satanaԵրեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրերն էին ՀՀ կառավարության կրոնի վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԸ եւ ՀՀ Արդարադատության նախարարության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ ԷԴԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Ասուլիսի հիմնական թեման նվիրված էր նրան, թե որքանով է պաշտպանված հոգեւոր անվտանգությունը Հայաստանում: Այս կապակցությամբ կառավարության ներկայացուցիչը բացման խոսքում ասաց.

-Պետք է ասեմ, որ այդպիսի ձեւակերպումով իրավական ակտ մենք չունենք, որտեղ կսահմանվեր դա, որի հիման վրա կտրվեր անհրաժեշտ պաշտպանության միջոցները: Եթե չեմ սխալվում, դեռ անցյալ տարի, անվտանգության խորհուրդը, նիստ գումարեց, որտեղ քննարկվում էր տոտալիտար աղանդների հետ կապված հայեցակարգը: Մենք պետք է տրոհենք հասարակական եւ ազգային անվտանգության խնդիրները, եւ եթե խոսքը գնում է տոտալիտար աղանդների մասին, ապա մեր օրենքը դրա եւ աղանդի մասին չի սահմանում, ի տարբերություն այլ երկրների. Բելգիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում այն ընդունված է եւ սահմանված:

Մեր օրենքով նախատեսված չէ նաեւ հոգեորսությունը եւ այս ամենն է, որ խնդիրներ է առաջացնում, եւ դեռեւս 10 տարի առաջ փորձ արվեց փոփոխություններ մտցնել, այնուհետ 2004 թվականին ստեղծվեց կառավարության աշխատակազմի փոքրամասնությունների եւ կրոնի վարչությունը, որից հետո սկսվեց օրենքի փոփոխությունները, իսկ առաջին քայլը կատարեց Ա. Աշոտյանը: Այնուհետ վարչության աշխատակիցների կողմից մի նախագիծ մշակվեց, որը Արդարադատության նախարարությունը ուղարկեց Վենետիկի հանձնաժողով, որտեղից տվեցին իրենց կարծիքը, եւ առաջարկվեց արմատական փոփոխություններ կատարելª հիմնավորելով եվրոպական ստանդարտներով, այդ թվում նաեւ կարեւոր մեջբերումներ կատարվեցին Եվրոպական դատարանի որոշումներից, որով հուշում էին, որ եթե չապահովվի այսպիսի մոտեցումը, ապա խնդրահարույց կլինի: Իմ դիտարկումներով, որպես պաշտոնյայի, շփվելով եվրոպական փորձառությանը, ինձ համար պարզ դարձավ հետեւյալը, որ քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական համակարգում, ապա մենք պետք է որդեգրենք այս համակարգում գործող մեխանիզմները, որոնք կարող են ապահովել հարաբերությունները կողմերի միջեւ: Օրինակ, եթե կա կրոնական ազատությունը, որի հիման վրա ստեղծվում եւ գործում են տարբեր կրոնական միավորումներ, հետաքրքիր էր, թե նրանց գործունեությունը արդյոք միարժեք էր, իրավաչափ կամ օրինական, եւ արդյոք հասարակության մյուս շերտերը դրան դեմ չեն: Մեխանիզմը հետեւյալն է, հասարակությունը խնդիրը բարձրացնում է, քննարկում է, ձեւակերպում լայն մակարդակով եւ ներկայացնում է իշխանություններին, որոնք վերցնում են այն եւ մշակում են որպես իրավական համակարգի մաս:

- Ի՞նչ ունենք մենք այսօր հստակ:

- Կա օրենքի նախագիծ եւ գործող օրենք, որը դեռ չի կարողանում կարգավորել, իսկ օրենքի նախագիծը դեռ նախնական վիճակում է, որտեղ կան բավականին դրական կողմեր, դրանք են կրոնական կազմակերպությունների գործունեության հրապարակայնացումը: Արդարադատության նախարարությունը ձեւակերպել է, որ ամեն տարի յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն պետք է իրենց կայքերում ներկայացնեն հաշվետվությունները, այդ թվում նաեւ ֆինանսական հոսքերի մասին: Մյուս կողմից անհրաժեշտության դեպքում կլինի հանրային վերահսկողություն:

Աղանդավորների ներկայությունը, տնետուն գնալը եւ նրանց կողմից այլ գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը: Այս կապակցությամբ մյուս բանախոսը` Է. Մարգարյանը ավելացրեց.

- Խղճի ազատության եւ կրոնական ազատությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկման եւ հաստատման կդրվի կառավարության առաջիկա նիստում: Նախարարությունը մի ամբողջական փաթեթ է ներկայացնում վերոհիշյալ օրենքի, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Հայաստանում պատրաստվում ենք արգելել հոգեւոր կազմակերպությունների ֆինանսավորումն արտասահմանից: Նման պահանջ է պարունակվում ՙԽղճի եւ կրոնի ազատության մասին՚ օրենքի նոր խմբագրության մեջ, որը նախատեսվում է կառավարության քննարկմանը  ներկայացնել օգոստոսի 2-ին: Բացի դրանից, հոգեւոր կազմակերպություններին զանգվածային քարոզչության հնարավորություն չի ընձեռվի: Կանոնների խախտման համար կազմակերպությունները կպատժվեն մինչեւ 400 հազար դրամ տուգանքով, կարող են նույնիսկ լուծարվել: Այնուամենայնիվ, օրենքը պարունակում է նաեւ մի շարք ազատական դրույթներ: Նվազեցվել է անդամակցության շեմը (200-ից մինչեւ 25),  իսկ կազմակերպության գաղափարախոսությունը գրաքննություն չի անցնի:

- Եթե այնպես ստացվի, որ ձեզ դիմեն սատանայապաշտներ` կգրանցե՞ք նրանց, թե՞ ոչ:

- Հայաստանում չկան օրինական գրանցված սատանայապաշտական կազմակերպություններ, սակայն, եթե ինչ-որ սատանայապաշտական կազմակերպություն դիմի օրինական գրանցվելու համար, չի մերժվի, մենք ստիպված նրանց էլ պետք է գրանցենք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ