livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

debilԱյսօր հաճախ կարելի է լսել, որ հասարակության մի մեծ զանգված լսում է ցածրորակ երաժշտություն: Այս պարագայում ինչ պետք է անեն դասական երաժշտության ներկայացուցիչները: Մամլո ասուլիսում ՇԵԼԼ անվանումով դաշնամուրային տրիոյի երաժիշտ ՇՈՒՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ փորձեց պատասխանել այդ հարցին: Նա նշեց, որ ցածրորակ երաժշտությունն այսօր մեծ պահանջարկ է վայելում, քանի որ այն հեշտ ընկալելի է. ՙԵս չէի ցանկանա, որ լուրջ երաժշտարվեստն իջներ այդ մակարդակի: Ցանկալի կլիներ, որ մեր ժողովուրդը բարձրանար այնպիսի մակարդակի, որ հասկանար դասական երաժշտությունը՚:

Բանախոսի խոսքով` հեռուստատեսության դերն այս առումով կարեւոր է, քանի որ հաճախ եթերից հեռարձակվում են այնպիսի երգեր, որոնք բացասական են անդրադառնում մատաղ սերնդի վրա: Խնդրի լուծումը, ըստ երաժշտի, հետեւյալն է` ամեն ինչ սկսվում է դպրոցից. ՙՄեր տրիոն ուշադրություն է դարձնում պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված դպրոցական ֆիլհարմոնիայի համերգաշարին՚: Շ. Հակոբյանն առաջարկում է հատուկ երկու հեռուստաալիք տրամադրել ռաբիս կամ ցածրորակ երաժշտություն լսողներին կամ էլ տուգանել նման երգեր կատարողներին:

Ըստ երաժշտի, ամեն ինչ սկսվում է դպրոցից, իսկ հիմա տեսնենք, թե այսօրվա դպրոցն ինչպիսի շրջանավարտներ է տալիս: Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում վեց օր անցկացվում էր բանավոր քննություն` ՙՀայոց լեզու եւ հայ գրականություն՚ առարկայից: Հանձնաժողովն օրական քննում էր մոտ 60 դիմորդ, սակայն շատ քիչ գոհացուցիչ պատասախաններ են հնչել: Բանավոր քննության հանձնաժողովի նախագահ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ նշել է, որ գոհ չէ դիմորդների մակարդակից, եւ տարեցտարի գրականության ու լեզվի նկատմամբ հետաքրրքությունը նվազում է: Նախավերջին օրվա տվյալներով` 2-3 հատ 19 եւ 18, 1-2 հատ 17 միավոր են արձանագրվել, մի քանի հատ էլ 16 միավոր, իսկ մնացածները շատ ցածր միավորներ են ստացել: Գերակշռում են 8, 9 միավորները, որոնց ձգելով են նշանակում. ՙԱյլապես մենք ուսանող չենք ունենա, կամ կունենանք այնքան քիչ ուսանողներ, որոնցով կուրս չի կազմվի, դասընթաց չի լինի՚: Իսկ դա պայմանավորված է երեխաների գիտելիքների ընդհանուր մակարդակով: ՙԵթե Դուք լինեիք իմ փոխարեն, ինչպե՞ս կգնահատեիք մի դիմորդի բանավոր քննության ժամանակ, եթե նա Ձեզ ասի, որ Պարույր Սեւակի ՙԱնլռելի զանգակատուն՚ պոեմը գրել է Հովհաննես Թումանյանը: Զարմացաք չէ՞: Իսկ Դուք գիտե՞ք` մենք այստեղ ինչքան զարմանալու առիթ ունենք՚,- ասել է լրագրողին Սամվել Մուրադյանը: Դե, սերիալներով ապրող դպրոցականներն անգիր գիտեն միայն սերիալների վերնագրերն ու հերոսների անունները, տիրապետում են, այսպես կոչված, հումորային դերասանների բառապաշարին... Եվ մի շրջանավարտ էլ կարող է, ասենք, նշել, որ Հովհաննես Թումանյանի ՙԱնուշը՚ գրել է Հովհաննես Շիրազը:   

Հանձնաժողովի նախագահն էլ, բնականաբար, այս ամենի պատճառը համարում է դպրոցը. աշակերտներն իրենց դպրոցական դասագրքերը չգիտեն, բուն գրականությունը չեն կարդում եւ կարծում են, թե իրենց ուսուցիչների վարժանքներով կամ դպրոցական վերլուծություններով  կարելի է պատասախանել գրականության կամ լեզվի հարցերին: Ս. Մուրադյանի խոսքով` երեւի ավելի լավ դիմորդները գնում են ուրիշ մասնագիտությունների գծով` օտար լեզու, իրավագիտություն, տնտեսագիտություն, բնական գիտություններ, եւ, հնարավոր է, այստեղ մնացել են նրանք, ովքեր կարծում են, թե խոսելով կարելի է գնահատական ստանալ: Հանձնաժողովի նախագահը նաեւ մեկ այլ բանից է դժգոհ. ՙՎերցրել են, առանց լուրջ մտածելու լրագրության բաժնում ընդունելության քննությունների ցանկից հանել են հայոց լեզուն եւ հայ գրականությունը, այսինքն` պատրաստում ենք անգրագետ ժուռնալիստներ: Ինչպես տեսնում եք դրանք են հենց ավերածություն գործում լրատվամիջոցներում՚:

Ահա այսպիսի դպրոց ունենք, դպրոց, որի շրջանավարտը կարծում է, որ Պարույր Սեւակի ՙԱնլռելի զանգակատունը՚ գրել է Հովհաննես Թումանյանը: Համոզված ենք, որ 12 տարի սովորած մեր աշակերտ-աշակերտուհիների մի զգալի մասը սովորական դիմում, տեղեկանք գրել, գրագետ երկու նախադասություն կազմել չգիտի: Արդեն քանի տարի ինչ-որ փորձեր են կատարում մեր դպրոցի հետ, որն արդեն վաղուց փորձանք է դարձել: Եվ բնական հարց է ծագում` ի՞նչ վատ բան էր արել ձեզ խորհրդային դպրոցը, որը քարուքանդ արեցիք` փոխանակ այն պարզապես գաղափարական բարեփոխման ենթարկեիք: Ում էլ այսօր հարցնես` ի՞նչ արժեքներ, գիտելիքներ է այսօր դավանում հայկական դպրոցը, ինչպիսի՞ քաղաքացի է դաստիարակում, որեւէ հոդաբաշխ պատասխան չի կարող տալ: Կխոսեն ինչ-որ եվրոպական ինտեգրման, բոլոնյան կրթական համակարգի մասին` առանց հասկանալու, թե ինչի մասին է խոսքը: Եվ դրա համար էլ սերիալասեր ու ռաբիսասեր, գողական բառապաշարով հաղորդակցվող շրջանավարտներ կունենանք, ովքեր, բացի այդ ամեն ինչը, նաեւ 12 տարի կտանջվեն ու կտանջեն իրենց ուսուցիչներին ու ծնողներին...

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում