livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

motherՀայաստանում միայնակ մայրերի նկատմամբ վերաբերմունքը մինչխորհրդային շրջանը բացասական բնույթ էր կրում: Այն, կինը, ով առանց ամուսնանալ երեխա էր ունենում օտարվում էր համայնքից, նրան ստիպում էին հրաժարվել երեխայից: Նույնիսկ պատահում էին դեպքեր, երբ մայրը  սպանում էր երեխային կամ ինքնասպան էր լինում: Հիշենք թեկուզ Նար-Դոսի ՙՍպանված աղավնին՚ պատմվածքի հերոսուհի Սառային: Միայնակ մայր արտահայտությունը այսօր էլ  մեզ մոտ  վիրավորական, մի տեսակ ամոթալի է համարվում:

Ինչ հիմնախնդիրների առաջ են այսօր կանգնում միայնակ մայրերը, ինչպես են  ինտեգրվում հասարակությանը նրանց երեխաները, որն է նրանց առաջնային խնդիրը, այս հարցերի շուրջ զրուցեցինք երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք այս կամ այն չափով զբաղվում են միայնակ մայրերի հիմնախնդիրներով:

Մեր առաջին զրուցակիցն է ՙ21-րդ դարի կինը՚ հ/կ նախագահ ՄԱՐԻԱՄ ԻԳԻԹՅԱՆԸ.

- Այսօր միայնակ մայրերն ապրում են հիմնականում հանրակացարանային պայմաններում, բնակարան չունեն: Իսկ ովքեր էլ ունեն, ունեն մեկ սենյակ, ապրում են մեկ կամ երկու երեխաների հետ,  ժամանակավոր աշխատանքներով են պահում իրենց ընտանիքը, այսինքն` մի ամիս մի տեղ են աշխատում, մի շաբաթ` մի տեղ, ստատուս չունեն: Ո°չ կարողանում են թոշակավորվել որպես միայնակ մայրեր, ո°չ էլ կարողանում են իրենց համապատասխան աշխատանքներ գտնել: Դե, իսկ նրանց երեխաներն էլ ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, ապրում են ժամանակավոր կացարաններում, չունեն համապատասխան հիգիենիկ պայմաններ: Միայնակ մայրերի երեխաները կարծես մոռացված, ինչ-որ տեղ արհամարհված երեխաներ են: Նրանց մեծ մասը նույնիսկ հայր չեն տեսել:

- Հե՞շտ են ինտեգրվում հասարակությանը միայնակ մայրերը եւ նրանց երեխաները:

- Միայնակ մայրերը ինչ-որ տեղ դեռեւս կարողանում են դառնալ հասարակության մի մաս, չնայած որ լքվածի, միայնակ մոր պիտակը միշտ էլ նրանցից անբաժան է: Երեխաները առավել շատ են զգում այդ լքվածության, միայնության զգացումը: Ավելի կաշկանդված են, ներամփոփ, նայում են կողքերը, տեսնում են իրենց հասակակիցների, որոնք ե°ւ մայր ունեն, ե°ւ հայր, բնակարան, ընտանիք: Եվ հենց այդ պահին են նրանք զգում, որ շատ բաներից զրկված են: Եթե կողքինի համար հայր ունենալը բնական է, նրանց համար դա երազանք է: Այդպիսի երեխաները ավելի շատ նայում են նյութականին, որ մի օր մի քիչ շատ ունենան, որ մի քիչ կուշտ լինեն: Բավական է նրանց տալ մի հագուստ, մի հիգիենայի պարագա, որ նրանք իրենց ավելի լավ զգան, ուրախանան: Մեծ դժվարություններով մեծ մասը ընտելանում են իրենց պայմաններին, իրենց կարգավիճակին, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում հաշտվել իրենց ճակատագրի հետ, սկսում են չարանալ: Մեծանում են ու հեշտությամբ ընկնում վատ շրջապատի ազդեցության տակ: Պատրաստ են նույնիսկ իրենց օրվա հացը վաստակելու համար գողություն անել, տարբեր հանցանքներ գործել:

- Ովքե՞ր են դառնում միայնակ մայրեր:

- Միայնակ մայրեր դառնալ հիմնականում ցանկանում են նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում հասկացել են, որ չեն կարողանա լիարժեք ընտանիք կազմել եւ երեխաներ ունենում են մտածելով իրենց վերջի մասին, որովհետեւ միայնակ մայրերի մի մասը արատավոր են լինում: Որը ոտքից, որը աչքից, որը պարզապես ֆիզիկապես թույլ է լինում, այդպիսի կանայք իրենց կյանքի մի էտապում գտնում են, որ իրենց պետք է երեխա:

- Իսկ ի՞նչ եք մտածում այն կանանց մասին, ովքեր չունեն որեւէ արատ, կայացած մարդիկ են, սակայն ցանկանում են արհեստական ճանապարհով ունենալ երեխա  եւ միայնակ  մեծացնել, նրանց խնդիրը ո՞րն է ըստ Ձեզ:

- Ինձ թվում է դա նրանց ինքնահաստատման խնդիրն է, նրանք ուզում են ինքնահաստատվել, երեւի զգան, որ իրենք էլ են ինչ-որ մեկին պետք: Միգուցե չկա այդպիսի մի տղամարդ, որ իրենց վրա ուշադրություն դարձնի, միգուցե  չկա մեկը, որ իրենց հետ կամուսնանա: Եվ որ իմանան, թե ինչի համար են շարունակում ապրել, գոյատեւել, ունենում են երեխա, ով իրենց ապրելու ուժ է ներշնչում:

- Ի՞նչ առավելություններ ունեն միայնակ մայրերը Հայաստանում:

- Շատ քիչ: Մի ժամանակ էլի ոչինչ, քիչ թե շատ ունեին,  հիմա նպաստ ստանալն էլ է նրանց համար մեծ պրոբլեմների հետ կապված, իսկ ստացածն էլ շատ չնչին գումար է, մի շաբաթվա համար էլ չի բավականացնում:

- Կոնկրետ օրինակներ կարո՞ղ եք բերել միայնակ մայրերի հետ կապված:

- Նախ ասեմ, որ մեզ դիմած միայնակ մայրերը, միայնակ մայրեր են դարձել, որ վերջում իմանան ում համար են իրենք ապրում, նպատակ չեն դրել, որ միայնակ մայր դառնալով պետությունը իրենց ամեն ինչով ապահովի: Նրանք մնացել են  սկզբից մինչեւ վերջ նույն կարգավիճակով: Օրինակ` գիտեմ մեկին, ով միայնակ էր, ունեցավ մի տղա, մեծ դժվարությամբ մեծացրեց, ամուսնացրեց: Տղան ընկավ վատ շրջապատի մեջ, կալանավորվեց, հետո դուրս եկավ: Ունեցավ երեխաներ, որոշ ժամանակ հետո բաժանվեց, հիմա երեխաներին մայրն է պահում, իսկ տղան գնացել է Ռուսաստան: Կամ բերեմ մեկ այլ օրինակ. աղջիկը կապված էր ամուսնացած տղամարդու հետ, նրանից ունեցավ սկզբում առաջին, ապա երկրորդ երեխային: Հետո մի երեխային վերցրեց մեկնեց Իսպանիա, իսկ աղջկան թողեց հարազատների հույսին: Հիմա մայր ու աղջիկ չեն կարողանում միմյանց հետ կապվել:

- Որն է միայնակ մոր առաջնային խնդիրն այսօր:

- Նրանց խնդիրը սոցիալականն է: Առաջնայինն այն է, որ նրանք ունենան սոցիալական ապահով պայմաններ: Պետությունը պետք է աջակցի այնպես, որ միայնակ մայրը չզգա իրեն միայնակ ու օտարացված, ապաոհվի աշխատանքով, որ իրենք էլ իրենց պիտանի զգան եւ ոչ թե լքված ու մերժված:


Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում