AraՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ Mardik.am-ի հետ հարցազրույցում անհանգստություն է հայտնել, որ երաժշտական դպրոցներ հաճախողների, դիմորդների թիվը շատ փոքր է.

ՙԽոսքս վերաբերում է ալտի, տենորի, բարիտոնի, շեփորի դասարաններին, որոնք գրեթե դատարկ են: Հայ երգիչներն իրենց համերգներին ստիպված են լինում երաժիշտներ վարձել, նույնիսկ տեղեկություն ունեմ, որ պատրաստվում են երաժիշտներ վարձել ֆիլհարմոնիկ նվագախմբի համար: Ազգային նվագարանները վերանալու վտանգի առջեւ են, քանի որ դրանք քիչ են պրոպագանդվում: Երգի, պարի մասին շատ է խոսվում, փառք Աստծո, ամբողջ ազգը երգում ու պարում է, բայց վաղը նվագող չի լինելու: Երբ նայում ես երգիչների համերգները, նրանց հետեւում նույն երաժիշտներն են նվագում՚:

Երաժշտական գործիքներ պատրաստող վարպետներն արդեն տարիքով են, իսկ նրանց փոխարինողներ չկան. ՙԵթե, Աստված չանի, այդ վարպետները հեռանան այս աշխարհից կամ լքեն հանրապետությունը, գործիք պատրաստող այլեւս չենք ունենա: Լրատվամիջոցները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, ինչքան պրոպագանդեն, դա կտարածվի եւ կդառնա մրցունակ: Եթե շատ երաժիշտներ լինեին, ապա կարելի էր ընտրել լավագույնին, իսկ, քանի որ այսօր շատ չեն, ընտրում ես այն, ինչ որ կա: Օրինակ` Նարեկ Կազազյանին, ով քանոն նվագեց ՙԵվրատեսիլ՚ մրցույթում, այդքան մեծարելուց հետո շատ պատանիներ են ցանկանալու քանոն նվագել՚:

Մի շատ կարեւոր, անհապաղ լուծում պահանջող հարցի մասին էլ է խոսել Ա. Գեւորգյանը. ՙԵս նաեւ կուզեի, որ անհապաղ փոխվեր մեր պետության հիմնը: Մենք ունենք Արամ Խաչատրյան, ում ճանաչում է ողջ աշխարհը, ով գրել է օրհներգ: Մեր պետության հիմնը ցածրորակ է` ՙկեցցե' Իտալիան, կորչի' Ավստրիան՚ խոսքերով: Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը ոչ թե հայկական եռագույնի, այլ իտալական եռագույնի մասին է: Սա ընդհանրապես պետք չի տպել թերթերում եւ ամսագրերում, որովհետեւ այն կարող է ընկնել մեր թշնամիների ձեռքը, ու  մենք կարող ենք շատ ծիծաղելի դրության մեջ հայտնվել: Իմ ցանկությունն է, որ մեր հիմնը լինի Արամ Խաչատրյանի օրհներգը` նոր տեքստով՚:

Հիշեցնենք, որ ժամանակին նոր օրհներգի մրցույթ հայտարարվեց, հայտեր ներկայացվեցին... Օրհներգի վերաբերյալ կներկայացնենք նաեւ այլ մասնագետների կարծիքներ:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ