livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

parՀայաստանում վերջին տարիներին սնկի պես աճել են պարի խմբակները, որի հիմնական պատճառը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում փորձեցին պարզել միջազգային կարգի մրցավար, ՙԵրեւան՚ պարային ստուդիայի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆՆ ու Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ ՄԱՐԻԱՆՆԱ ՄԱՄՅԱՆԸ:

Վերջինիս խոսքերով. ՙՈչ ոք ոչ մի բանի համար պատասխան չի տալիս: Շատացել են, որովհետեւ չկա պատասխանատվության զգացում արածի համար՚:

Ա. Զաքարյանն ուներ իր կարծիքը. ՙԱյդ խմբակներն առաջացել են, որովհետեւ կա պահանջարկ: Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ շատանա, բայց լինի որակով՚:

Ըստ Մ. Մամյանի. ՙԴասավանդում են այն ՙմասնագետները՚, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն մեր ասպարեզից: Մարդիկ, ովքեր սիրողական գալիս են պարելու եւ 5-6 ամիս անց սեփական դպրոց են հիմնում: Արդեն թացը չորից չենք տարբերում: Ծնողներն էլ են արդեն խճճվել` ո՞րն է ճիշտ, ո՞րը` սխալ... Բեմադրում են այն պարերը, շարժումները, որոնք երեխաներին չի կարելի: Շատերին թվում է, որ սպորտային պարը հենց այն է, ինչ տեսնում են հեռուստատեսությամբ: Իսկ դա աղավաղված տեսակն է: Մինչեւ երեխային որեւէ տեղ տանելը պետք է հաշվի առնել` դա չի՞ վնասի եւ ի՞նչ կտա երեխային: Դեպքեր են եղել, որ հինգ տարեկան երեխային պարի են ընդունել, ծանրաբեռնել, եւ երեխան ողնաշարի լուրջ խնդիրներ է ունեցել: Այդ ՙմասնագետը՚ չգիտի, թե ինչքան պետք է ծանրաբեռնել երեխային, ինչ ծրագրով պետք է առաջնորդվի, որ երեխան զարգանա: Յուրաքանչյուր տարիք իր ծրագիրն է պահանջում՚:

Ա. Զաքարյանն էլ նկատեց, որ պարուսույցները պետք է ճիշտ մասնագիտական կրթություն ստանան, որպեսզի չվնասեն երեխային. ՙԵթե խոսքը սպորտային պարերի մասին է, ապա, օրինակ, ամեն տարիքի համար կոշիկի կրունկը իր չափսն ունի, եւ եթե սխալ կրունկ է ընտրված, ապա կարող է ողնաշարի խնդիր առաջանալ՚:

Պարարվեստում եղած բարձիթողի վիճակի դեմ պայքարել, ըստ Մ. Մամյանի, կարելի է միայն պետության աջակցության դեպքում:

Պետք է հարցը նաեւ ԱԺ-ում դրվի, որ այս կամ այն ՙմասնագետը՚ չկարողանա գործունեություն ծավալել` մինչեւ չունենա լիցենզիա:

ՙԻրավունքի՚ հնչեցրած այն հարցին, թե ինչ են տալիս հեռուստանախագծերը, Ա. Զաքարյանն այսպես պատասխանեց. ՙՀեռուստանախագծերն ունեն ե'ւ լավ, ե'ւ վատ կողմեր: Շատ մարդկանց հնարավորություն է տրվում ձերբազատվել բարդույթներից, կայանալու հնարավորություն է տալիս: Բայց նաեւ շատ մարդկանց էլ տրավմաներ է հասցնում, երբ գալիս են, շփվում անարդարության հետ: Նախագծերի շնորհիվ խոհանոցից կամ տնից մարդիկ տեղափոխվեցին ակումբներ: Մենք սովոր ենք դրսում մի բան տեսնել եւ ասել` դրսինը լավն է: 300 տարվա պատմություն ունեցող ազգը փորձում է մեզ հետ ոտք գցել: Այնուամենայնիվ, այդ նախագծերը վատ են. մեկը մի բան անում է, մյուսը կրկնում է, ու սկսում են իրար փնովել: Ամեն մեկը պետք է իր գործն անի՚: Ա. Զաքարյանը պարի ակումբներում տղաների պակասը որակեց որպես բարդույթ, իսկ Մ. Մամյանը` ազգային խառնվածք: Շարունակելով թեման Ա. Զաքարյանը հավելեց. ՙԹող մեր տղաները տեսնեն, որ հայ ծանրամարտիկ աղջիկներին ողջ աշխարհն է ծափահարել, հպարտանում ենք այդ աղջիկներով, բայց ասում ենք` տղայի պարելն ամոթ է՚: Մ. Մամյանն էլ փաստեց. ՙՏղաներն այն ժամանակ են գիտակցում, որ պարել չգիտեն, երբ չգիտեն` ինչպես հրավիրել աղջկան պարի, ստիպված գալիս եւ մի քանի պարապունք են անցկացնում: Հիմնական արգելողը հայրերն են, որոնք, եթե մի փոքր շատ պար ուսումնասիրեն, այլ կերպ կմոտենան այդ հարցին: Շատ տղաների էլ կարատեն ՙտարավ՚: Բացի այդ, 5-10 տարի առաջ դպրոցում ունեինք ավելի շատ տղաներ, քան այսօր՚:

Փոքրիկներին սեքսուալ բնույթի պարեր սովորեցնելու մասին Մ. Մամյանը նշեց, որ շատ բան ծնողներից է գալիս. ՙՈւզում են, որ իրենց երեխան շատ արագ պարել սովորի: Եվ, քանի որ դա ՙմասնագետի՚ եկամտի աղբյուրն է, անում է այն, ինչ թելադրում է ծնողը: Երեխային արագ սովորեցնում է պարը, կոպիտ ասած, աչք մտնելու համար: Անում է այն, ինչը պիտի այդ երեխայի հետ անի 6 տարի անց: Արդյունքում աղավաղված շարժումներ է սովորեցնում, իսկ երեխան չգիտի` որտեղից է գալիս, ինչ իմաստ ունի: Իսկ պապաները, տեսնելով այդ ամենը, ասում են` իմ աղջիկը պետք է նման պար պարի՞՚:

Ա. Զաքարյանն էլ հավելեց. ՙԱսում ենք, որ առաջին 3 տարին համերգ չենք տալիս, այսպես ենք հագնվում, սա չենք անում, նա չենք անում: Ծնողը կա'մ համաձայնվում է, կա'մ ոչ: Երբեմն ասում են. ՙԲա ո՞նց կլինի, որ մեր երեխային հեռուստացույցով ցույց չտան՚: Շարժումները պետք է լինեն ոչ էրոտիկ, այլ մանկական: Չի կարելի մինչեւ15 տարեկան որոշ շարժումներ կատարել՚:

Մ. Մամյանը լրագրողներին հավաստիացրեց, որ  մարզերում երեխաներն ավելի շատ են ձգտում պարի. ՙՆրանց դահլիճից հանելն անհնարին է, ժամերով կարող են պարապել: Ձգտում են ինչ-որ բանի հասնել: Մեզ մոտ` Երեւանում երեխաների համար ամեն ինչ մատուցված է: Մարզում նաեւ սոցիալական պայմաններն են դժվար: Նրանք տարբերվում են իրենց աշխատասիրությամբ՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում