livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Կողքից նայիր այն տղամարդուն, ում հետ գտնվում ես մտերիմ հարաբերությունների մեջ ներկայումս: Եթե տվյալ պահին չկա այդ տղամարդը, հիշի՛ր քո նախկին հարաբերությունները եւ այս ամենը կիրառի՛ր քո նախկին ընտրյալի նկատմամբ:

Այժմ կենտրոնացի՛ր ու նկարագրի՛ր այդ տղամարդու հիմնական հատկանիշները, բնավորությունը եւ որակները:

 

* Գուցե դու այն երջանիկներից ես, ում փայփայում են, պահում ձեռքերի վրա, ապահովում են հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով, պաշտպանում են, շրջապատում ուշադրությամբ, հոգատարությամբ, հաճախ էլ նվերներ են տալիս, պարբերաբար կազմակերպում են տոներ եւ գերազանց հանգիստ:

* Կա հավանականություն, որ քո տղամարդը չի տեսնում կամ չի ցանկանում կատարել իր հիմնական գործառույթներից մեկը` քեզ կամ ձեր ընտանիքը ապահովելու գործառույթը, եւ անընդհատ պնդում-համոզում է, որ դու պիտի աշխատես:

* Մեկ այլ ծայրահեղություն. նա քեզ պատկերացնում է միայն մեկ` տնային տնտեսուհու դերում, ամեն կերպ դիմադրում է, որ դու աշխատես, չի թույլատրում քեզ ինքնադրսեւորվել սիրելի գործում:

* Գուցե քո տղամարդը «հեռուստաբազմոցային կցորդ» է, իսկ դու նրա «երջանիկ» դիտորդուհին ես: Տղամարդ, ում չի հետաքրքրում ոչինչ, բացի մարզական, քրեական նորություններն ու կինոնկարները, ինչը դեռեւս, ավաղ, տղամարդկային կեցության գլոբալ ամենատարածված ձեւերից մեկն է:

* Բացառված չէ նաեւ, որ դու անչափ շատ բան ես անում հանուն ձեր հարաբերությունների կամ ձեր ընտանիքի, բավականին շատ էներգիա եւ ուժ ես ծախսում դրա վրա, սակայն ոչ ոք դա չի գնահատում, ավելին` նույնիսկ չի էլ նկատում:

* Հնարավոր է, որ դու այնպիսի զգացողություն ունես, որ գրեթե բոլոր հարցերում քո տղամարդու համար վերջին տեղում ես, եւ նա պատրաստ է ժամանակն անցկացնել` որտեղ պատահի եւ ում հետ պատահի, բայց միայն` ոչ քեզ հետ:

* Գուցե իրադրությունը բոլորովին ճգնաժամային է, եւ քո տղամարդը գտնվում է ինչ-որ վտանգավոր սովորությունից լուրջ կախվածության մեջ, որտեղ մխիթարություն է փնտրում այն բանից, որ չի կարողացել ինքնադրսեւորվել անձնական կյանքում եւ կարիերայի բնագավառում...

Սրանք դեռ բոլոր հնարավոր իրավիճակները չեն, եւ մեզնից յուրաքանչյուրի մոտ կարող է լինել մեր անհատական, գուցե բոլորից տարբերվող իրավիճակը:

Բայց...

Մենք հիմա չենք փորձի ամեն ինչում մեղադրել մեր տղամարդկանց:

Հիմա մենք կշրջենք ֆոկուսը 180 աստիճանով եւ կսկսենք նայել ինքներս մեզ:

Ծանոթացի՛ր քո արտացոլանքի հետ...

Սկսենք հարցից` ինչո՞ւ ես իմ տարածություն բերեցի հենց այդպիսի տղամարդու:

Այստեղ ավելորդ չի լինի հիշել այն մասին, որ ձգողականության օրենքը ոչ ոք չի վերանայել, եւ նմանը ձգվում է դեպի նմանը (հիմա կարելի է հիշել քո տղամարդու բնութագիրը եւ ուրախանալ կամ սարսափել դրանից):

Մենք միշտ դեպի մեզ ենք ձգում տղամարդկանց, ովքեր համապատասխանում են այդ պահի մեր ներքին վիճակին:

Վերլուծելով քո բոլոր հարաբերությունները` դու ինքդ կհանգես այդ եզրակացությանը:

Մեր տղամարդիկ շատ ճշմարտացի եւ բացահայտ ցուցադրում են մեզ մեր իսկ սեփական վերաբերմունքը մեր նկատմամբ: Մենք, այսպես ասած, ստանում ենք հենց այնպիսի տղամարդկանց, ինչպիսիին արժանի ենք այդ ժամանակահատվածում:

Գուցե կհարցնեք` իսկ հեքիաթները մոխրոտիկների եւ արքայազների մասի՞ն:

Նման բացառություններ հնարավոր են, սակայն հեքիաթները սովորաբար ավարտվում են սիրավեպի մեկնարկով կամ հարսանիքով... Իսկ հերոսների հետագա ճակատագրերի մասին մնում է միայն ենթադրություններ անել:

Կյանքի ճշմարտությունը նրանում է, որ եթե կինը իր էությամբ աղախին է (ինչպես իրեն թվում է) եւ ներքին վիճակով կամ, այլ բառերով ասած, զոհ է, ապա նա, ըստ սահմանման, չի կարող հետաքրքրություն առաջացնել թագավորական արյուն ունեցող ինքնաբավ տղամարդու մոտ: Նման զույգի մոտ գործնականում բացակայում են շփման կետերը, քանի որ նրանց սոցիալական դերերը եւ հետաքրքրությունները գտնվում են տարբեր բեւեռներում: Այս դեպքում, իհարկե, չի բացառվում նորմալ սեքսը, եթե կինը ունի որոշակի բնական գրավչություն, բայց ցավոք, լուրջ եւ երկարատեւ հարաբերությունների շանսերը գրեթե հավասար են զրոյի: Քո երազանքների տղամարդը...

Իսկ այժմ առավելագույն ամբողջական պատկերացրու քո երազանքի տղամարդուն. ինչպիսի արտաքին տեսք ունի, ինչով է զբաղվում, ինչպիսի պայմաններում է բնակվում, ինչպիսի սոցիալական մակարդակի է պատկանում, հիշի՛ր նրա շրջապատը, հետաքրքրությունները, աշխարհայացքը եւ հիմնական արժեքները, ինչպես նաեւ` սովորաբար ուր է նա այցելում եւ ընդհանրապես ինչպիսի կենսակերպ է վարում...

Պատկերացրեցի՞ր: Գերազանց է:

Իսկ հիմա առավելագույն ազնվությամբ, անկեղծությամբ նայիր ինքդ քեզ եւ որոշիր` որքանով ես դու այսօր համապատասխանում տղամարդու այն իդեալական կերպարին, որն ապրում է քո երազանքներում:

Դա ոչ այնքան հաճելի գործընթաց է, բայց որը պարզապես անհրաժեշտ է, որպեսզի սկսես քո մեջ վերածնել կնոջը, որն արժանի է ամենալավին, կնոջը, որն արժանի է թագավորի:

Անչափ կարեւոր է գիտակցել եւ մշտապես հիշել.

* Մեզ չեն գնահատի, քանի դեռ մենք ինքներս չենք դա գիտակցել եւ չենք արժեքավորել, ըստ արժանվույն չենք ներկայացրել մեզ:

* Մեզ չեն սիրի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, քանի դեռ մենք ինքներս մեզ չենք տվել սեր:

* Մեր պահանջներն ու ցանկությունները չեն բավարարվի, քանի դեռ ինքներս չենք հայտարարի դրանց մասին եւ չենք ցույց տա մեր հետաքրքրություններն ու մեր սահմանները:

Եթե դու ցանկանում ես լինել թագավորի կողքին, ինքդ պետք է համապատասխանես այդ կարգավիճակին` լինես թագուհի: Եվ եթե չես սկսել քո ճանապարհորդությունը դեպի քեզ` դեպի թագուհին կամ աստվածուհին (ինչպիսին մեզնից յուրաքանչյուրն է առանց բացառության), հիմա դա իրականացնելու իսկական ժամանակն է: Ամենատխուր բանը կյանքն ապրելն է` կյանքին սպասելով:

Քեզ եւ քո կյանքը փոխելու լավագույն ժամանակը այստեղ է եւ հիմա:

Պատրաստեց
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

 

Թեսթ

Ծածկամի՞տ եք արդյոք

 

1. Ընկեր-բարեկամները գիտե՞ն, թե որքան աշխատավարձ եք ստանում եւ որքան է ձեր բնակվարձը.

ա) ինձնից ավելի լավ - 2

բ) մասամբ տեղյակ են - 1

գ) ամենեւին - 0

 

2. Երբ ընկճված եք, դեմքի արտահայտությունից ձեր այդ հոգեվիճակը «կկարդա» ...

ա) ամեն ոք - 2

բ) միայն մտերիմ մարդիկ - 1

գ) ոչ մեկը - 0

 

3. Անծանոթ մարդը կարո՞ղ է պատկերացում կազմել ձեր մասին` ուսումնասիրելով ձեր աշխատատեղը.

ա) միգուցե - 1

բ) իհարկե ոչ - 0

գ) անշուշտ - 2

 

4. Եթե դուք վարագույր լինեիք, անպայման կլինեիք...

ա) թեթեւ ու թափանցիկ - 2

բ) վառ ու երփներանգ - 1

գ) ծանր ու մուգ - 0

 

5. Որեւէ մեկին գաղտնիք ասելիս լռություն պահպանելու երդում պահանջո՞ւմ եք.

ա) երբեմն - 1

բ) երբեք - 2

գ) միշտ - 0

 

6. Ձեր զուգընկերուհին (զուգընկերը) ի՞նչ գիտի ձեր նախկին ընկերուհու (ընկերոջ) մասին

ա) ամեն ինչ - 2

բ) միայն անունը, տարիքն ու մասնագիտությունը - 0

գ) նրա հետ կապված մեկ-երկու զվարճալի դեպք - 1

 

Ամփոփեք

 

10 եւ ավելի միավոր - Դուք, ասես, բաց գիրք լինեք: Իհարկե, մարդիկ սիրով մտերմություն են անում ձեր պես սրտաբաց ու անմիջական մարդկանց հետ: Այնուհանդերձ, արժե գոնե երբեմն ձեռնպահ մնալ սակավ ծանոթների առաջ անկեղծանալուց:

5-9 միավոր - Բավական ճկուն ու զուսպ մարդ եք, կարող եք բացել ձեր սիրտն ուրիշի առաջ, բայցեւ ընդունակ եք լռել հրապարակման ոչ ենթակա բաների մասին: Անշուշտ վստահում եք մարդկանց եւ կարեորում եք ոչ միայն դիմացինի գաղտնապահ լինելու ունակությունը, այլեւ ձեզ լսելու նրանց պատրաստակամությունը:

Մինչեւ 4 միավոր - Հավանաբար նախկինում խստորեն պատժվել եք անկեղծանալու համար եւ դաս եք քաղել դրանից: Բայց այժմ էլ ընկել եք մյուս ծայրահեղության մեջ կամ ձեզ թվում է, թե մարդկանց չեն հետաքրքրում ձեր գաղտնիքները: Գուցե ծածկամտության շնորհիվ կարողանում եք թաքցնել ձեր թերությունները, սակայն դա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում