livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

ntanik1Մեզ մոտ տարածված է այն կարծիքը, թե որքան կայուն է ընտանիքը, այնքան ավելի կայուն է հասարակությունը, պետությունը: Այդ մասին ժամանակին դեռեւս Գեւորգ Մարզպետունին է ասել: Իհարկե, նա օգտագործել է ամուր բառը: Սակայն  եվրոպական երկրների հասարակությունները լավ էլ կայուն են, բայց նույն այդ երկրներում   ամուսնալուծությունների թիվն ավելի շատ է: Այնպես որ` հասարակության կայունությունը ընտանիքի ամրության հետ չպետք է կապել:

Ամուսնալուծությունների պատճառները տարաբնույթ են: Ամուսնալուծությունների պատճառները հիմնականում տնտեսական, նյութական վիճակով են պայմանավորված, բայց ամուսնալուծության առաջնային պատճառը շատ ավելի խորն է: Այսօր համեմատական կարգով նախկին տարիների հետ` կտրուկ աճել է վաղ տարիքում ամուսնությունների քանակը: Դա հանգեցնում է ավելի հասուն տարիքում հիասթափության եւ արդյունքում` ամուսնալուծության:

Որոշ հոգեբանների կարծիքով` ամուսինները շատ հաճախ բաժանվում են, քանի որ մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ չեն ունենում եւ իրար լավ չեն ճանաչում: Սակայն  մեր հասարակությունը չի ընդունում մինչամուսնական սեռական հարաբերությունները, ինչի հետեւանքով էլ այդքան տարածված են ամուսնական դավաճանությունները:

Զույգերը, որոնք պատրաստվում են ընտանիք կազմել` ունենալով տարբեր գիտելիքներ սեռական կյանքի վերաբերյալ, առանց միմյանց այդ առումով ճանաչելու փորձ ունենալու, մտնում են ամուսնական կյանք, եւ հենց այստեղից էլ սկսվում են ընտանեկան խնդիրները:

Ամուսնալուծությունների պատճառ է դառնում նաեւ այն, որ հասարակությունն անընդհատ ճնշում գործադրելով երիտասարդների վրա` միեւնույն ժամանակ չի կարողանում ձեւավորել հասուն մարդ, անհատ, ով կարող է պատասխանատվություն կրել, կարող է ընդունել դիմացինին, հանդուրժող լինել եւ, ի վերջո, կազմել ամուր, կայուն ընտանիք:

Ամուսնական կյանքի առաջին մի քանի տարիները ճգնաժամային են եւ համարվում են հարմարվելու տարիներ, այսինքն` զույգերը պետք է հարմարվեն իրար:

Ամուսնալուծության պատճառ կարող է դառնալ նաեւ մեծ ընտանիքներով ապրելը, այսինքն` ինչքան մեծ է ընտանիքը, ու ինչքան շատ են տան անդամները, այնքան շատ են նորաստեղծ զույգի դժվարությունները, այնքան շատ են խնդիրները, իսկ ամենամեծ խնդիրը ինքնուրույն կայանալու խնդիրն է: Իհարկե, երեւի արդեն վաղուց պատմության գիրկն են անցել այն օրերը, երբ 15-20 հոգով սեղան էին նստում, ապրում մի հարկի տակ:

Արդեն ձեւավորված ընտանիքում զույգերի համար խնդիր է առաջանում ստեղծել իրենց ընտանիքը, ուստի շատ զույգեր նախընտրում են առանձին ապրել, ամեն ինչին հասնել ինքնուրույն, ունենալ իրենց ցանկացած կահույքը, իրենց ցանկացած ժամին քնեն, վեր կենան... Եվ նրանց` առանձին ապրելու ցանկությունը հասկանալի է: Նոր ամուսնացած զույգերն առանց այն էլ միմյանց հարմարվելու խնդիր ունեն, իսկ երբ դրան էլ գումարվում է ընտանիքի մյուս անդամների հետ հարմարվելու, նրանց սովորույթները, ապրելաձեւն ու իրավունքները ընդունելու անհրաժեշտությունը, ապա ի վերջո նման պայմաններում առաջանում են բազմաթիվ մանր ու մեծ պրոբլեմներ, որոնք ազդում են զույգի ամուսնական կյանքի վրա: Ինչպես ասվում է` խոհանոցում երկու կնոջ առկայությունն արդեն իսկ խնդիր է առաջացնում: Իսկ եթե երկուսի փոխարեն երեք կին է...

Ամուսնալուծությունը ունի իր փուլերը.

1. Ինտրահոգեկան փուլ, երբ ամուսիններից մեկի մոտ կա ներքին դժգոհություն: Իրավիճակը հաղթահարելու հնարավոր ելքերից է. դժգոհությունն արտահայտվում է, եւ ամուսինները փորձում են գտնել պատճառը ու վերականգնել հարաբերություները: Մյուս դեպքում ամուսիններն աշխատում են չարտահայտվել եւ առերես ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է:

2. Ինտերհոգեկան փուլ, երբ ամուսինների միջեւ կա դժգոհություն, այսինքն` աշխատում են ավելի շատ արտահայտվել, ինքնադրսեւորվել, բարձրանում է ինքնադրսեւորման մակարդակը: Այս իրավիճակում նույնպես կա ելք. երբ ամուսինները կարողանում են վերականգնել ներդաշնակությունը կամ հաշտվում են իրենց անհամատեղելիության հետ եւ ամուսնալուծվում:

3. Սոցիալական փուլ, երբ արդեն ամուսնալուծության գործընթացում ընդգրկվում են բարեկամները, ծանոթները, այլ անձինք: Այստեղ ելքը այն է, երբ ամուսնալուծությունը չի կայանում, կամ միջավայրը սովորում է ընկալել զույգին որպես երկու տարբեր մարդկանց եւ ոչ թե մեկ ամբողջության:

Ի վերջո, շատ կարեւոր է, որ երիտասարդները միմյանց սիրելով ամուսնանան, որպեսզի նվազի ամուսնալուծությունների թիվը: Ամուսնական կյանքի խնդիրները հաղթահարելու համար, թերեւս, սերն ամենամեծ ուժը կլինի:


ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՃԵՐ

 

ntanikՑանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր, նշանակում է` ընտանիքում տիրում են սառը պաշտոնական հարաբերություններ:

Ընտանեկան վեճերն իրենց բնույթով  կարող են լինել պերմանենտ (անընդհատ): Նման ընտանիքները հիմնականում լինում են քրեածին, կոնֆլիկտածին, անբարենպաստ ընտանիքներ:

Վեճերի ժամանակ գլխուղեղի կեղեւում առաջանում է օպտիմալ գրգռման օջախ: Այս դեպքում մարդը կորցնում է ինքնատիրապետումը, դիմացինին լսելու ունակությունը, եւ վեճը վերածվում է կոնֆլիկտի: Ցանկացած վեճի հիմքում ընկած է անհատականության երեւույթը, այսինքն` անհատականը, ես-ը: Մարդը աշխատում է հնարավորինս  վիրավորելով դիմացինին` բարձրացնել ես-ի արժեքը: Կոնֆլիկտի հիմնական պատճառը անձնավորության որեւէ պահանջմունքի չբավարարված լինելն է: Սկսած ֆիզիկական, կենսաբանական, ֆիզիոլոգիականից` մինչեւ հոգեւոր պահանջմունքները:

Կոնֆլիկտների մեխանիզմը հասկանալու համար անհրաժեշտ է առանձնացնել պատկերացումների 3 համակարգ`

1. էգոցենտրիկ համակարգ, որի հիմքում ընկած է սեփական ես-ը, եւ այլ մարդիկ կամ առարկաները հանդես են գալիս որպես կա՛մ օգտակար գործիք, կա՛մ խոչընդոտ:

2. Այլետորոցենտրիկ համակարգ, որի կենտրոնում ընկած է ուրիշը:

3. Սոցիոցենտրիկ, որի հիմքում ընկած է մեկը:


 Ընտանիքի համար ճգնաժամային շրջաններն են`

1. Միմյանց հարմարվելու փուլ. ամուսնական կյանքի առաջին տարին է, երբ ձեւավորվում են նոր որակի հարաբերություններ, նոր հոգեւոր արժեքներ:

2. Երեխա ունենալու փուլ. երեխաների ծնունդը բարդացնում է ամուսինների մասնագիտական աճի հնարավորությունները, քիչ ժամանակ է տրամադրվում անձնական գրավիչ գործունեությանը (հոբբի), կնոջ հոգնածության պատճառով` կապված երեխայի խնամքի հետ, ժամանակավոր նվազում է սեռական ակտիվությունը:

3. Բախման փուլ. երեխաների դաստիարակության վերաբերյալ ամուսինների եւ նրանց ծնողների հայացքների, տեսակետների բախումը:

4. Միապաղաղության կամ միջին ամուսնական տարիքի փուլ. այս շրջանը երբեմն անվանում են նաեւ զգացմունքների հագեցվածության փուլ կամ քաղցի շրջան:

5. Իվոլուցիոն կամ միայնակության զգացման փուլ. այս շրջանը 18-24 տարի համատեղ կյանքից հետո է, որը հաճախ համընկնում է ինվոլուցիոն շրջանի հետ: Կարող է ձեւավորվել միայնակության զգացում` կապված երեխաների հեռանալու հետ: Այս փուլում հսկայական նշանակություն ունեն արտաքին գործոնները` նյութական վիճակի վատթարացումը, աշխատանքի անցնելու անհնարինությունը, սեփական բնակարանի բացակայությունը եւ այլն:

 Ընտանեկան անբավարարվածության վիճակն առաջանում է կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում, որոնցում դրսեւորվում է տարաձայնություն տվյալ անհատի վերաբերյալ սպասումների եւ նրա իրական կյանքի միջեւ: Կոնֆլիկտից կոնֆլիկտ կուտակվելով` այսպիսի անբավարարվածությունը արտահայտվում է հուզական պոռթկումներում եւ հիստերիկ դրսեւորումներում, որոնց հաճախականացումը կարող է լրջորեն խաթարել ընտանիքի ամրությունը:

Ճնշող մեծամասնությամբ պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակի, առաջ են բերվում սոցիալական գործոններով:


Ըստ doctors.am-ի`

պատրաստեց Գ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում