livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Exams are killing me Կարելի է այս օրերին հետեւել, թե ինչպես են կյանք մտած նորաթուխ երիտասարդները եւ նրանց ընտանիքի անդամները տառապում ընդունելության քննությունների իրենց յուրաքանչյուր բալի համար: Տղաների եւ նրանց ընտանիքների անհանգստությունը հասկանալի է. եթե չընդունվի, կտանեն բանակ, կկորեն պարապմունքների վրա ծախսված գումարները, կմոռացվեն գիտելիքները: Իսկ աղջիկների ընտանիքները ինչու են այդքան անհանգստանում: Վերը նշածներին հավասարազո՞ր են արդյոք կորուստները: Չէ որ առջեւում էլի հնարավորություններ կան:

Այդ վազքը դիպլոմի ետեւից ավելի շատ անհանգստացնում է ծնողների՞ն, թե՞ երեխաներին:

Երիտասարդները կրկնում են ծնողների կամ իր համար նշանակալի մարդկանց (դասընկեր, հարազատ) վարքի մոդելը, քանի որ դեռ նրանք հղկված չեն կյանքի բովում եւ ինքնուրույն չեն դեռ իրենց որոշումներում: Մեր հասարակությունը չի ստեղծում դպրոցն ավարտած երիտասարդին կողմնորոշվել՝ ինքնուրույնություն, իր ապագան ինքնուրույն ընտրելու հնարավորություն: Ընտանիքի ճնշող կարծիքը դեռ գերիշխող է: Մյուս կողմից էլ հասարակական կարծիքն է ճնշում: Բարձրագույն դիպլոմը  մի մեծ կարողության արժողություն ունի մեր հասարակությունում: Դիպլոմով հարսնացուները ավելի մեծ պահանջարկ ունեն: Ինչու ենք զարմանում, մեր օրերում հավաքարարներից էլ են դիպլոմ ուզում, ուր մնաց հարսնացուներից:

Դասերի հաշվին պարապմունքներ, օր ու գիշեր խնդիրներ ու անգիրներ, դժգոհություններ դասախոսներից , որին հետեւում են կշտամբանքներ ընտանիքի անդամներից: Հուզմունք, արտասուքներ, սթրեսներ: Սա են ուզում մեր ծնողները: Կա մի սփոփանք. այդ ամենը ժամանակավոր է, ընդունվելը դժվարությունների հաղթահարման մրցանակն է:

Իսկ եթե չընդունվի՞: Ամեն ինչ նորից է սկսվում կամ ...:

Քիչ չեն դեպքերը, երբ չընդունվելու դեպքում երիտասարդները փորձել են անգամ կյանքին վերջ տալ: Կամ ամուսնանում են՝ որպես փախուստ:

Մենք ուզում ենք, որ մեր երեխաները երջանիկ լինեն, լավ ապագա ունենան, սակայն անում ենք ճիշտ հակառակը, այո, ճիշտ հակառակը:

Բացատրեմ գրածս.  քայլը դեպի հասուն կյանք սկսվում է վերջին զանգից:

Արդեն չափահաս համարվող երիտասարդը ընտրում է իր ապագա մասնագիտությունը, որը նրան տալու է ինտեգրում, հասարակություն, շրջապատ, ֆինանսական անկախություն, սիրած զբաղմունք: Աղջիկների դեպքում` հաջող ամուսնություն: Այո այո, քիչ չեն դեպքերը, որ աղջիկը ընդունվում-ավարտում է մեծ դժվարություններով, եւ ամուսնանալով՝ չի աշխատում եւ (երբեմն էլ գերազանցության) դիպլոմը մնում է չօգտագործվող թղթերի կույտում: Կամ էլ դառնում է երեխաների առաջ պարծենալու առիթ: Եվ թերեւս մի օր էլ ինքն է աղջկան ուսման տալու՝ առանց ապագայի հանդեպ որեւէ ակնկալիքի:

Լինում է այնպես, որ չգիտակցված քայլը բերում է կյանքից հիասթափության, հասուն մարդ դառնալով նա նոր է միայն հասկանում, որ անում է մի բան, որը չի սիրում: Ունի փող, շրջապատ, սակայն չունի բավարարվածություն կյանքից: Փաստորեն տարիներ են պահանջվել մարդուն հասկանալու համար, որ իրեն այդքան դժբախտ է զգում ոչ ճիշտ ընտրված մասնագիտության պատճառով: Լինում է եւ հակառակը. հոգեբանական կոնսուլտացիայի էր եկել մի աղջիկ, որը արդեն 3 տարի էր, ինչ ավարտել էր ԲՈՒՀ-ը, սակայն չէր կարողանում գտնել: Կոնսուլտացիայի արդյունքում նա պատմեց, որ պայքարի գնով է ընդունվել իր ուզած բաժինը` (իրավաբանական), ջանքեր չխնայելով սովորել է իր ընտրած մասնագիտությամբ: Ծնողները միշտ պնդել են, որ դա աղջկա մասնագիտություն չի, դու այդպես փող չես կարող աշխատել: Համարում էր, որ ծնողները ճիշտ էին եւ սխալ էր, որ նրանց չի լսել ժամանակին:

Ես հարցրեցի, թե արդյո՞ք նրա կուրսում եղել են ուրիշ աղջիկներ, նա պատասխանեց.

«Եղել են եւ նրանցից ոմանք աշխատում են մասնագիտությամբ: Իսկ ինչպես են նրանք կարողացել ընդունվել աշխատանքի: Պարզվեց, որ մի քանիսը ծանոթով, բայց կան եւ պատահաբար ընդունվածներ: Ստերեոտիպը կոտրվեց, աղջիկը ենթագիտակցաբար ծնողների ծրագիրն է կատարել»:     

examsՄեր կյանքը լի է կրթության մասին ստերեոտիպներով, որոնք մեզ խանգարում են զարգանալ: Նշեմ նրանցից մի քանիսը. մինչեւ չսովորես, մարդ չես դառնա, ուսում ստացողը դառնում է պաշտոնավոր, իսկ չունեցողը՝ բանվոր, ուզում ես շատ փող աշխատել, ԲՈՒՀ-ում սովորիր,  սովորիր, որ ... հիշեք ինչ են Ձեզ ասել:

Մարդը այս ծրագրերը իրականացնում է կյանքում: Դա անգիտակցաբար է անում: Լավ է, եթե այդպես կարողանում է իրոք ռեալիզացնել իր ցանկություններն ու նպատակները, բայց լինում է եւ հակառակը, բացասական ծրագրերի արդյունքում ողջ կյանքը անհաջողության է մատնվում:

Այս օրերին շատերը հանձնում են ընդունելության քննություններ եւ շատերի համար դա սթրես է, դժվարություն, ուստի, հարգելի՛ ծնողներ, ուզում եմ մի քանի կարեւոր խնդիրների վրա դարձնել Ձեր ուշադրությունը` նոր ինքնուրույն կյանք մտած երիտասարդների հետ շփան եւ դաստիարակության հարցում.

Սթրեսները որոշ մարդկանց մոտ ուժերը մոբիլիզացնող են հանդիսանում, որոշ մարդկանց մոտ էլ` հակառակը: Երբ մարդ լարվում է ինչ որ բանի համար, նա կորցնում է մեծ քանակությամբ էներգիա, օրգանիզմի մեջ ջանքեր է գործադրում պաշտպանելու իրեն, եւ երբեմն ուղեղը արգելակվում է, որովհետեւ երբ մարդ գիտակցված չի վերահսկում իր վիճակը եւ իրեն հասցնում է ֆիզիկական եւ հոգեկան հյուծման, մարդու հոգեկանը ինքնապաշտպանության է անցնում: Նման վիճակում կշտամբանքներն ու զայրույթը չեն օգնում, հարկավոր է մի քանի օր երիտասարդին հեռու պահել անգամ պարապմունքների եւ քննությունների մասին խոսակցություններից:

Երբ մարդը չի կարողանում իր նպատակները իրականացնել, նա կորցնում է իր հաջողությունների հանդեպ հավատը, ինքնավստահությունը, կորցնում է հույսը, աստիճանաբար թուլանում է կամքը, ինքնամեղադրանքները երբեմն հասցնում են նյարդային լարման: Հարկավոր է, որ երիտասարդը հասկանա, որ ցանկացած նպատակի իրականացման մի քանի ճանապարհ կա, որ այս անհաջողությունը ժամանակավոր է, եւ կա հնարավորություն եւս փորձելու:

Մարդը ճիշտ է ունենա խնդիրների լուծման մի քանի տարբերակներ, քանի որ մեկ տարբերակը փակուղի է, երկուսը՝ կոնֆլիկտ, երեքը՝ արդեն այլընտրանքի հնարավորություն: Այլընտրանքներով մտածելը մարդուն տալիս է ընտրության եւ իր կյանքը արդյունավետ կառավարելու հնարավորություններ:

Տվեք նրանց ինքնուրույնություն որոշելու սեփական ապագան, մի կոտրեք նրանց հույսերն ու սպասումները, երբեք չգիտեք, թե կյանքը ինչ անակնկալներ է պատրաստելու:

Հիշեք, որ անհաջողությունները  դեպի հաջողություն տանող ճանապարհն է: Որոշները այդ ճանապարհը կիսատ են թողնում, իսկ համառները հաղթահարում են եւ ստանում ավելի շատ արդյունք, քանի որ սեփական ջանքերով ստացված հաջողությունը ավելի թանկ է:

Լցրեք նրանց կյանքը դրական հույսերով: Դրական սպասումները արդեն գործի կեսն են, տվեք երիտասարդներին դրական դիրքորոշումներ: Այդպես էլ նրանք իրենց կյանքը կկառուցեն:

Հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում