livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

marriegeԵրեկ կառավարության նիստի ժամանակ ընդունվել է օրենսդրական առաջարկ, որ այսուհետ ամուսնության տարիքը թե' տղայի եւ թե' աղջկա համար պետք է օրենքով սահմանվի 18 տարեկանը: Հիշեցնենք, որ նախկին օրենքով սահմանված էր, որ տղան պետք է լինի 18, իսկ աղջիկը առնվազն 17 տարեկան: Ի դեպ, այս առումով դեռ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ամուսնության տարիքը պետք է սահմանել 19 տարեկանից, հավանաբար ելնելով 12-ամյա կրթական ցենզից: Դրա շուրջ ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում սկսվեցին բուռն քննարկումներ, եւ երիտասարդները հիմնականում բողոքում էին նախարարի դիրքորոշումից: Իսկ կառավարության նման որոշումը, կապված ամուսնությունների հետ, պայմանավորված է, ինչպես պարզաբանեց նախարարը, գենդերային հավասարությամբ: Որքանո՞վ էր ճիշտ այս որոշումը եւ արդյոք այն բացասաբար չի՞ ազդի մեր առանց այդ էլ ոչ բարվոք դեմոգրաֆիական վիճակի վրա` հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել հարցում Երեւան քաղաքում: Մինչ արդյունքները հրապարակելը եկեք տեսնենք, թե ինչ կարծիք ունեն վերը նշված որոշման մասին մեր քաղաքական եւ հասարակական գործիչները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ. ՙՆորմալ եմ համարում այս որոշումը, եւ անկեղծ ասած 17 տարեկանն ինձ համար դեռ երեխա է, եւ ճիշտ է այն հիմնավորումը, որ վերջին ժամանակներում բարձրացել է ամուսնական տարիքը: Ես նույնիսկ մտածում եմ, որ ավելի ճիշտ է շատ փոքր տարիքում չծննդաբերեն եւ ընդհանրապես ամեն առումով դա նորմալ է: Որեւէ վտանգ չեմ տեսնում, իսկ եթե մարդը որոշել է ամուսնանալ, այդ մեկ տարին չի խոչընդոտի, պրոբլեմ չի ստեղծի եւ դեռ հակառակը, կարծում եմ էլ ավելի կհասունանան ամուսնության համար՚:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. ՙԵս որպես ծնող պետք է ասեմ, որ դա շատ ճիշտ որոշում է, թե' ֆիզիոլոգիական առումով եւ թե' հոգեբանական, 18-ից պակաս ամուսնությունը, թե' տղայի եւ թե' աղջկա համար անընդունելի է: Ինչ վերաբերում է դեմոգրաֆիական վիճակի վրա ազդելուն, ապա չի ազդի բացասաբար, եւ քանի որ տեղյակ չեմ թե մեր հանրապետությունում որքան 17 տարեկան ամուսնացած աղջիկներ ունենք, բայց կարծում եմ, որ բոլոր առումներով ճիշտ է 18 տարեկանի որոշումը՚: ՙԵթե հաշվի առնենք, որ գյուղական շրջաններում ամուսնությունը ավելի շուտ է տեղի ունենում, ապա այս առումով սխալ չէ՚,- հարցին տիկին Բիշարյանն ընդգծեց. ՙՑանկացած ծնող, ընտանիք, 18 տարին չլրացած երեխայի ճակատագրի հետ կապված այդպես արագ որոշումներ դժվար թե կայացնի, եւ մինչ 18 տարին չլրանալը ամուսնանալը սխալ է: Իսկ 17 տարեկանը դեռ երեխա է, ինքն անձամբ ունի գուրգուրանքի կարիք, ճիշտ կողմնորոշվելու եւ ինչու չէ` դեռ հասունանալու ժամանակ՚:

ԱԺ 4-րդ գումարման ՀՅԴ խմբակցության անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ. ՙՀավանաբար մի կողմից խնդիր կար այն առումով, որ ավագ դպրոց հասկացողությունը մտավ մեզ մոտ, եւ դպրոցն ավարտում են 18 տարեկանում: Բայց ընդհանրապես լավ կլիներ, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում այնպիսին լիներ, որ նպաստեր ամուսնություններին եւ, առհասարակ, դեմոգրաֆիական խնդիրների լուծման բանալին երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներից է կախված: Բայց 18 տարեկան դարձնելով` մեծացնում ենք անձի կրթություն ստանալու եւ կայանալու հնարավորությունները: Անկեղծ ասած, կողմնակից եմ կառավարության այս որոշմանը եւ 18 տարեկանից սկսած ամուսնությունը նորմալ է, ավելին, նույնիսկ կողմնակից եմ ամուսնության տարիքն էլ ավելի բարձրացնելուն՚:

Լեզվի տեսչության պետ, հրապարակախոս ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ. ՙՉե կարծում, որ այդ մեկ տարին շատ մեծ տարբերություն կտա, եւ 18 տարին լիարժեք է հասունության հասնելու համար: Իսկ գյուղական շրջանները ունեն իրենց օրենքները` պապենական, որոնք կարող է եւ գործեն, բայց այսօր մեր գյուղերն այնքան զարգացած են, որ կհետեւեն այսօրվա իրական օրենքին՚:

Իսկ հիմա տեսնենք, թե ի՞նչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները աղջիկների ամուսնական տարիքը մեկ տարով բարձրացնելու հարցի հետ կապված:

1. Դրանից ոչինչ չի փոխվի ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը` 35%:

2. Շատ ճիշտ որոշում է, պետք էր նույնիսկ տարիքը ավելի բարձրացնել մինչեւ 21 տարեկան, կարգին երկրներում 21 տարեկանն է համարվում չափահաս` 11%:

3. Շատ սխալ որոշում է, ինչքան բարձրացվի ամուսնության տարիքը, այնքան քիչ երեխա կծնվի, մեր պապերը իմաստուն էին, որ աղջիկներին 15 տարեկանից ամուսնության պիտանի էին համարում` 21%:

4. Տղաների տարիքը պետք էր էլ ավելի բարձրացնել, իսկ աղջիկներինը` էլ ավելի իջեցնել, քանի որ աղջիկները ավելի շուտ են հասունանում` 13%:

5. Հարցի նկատմամբ անտարբեր եմ` 14%:

6. Դժվարանում եմ պատասխանել` 6%:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում