livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

3dՄի խումբ երիտասարդ նկարիչներ վիրավորվել են, որ ՙՄոսկվա՚ կինոթատրոնի դիմացի 3D պատկերը Երեւանի քաղաքապետարանը ոչ թե իրենց է պատվիրել, այլ արտասահմանցի մասնագետին:

ՙՄեզ բոլորիս համար էլ վիրավորական է, որ մեր հայ նկարիչները չգիտեն` այստեղ ո՞նց իրենց ապահովեն կամ ի՞նչ գործ գտնեն, որ մնան իրենց հայրենիքում, իսկ, երբ ինչ-որ մի աշխատանք կա, որը վճարվում է, եւ հայ նկարիչները շատ ավելի լավ կարող էին անել, դա վստահում են արտասահմանից եկած ինչ-որ մեկին: Գործը արվելուց հետո էլ տեսնում ենք, որ դա այն գործը չէր, որ կարելի էր անել: Ո'չ տարածքի, ո'չ մեր քաղաքի, ո'չ էլ թեմայի հետ է համահունչ՚,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհել է նկարիչների միության անդամ ՄԱՐԻԱՄ  ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

Նկարիչները նաեւ աշխատանքի  որակից են դժգոհ. ՙՈրակն էլ այն որակը չէ, որը կարող էր լինել: Եթե դու բերում ես արտասահմանից, ուրեմն բեր ամենալավ մասնագետին, որը կաներ ամենալավ գործը, որը հայ մասնագետը չէր կարող անել՚: Մ. Մուրադյանը չի բացառում, որ հնարավոր է նաեւ, որ արտասահմանցի փորձագետին դիմելը պայմանավորված լինի փողերի լվացման նպատակով:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ փողերի լվացման բազմաթիվ մեթոդներ ու ձեւեր կան, եւ հայերն այդ հարցում դիմում են նորանոր հնարքների` չմոռանալով հինը` ավանդականը: Նորի դեպքում նկատի ունենք, օրինակ, ՙՍիվիլիթասը՚, իսկ հին ավանդականի դեպքում` ասֆալտ անելը: Մի փողոց տարեկան մի քանի անգամ են ասֆալտապատում, որոշ փողոցներ էլ տասնյակ տարիներ ասֆալտի երես չեն տեսնում...

Աշխատանքի որակից գոհ չի մնացել նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա հաստատել է, որ մի խումբ երիտասարդ նկարիչներ իրենց դժգոհությունն են իրեն հայտնել:

Անտեղյակ ընթերցողին տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ՙԵրազանքների պատ՚ ծրագրի շրջանակներում Գերմանիայից հատուկ մասնագետ էին հրավիրել 3D իլյուզիոն անդունդի խաբկանքը ստանալու համար, ում, ամենայն հավանականությամբ, շատ մեծ գումար էին վճարել:

Այսօր նկարիչներին նաեւ ավելի լուրջ` օրենսդրական հարց է հուզում. նրանք ցավով են արձանագրում այն փաստը, որ ստեղծագործական ոլորտում օրենքի բացակայությունը խոչընդոտում է ոչ միայն կերպարվեստին, այլեւ արվեստի մյուս բոլոր ճյուղերին:

Մամուլի ասուլիսում ՀՀ նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ անդրադարձել է այդ խնդրին` նշելով, որ օրենքի առկայությունը արվեստի ոլորտում հնարավորին փոփոխություններ նկատելի կդարձնի. ՙՊահանջում ենք համապատասխան օրենք կիրառել ստեղծագործական ոլորտում՚,- ավելացրել է նա: Ըստ Կ. Աղամյանի` այսօր շատ երկրներում, այդ թվում նաեւ` նախկին խորհրդային կազմում եղած, նմանատիպ օրենքներ են կիրառվում. ՙՊետությունը պետք է պաշտպան կանգնի ստեղծագործող մարդկանց, որոնց միջոցով պետք է մշակութային քաղաքականություն իրականացվի: Եթե մի շարք պետություններում գործում է համապատասխան օրենք, ապա Հայաստանում այն առհասարակ բացակայում է՚:

Երիտասարդ նկարիչ ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆՆ էլ բարձրաձայնել է արվեստանոցների խնդրի մասին. ՙՍա շատ ավելի օրհասական խնդիր է, որովհետեւ երիտասարդներիս համար այն դարձել է երազանք՚: Նա նաեւ հավելել է, որ նկարիչները չունեն համապատասխան տարածքներ, որտեղ կարող են աշխատել: Բացի այդ,  նկարիչներին մտահոգում է նաեւ արվեստանոցների վրա կուտակված հարկային հին պարտքերը, որոնք շատերը չեն կարողանում մարել. ՙՊահանջում ենք նաեւ, որ այդ կուտակված պարտքերից պետությունն ազատի, իսկ հետագայում կիրառի հարկային զեղչված քաղաքականություն՚:

Նկարիչների կոչն ուղղված է ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին: Կարեն Աղամյանի խոսքով` եթե չլիներ նկարիչների միությունը, ապա կերպարվեստն այսօր մահացած կլիներ: Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդգրկված մշակույթը ներկայացնող քաղաքական գործիչներին, ապա այս առումով նկարիչները շատ ուրախ են, որ ԱԺ-ում նման մարդիկ այս անգամ ընդգրկվել են:

Դե ինչ, հույս ունենանք, որ գոնե այս գումարման խորհրդարանը կընդունի ոչ միայն նկարիչների մատնանշած օրենքները, այլեւ կընդունի մշակութային քաղաքականության ռազմավարական ծրագիր:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում