livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

«Զարուհի» ամսագրի այս համարում շարունակելով ընտանեկան մոդելների մասին թեման` կներկայացնենք, թե ինչպես են դրանք դրսեւորվում կյանքում, ինչումն է հոգեբանի միջամտության կարեւորությունը:

 

Հետազոտությունները պարզել են, որ ամուսնալուծությունների 40%-ը կատարվում է ամուսնության 1-3 տարիներին: Դա պատահական չէ, քանի որ ամուսնության առաջին տարիները  ընտանիքի կազմավորման կամ վերակազմավորման  (եթե նորապսակները ապրում են ամուսնու կամ կնոջ ընտանիքում) շրջանն է:  Այն ընտանիքի հետագա զարգացման հիմքն է:

Միավորվելով մեկ տանիքի տակ` ընտանիքի տարբեր մոդելներ ունեցող մարդիկ ձեւավորում են համատեղ կյանք.

• ստեղծում են միասնական  նորմեր ու սովորություններ,

• բաշխում կամ վերաբաշխում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի ֆունկցիաները (ապրուստ ստեղծող, կենցաղ վարող, ընտանեկան միջոցառումներ կազմակերպող, ազգականների հետ կապ պահպանող եւ այլն),

• յուրաքանչյուրը ինչ-որ դեր է կատարում (ծնող, երեխա, ամուսին, կին, քույր, սկեսրայր, հարս, տատիկ),

• իրենց վրա ինչ-որ պարտականություններ են վերցնում կամ հանձնում հինը ընտանիքի նոր անդամին,

• որպես կանոն, վերանայում են հին փոխհարաբերությունները  եւ ստեղծում նորը:

Ընտանիքի կազմավորման փուլում յուրաքանչյուր անդամ նոր անդամից որոշակի սպասելիք է ունենում եւ իր ձեւով է պատկերացնում համատեղ կյանքը:

Երբ ամուսինները առանձին են ապրում, նրանք ավելի հեշտ են կարգավորում իրենց փոխհարաբերությունները, քանի որ երկու տարբեր մոդելներ ունեցող մարդիկ փորձում են ստեղծել մեկ ընդհանուր ապրելաձեւ, որտեղ պետք է իրականանան նրանց երկուսի սպասելիքներն ու նպատակները:

Այլ է պատկերը, երբ ամուսինները ապրում են ամուսնու կամ կնոջ ընտանիքում: Նրանք պետք է նաեւ ծնողների սպասելիքները իրականացնեն: Եվ, որպես կանոն, ընտանիքի նոր անդամից ավելի մեծ են սպասելիքները, ինչպես նաեւ ենթադրվում է, որ նա պետք է հարմարվի իրենց սովորություններին ու նորմերին: Հիմնականում նման ծանր վիճակում է հայտնվում կինը, քանի որ մեր իրականության մեջ ընդունված է, որ նորապսակները ապրեն տղայի ծնողների հետ, գոնե ընտանիքի կազմավորման առաջին տարիներին: Տարածված է մի կարծիք, որ երիտասարդ ընտանիքը չի կարող ինքնուրույն կազմավորվել, եւ մեծահասակ փորձառու ծնողները «օգնում» են նրանց այդ հարցում: Ու շատ անգամ այդ «օգնությունն» էլ հենց  կոնֆլիկտներ է ծնում:

Ինչեւիցե, յուրաքանչյուր հասարակություն ընտանիքի մասին սեփական մոդելն ունի:  Մեր իրականությանն էլ այս մոդելն է տիպիկ: Մեզ մոտ կնոջ առջեւ շատ բան է դրված, նա կենցաղ վարողն է, երեխաներին դաստիարակողը, ընտանեկան օջախ պահողն է ու ընտանեկան փոխհարաբերություններ կարգավորողը ու երբեմն էլ եկամուտ ապահովողն ու երեխաների ապագայի մասին մտածողը: Բացի այդ, մեր հասարակությունը հավասար պայմաններում եւ միեւնույն իրավիճակում կնոջը ավելի հեշտ է մեղադրում եւ դժվար ներում` տղամարդու համեմատ: Մեծ մասամբ ընտանիքում պրոբլեմների առկայությունը դիտվում է որպես կնոջ կողմից թերացում:

Այդ պատճառով զարմանալի չէ, որ հոգեբանի օգնությանը հիմնականում դիմում են կանայք եւ ավելի հաճախ` ամուսնության առաջին երեք տարիներին: Հիմնականում գանգատվում են ամուսնու վարքի փոփոխությունից ու սկեսրոջ հետ վատ փոխհարաբերություններից:

Հոգեբանի աշխատանքն էլ այս պարագայում այն է, որպեսզի օգնի այցելուին` հասկանալու ստեղծված իրավիճակի պատճառը եւ գտնելու լուծումներ: Հոգեբանը ոչ թե պատրաստի խորհուրդներ է տալիս (ինչպես ընդունված է մտածել մեր հասարակությունում), այլ օգնում է այցելուին` գիտակցելու իր եւ ուրիշների սպասելիքների հակասությունները եւ կարողանալու մշակել վարքի տարբերակներ փոխհարաբերությունները ավելի հարմոնիկ դարձնելու համար:

Այժմ ներկայացնենք իրական կյանքից մի օրինակ, որը կօգնի հասկանալ  պրոբլեմի առաջացման պատճառը եւ մոդելի ներգործության հոգեբանական վերլուծությունը:

Հոգեբանական խորհրդատվության էր եկել  27 տարեկան մի աղջիկ հուսահատ վիճակում, եւ պատմում էր, թե մի բաժակ սուրճը ինչպես է դարձել մի մեծ պատմություն:

Կարինեն (գաղտնիությունը պահպանելու համար այցելուին այսպես կանվանենք) ամուսնացել էր սիրելով: Երեք տարի մտերիմ է եղել ամուսնու հետ: Նրանց ջերմ հարաբերությունները շարունակվել են ամուսնությունից հետո դեռ 5 ամիս: Չնայած որ երկուսն էլ ունեցել են աշխատանք, սակայն բավական գումար չեն վաստակել բնակարան վարձակալելու եւ առանձին ապրելու համար, այդ պատճառով պսակադրության օրից ապրել են ամուսնու ծնողների հետ:

Սկեսուրը, Կարինեի ներկայացնելով, բավականին ավտորիտար կին էր եւ սիրում էր, որ տան բոլոր հարցերը իր գլխավորությամբ լուծվեին: Սկեսրայրը քիչ էր մասնակցում ընտանեկան խնդիրներին: Իսկ ամուսինը հանգիստ ու հավասարակշռված մարդ էր, որը սիրով եւ ուշադրությամբ էր վերաբերվում իրեն:

Նրա պատմելով` սկզբնական շրջանում ամեն ինչ շատ լավ էր: Ընտանիքի անդամները իրար հետ շատ քիչ էին շփվում` բոլորը, բացի սկեսուրից, աշխատում էին: Ծանրաբեռնված աշխատանքի պատճառով Կարինեն քիչ էր տանը լինում, իսկ տանը եղած ժամանակ  ցանկանում էր ամուսնու հետ առանձին անցկացնել: Տան կենցաղով զբաղվում էր սկեսուրը, իսկ Կարինեն միայն կիրակի օրերն էր կարողանում մի որեւէ «օգտակար բան» անել տան համար:

Հինգ ամիս էր, ինչ ամուսնացել էին, ու մի կիրակի առավոտ նա խնդրում է ամուսնուն սուրճ պատրաստել եւ անկողնում մատուցել: Ամուսինը սիրով համաձայնվում է: Քանի որ ոչ աշխատանքային օր էր ու հազիվ առիթ էր միմյանց հետ շփվելու, նորությունները կիսելու, նրանք երկուսով երկար զրուցում են իրենց սենյակում, մինչեւ սկեսուրը կանչում է տղային ու խանութ ուղարկում: Երբ Կարինեն դուրս է գալիս սենյակից, բարեւում է սկեսուրին, նա ի պատասխան հարցնում է, թե տան գործերը ով է անելու, եւ ավելացնում, որ սազական չէ ջահել հարսին անկողնում սուրճ խմել ու տան հոգսը թողնել տարեց 60 տարեկան կնոջ ուսերին: Կարինեն, որը բազմիցս փորձել էր տանը ինչ-որ գործ ձեռնարկել, սակայն ամեն անգամ սկեսուրը հետ էր պահել գործերից` ասելով` դեռ կհասցնես անել, զարմանում է: Ամուսնու վերադառնալուն պես`  պատմում է եղելությունը եւ սկեսուրի վերաբերմունքը որպես խանդ է մեկնաբանում: Ի զարմանս Կարինեի` ամուսինը ապտակում է իրեն մորը վարկաբեկելու համար: Վիրավորված ամուսնու վերաբերմունքից` Կարինեն որոշում է հենց նույն պահին հավաքել իրերը ու հեռանալ, ամուսինը չի թողնում, եւ ծավալվում է վեճ: Սակայն սկեսուրը լսելով նրանց աղմուկը` առանց թակելու մտնում է երիտասարդների սենյակ ու, տղայից իմանալով իրականությունը, սկսում է իր դաստիարակչական խրատը: Կարինեն փորձում է իրեն արդարացնել, սակայն էլ ավելի է զարմանում, երբ ամուսինը մոր ներկայությամբ երկրորդ անգամ է ապտակում իրեն եւ հայտարարում, որ չի հանդուրժի իր մոր նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Նրանց վեճը հանդարտեցնում է սկեսրայրը եւ համոզում Կարինեին չհեռանալ:

Այդ վեճից 3 շաբաթ է անցնում, ու ամուսինների հարաբերությունը դեռ չի վերականգնվում, ավելին, Կարինեն իրեն ստրուկի նման էր զգում` արհամարհված ամուսնուց ու սկեսուրից: Միակ մարդը, որ խոսում էր իր հետ, սկեսրայրն էր: Նա անելանելի վիճակում է իրեն զգում, նրա համար անհասկանալի է իրեն սիրող ամուսնու նման պահվածքը, չէ՞ որ նրա ասածում ոչ մի դիտավորություն չկար, դա ընդամենը սկեսուրի պահվածքի վերաբերյալ իր գնահատականն էր:

Ընկերուհին իմանալով Կարինեի անելանելի վիճակը, առաջարկում է հոգեբանի դիմել:

Հոգեբանի հետ ստեղծված վիճակի վերլուծության ընթացքում պարզվում է, որ Կարինեն ընտանեկան I մոդելի կրողն է (երբ բջջային ընտանիքում իրավունքների եւ պարտավորությունների հավասար բաշխում կա): Նա, չունենալով ավտորիտար ծնողներ, իր հարաբերությունները նոր ընտանիքի անդամների հետ ստեղծում է հավասարության սկզբունքով:

Սկեսուրը II մոդելի կրողն է (երբ բջջային ընտանիքում տղամարդն է ընտանիքի կառավարմամբ զբաղվում): Նրա մոդելով` տղամարդը պետք է լինի խիստ ու ավտորիտար անձ, ու միշտ պատկերացրել է, որ երբ տունը հարս բերի, նա ազատված կլինի տան կենցաղավարությունից, մինչդեռ տեսնում է, որ հարսը, առավոտյան արթնանալով` տնային գործերին անցնելու փոխարեն, սուրճ է խմում անկողնում, դա էլ քիչ է` տղան է սուրճ պատրաստում եւ հրամցնում:  Բացի այդ, հարսի հետ փոխհարաբերություններում կրկնում է իր սկեսուրի վարքը իր նկատմամբ (Կարինեին երբեմն պատմել է, թե սկեսուրը ինչ «խաղեր է խաղացել» իր գլխին), քանի որ նա ուներ հարսի հետ փոխհարաբերությունների նման մոդել:

Սկեսրայրը, որը VI մոդելի կրողն է (երբ ընտանիքը ոչ լրիվ է, եւ սովորաբար հիմնական հոգսը ընկած է բաժանված կնոջ ուսերին), անտարբեր է իր կնոջ հանդեպ եւ ընտանիքի կառավարումը թողնում է կնոջ ուսերին, ու դրանով էլ ավելի է բորբոքում կնոջ վերաբերմունքը հարսի նկատմամբ: Քանի որ հեշտ չէ մի կնոջ, որը սպասում է տղամարդուց ավտորիտար վերաբերմունք, իր հանդեպ անտարբեր վերաբերմունք է դրսեւորում, եւ նա չստանալով հոգատարություն` չի կարողանում տանել իր տղայի ջերմ վերաբերմունքը հարսի նկատմամբ:

Ամուսինը, որը VII մոդելի կրողն է (երբ երկսերունդ ընտանիքի կառավարմամբ զբաղվում է տան մեծահասակ անդամը), իր վարքով փորձում է ապացուցել մորը, որ ինքն է տան ղեկավարը ու բացի այդ, իրականացնում է իր մոդելից թելադրված վարք. երբ նա փոքր է եղել, նրա վրա տպավորություն է գործել ուժեղ տատիկը, որը մենակ է կառավարել ողջ ընտանիքը, եւ իր հայրը անվերապահորեն ենթարկվել է նրան:

Երբ Կարինեն հասկացավ յուրաքանչյուրի վարքի դրդապատճառները` մոդելների ներգործությունը, նա հանգստացավ եւ հոգեբանի հետ միասին սկսեց կառուցողական քայլեր մտածել: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի մոդելից բխող սպասելիքները իմանալը նրան օգնեց հաշտվել ամուսնու եւ սկեսուրի հետ, հետագայում խուսափել նման կոնֆլիկտներից եւ համերաշխ ապրել` առանց սեփական եսը կորցնելու:

Հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում