livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

conflict«Ինչպես ամունության մեջ, այնպես էլ՝ կյանքում, երջանկությունը երբեք ինքն իրեն չի գալիս: Ամեն բան ձեռք է բերվում դժվարությամբ: Մենք ունենում ենք այնքան երջանկություն, որքան տալիս ենք ուրիշներին: Իսկ երջանկության համար պետք է պայքարել...»,- համոզված է բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ: «Զարուհու» հետ զրույցում մասնագետը խոսեց ընտանեկան կոնֆլիկտների մասին:

-Հնարավոր է, արդյո՞ք, ընտանեկան, ամուսնական կյանքը պատկերացնել առանց կոնֆլիկտների, առանց վեճերի:

- Հավանաբար, այդպիսի ընտանիքներ պատահում են, բայց շատ հազվադեպ: Եվ, ի դեպ, այսպես կոչված, միապաղաղ ընտանիքներում ինչ-որ չափով ամուսինները մեկը մյուսի նկատմամբ դառնում են անհետաքրքիր: Կա այսպիսի մի համաչափություն. որքան  ամուսիններն իրար հետ երկար են ապրում, որքան ընտանիքում շատ են երեխաները, այնքան քիչ են կոնֆլիկտները: Երկու օտար մարդիկ, որոշելով միացնել իրենց ճակատագրերը, ընտանիք են մտնում՝ յուրաքանչյուրն իր հնարավորություններով: Եվ դրա համար ժամանակ է պետք, որ նրանք կարողանան միավորվել, իրար հարմարվել, դառնալ մի սիրտ ու հոգի: Այսպիսի ամուսնությունից հետո շատ ընտանիքներում կտրուկ իջնում է կոնֆլիկտային իրավիճակը, իսկ որոշ ընտանիքներում, ինչ-որ իրադարձությունների հետ կապված, սերը կանցնի, փոխադարձ հարգանքը կվերանա: Այստեղ արդեն պատրաստ է կոնֆլիկտը:

- Իսկ ի՞նչ հիմնական պատճառներից կարող են առաջանալ ամուսնական կոնֆլիկտները:

- Թվարկենք այդ պատճառներից մի քանիսը.

1. Ամուսնական հարաբերությունների էթիկայի խանգարում (դավաճանություն, խանդ):

2. Բիոլոգիական անհամապատասխանություն:

3. Ամուսինների ոչ ճիշտ փոխհարաբերությունները (կամ նրանցից մեկի) նրանց շրջապատող մարդկանց հետ`բարեկամների, ծանոթների, աշխատակիցների եւ այլն:

4. Հետաքրքրությունների եւ պահանջների անհամապատասխանություն:

5. Երեխայի նկատմամբ դաստիարակման տարբեր ձեւեր:

6. Անձնական արատների առկայությունն ամուսիներից մեկի կամ երկուսի մոտ:

7. Ծնողների եւ երեխաների փոխըմբռնման բացակայությունը:

- Նորից է հարց առաջանում. կա արդյո՞ք անհրաժեշտություն՝ իմանալ կոնֆլիկտի պատճառները:

- Երեւի, այո՛: Բայց ավելի կարեւոր է ցանկացած կոնֆլիկտի ժամանակ ճիշտ վարքի դրսեւորումը, ինչ պատճառով էլ, որ այն բռնկված լինի: Հետաքրքիր է՝ խոսել ընտանեկան վեճի, այսպես կոչված, «ստրատեգիայի», այսինքն`վիճող կողմերի դիրքորշման մասին: Ամուսինների առաջին պայմանը վիճաբանության ժամանակ չպետք է լինի՝ ձգտել հասնելու հաղթանակի: Կարծես թե, դա անսպասելի է հնչում. այդ դեպքում ինչի՞ համար վիճել, եթե չպետք է  ապացուցել քո ճշմարտացիությունը: Եվ այստեղ է ամենակոպիտ, ամենալուրջ սխալը: Միշտ անհրաժեշտ է հիշել`քո հաղթանակը  կնոջդ պարտությունն է, կամ ընդհակառակը, այսինքն`սիրած, հարգված մարդու պարտությունը: Իսկ ճի՞շտ է կամ հաճելի՞ է հասնել հաղթանակի սիրած մարդու նկատմամբ: Եվ հետո, չէ՞ որ պարտվողը քո ընտանիքի անդամն է: Հետեւաբար, մեկի ցանկացած հաղթանակն՝ ամբողջությամբ վերցված, ընտանիքի պարտությունն է լինում: Այդ պատճառով էլ, հաճախ չպետք է ապացուցել քո ճշմարտացիությունը, այլ՝ օբյեկտիվ վերլուծել, թե ինչից է առաջացել անհամաձայնությունը: Մեծ նշանակություն ունի նաեւ այն պայմանը, որ, ինչպիսին էլ լինի կոնֆլիկտի պատճառը, հարգանքով վերաբերվել դիմացինին: Անգամ այն պահերին, երբ դուք վիրավորված եք, ձեզ «խեղդում» է խանդը, կատաղությունը, պետք է հիշել`չէ՞ որ նա էր ամենասիրելի մարդը քեզ համար: Եվ վերջապես, ընտանեկան վեճերի խաղաղ ավարտի պայման է`չհիշել դրա մասին: Ապացուցված է, որ ինչքան արագ է մոռացվում վատը, այնքան բարեկեցիկ, երջանիկ է լինում ընտանիքը: Ընտանիքի համար ավելի վտանգավոր բան չկա, քան՝ վիրավորանքի, «մեղքերի» կուտակումը: Չի կարելի վիրավորանքը պահել  քո մեջ: Որքան շուտ լուծվեն այդ հարցերը, պարզվեն պատճառները, այնքան ավելի անցավ կլինեն նրանց վերացումը:

Անպայման պետք է հիշել հետեւյալը. օրինակ, ձեզ հասցվել է վիրավորանք, դուք պատրաստ եք ամեն ինչ ասել, ինչ մտածում եք, բայց մյուսի ծննդյան տարեդարձն է հենց այդ օրը, կամ տանը ինչ-որ մի ուրախ իրադարձություն է. նկատի ունեցե՛ք, այս դեպքում կոնֆլիկտը կընկալվի երկու-երեք անգամ ավելի սուր: Իսկ հնարավոր չէ՞, բացառության կարգով, այդ վիրավորանքը ներել, գոնե այդ օրը: Կոնֆլիկտների բարերար լուծման պայմաններից մեկն էլ այն է, որ մարդը կարողանա ինքն իրեն ե՛ւ հարցնել, ե՛ւ պատասխանել, թե իրեն ինչն է անհանգստացնում: Եվ այդ դեպքում, պարզվում է, որ մի քիչ աղի ճաշը, վատ արդուկված վերնաշապիկը կամ աշխատանքից ուշ վերադառնալը միայն անհանգստության համար չնչին պատճառներ են: Ճիշտ հասկանանք. կան բաներ, որ չի կարելի ներել, կան համոզմունքներ, որոնցում զիջել`նշանակում է հրաժարվել սեփական «Ես»-ից: Բայց հաճախակի՞ ենք մենք հանդիպում այդպիսի իրադրությունների: Որպես կանոն, վիճաբանում ենք չնչին պատճառներից: Բայց կռվում ենք, կարծես, մարտադաշտում, խփում ենք անխնա, ծանր հրետանուց, աշխատում ենք հարվածել ամենցավոտ տեղին: Իսկ հետեւանքը լինում է այն, որ մի փոքր խոսակցությունը կարող է վերածվել ավելի ծանր հետեւանքների: Եվ, ի վերջո, դատ, դատաստան եւ ամուսնալուծություն: Իսկ վերջում, ձեւակերպվում է այսպես. «պարզապես, բնավորություններով չհամընկանք»:

Այսպիսի մի հարց. «ո՞վ է կուլտուրական մարդը. նա, ով չի՞ խմում, չի՞ ծխում, հաճախակի է այցելում, այսպես կոչված, կուլտուրական վայրեր՝ թատրոն, օպերա, բալետ, լավ է վերաբերվում կենդանիներին կամ օրեկան երկու անգամ մաքրում է ատամները»: Այս ամենը, իհարկե, հրաշալի է. մարդը պետք է մտածի իր առողջության մասին, ավելացնենք նաեւ, որ ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ պետք է պահպանել տակտի զգացողությունը: Իսկ հնարավո՞ր է դա: Լիովի՛ն: Զայրույթի բռնկումներն ավելի արտահայտված են կանանց մոտ, բայց զերծ չեն նաեւ տղամարդիկ: Երբեմն մարդն այնքան է զայրացած, այնքան է ափերից դուրս եկած, որ արդեն չի հասկանում, թե ինչ է ասում ու անում: Եվ հանկարծ` հեռախոսի զանգ, դռան թակոց. մեկ-երկու վայրկյանի ընթացքում նա հանգստանում է: Ե՛վ ձայնը չի դողում, ե՛ւ շնչառությունն է համաչափ: Ի՞նչ է դա. ձեւականությո՞ւն: Դա, երեւի, հիսթերիկ նոպա է, որը մարդ ոչ միշտ է կարողանում կարգավորել: Այդ աֆեկտի վտանգը կայանում է նրանում, որ որոշ դեպքերում այն կարող է վերածվել ծանր հանցագործության: Այսպիսի վիճակներում մոռացվում են կուլտուրայի բոլոր տարրերը: Բայց, ամեն դեպքում, ուղեղում մնում են չգրգռված կենտրոններ, որոնք կարող են ազդել այդ նոպայի վրա, մարդուն հավասարակշռել՝ անգամ վայրկյանների ընթացքում: Եթե այդպիսի գերգրգռված վիճակներ առաջանում են հաճախակի, այդ մարդկանց արդեն անհրաժեշտ են բուժական միջոցառումներ: Շատերը կարծում են, որ ամուսնական կոնֆլիկտային իրավիճակները կարելի է լուծել անկողնում, ինտիմ հարաբերությունների ժամանակ: Սա շատ սխալ տեսակետ է, որովհետեւ վիճաբանություններից հետո իջնում է ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց սեռական ցանկությունը, որը կարող է բերել կոնֆլիկտների ավելի սրացման:

Ամուսինների կոպիտ սխալներից մեկն էլ նաեւ՝ միմյանց նկատողություններ անել չիմանալն է: Սա ավելի բնորշ է կանանց (թող ներեն մեր սիրելի կանայք, բայց դա այդպես է):  Օրինակ, այսպիսի մի արտահայտություն (կնոջ կամ տղամարդու) կողմից. «Լռի՛ր, դա քո խելքի բանը չի...»: Պատկերացրեք տղամարդու վիճակը, երբ այսպիսի արտահայտություններ արվում են երեխաների կամ հյուրերի ներկայությամբ:

Ամուսնական կոնֆլիկտների մեջ մեծ տեղ ունի խանդի զգացողությունը: Սա առանձին թեմա է. միայն պետք է իմանալ, որ խանդոտ ամուսինների մեջ երբեք չի լինում հարգանքի, տակտի, մեկը մյուսի նկատմամբ զիջողականության վերաբերմունք:

Շատ ավելի բարդ է կոնֆիլկտային իրավիճակները այն ընտանիքներում, որտեղ խոսքը վերաբերվում է գինեմոլներին, թմրամոլներին: Այս դեպքում, առաջին հերթին, պետք է բուժել գինեմոլությունը, թմրամոլությունը:

Հաճախ տղամարդկանց եւ կանանց սեռական խանգարումները կարող են ամուսնական կոնֆլիկտների պատճառ դառնալ: Այս դեպքում, կարծես առաջանում է արատավոր օղակ: Սեռական խանգարումը առաջացնում է ամուսնական կոնֆլիկտ, իսկ վերջինս էլ  խորացնում է սեռական խանգարումը:

Ամուսնական կոնֆլիկտների մեջ մեծ դեր է խաղում նաեւ հաշվարկով ամուսնությունները: Երբ այդ հաշվարկը չի բավարարում ամուսիններից որեւէ մեկին, կոնֆլիկտները կարող են հասնել իրենց գագաթնակետին:

Ամուսինների զգացմունքները կարող են թուլանալ, մարել ամուսնական համատեղ կյանքի ընթացքում, եթե այդ զգացմունքները չթարմացվեն, չմշակվեն, ապա դրանք աստիճանաբար կվերաճեն անտարբերության, հետագայում նաեւ, կոնֆլիկտային իրավիճակների: Եվ վերջապես, ամուսնական կոնֆլիկտները կարող են կապված լինել բնակարանային ոչ նորմալ պայմանների հետ, որտեղ որ ընտանիքի անդամներից բացի, համատեղ ապրում են ամուսնու կամ  կնոջ բարեկամները:

Ընդհանրացնելով ամուսնական կոնֆլիկտների պատճառները, կարելի է ենթադրել, որ ամեն ինչ կախված է ամուսիններից. առաջին հերթին, իրենք պետք է մտածեն իրենց եւ իրենց երեխաների առողջության մասին:

Մարդկային հարաբերությունները շատ բարդ կառուցվածք ունեն: Լցվենք իրար նկատմամբ համբերությամբ: Եվ հիշենք, որ հումորի զգացումով ամուսինները գրեթե չեն վիճում:  

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում