livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

David-AmalyanԵրգիչ, երգահան, ազատամարտիկ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ հետ մեր զրույցը սկսվեց ՙմտավորական՚ եւ ՙարվեստագետ՚ բառերի անհարկի շահագործման վերաբերյալ մտահոգությունից:

-Մեկ-մեկ մարդիկ մտավորական բառն են օգտագործում առանց հասկանալու, թե դա ինչ է նշանակում: Ես, օրինակ, մարդ եմ, որը մասնագիտությամբ երաժիշտ է: Իսկ արվեստագետը մեր դասախոս Բուդաղյանն է, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը... Մի քանի երգ գրելով, ելույթ ունենալով ու հեռուստացույցով երեւալով` արվեստագետ չեն դառնում: Այսօր ոչ թե արվեստի, այլ հանդիսատեսի խնդիր ունենք, որովհետեւ զարմացող աչքեր չկան: Ազգի մոտ մի տեսակ ծերության նշան է: Ընկերս ասում էր` մեր նորածինները ծնվում են 42 տարեկան: Մշակութային հեղափոխություն է պետք, որ զարմանք բերի, որը ծնում է մանուկ, մանուկը` խաղալու ցանկություն:

Իսկ արկածախնդրությունը ամենահետաքրքիր բանն է: Չեմ ասում ինքնասպան լինել. դա էշություն է: Եթե այդ լավ արկածախնդրությունը չլիներ, կռվող տղերք չէինք ունենա, որոնք, թքած ունենալով իրենց կյանքի վրա, գնում էին կռվելու: Ասելիք չունենալու խնդիր ունենք, իսկ եթե մարդը ասելիք չունի, դառնում է անասուն: Եթե հայրենասիրական բաներից է խոսում, բայց էլի ասելիք չունի, դառնում է հայրենասեր անասուն, դասականի դեպքում` դասական անասուն, ռաբիսի` ռաբիս անասուն... Իսկ եթե ասելիք ունի, ռաբիսի ու պապսայի մեջ էլ կունենա ասելիք: Եթե չես զգում քո երգածը, նվագածը, նկարածն ու խաղացածը, դա դառնում է ընդամենը մասնագիտական պարտք, ինչպես արհեստավորի դեպքում է:  

- Արաբա-թուրքա-ադրբեջանախառն երգերը ՙհայացնում՚ են ու դարձնում հիթ:

- Խնդիրը ճաշակով եւ ոչ ճաշակով երգերի մեջ է: Կարող է լինել արեւելյան երաժշտություն, բայց շատ բարձրորակ: Արտո Թունջբոյաջյանը արեւելյան երաժշտություն է ներկայացնում, եւ հատվածներ կան, որտեղ կարող է հայկական լադ չլինել, բայց, քանի որ ճաշակը բարձրորակ է, ընդունելի է: Այսինքն` Արեւելք ներկայացնելը չի նշանակում անճաշակություն: Դասականի թշնամին ռաբիսը չէ, այլ անհասկացողությունն ու ցածր ճաշակը: Ցածր պապսան ավելի վտանգավոր է, քան ռաբիսը: Ռաբիսը աշխատանքային արվեստ է, որը գործարաններում է եղել: Ռաբիս երգող տղերք գիտեմ, որ լավ փող են աշխատում, եւ ես իրենց էլ չեմ մեղադրում. բարձրաճաշակ մարդիկ են, բայց փողի խնդիր կա: Ներուժ ունենք, ուղղակի չենք օգտագործում. այսօրվա հասարակության պահանջը դա է: Իսկ հասարակությանը ո՞վ դարձրեց այդպիսին: 20 տարի առաջ լրիվ ուրիշ հասարակություն էր, ի՞նչ փոխվեց: 1984թ. 4-րդ դասարանի երեխա էի, բայց ոտատակ էի ընկել Շիրազի թաղմանը:

- 20-ամյա պետության կայացման մեջ ինքներդ էլ լումա եք ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ: 20-ամյա բանակի մասին ի՞նչ կասեք:

- Վազգեն Սարգսյանի մասին պիես պիտի գրեի, նրա արխիվային նյութերի մեջ մի հատված գտա: Շքերթից հետո հարցազրույց էին վերցրել ու քաղաքական հարց էին տվել անկախության վերաբերյալ: Նա, շքերթից ոգեւորված, լացում էր երեխայի նման: Կարծես 3-րդ, 4-րդ դասարանի երեխայի ձեռքից իր սիրելի գնդակը վերցրած լինեին, բայց նա լացելով ասում էր` ինչպես կարելի է անկախությանը բան ասել: Ես այդ արժեքը հասկանում եմ, այդ բանակի իրական գոյությունը ինձ համար այդ գտած գնդակն է: Կուզենայի, որ մեր պետության մեջ անկեղծ լինենք, եթե Սահմանադրությունը վերանայենք, այն անպայման հայերեն գրենք, մարդկանց հետ մարդավարի խոսենք: Կուզեի` քծնանքը վերանար մեր երկրից: Երկու օր է` շոու-բիզնեսի ներկայացուցիչները հավաքված արդարանում են: Ախր, տեսնում ենք իրենց ծայրից-ծայր սուտը: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, որ կարող է Թուրքիայում երգի ու գումար վաստակի: Օրինակ, մի կոմպոզիտոր գնացել, դրսից հայրենասիրական երգ է գրել: Կոլեգա է, լավ է արել, գրել է, իրեն գնահատում եմ, բայց եթե թողել-գնացել է, այդ ի՞նչն է դրդել, որ այդպես ցավալով գրի բանակի մասին երգ: Ես դա չեմ կարողանում հասկանալ: Այդ ճոռոմ հայրենասիրությունից հոգնել եմ: Գնացողներին չեմ մեղադրում, բայց երբ դա դառնում է իմիջ... Դավաճանության նման բան է հայրենասիրության հետ խաղալը, այսինքն` քո հայրենիքի նկատմամբ անտարբեր ես եղել, կռվի ժամանակ էլ քեզ չես կոտորել ու հանկարծ տեսար, որ մոդա է, դարձար հայրենասեր: Երբ հարցազրույցների ժամանակ նախագահի մասին դրական բան եմ ասում, շատերին թվում է, թե ես հաճոյանում եմ: Ուղղակի այս նախագահի մեջ, ի տարբերություն մյուսների, մարդկային արժեք եմ տեսել... Բայց դա չի նշանակում, որ գոհ եմ Արթուր Բաղդասարյանից կամ որեւէ մեկից: Չի նշանակում, որ նախագահի ընդունած իշխանությունն ինձ համար իդեալական է: Ընդդիմության մեջ էլ լիքը անընդունելի մարդիկ կան, բայց նաեւ լիքը լավ տղերք կան, որ նվիրված են: Կուզենամ, որ մի օր լավ եւ վատ մարդիկ բաժանվեն երկու կուսակցությունների` բարոյական եւ ոչ բարոյական: Ի վերջո, այն դաշտը, որը ասելիք ունի, ցավալ գիտի, խելառ է, համախմբվի, դառնա մի մարդ:

- Չե՞ք ուզում հետեւել Ձեր գործընկեր Շուշան Պետրոսյանի օրինակին եւ մտնել ԱԺ, պաշտպանել ձեր ոլորտի շահերը:

- Վերջերս որոշել էի մտնել բանակ, հետո հասկացա, որ հնարավոր է` չկարողանամ: Եթե իմանամ` ինչ-որ բան անելու եմ, կմտնեմ բանակ էլ, ԱԺ էլ: Տա Աստված, Շուշանը նպատակներն իրականացնի:

- Վերջին օրերին ադրբեջանական կողմն ակտիվացել է, ոմանք նույնիսկ պատերազմ են ակնկալում:

- Այդ հարցին պատասխանելու համար գոնե պիտի բարձրաստիճան զինվորական լինեմ: Շատ ծանր է, որ նման բան է տեղի ունենում, որովհետեւ մեր ամեն զինվորն արժի մի ամբողջ ադրբեջանական բանակ: Մարդասեր եմ, չեմ ատում ադրբեջանցիներին, բայց մեր արժեքը մի քիչ ուրիշ է, մենք կորուստներից հոգնել ենք: Համենայնդեպս, ուրախ եմ, որ Ադրբեջանի ոչ մի հարված անպատիժ չի մնում: Վաղը, Աստված չանի, պատերազմ եղավ, էլի կգնամ, չեմ մտածի, որ անմեղ ադրբեջանցի սպանեցի: Շակալը առյուծի կողքին ման է գալիս, ման է գալիս, վերջում մի թաթի հարվածով սատկում է: Թող չուզենար` չսատկեր:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում