livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

sut1Այս հոդվածում կքննարկենք մի քանի հարցեր, ստի, ստին հավատալու եւ ինքն իրեն խաբելու մասին:

Սուտը գործողություն է, որով մի մարդը թյուրիմացության մեջ է գցում այլ մարդուն կամ մարդկանց: Դա անում է դիտավորյալ, առանց իր նպատակների մասին դիմացինին զգուշացնելու: Գոյություն ունի ստի երկու հիմնական ձեւ` լռություն եւ աղավաղում: Սուտ խոսելիս բոլոր մարդիկ որեւէ կերպ իրենց մատնում են:

Սուտը կարելի է բացահայտել .

Խոսելիս- մարդը անկախ իր կամքից օգտագործում է բառեր, որոնք տեղին չեն կամ յուրաքանչյուր անգամ սուտ ասելուց առաջ կամ հետո մի որեւէ արտահայտություն կամ բառ է ասում, որով մատնում է իրեն:

Ձայնից- ստախոսը խոսելիս բարձրացնում կամ ցածրացնում է ձայնը, դադարներ է անում խոսքի ժամանակ կամ ստից առաջ ու հետո թլվատում կամ կակազում է:

Ժեստերից- անկախ իր կամքից, մարդը ստելիս շարժում է ձեռքերը, ոտքերը, իրանը:

Միմիկայից- բացի դեմքի նկատելի փոփոխությունից (լայն բացված աչքեր, սրված դունչ եւ այլն), երբեմն կարելի է նկատել դեմքի մկանների թեթեւ դողոց կամ աչքերի բիբերի նեղացում կամ լայնացում:

Վեգետատիվ համակարգի փոփոխություններից- ստելիս մարդու մոտ կարող են նկատվել սրտի զարկերի արագացում, քրտնարտադրություն, մաշկի գույնի փոփոխություն:


Մարդը արտահայտման երկու եղանակ ունի՝ վերբալ եւ ոչ վերբալ:

• Վերբալ հաղորդակցումը խոսքն է: Էվոլուցիայի առումով ավելի երիտասարդ է:  Խոսքը ուղեղի ձախ կիսագնդի ֆունկցիայի արդյունք է:

• Ոչ վերբալ հաղորդակցումը ժեստն է, ձայնը, միմիկան եւ այլն: Այն ուղեղի աջ կիսագնդի ֆունկցիայի արդյունք է:

Մարդը անգիտակցական արտահայտչաձեւերը ժառանգել է իր նախնիներից ու դա գիտակցական վերահսկման չի ենթարկվում:

Մարդը կարող է խոսքը կառավարել, սակայն ստելիս մարմնի լեզուն մատնում է մարդուն: Կան մարդիկ, ովքեր ենթագիտակցաբար ընկալում են մարմնի եւ ձայնի այդ աննշան փոփոխությունները:

Քաղաքական իմիջի մեջ իմանալով ժեստերի եւ խոսքի ազդեցության մասին՝ մասնագետները երկար ժամանակ մարզում են գործիչներին, որ կարողանան խոսքի համաձայն ժեստեր օգտագործել: Մի փորձարկման ժամանակ մասնագետները քաղաքական երկու գործիչների ելույթների ցուցադրումից հետո հարցում են արել հեռուստադիտողների հետ եւ պարզվել է, որ նայելով ելույթները (չնայած գործիչի լավ խոսքին) անվստահորեն են վերաբերվել նրան: Իսկ մեկ ուրիշի դեպքում՝ չնայած ելույթի շատ վատ լինելուն, նրա հանդեպ վստահությունը շատացել է: Ֆենոմենը նրանց կողմից օգտագործված ժեստերն են:

Կան մարդիկ, որ ստին ավելի հեշտ են հավատում, քան ճշտին: Ինչո՞ւ է այդպես: Չնայած այն տեսակետին, որ մենք ժեստերի եւ միմիկայի լեզուն գենետիկորեն ենք ստանում, բայց եւ այնպես զարգացման ընթացքում այդ ինֆորմացիան ճշտման է ենթարկվում: Երեխաներին երբ ինչ որ բան ենք ասում, մենք օգտագործում ենք ե՛ւ խոսքը, ե՛ւ ոչ խոսքային արտահայտչամիջոցները: Երեխաները անգիտակցաբար կապ են ստեղծում խոսքի եւ տվյալ ժեստի մեջ: Եթե մենք սուտ ենք ասում, մեր մարմնի լեզուն մեզ մատնում է, երեխան տեսնում է այդ, եւ եթե դա հաճախակի է կրկնվում եւ երեխայի ճշտի փոխարեն մատուցվում է սուտը, երեխան կեղծ ժեստերը ընդունում է որպես ճիշտ: Չէ որ իր համար հեղինակավոր մարդիկ են դա օգտագործում,  հո չեն խաբի:

Երբեմն այդ սուտը անմեղ մարդու համար ճակատագրական է դառնում: Երեխան արդեն սովորել է, որ ստի ժեստի տակ ճիշտն է ասված, եւ մեծ հասակում էլ է նա այդ կեղծ ժեստերը ընդունում որպես ճշմարտություն: Արդյունքում նա ավելի հավատում է ստին, քան ճշտին:

- Մայրի՛կ, երեխաները ինչպե՞ս են ծնվում:

- Նրանց բերում են արագիլները:

Ծանոթ արտահայտություն է, կարծես թե ոչ մի արտասովոր բան չկա, բոլորն են դա ասում: Սակայն նմանատիպ ստերը  հաճախակի բնույթ են կրում, հետագայում երեխան, իմանալով ճշմարտությունը, կորցնում է հավատը իր համար հեղինակավոր մարդկանց նկատմամբ: Ահա եւս մեկ պատճառ երեխային ստի չսովորեցնելու, եթե չեք ուզում Ձեզ հեղինակազրկել երեխայի աչքին:

Երբեմն ծնողները երեխային ստիպում են ստել:

Զանգել են հայրիկին: Երեխային հայրիկը ասում է ասել, որ ինքը տանը չի: Նման դեպքերում երեխան ստում է հայրիկի կամ մայրիկի պահանջով:

Անմեղ է թվում նման սուտը, բայց հետեւանքը...  Հետագայում երեխան առանց խղճի խայթի ստում է ոչ միայն հայրիկին, այլեւ շատերին:

Սուտ է համարվում նաեւ ֆանտազիան: Հարկավոր է տարբերել սուտն ու ֆանտազիան:

Ստի ժամանակ մարդկանց խոսքը կազմակերպված է, մտածված, ֆանտազիայի դեպքում իրականից շեղված է որոշ բաներ: Հետագայում, եթե հարկ է լինում ասված սուտը կրկնել, ստի դեպքում ամեն ինչ կրկնվում է նույն շարադրմամբ, իսկ ֆանտազիայի դեպքում նախորդ պատմությունից շատ է տարբերվում:

Երեխաների դեպքում ավելի շատ ֆանտազիա է, քան սուտ, քանի որ ֆանտազիան անիրականը որպես իրական ներկայացնելն է: Այլ կերպ ասած՝ երեխան կամ մեծը, երբ չի կարողանում իրականացնել իր երազանքը, երազանքը որպես իրական է ներկայացնում:

Մարդիկ շատ անգամ ստում են վախի ազդեցության տակ: Օրինակ, պատժից խուսափելու համար կամ որեւէ վատ հետեւանքից: Ավելի հաճախ դա պատահում է այն մարդկանց հետ, որոնք ունեցել են խիստ ծնողներ եւ հաճախակի պատժի են արժանացել:

Թերեւս չկա մարդ, որ չխաբի, սակայն ամենաանընդունելին բոլոր տիպի ստերի մեջ ինքնախաբեությունն է: Ինքնախաբեությունը իրականությունը չընդունելն է, իրականությունից խուսափելն է: Մեր պրոբլեմների մեծ մասի հիմնապատճառը իրական կյանքով չապրելն է եւ իլուզիոն կյանքում մեր ցանկությունները իրականացնելը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որքան բարձր է մարդու պատասխանատվության զգացողությունը, այնքան մարդը ազնիվ է եւ չի ստում: Իսկ պատասխանատու մարդիկ նրանք են, որոնք չեն վախենում իրական կյանքով ապրել եւ անցնել բոլոր դժվարությունները ինքնուրույն՝ առանց վարանելու եւ վախենալու:

Պատասխանատվությունը դաստիարակվում է փոքրուց: Երեխաներին սովորեցնում են պատասխան տալ իր գործած ցանկացած արարքի համար: Ոչ թե վախեցնել է պետք, ոչ թե անտեսել է պետք, այլ տալ հնարավորություն ուղղել իր կատարած սխալը:

Հետաքրքիր փաստ. մարդը, որ սիրում է, չի կարողանում ստել, հատկապես իր սիրելիին: Հետեւություն. եթե Ձեզ մեկը ասում է, որ սիրում է, հետո ստում է, նշանակում է՝ այդ սերը սուտ է:

 Երեւի Ձեզ հետաքրքիր է՝ ինչպես կարելի է պարզել մարդը սուտ է խոսում, թե ոչ:

sutԱհա մի քանի նշաններ.

• Շարժումները սահմանափակ են, ավելի հաճախ ուղղված են դեպի խոսողը. Ձեռքերը ուղղված են դեմքին, բերանին, կոկորդին, քթին, ականջին,

• Ստախոսը աշխատում է զրուցակցի աչքերի մեջ չնայել,

• Ով խաբում է, չի օգտագործի բաց ժեստեր (ափերը վերեւ), ձեռքը չի տանի փորի եւ սրտի շրջանը,

•  Էմոցիաները կտրուկ են,  ռեակցիան դանդաղ է կամ սովորականից երկար է պահպանվում,

• Խոսքը եւ դեմքի արտահայտությունը չեն համապատասխանում իրար,

• Ստախոսը նվեր ստանալիս կասի «ինձ դուր է գալի», հետո կժպտա, իսկ իրականում դրանք միասին պետք է լինեն:

•  Հոնքերը կիտված են, երբ ասում է հաճելի խոսքեր,

•  Ժպտալիս միայն բերանն է շարժվում, ոչ ամբողջ դեմքը,

•  Ստախոսը իրեն կոմֆորտի մեջ չի զգում զրուցակցի հետ,

•  Իր եւ զրուցակցի միջեւ ինչ-որ առարկաներ է դնում` գրքեր, ծաղիկներ,

•  Բացահայտ հերքելու կամ հաստատելու փոխարեն ակնարկ է անում,

•  Խոսում է միատոն եւ բաց է թողնում տեղանունները,

•  Բառերը աղավաղում է կամ ասում է շատ կամաց,

•  Քերականորեն սխալ նախադասություն է կազմում:

Եթե մտածում եք՝ Ձեր զրուցակիցը ստում է, արագ փոխեք թեման: Եթե ստում է արագ կփոխի, իսկ եթե ոչ, կուզենա նախորդ թեմային վերադառնալ:

•  Ստախոսը խուսափում է իր համար ցավալի թեմայից հումորով կամ սարկազմով:

Այս նշանները տեսնելիս միշտ չէ, որ կարելի է մտածել, որ զրուցակիցը ստախոս է:

Սիրելի՛ Մայրեր, որպեսզի Ձեր երեխան զոհ չդառնա ստին ու կեղծիքին, ասեք նրան ճշմարտությունը կամ ճշմարտության այն մասը, որ թույլատրելի է իր տարիքի համար: Սովորեցրեք նրան ճիշտ խոսել եւ տարբերել ճիշտն ու սուտը: Այդպես նա կկարողանա ե՛ւ իրեն պաշտպանել, ե՛ւ աշխարհը փրկել ստից:

ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոգեբան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում