livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

vaxՄարատ Զաքարյան, բ.գ.թ. , ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ.

Նեւրոզը կարելի է դասել դարի ամենահաճախ հանդիպող հիվանդությունների շարքին: Վերջին 10-15 տարիների ընթացքում այս պաթոլոգիան կազմում է բոլոր հիվանդությունների 1/3-ը: Սա ահռելի մեծ թիվ է:

Նեւրոզը նյարդահոգեկան հիվանդություն է եւ դասվում է նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների շարքին: Նեւորզը լինում է երեք տեսակի` նեւրասթենիա, հիսթերիա եւ կպչուն մտքերի, կպչուն շարժումների եւ վախի նեւրոզ: Նեւրոզի առաջացման հիմնական պատճառը սթրեսներն են` հոգեկան տրավմայի ազդեցությունը: Մեծ ուժի հոգեկան տրավման կարող է անմիջապես առաջացնել կպչուն երեւույթներ, որոշ կպչուն հիշողություններ կամ պատկերներ, կպչուն մտքեր եւ գործողություններ: Այս հիվանդությանն են վերաբերում նաեւ վախի  զգացումները` ֆոբիաները, օրինակ` կանցերոֆոբիա` չարորակ ուռուցքներով հիվանդանալու վախ, կոիտոֆոբիա` վախ սեռական ակտից, սիֆիլոֆոբիա, սպիդոֆոբիա, կլաուստրոֆոբիա` վախ փակ տարածություններից, ինչպես նաեւ վախ բաց տարածացություններից,  տանատոֆոբիա` վախ մահվանից, վախ բարձրությունից, վախ շնչահեղձությունից, սրտի կանգից եւ այլն: Շատ հաճախ կպչուն մտքերի նեւորզի առաջացման պատճառ կարող են լինել կոնֆլիկտային վիճակները, հատկապես` ամուսինների, ընտանեկան: Ապացուցված է, որ նեւրոզները ավելի խորը եւ ծանր են լինում ոչ թե հենց առաջին ուժեղ ազդակից, այլ եռակի, կրկնակի ազդեցություններից, անգամ տարիներ անց, օրինակ` 88-ի երկրաշարժից հետո դա ապացուցվեց: Սկզբնական շրջանում հոգեթերապեւտներին դիմում էին ոչ այնքան հաճախ, իսկ ամիսներ, անգամ մեկ-երկու տարի անց նրանք ավելի հաճախ սկսեցին դիմել հոգեւթերապեւտների օգնությանը: Կպչուն մտքերի նեւրորզը ավելի հաճախ հանդիպում է անհավասարակշիռ անձանց մոտ: Տարբեր տրավմանները, թունավորումները, ալկոհոլը եւ այն ամենը, ինչը թուլացնում է նյարդային համակարգը եւ բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկական աշխարհի վրա, կարող են դառնալ կպչուն մտքերի նեւրոզի պատճառ:

Մեր շրջապատում հաճախ են հանդիպում բացարձակ առողջ մարդիկ, որոնց մոտ նկատվում են կպչուն մտքեր (վախ մթությունից), կպչուն շարժումներ (ժամանակ առ ժամանակ թարթում են մեկ կամ երկու աչքերը), կպչուն բառեր (հաճախակի խոսակցության մեջ կրկնում են «ուրեմն», «այսպես», «այսինքն», «մեծ հաշվով»): Այդ անձնավորությունները գրեթե բժշկի չեն դիմում: Պատահում է նաեւ ֆիզիոլոգիական կպչուն մտքեր, որոնք ոչ մի հիվանդության նախանշան չեն հանդիսանում (բոլորիս մոտ էլ լինում են դեպքեր, երբ առավոտյան լսում ենք ինչ-որ երաժշտություն, եւ այդ մեղեդին, կարծես ամբողջ օրը մեզ ուղեկցում, իսկ հետո առանց որեւէ պատճառի անհետանում է):

maratԿպչուն մտքերի, կպչուն շարժումների անհեթեթությունը մարդիկ շատ լավ հասկանում են, ուզում են պայքարել դրանց դեմ, բայց շատ հաճախ չեն կարողանում դրանցից ազատվել ու տանջվում են: Այդ մտքերը կարող են արտահայտվել կպչուն կասկածների, հիշողությունների ձեւով, նրանք անվստահ են իրենց գործողությունների ճիշտ լինելու մեջ, օրինակ` բնակարանից դուրս գալուց հետ մի քանի անգամ նորից վերադառնում են`ստուգելու համար, դուռը փակե՞լ են, թե` ոչ, էլեկտրական արդուկը անջատել են, թե` ոչ: Նույն մտքերը կամ գործողությունները հաճախ հանդիպում են դերասանների, երաժիշտների, սպորտսմենների, դասախոսների, երգիչ-երգչուհիների մոտ:

Մեզ դիմել էր մի հիվանդ, որը լվացվում էր օրական երկու հարյուր անգամից ավել, նա վախենում էր վարակվել ինչ-որ հիվանդությամբ, նրա կարծիքով իրեն շրջապատող բոլոր իրերի, այդ թվում տան կահ-կարասին, ամանեղենը` բոլորը վարակված են:

Կարելի է առանձնացել վախի, նեւրոզի երեք փուլ: Առաջինը` հոգեկան տրավմայի անմիջական ազդեցություն, երկրորդ` սպասողական վիճակ, երրորդ` միայն մտովի պատկերացումը կարող է ուժեղ վախի զգացողություններ առաջացնել:

Կպչուն գործողությունների մեջ են մտնում նաեւ անընդհատ կզակը քորելը, աչքերի կկոցումը, շրթունքների լիզելը, եղունգները կրծելը, հոնքերի եւ թարթիչների մազերի պոկելը, դեմքի ծամածռությունները, մազերը ուղղելու ժեստը: Եվ կարեծես դա ֆիքսվում եւ դառնում է մարդու մոտ սովորություն: Հիվանդները հաճախ են նշում իրենց հիվանդության պատճառը, օրինակ` գնացքի վթար տեսած մարդը, երբեք գնացքով չի ուղեւորվի, կամ երկրաշարժ տեսած մարդը հրաժարվում է բարձրահարկում ապրելուց: Կպչուն մտքերի նեւորզի ծանրությունը կախված է հոգեկան տրավմայի ազդեցության ուժից, նրա տեւողությունից, անհատի նյարդային համակարգի տիպից, օրգանիզմի ընդհանուր վիճակից: Այս նեւորզը կարող է լինել անընդհատ, անընդմեջ շարունակվող եւ ձգձվող` հաճախակի սրացումներով: Սրացումներ կարող են լինել կլիմայական փոփոխությունների, եղանակի հետ կապված (գարնանային եւ աշնանային սրացումներ), հոգնածությունը, անքնությունը, երեկոյան եւ գիշերային ժամերին վախի զգացումը կարող է հասնել իր գագաթնակետին, օրգանիզմի իմունիտետի անկումը, նաեւ ամսականների ժամանակ. իսկ առավոտյան այդ մարդկանց տոնուսը բարձրանում է, եթե իհարկե, նորմալ քնած եւ հանգստացած են: Ու այդ վախի երեւույթները կամ իսպառ վերանում են, կամ շատ չնչին են: Մի շատ հետաքրքիր երեւույթ. մահվան վախը վերանում է կյանքին սպառնացող անմիջական վտանգի ժամանակ, բայց հետո նորից ի հայտ է գալիս, օրինակ, մեզ դիմել են մեր ազատամարտիկներից, ովքեր պատերազմի ժամանակ ոչ մի վախի զգացում չեն ունեցել, բայց խաղաղ պայմաններում նրանց մոտ եղել են սրացումներ:

Վախի նեւրոզի ժամանակ շատ հաճախ են առաջանում այս կամ այն սեռական խանգարումները ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մոտ` կոիտոֆոբիայի ձեւով: Այս ամենը  կարող են բերել ամուսնական անախորժություններ:  

Վախի նեւորոզը ախտորոշելու համար անհրաժեշտ է կատարել բազմաթիվ հետազոտություններ, որպեսզի բաց չթողնվի որեւէ օրգանական հիվանդություն (ինֆարկտ, ինսուլտ, ուռուցք, հոգեկան հիվանդություն):

Բուժումը պետք է անցկացվի համակցված ձեւով: Բուժման հիմնական եւ արմատական մեթոդը հոգեթերապիան է` իր բազմաթիվ ձեւերով, հիպնոս, ներշնչում, ինքնաներշնչում, ինքնամարզում (AT), ամուսինների հոգեթերապիա եւ այլն, նաեւ կլիմայափոխությունը, սննդի կարգավորումը, ֆիզիոթերապեւտիկ, առողջարանային բուժումները: Եթե ճիշտ է կազմակերպված այս մարդկանց ախտորոշումը եւ բուժումը, շատ հեշտությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքների:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում