livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

konsԵրեկվա մամուլում եղած հրապարակման համաձայն, շուրջ 70 տոկոսով կրճատվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը: Սակայն բուհի ռեկտոր ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում հերքեց այդ եւ վերջին շրջանում շրջանառվող այլ լուրեր:

- Ոչ մի հոգի պրոֆեսորադասախոսական կազմից չի կրճատվել: Մեկ ամիս առաջ էլ գրում էին, որ կոնսերվատորիայի շենքը վաճառվել է, բայց նման բան չկա:

- Իսկ ինչո՞ւ են նման խոսակցություններ պտտվում:

- Կարծում եմ` դրա պատճառը կոնսերվատորիայի աննախադեպ ակտիվացումն է` սկսած շինարարական աշխատանքներից մինչեւ ուսումնական պրոցեսների զարգացումը, եվրոպականացումը: Մտնում ենք եվրոպական ընտանիք, որը ենթադրում է իր աշխատանքային չափորոշիչները: Ովքեր չեն համապատասխանում այդ չափորոշիչներին, ստեղծում են նման եղանակ: Բայց դա չի նշանակում, որ պետք է մի քանի մարդկանց պատճառով այդ եվրոպական զարգացման ուղղությունը չվերցնենք: Կոնսերվատորիան մեր իշխանությունների աջակցության կենտրոնում է` հանրապետության նախագահի, վարչապետի, կրթության ու մշակույթի նախարարների: Պատուհանների 80 տոկոսն արդեն փոխել ենք, տանիքն ենք վերանորոգում, գույք ենք ձեռք բերում: Որ 20 զուգարաններից 18-ը չէր աշխատում մոտ 30 տարի, ոչ ոք ոչինչ չէր գրում, բայց հենց սկսեցինք վերանորոգել, ակտիվացան:

- Գուցե պատուհանները վերանորոգվում են, դրա համար մտածում են, որ ինչ-որ մեկն արդեն գնե՞լ է կոնսերվատորիան:

- Ոչ ոք չի գնել, մենք ենք պահպանում մեր շենքը, ուզում ենք, որ լավ վիճակում լինի: Երեւի դա ինչ-որ մարդկանց դուրեկան չէ: Ես մոտ 10 ամիս աշխատում եմ ռեկտորի պաշտոնում, ու մինչ այդ աշխատանքները ոչ մի ծպտուն չկար: Հենց շենքի հետ կապված ակտիվությունն ակնհայտ դարձավ, սկսվեցին խոսակցությունները, որ, իբր, շենքն են վաճառում: Հիմա էլ` թե դասախոսական կազմի 70 տոկոսը կրճատվել է: Եթե 70 տոկոսը կրճատվի, կոնսերվատորիան կդադարի գործունեություն ունենալ: Ենթադրում են, որ եթե 70 տոկոսը կրճատել են, շենքն էլ վաճառել են: Եթե շենքն էլ վաճառել են, ուրեմն 70 տոկոսին էլ կկրճատեն: Այսինքն` նույն մարդու ձեռագիրն է: Եթե դա իրենց սնունդ է տալիս, եւ կարող են հերյուրանքներով ապրել, թող ապրեն, բայց ցանկացած խոհեմ մարդ պիտի հասկանա, որ 90-ամյա պատմություն ունեցող կոնսերվատորիան երբեք չի կարող դադարել գոյություն ունենալ: Դա ո°չ ես եմ որոշում, ո°չ էլ որեւիցե մեկը: Չգիտեմ` մեր բուհական համակարգում որ բուհին է հաջողվում, որ իր կատարողական արվեստը կարողանա այնպես ներկայացնել եվրոպական չափանիշներին, ինչպես մենք: Հրապարակման մեջ գրված էր, որ դժգոհության մեծ ալիք կա: Հիմա մեր շենքում եք, դժգոհության ալիք տեսնո՞ւմ եք: Ամբողջ դասախոսական կազմի հետ խոսել ենք, ոչ ոք տեղյակ չէր այդ հոդվածից:

- Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Առավոտից փորձում ենք կապ հաստատել լրագրողի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմքերով է գրել: Այդպես էլ չեմ կարողանում նրան գտնել ու պարզել`  գուցե կրճատել ենք, ես տեղյակ չեմ: Մոտավորապես հասկանում եմ, թե որտեղից կարող է դա լինել: Ունեինք նվագակցողներ, նվագակցողը եւ դասավանդողն ունեն նույն կրթությունը, բայց մինչեւ հիմա նվագակցողները ադմինիստրատիվ օրինական կազմի մեջ էին գտնվում, որը, ըստ աշխատանքային օրենսդրության, ենթադրում է շաբաթական 40 ժամ աշխատանք` առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 5-ը: Գիտխորհրդով որոշեցինք լուծարել  համակարգը եւ տեղափոխել ամբիոն: Այսինքն` իր աշխատանքը ոչ թե պետք է տարեկան լինի 1960 ժամ, ինչպես օժանդակ կազմի աշխատողներինը, այլ մեկ դրույք` 700-800 ժամ: Այդ կառույցը լուծարում ենք, եւ մտնում են ամբիոն, դառնում նվագակցող ասիստենտ: Կարծում եմ` այստեղից է ալիքը գալիս. երբ տեղափոխում ես պրոֆեսիոնալ դաշտ, դասախոսի նման իր աշխատանքն էլ է ենթադրում մրցութային կարգ, այսինքն` անժամկետ բանվոր չէ, որ անժամկետ պայմանագիր ունենա: Գուցե մարդիկ այդ մրցույթից սարսափել են, բայց դա է ենթադրում աշխատանքը: Ողջ աշխարհում է այդպես, եւ մրցույթը չանցնելու դեպքում կլինի կրճատում:

- Առջեւում ընդունելության քննություններ են, ո՞ր բաժիններում է ակտիվություն նկատվում:

- Այս տարի բոլոր բաժիններն էլ ակտիվ են: Դիմումների ընդունման ժամկետը մինչեւ հուլիսի 2-ն է: Խորհրդային տարիներին, ասենք, դաշնամուրային մասնագիտության 40-50 դիմորդ էինք ունենում, վերջին 10 տարվա մեջ այդ թիվը նվազել է, ունենք 17 դիմում, 7-ը` պետպատվերի վրա: Եթե ընդունելության շեմը հաղթահարեն, բոլորն էլ կարող են ընդունվել. տեղեր ունենք: Լարային գործիքները նորմալ է: Այս տարի 9 ջութակահարի դիմում ունենք, 2` ալտիստի, 2` թավջութակի, 4` կիթառահարի, 1` կոնտրաբասի: Կոնտրաբասն ամեն տարի չէ, որ լինում է: Փողային գործիքներից այս տարի շատ են դիմորդները: 3-ը դիմել են ֆլեյտայի համար, մի քանի տարի հոբոյ չէր լինում, այս տարի ունենք, 3-ը` կլարնետ, 2-ը` ֆագոտ, դա էլ է շատ դիֆիցիտ գործիք, գալարափողը նույնպես դիֆիցիտ է, 3 դիմորդ ունենք: Հարվածային գործիքներից ունենք 2 դիմորդ: Ժողնվագարաններից առայժմ 6 դիմում ունենք` դուդուկի, 2-ը` շվիի, 1-ը` սրինգի, որը հազարից մեկ է լինում, 2-ը` քանոնի, քամանչայի համար երկար տարիներ դիմորդ չունեինք, այս տարի ունենք, 3 հոգի դիմել են ուդի համար, վերջին տարիներին չեմ հիշում` դիմորդ ունենանք: Վատ չէ դիմորդների թիվը, եւ համեմատած` դասական եւ ժողերգի դիմորդների թիվը կտրուկ աճել է: Ժողովրդական երգի համար առայժմ ունենք 4 կանացի, 7 արական ձայն: Դասական վոկալում ունենք 21 կանացի, 11 արական ձայն: Խմբավարներ ունենք 2 դիմորդ, զինվորական դիրիժորություն` 8, իսկ անցյալ տարի 2-ն էին: Կոմպոզիցիան է այս տարի քիչ` 1, երաժշտագիտությունը` 2, ջազ-վոկալ բաժնում` 11 դիմում:

- Քանի՞ ուսանող ունի կոնսերվատորիան:

- Մինչեւ ավարտելը ունեինք 1050 ուսանող: 80-ականների ամենապիկ ժամանակ, երբ հանրապետության բնակչության թիվը շատ էր, 600 ուսանող կար: Հիմա որ ունենք 1050 ուսանող, մի կողմից վատ չէ, մի կողմից էլ, եթե  շեմը բարձրացնենք միջազգային չափանիշներին համապատասխան, այդքան մարդ չի կարող ընդունվել: Միջին մասնագիտական կրթօջախների հետ սկսում ենք աշխատել. մեր կադրերն ի վերջո այնտեղից են գալիս: Պետք է պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնենք կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական ուժերով: Այդ կրթօջախներում պետք է նախնական կրթությունը պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնենք, որ հետագայում բուհում սովորելու խնդիր չունենան:

- Հաճախ դրսում երաժշտական կրթություն ստացածները գալիս են մեր կոնսերվատորիա` սովորելու: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Որ ուզում են սովորել, ուրեմն գիտեն, թե ինչի համար են ուզում: Կարծում եմ` կոնսերվատորիան բարձր պրոֆեսիոնալ մակարդակը պահպանում է` ունենալով չափազանց ցածր աշխատավարձ: Իհարկե, ի վերջո պետք է ինչ-որ ձեւով աշխատողների թվի հետ կապված օպտիմիլիզացում կատարվի: Այդ մասին պարզ ասում եմ արդեն տասը ամիս, բայց դա մի բան է, 70 տոկոսին աշխատանքից ազատելը` այլ բան: Դա վուլգար, անհասկանալի հայտարարություն է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում