազ նվագախումբը ստեղծվել է 1938թ., առաջին ձայնագրությունը եղել է 1939թ.` Մոսկվայում, երբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցում էր հայ արվեստի տասնօրյակին: Ինչպե՞ս ընդունվեց եւ ընկալվեց հայկական ջազի ծնունդը:

- Ինձ համար դա օտար չէր. հայրս` Ցոլակ Վարդանյանը, Արտեմի Այվազյանի հետ ստեղծեց այդ նվագախումբը եւ խմբավարն ու մենակատարն էր: ԽՍՀՄ-ում գործում էին բազմաթիվ ջազ նվագախմբեր, իսկ մերը առանձնանում էր նրանով, որ օգտագործվում էին ազգային պահոցից վերցրած մեղեդիներ: Ազգային մեղեդիների հիման վրա Արտեմի Այվազյանը որոշ մշակումներ արեց, որը հնչողությամբ տարբերվում էր, իսկ կազմով իսկապես ջազային նվագախումբ էր` սաքսոֆոն, տրոմբոն, շեփոր, երեք ջութակ: Մոսկվայում ձայնագրվել էր ՙԽորոտ էր՚ կատակերգը, որի գործիքավորման եւ կառույցի հետաքրքրությունն այսօր էլ թարմ է մնում ու գրավիչ: Արտեմի Այվազյանի ՙԾաղկի'ր, ազատ իմ հայրենիք՚ երգն էր նաեւ: Հայկական ջազն առաջինն էր Անդրկովկասում եւ մեծ համբավ ունեցավ ԽՍՀՄ-ում: Իսկ պատերազմի տարիներին Արտեմի Այվազյանի նվագախումբը համերգներով հանդես եկավ գործող բանակի հետ: Նույնիսկ ռմբակոծության տակ էին ընկել:

- Ջազ երաժշտության մուտքը կարելի՞ է համարել ՙՋան Երեւան՚ ստեղծագործությունը` ՙՀեյ, ջան Երեւան՚ կրկներգով, որը մինչեւ այսօր էլ հոգեհարազատ է:

- Արտեմի Այվազյանի գրչին են պատկանում ՙԳյուլնարա՚-ն, ՙՔարավան՚-ը, ՙԿարինե՚-ն, ՙՋան Երեւան՚-ը, որը Երեւանը ճանաչելու մի յուրահատուկ սիմվոլ դարձավ: Այն սիրվեց եւ ամենուր երգում էին, իսկ 1957-ին Կոնստանտին Օրբելյանը հրավիրվեց պետական ջազ նվագախմբի ղեկավար: Նա երկար ժամանակ աշխատել էր դաշնակահար եւ խմբավար: Բայց 1948-ից սկսած` արդեն որոշվել էր, որ նվագախումբը պետք է կոչվի ոչ թե ջազ, այլ Էստրադային նվագախումբ: Դա նույն բանն է. անգլերենով stage band-ը նույն ջազ նվագախումբն է, եւ էստրադային նվագախումբ կոչվելով` անունը փոխվեց, բայց իմաստով` ոչ այնքան: ԽՍՀՄ-ում երբեք ջազը արգելված չի եղել, ուղղակի օտար բառը փոխվեց:

-  2011թ. հուլիսի 18-ին ՙՀայկական ջազ-70՚-ի տարեդարձի առթիվ կայացած համերգաշարը դարձավ կարեւորագույն իրադարձություններից մեկը հայկական երաժշտական կյանքում: Այն նվիրված էր Ձեր 70-ամյակին:

martin2- 2008թ. ՙ Շարմ՚ ընկերությունը կազմակերպեց մի շատ լավ համերգաշար` նվիրված հայկական ջազի 70-ամյակին: Երբ իմացան, որ իմ 70-ամյակն էլ լրանում է հենց այդ օրերին, որոշեցին նշել հենց իմ ծննդյան օրը: Դա էլ եղավ իմ հրաշալի նվերը: Ինձ նվիրված համերգով սկսվեց շարքը: Համերգաշարը սկսվեց Արտեմի Այվազյանի ՙՀայկական ռապսոդիայով՚: Նոտաները կորել էին, բայց, քանի որ պատանի հասակում Կոնստանտին Օրբելյանը նվագել էր, հայրիկս էլ շեփորի մենանվագն էր նվագել, հիշողությամբ վերականգնվեց: Համերգաշարն արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ինտերնետով բավական դիտողներ են եղել, DVD-ներ բաց թողնվեցին... Հայկական ջազը գնահատված էր, բայց մեկ անգամ եւս ճանաչվեց, որովհետեւ ունեցել ենք եւ ունենք լավ կատարողներ:

- Հեռուստադիտողները երբեմն վայելում են աշխարհահռչակ կատարումներ, ինչո՞ւ հաճախակի չեն հնչում նման գեղեցիկ կատարումները:

- Չգիտես ինչու, դրանք միշտ ցուցադրում են կեսգիշերին, լավագույն դեպքում` ժամը 12-ից հետո, երբ մարդիկ հոգնած են լինում: Այդ հարցի շուրջ երեւի բոլորս մտածենք, հեռուստատեսությունն էլ իր մեղքն ունի:

- Վերջին օրերին շատ է խոսվում ՙմուղամաթի՚, ՙկլկլոցների՚ մասին: Կա՞ն մասնագետներ, որ տարանջատեն` որն է պարսկական, որը` ադրբեջանական:

- Խոսքը ոչ թե պարսկականի եւ ադրբեջանականի, այլ հայկականի եւ ոչ հայկականի մասին է: Արեւելքի հետ կապված ենք, ուստի ե'ւ Արեւելքի ազդեցությունը կա մեզ վրա, ե'ւ մեր ազդեցությունը` թե' Արեւելքի, թե' Արեւմուտքի վրա: Դրա դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ բացատրական աշխատանք տանել: Դա մեկի համար հաճելի է, մյուսի համար դառնում է խիստ տհաճ երեւույթ երաժշտության մեջ: Սա նսեմացնում է մեր ազգային երաժշտության մաքրությունը եւ նրա իսկական ընկալմանը խոչընդոտ է հանդիսանում` քաղցր-մեղցր ինչ-որ երանգներ տալով: Կոմիտասյան մոտեցումն էր, որ զտեց հայ երաժշտությունը` հայ երգն օտար տարրերից ազատելով: Եթե շատացել է, եւ դրա պահանջն ավելացել է, մեղքը նաեւ հեռուստատեսությանն է. հեռուստատեսությամբ ավելի հաճախ է հնչում այն, ինչը հարազատ չէ մեզ, բայց ՙկպչունություն՚ ունի եւ հաճախակի կրկնության դեպքում դառնում է ազդեցիկ: Լուսավորչական աշխատանքներ էլ չեն տարվում այն իմաստով, որ ճանաչելի լինի հանրությանը: Հիանալի նախաձեռնություն է Հ1-ի կողմից ՙԵրգ-երգոց՚-ը: Կարծում եմ` մի 10 տարվա պաշար կա, որ կարող են ներկայացնել հանրությանը: Կա մի հանգամանք եւս. այն, ինչը մակարդակից ցածր է, չպետք է ներկայացվի: Դրա համար գոյություն ունեին գեղխորհուրդներ, բարձր մակարդակի պրոֆեսիոնալների խումբ, ովքեր այս բանը համարում էին թույլատրելի, այս բանը` ոչ: Ստեղծագործությունը արժեքավոր է դառնում, երբ ձայնագրվում է ժամանակին, եւ նա ապրում է կամ չի դիմանում ժամանակի փորձությանը: Այս 20 տարվա ընթացքում ո'չ սիմֆոնիկ, ո'չ կամերային երաժշտություն չի ձայնագրվել եւ պահպանվել ռադիոյի ֆոնդում:

- Ձեր ամենամեծ նվաճումը ո՞րն եք համարում:

Martin- Ես ոչ թե նվաճում, այլ բավարարվածություն կասեի: Կինոյում աշխատելու ժամանակ Դովլաթյանի հետ մեծ սիրով եմ աշխատել, գիտակցել եւ հասկացել, թե ինչ է նշանակում կինոյի համար երաժշտություն գրելը: Թատրոնում Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի հետ Հայաստանից դուրս բեմադրություններ են արվել իմ երաժշտությամբ, որի համար շնորհակալ եմ: Թատրոնի հետ աշխատելիս  հասկացել եմ թատրոնի եւ կինոյի տարբերությունը. դա շոշափելիության խնդիրն է: Այն, ինչ կարող է ներվել թատրոնում, կինոյում չի ներվի: Բեմի վրա դրված է մի քաթան, վրան` մի ճյուղ, եւ ես դա դիտում եմ որպես այգի: Կինոյում այդ բանը չի ընդունվի: Կինոյի վստահելիության իրական չափանիշն ավելի բարձր է: Թատրոն ես գալիս եւ հաճույքով խաբվում, իսկ եթե կինոյում ինչ-որ բան թերի է լինում, դադարում ես հավատալ: Ես հասկացա, որ պետք է ստեղծվի մի ամբողջական ստեղծագործական ձուլվածք: Հարկավոր է ապրել-նվաճել: Ստեղծագործողի սկզբունքն է` գրել եւ նվագել այնպես, ինչպիսին ինքդ կցանկանաս լսել: Իսկ մնայունը, իրական անմահությունը ոչ միայն ստեղծագործելն է, այլ նաեւ ընտանիքը, ու երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք: Եվ գագաթի նվաճումը համարում եմ իմ 51 տարվա ընտանիքը. ունեմ լավ որդի, դուստր, թոռներ եւ ծոռնուհի:

ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում