livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Այս հոդվածում կանդրադառնանք մի երեւույթի, որը քիչ է գիտակցվում, սակայն շատ անգամ որոշիչ է դառնում ընտանիքի կայացման եւ ամրապնդման հարցում, հատկապես ընտանիքի ձեւավորման առաջին տարիներին:

 

Մինչեւ ամուսնանալը` զույգերը հազվադեպ են կիսում իրենց մտքերը եւ միասին պլաններ են կազմում, հաճախ երեւակայում են, թե ինչպես են ապրելու: Երբ համաձայնության են գալիս միասին շարունակելու կյանքը` նրանք  դեռ չեն էլ պատկերացնում, թե ինչպիսինն է լինելու այն:   Բոլոր նորապսակները լավատեսորեն են տրամադրված, եւ իրենց թվում է, թե իրենք, ի տարբերություն շատ շատերի, ի վիճակի են հաղթահարելու ամեն ինչ` բավական է միայն սիրեն միմյանց եւ/կամ ֆինանսապես ապահովված լինեն, սակայն հետագայում անհասկանալի է դառնում, թե ինչու, անգամ ունենալով թե՛ մեկը, թե՛ մյուսը, չեն  կարողանում պահպանել իրենց ընտանիքը եւ երբեմն ամուսնալուծության եզրին են կանգնում:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր անհատ իր կյանքի շարունակության մասին սեփական պատկերացումներն ունի, որը ձեւավորվել է նրա զարգացման առաջնային փուլերի ընթացքում: Հայրը, մայրը, տատն ու պապը սոսկ ազգականներ չեն, այլեւ նրա համար կերպարներ են, որով պատկերացում է կազմում հայր, մայր եւ այլն լինելու մասին: Այս ամենը անգիտակցաբար է լինում եւ հաճախ ընդունվում է ոչ քննադատաբար, ու անհատի մոտ ձեւավորվում են ստերեոտիպային պատկերացումներ ապագա ընտանիքի մասին:

Այսպիսով, ընտանիքի մասին պատկերացումը մարդու մոտ ձեւավորվում է սեփական ընտանիքի մոդելով: Եթե այն ինչ-որ բանով չի բավարարում նրան, ապա, որպես կանոն, իր համար ստեղծում է ռեֆերենտային (անձի համար նշանակալից, արժեք հանդիսացող եւ հեղինակություն վայելող)  ընտանիքի մոդել:

Եթե անձի համար մոդել է հանդիսացել սեփական ընտանիքը, ապա դա կատարվում է նույնականացման մեխանիզմի միջոցով: Ընտանեկան փոխհարաբերությունների սարդոստայնում անձը իրեն նույնացնում է իր ընտանիքի որեւէ անդամի հետ եւ ընտանիքը ընկալում կարծես նրա աչքերով: Երեխաների նույնականացումը կախված է երեխայի սեռից (տղաները` հայրերի, աղջիկները` մայրերի), թե ում հետ է հուզական կապը ավելի  ամուր, թե ով է երեխայի համար հեղինակություն: Քանի որ անձի աշխարհի մոդելավորումը հիմնականում կատարվում է վաղ մանկության ընթացքում, ապա դա անգիտակցաբար է մարդու մոտ ամրագրվում եւ գիտակցական վերահսկողության դժվար է ենթարկվում:

Եթե անձի համար մոդել է հանդիսացել մի որեւէ այլ ընտանիք, ապա նա միեւնույն ժամանակ ե՛ւ իր ընտանիքի, ե՛ւ իր համար օրինակելի ընտանիքի մոդելների կրողն է: Այն կարող է օգնել անձին կամ խանգարել` ավելի բարդացնելով պատկերացումները:

Երբեմն մոդելը կարող է լինել մտացածին, երեւակայական, ինչը խիստ բարդացնում է անձի ընդգրկումը ընտանեկան փոխհարաբերությունների մեջ եւ առաջացնում մի շարք բարդություններ` կապված հարմարվելու, համատեղելիության եւ անհարկի բախումների հետ, քանի որ այն հիմնված է մտացածին պատկերացումների վրա, որը իրականության հետ համարյա առնչություն չունի:

Այժմ մեր իրականության մեջ կան ընտանեկան մի քանի մոդելներ.

I մոդել- երբ բջջային (2 ծնողներից եւ երեխաներից կազմված ընտանիք) ընտանիքում իրավունքների եւ արտավորությունների հավասար բաշխում կա բոլոր հարցերում` տնային տնտեսության կառավարման, երեխաների դաստիարակման, նյութական ապահովության:

II մոդել- երբ բջջային ընտանիքում խիստ սահմանազատված է կնոջ եւ տղամարդու գործունեությունը եւ տասխանատվությունը. տղամարդը կերակրողն է, կինը` օջախը պահպանողը եւ հարմարավետություն ստեղծողը:

III մոդել- երբ բջջային ընտանիքում կինն է ընտանիքի կառավարմամբ զբաղվում:

Սրանք այն ընտանիքներն են, որտեղ կինն է փող հայթայթողը եւ տնային տնտեսությամբ զբաղվողը, իսկ տղամարդը չի մասնակցում ընտանիքի հոգսը կիսելուն եւ պասիվ դիտորդի ֆունկցիա է կատարում:

IV մոդել- հայկական իրականության մեջ կարելի է բջջային ոչ լրիվ ընտանիքի մոդել առանձնացնել, երբ կինն է (շատ քիչ դեպքերում` տղամարդը) ընտանիքի խնդիրներով զբաղվում, իսկ տղամարդը արտագնա աշխատանքի է:

V մոդել- երբ ընտանիքը ոչ լրիվ է, սովորաբար հիմնական հոգսը ընկած է բաժանված կնոջ եւ երբեմն էլ տղամարդու ուսերին:

VI մոդել- երբ ընտանիքը ոչ լրիվ է, եւ սովորաբար հիմնական հոգսը ընկած է այրի կնոջ եւ երբեմն էլ տղամարդու ուսերին:

VII մոդել- երբ ընտանիքը երկսերունդ (պապիկից, տատիկից, հորից, մորից եւ երեխաներից կազմված ընտանիք) է, եւ ընտանիքի կառավարմամբ զբաղվում է մեծահասակներից մեկը:

VIII մոդել- երբ ընտանիքը բազմասերունդ (երբ բջջային եւ/կամ երկսերունդ ընտանիքի հետ են ապրում այլ ազգականներ) է եւ ընտանիքի կառավարմամբ զբաղվում է, օրինակ, մորաքույրը:

Կարելի է առանձնացնել եւս մեկ տիպ` IX մոդել- երբ երեխան մեծանում է մանկատանը:

Մարդիկ համատեղ կյանքում բախում են ունենում այն ժամանակ, երբ չեն կարողանում հասկանալ դիմացինի վարքի դրդապատճառները, շատ հաճախ դժգոհությունների հետեւում մեկ այլ բան է թաքնված: Սովորաբար մարդը շատ լավ է գիտակցում իր սպասումները, բայց բոլորովին հաշվի չի առնում ուրիշի սպասումները: Եվ եթե ամուսինները զուգընկերոջից սպասում  են իրենց ստեղծած մոդելից բխող վարք, նրա համար անհասկանալի է իրականությունը, եւ անձն իր մեջ կոնֆլիկտ է կրում: Օրինակ, եթե ընտանիքի կինը իր ընտանեկան մոդելում պատկերացնում է, որ ամուսինները պետք է միասին լուծեն ընտանեկան բոլոր տիպի խնդիրները եւ հոգսերը հավասար կիսեն (I մոդել), իսկ տղամարդը իր ընտանիքում եւ իր համար ռեֆերենտ ընտանիքում տեսել է, որ ընտանիքի բոլոր հարցերը լուծում է տան հայրը, իսկ կինը միայն զբաղվում է  կենցաղային խնդիրներով (II մոդել), ապա նման ընտանիքներում կոնֆլիկտներ հաճախակի են լինում:

Կոնֆլիկտները լինում են ոչ միայն անիրական սպասումներից, այլ նաեւ սեփական պատկերացումները որպես լավագույն համարելը, դիմացինի պատկերացումները ոչ ճիշտ համարելը եւ իրականությանը չհարմարվելուց: Որքան բարդ խճճված մոդել է մարդը կրում իր մեջ, այնքան դժվար է լինում համակերպվել նոր իրականությանը: Եվ որքան շատ է կառչած իր մոդելից, այնքան դժվար է լինում համատեղ կյանքը:

Ընտանիքը կարող է լինել միասնական եւ ոչ միասնական, ըստ այդմ` տարբերում ենք «ես գումարած ես» կամ «մենք» տիպի ընտանիքներ:

Երկու տիպերի տարբերությունը ընտանիքի անդամների համատեղ որոշումների կայացման մեջ է: Կարեւոր են ամուսնու եւ կնոջ համաձայնեցված դիրքորոշումները: Հասկանալի է արդեն, որ «ես գումարած ես» ընտանիքում ամեն մեկը ապրում է իր կյանքով, իսկ «մենք» ընտանիքում բոլոր տիպի խնդիրները համատեղ են լուծվում: «Մենք» ընտանիք կարող են ունենալ նրանք, ովքեր ուզում են, ովքեր հավատում են, որ դա հնարավոր է, ովքեր ջանք են գործադրում, եւ որ ամենակարեւորն է` իրենց վրա պատրաստ են պատասխանատվություն վերցնել ընտանիքի մնացած անդամների համար:

Ընտանիքը իր զարգացման ընթացքում անցնում է մի շարք ճգնաժամային ժամանակահատվածներ, եւ միայն «մենք» ընտանիքը կարող է համատեղ ուժերով հաղթահարել դրանք: Սակայն լինում են դեպքեր, երբ միասնական ջանքերը արդյունք չեն տալիս, մարդկանց համատեղ կյանքը թվում է անհնարին, եւ որոշում է կայացվում բաժանման:  Սակայն մինչեւ այդ վերջնական քայլը կատարելը` հարկավոր է դիմել մասնագետին` ընտանեկան հարցերով զբաղվող հոգեբանին, որովհետեւ մոդելները անգիտակցաբար են ազդում մարդու վրա, եւ դրանց խճճված հանգույցները միայնակ քանդելիս մարդիկ կրկին դիմում են նախկին մոդելների օգնությանը:

Պրակտիկան ցույց է տալիս, որ ընտանիքները դժվարությունների հանդիպելիս փորձում են ինքնուրույն լուծել  խնդիրները, սակայն երբեմն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Երկարատեւ կոնֆլիկտները թուլացնում են զգացմունքները, եւ բացի այդ` դրանց լուռ վկաներ են դառնում երեխաները, որոնք ընտանեկան մոդելի կրող են:

Յուրաքանչյուր ծնող պետք է մտածի, թե ինչ ընտանեկան մոդելի օրինակ է տալիս իր երեխային: Որքան արագ առողջ հարաբերություններ կառուցի, այնքան արդյունավետ կլինի երեխայի կողմից առողջ ընտանեկան մոդելի կառուցումը` չէ՞ որ այդ մոդելները վաղ տարիքում են ձեւավորվում:

Հայկական իրականության մեջ ամոթալի է համարվում մասնագետին դիմելը: Սակայն խնդիրներին գիտական մոտեցում տալը ոչ միայն օգնում է պահպանել ընտանիքը, վերականգնել խարխլված զգացմունքները, այլեւ կարճ ժամանակում արդյունավետ լուծումներ գտնել:

Հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում