livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

Մեզանից շատերը, անշուշտ, լսել եւ ինչու չէ` նաեւ օգտագործել են հետեւյալ արտահայտությունները. «Դու միշտ ծիծաղում ես», «Այդպես վարակիչ միայն քո խենթ աչքերը կարող են ծիծաղել», «Դու այդպես էլ ժպտալ չսովորեցիր»:

 

ԵՎ հենց այդ պահին է, որ մեզ մոտ հարց է առաջանում. իսկ ինչո՞վ է տարբերվում ծիծաղը ժպիտից. դե, իհարկե, ոչնչով, չէ՞ որ ծիծաղը ծնվում է ժպիտից, չես կարող միանգամից ծիծաղել, այդպես չի լինում: Սկզբում ծնվում է ժպիտը եւ հետո միայն` ծիծաղը: Ամենաուժեղ քրքիջն անգամ ամենաթույլ ու ամենամեղմ ժպիտի ծնունդն է, իսկ ժպիտը մաքրում է բոլոր չթափված արցունքները ու ստիպում մեր շուրթերին ձգվել մի ծիծաղելի լայնությամբ: Ժպիտը ծնվում է, երբ մեր աչքերից սկսում են հոսել ուրախության արցունքները: Ծնվում է, որ մաքրի դրանք, որ ստիպի մեր աչքերին ժպտալ մի ուրիշ ժպիտով:

Այժմ փողոցներում ավելի հաճախ, քան երբեւէ, կարելի է տեսնել տխուր ու դժգոհ հայացքներ եւ հազվադեպ հակառակը` ուրախ եւ շողշողուն դեմքեր ու զարմանալի է, որ կան մարդիկ, ովքեր ծիծաղը փոխարինում են «անլրջություն» բառով: Եվ պատահական չէ, որ զրուցակցիս` 20-ամյա ՆՈՆԱՅԻՆ, ինչպես ինքն է ասում` «չար ու անհասկացող մարդիկ» համարում են անլուրջ աղջնակ` միայն այն բանի համար, որ նա ամեն դժվարություն հաղթահարում է ծիծաղով.

«Այո՛, ես շատ կատակասեր եմ եւ շատ եմ ծիծաղում: Ոմանք դա համարում եմ անլրջություն, բայց դա այդպես չէ: Քանի դեռ ապրում եմ, պիտի ծիծաղեմ, որքան էլ դա ոմանց դուր  չգա: Երբեմն ինձ թվում է, որ ոմանք նախանձում են ինձ, որ կարողանում եմ ամեն դժվարություն հաղթահարել ժպիտով: Հաճախ ժպիտը օգնել է ինձ, օգնել է հալեցնել բազում մարդկանց սրտերի սառը բեկորները ու պարգեւել ժպիտ ու ուրախություն...   Ապացուցելու եմ շրջապատիս, որ ծիծաղը կյանք է: Իմ զենքը իմ ծիծաղն է»:

Իսկ ինչպե՞ս եք դուք ծիծաղում... գիտե՞ք արդյոք դրա նշանակությունը: Առաջարկում եմ զինվել ժպիտներով եւ կարդալ ավելի հաճախ ծիծաղելու մի քանի պատճառներ.

1. Երիտասարդացնում եւ թարմացնում է մաշկը:

Ոչ շատ վաղ անցյալում գեղեցկուհիների շրջանակներում պտտվում էր մի անհեթեթ «գեղեցկության բաղադրատոմս»` ուզո՞ւմ ես զգուշանալ կնճիռների վաղ առաջացումից, ապա հազվադեպ ժպտա եւ ծիծաղիր: Բայց արի ու տես` բժիշկներն ապացուցել են, որ ծիծաղը ձգում է մկանները եւ դանդաղեցնում ծերացման գործընթացը: Ծիծաղը մարզում է դեմքի մկանները, դա էլ ապահովում է հավելյալ արյան հոսքը դեմքի մաշկ, սնուցում է եւ գեղեցիկ հրացոլք  հաղորդում դեմքին:

2. Գեղեցկացնում է մարմնի կազմվածքը: Ծիծաղը մարզանք է մկանների եւ մերսում` ներքին օրգանների համար: Ծիծաղը իրականացնում է գրեթե նույն գործառույթները, ինչ որ ֆիզիկական մարզումները, իջեցնում է խոլեստերինի քանակությունը արյան մեջ, բարելավում է արյան շրջանառությունը: Այն ժամանակ, երբ դուք հաճույքով ծիծաղում եք, աշխատանքի է դրվում շուրջ 80 խումբ մկան: Մեկ րոպե ծիծաղը հավասարազոր է 15 րոպե հեծանիվ քշելուն, իսկ 10-15 րոպե ծիծաղելու դեպքում կծախսվի նույնքան կալորիա, որքան պարունակում է շոկոլադի 8 սալիկը:

3. Կարգավորում է մարդկային փոխհարաբերությունները: Հոգեբաններն ասում են, որ ծիծաղը իր տեսակի մեջ խմբային հոգեթերապիա է` համախմբում է մարդկանց, օգնում հեշտությամբ ներգրավվել նոր մարդկանց միջավայր: Անգամ եթե ինքներդ չեք ժպտում, բայց նայում եք ուրիշի ժպիտին, ձեր տրամադրությունն ակամայից բարձրանում է, չէ՞ որ ժպիտն ու ծիծաղը վարակիչ են:

4. Բնութագրում է մարդու բնավորությունը:

Դոստոեւսկին գրում էր, որ մարդու իրական բնույթը բացահայտվում է ծիծաղի միջոցով: Եթե մարդ կարողանում է պահել իր ծիծաղը, ապա դա խոսում է վստահելիության, հավասարակշռվածության, հանգստության մասին: Նա հավատարիմ է ամուսնության մեջ, սակայն շատ հաճախ նրա պեդանտությունը կարող է ձանձրույթ առաջացնել:

Այն մարդը, ով ծիծաղում է բերանը լայն բացելով, սրամիտ է, անկանխատեսելի, առանձնանում է շատ վառ անհատականությամբ, սակայն զուրկ է լսելու ունակությունից: Իսկ նա, ով ծիծաղում է`  կնճռոտելով քիթը, շատ թեթեւամիտ է, նրա մտքերն ու զգացմունքները շատ հաճախ են փոխվում, հուզական է, կամակոր, շատ հեշտ է տրվում րոպեական ցանկություններին: Նրանք, ովքեր ծիծաղելիս փակում են իրենց բերանը, փոքր-ինչ ամաչկոտ են եւ անվստահ: Նա, ով ծիծաղելիս ճկույթով դիպչում է շրթունքին, սիրում է լինել ուշադրության կենտրոնում, նրա մոտ բացակայում է ինքնաքննադատությունը եւ վերահսկողությունը: Նա, ով ձեռքով դիպչում է դեմքին կամ գլխին, շատ երազկոտ է եւ երեւակայող, ժամանակի մեծ մասը ծախսում է ամպերում սավառնելու վրա:

Դե ինչ, ծիծաղեք լիաթոք, բայց մի մոռացեք, որ ծիծաղը կարող է ակամայից բացահայտել ձեր բնավորության այն գիծը, որը դուք չեք ցանկանա բացահայտել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում