livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

hogi1Այժմ շատ է քննարկվում եւ բարձրաձայնվում կանանց հանդեպ բռնության թեման: Բոլորը քննադատում են բռնություն կատարողներին: Սակայն, եթե չկա զոհ, չկա եւ բռնություն կատարող: Շատ քիչ դեպքերում է, որ մարդիկ ակամայից են հայտնվում զոհի կարգավիճակում: Իրականում շատ-շատերը իրենք են հրահրում իրենց հանդեպ բռնություն գործադրել. այս փաստը հավաստում են աշխարհի բոլոր երկրների հոգեբանները: Բոլոր տեղերում էլ իրավիճակը նույնն է, միայն բռնությունը տարբեր երկրներում տարբեր ձեւով են հասկանում: Եվրոպայում, եթե տղամարդը չթողնի, որ կինը աշխատի, դա կդիտվի որպես բռնություն կնոջ հանդեպ, իսկ մեր երկրում դա ընդունելի վարքագիծ է տղամարդու կողմից եւ բռնություն է համարվում օրինակ ծեծը, նվաստացումը: Կարելի է ասել, որ շատ ընտանիքներում ծեծն էլ չի նայվում որպես բռնություն եւ շատ անգամ, որը շատ զարմանալի է, խրախուսվում է հասարակության, համայնքի, ընտանիքի մյուս անդամների կողմից:

Շատերն են խոսում բռնության անթույլատրելիության մասին, սակայն այդ խոսողներից քչերն են հասկանում, թե որ արարքն է բռնություն որակվում, որն է այն սահմանը, որից սկսվում է բռնությունը, որտեղ են վերջանում իր իրավունքները եւ սկսվում ուրիշներինը:

Երբեւիցե լսած կլինեք հետեւյալ արտահայտությունները. «Կինը ո՞վ է, որ իմ ասածը չանի», կամ «Հարսս չի կարող որեւէ բան անել, մինչեւ տղաս չասի», կամ «Հարեւանս իսկական տղամարդ է, չի թողնում կինը առանց թույտվության մի բան անի»: Մեզանից շատերն են մտածում, որ տղամարդու ասածը օրենք է, արածը` ճիշտ: Մեր իրականության համար ընդունելի է,  որ տղամարդը իր կնոջը չի թողնում աշխատել, ընդունելի է, որ սահմանափակում է շփումները, ընդունելի է, որ չի թողնում տանից դուրս գալ, ընդունելի է ծեծել կնոջը (անգամ կա կարծիք, որ եթե չի ծեծում, ապա չի սիրում), ընդունելի է ունենալ արտաամուսնական կապեր, ընդունելի է օրերով տուն չգալը, ընդունելի է կնոջը տարբեր բաներից զրկելը (հագնվել, հյուր գնալ), ընդունելի է, անգամ, որ կինը սեփական կարծիք չունենա:

Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է տղամարդուն կարելի, իսկ կնոջը` ոչ: Ինչո՞ւ տղամարդը մի կնոջ հանդեպ թույլ է տալիս կոպիտ վերաբերմունք, իսկ մյուսի հանդեպ` ոչ:

 Ի՞նչն է այդ ամենի պատճառը.

• Մեր ավանդույթներն են- բայց չէ՞ որ մենք արդեն վաղուց հագնվում եւ ապրում ենք եվրոպական չափանիշներով;

• Մեր հասարակության ընդունված նորմերն են,- բայց չէ՞ որ նույն հասարակությունում շատ-շատերը այլ կերպ են վարվում իրենց կանանց հետ:

• Մեր մտածելակերպն է,- կարող եմ ասել ավելին, մեր ներանձնական խնդիրներն են ստիպում զոհին զոհ լինել, իսկ բռնացողին` բռնացող:

Փորձենք հասկանալ պատճառները:

Ընտանիքում մեծանում են աղջիկ եւ տղա: Մեր ընտանիքներում սովորաբար ասվում է ինչ է կարելի, ինչ` ոչ: Օրինակ.hogi8

Տղաներին կարելի է ուշ տուն գալ, աղջիկներին` ոչ:

Տղաներին կարելի է կռվել, իսկ աղջիկներին սազական չէ:

Տղաներին կարելի է բարձր գոռալ, աղջիկներին հարիր է լռելը:

Աղջիկները պետք է համեստ լինեն, տղաները` ոչ:

Աղջիկները պետք է տան գործեր անեն, տղաները` ոչ:

Աղջիկները պետք է հանդուրժող եւ համբերատար լինեն, տղաները` ոչ:

Տղաներին ավելի շատ խրախուսում եւ թույլատրում են, իսկ աղջիկներին` սահմանափակում եւ արգելում:  Այսպիսի հոգեբանական դիրքորոշմամբ էլ կերտվում են ապագա տղամարդու եւ կնոջ կերպարները:  

Բացի դաստիարակությունը, երեխաները սովորում են նաեւ մեծերի օրինակից: Եթե մեկի հայրը ծեծում է մորը, ապա չի բացառվում, որ այդ տղան կծեծի իր կնոջը, իսկ աղջիկը կհանդուրժի իր հանդեպ նման վերաբերմունք: Երբ ծեծի է ենթարկվում երեխան, նրա համար ծեծը կարող է եւ նորմա դառնալ կամ ընկալվել որպես սիրո արտահայտություն: Աղջիկը կարող է մտածել. ծնողը սիրում է իրեն, ծեծը նրա սիրո արտահայտությունն է, ուրեմն, նա, ով սիրում է  իրեն, այդպես էլ կարող է արտահայտել իր սերը: Նման մտահանգումը լրիվ բավարար է, որ կինը ծեծը բռնություն չհամարի, իսկ տղամարդը, նույն տրամաբանությամբ, կարող է իրեն թույլ տալ նման կերպ վարվել իր կնոջ հանդեպ:

Մի անգամ մի պատմության ունկընդիր եղանք, որը կներկայացնենք Ձեր դատին ու կփորձենք ներկայացնել այդ պատմության հնարավոր հետեւանքները:

Ամուսինը դաժան ծեծի էր ենթարկել կնոջը իր երեխաների աչքի առաջ: Կինը երկար ժամանակ անկողնուց չէր կարողանում վեր կենալ, նրան խնամում էր մայրը, իսկ երեխաները շատ վախեցած էին: Մի քանի շաբաթ հայրական տանը մնալուց հետո կինը նորից վերադառնում է ամուսնու մոտ: Դրան նպաստել էին կնոջ ծնողները: Նրանք ամեն կերպ համոզել էին իրենց երիտասարդ դստերը, որ ամեն ընտանիքում էլ պատահում է, որ ներելը կնոջ արժանիքն է, եւ որ երեխաները չպետք է մեծանան առանց հոր:

Եվ կինը շարունակեց ապրել այդ տղամարդու հետ` հանդուրժելով իր հանդեպ նման ստորացուցիչ վերաբերմունքը, իսկ երեխաները վկա եղան բռնության նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի:  

Եկեք տեսնենք, թե այդ երեխաները ինչպես կարող են գնահատել իրավիճակը եւ, թե դա ինչ հետեւանքներ կարող է թողնել նրանց անձնական փոխհարաբերությունների վրա:

Աղջիկը ամեն գնով կփորձի ընտրել այնպիսի տղամարդ, որը նման չլինի իր հորը, սակայն դա չի փրկի նրան, քանի որ, ինչպիսի ամուսին էլ ունենա, նա ենթագիտակցաբար կկրկնի իրադարձությունները, թերեւս, ոչ նույն ձեւով, բայց նման իր ընտանիքի իրավիճակին (դա են վկայում կյանքի շատ օրինակներ): Դրա պատճառը այն է, որ նա դեռ կրում է այն վերքը, որը պատճառվել է իր մորը, որի հետ նա այդպես կապված էր (աղջիկ երեխաները փոքր ժամանակ իդենտիֆիկացվում են` նույնանում են մորը, այսինքն իրենք անգիտակցաբար իրենց դնում են մոր տեղը): Եվ քանի դեռ վերքը չի լավանում, նա չի կարողանում այլ կյանքով ապրել: Նա չի էլ գիտակցում, թե հանկարծ իր սիրող ու լավ ամուսինը ինչո՞ւ իր հետ նման կերպ վարվեց:

Տղան ամեն գնով կփորձի նման կերպ չվարվել իր սիրելի կնոջ հանդեպ, ինչպես ժամանակին վարվել են իր սիրելի մայրիկի հանդեպ: Սակայն իրավիճակի բերումով ինքն էլ չհասկանալով` վարվում է սիրելի կնոջ հանդեպ նույն կերպ, ինչպես ժամանակին հայրը` մոր հանդեպ: Հետո զղջում է, ներողություն հայցում, սակայն արվածը արված է:

Երբ մեծանան եւ իրենք էլ երեխաներ ունենան, շատ հավանական է, իրենք էլ իրենց երեխաներին կսովորեցնեն հանդուրժող վերաբերմունք նման երեւույթների նկատմամբ: Չէ որ իրենց հանդեպ արվել է (իրենք արել են) ու, ոչինչ, ամեն ինչ «մոռացվել է» («ներում» են ստացել): Եվ այդպես

սերնդեսերունդ պատմությունը կրկնվում է, մինչեւ մի օր ծեծից չի մահանում երիտասարդ կինը փոքր երեխայի աչքի առաջ (որի մասին վերջերս բազմիցս հիշատակվել է ԶԼՄ-ներում եւ համացանցում):

Մի՞թե միշտ տղամարդը բռնություն գործադրող է, կինը` զոհ: Ես կասեի` ո՛չ, երկուսն էլ զոհ են, զոհ են իրենց «դաստիարակությանը»:

Եւս մեկ օրինակով ցույց տանք, թե կինն ինչպես է իրեն ենթագիտակցաբար զոհ համարում եւ ուզում, որ իր նկատմամբ բռնություն գործադրվի:

Հոգեբանին են դիմել ամուսիններ: Երկարատեւ կոնֆլիկտները հասցրել են ընտանիքը ամուսնալուծության եզրին: Կինը բողոքում է, որ իր ամուսինը իրեն տղամարդու նման չի պահում. ընտանիքի բոլոր որոշումները թողնում է իր վրա: Եվ իրեն ծանր է անընդհատ զրկվել շատ բաներից: Այն հարցին, թե ամուսինը ինչ-որ բաների՞ց է զրկում, կինը պատասխանում է` ոչ: Մեկնաբանում է, թե, երբ ինքը հանուն ընտանիքի ինչ-որ որոշում է կայացնում, ինքը իրեն է զրկում որոշ արտոնություններից: Հոգեբանի հետ մի քանի հանդիպման արդյունքում պարզ է դառնում, որ կինը մեծացել է մի ընտանիքում, որտեղ տղամարդու` հոր խոսքը միակը եւ վերջնականն է եղել ընտանիքին վերաբերող որոշումներում: Եվ ինքը որպես աղջիկ` միշտ զրկված է եղել իր համար հաճելի բաներով զբաղվելուց, քանի որ խիստ հայրը նրան արգելել է շատ բաներ: Նա մեծանալով` ընտրել էր իր հոր հակապատկեր տղամարդուն: Ամուսինը մեղմ եւ հանդուրժող մարդ էր ու երբեք չէր պարտադրում իր կարծիքը: Կինը ամուսնուց սպասում էր հոր վարքի նման վարք, քանի որ նրա ենթագիտակցականում տղամարդու կերպարը հայրն էր, իր խիստ ավտորիտար դիրքով: Կնոջ մեջ կոնֆլիկտ էր, ինքը իրեն պահում էր ինչպես իր ընտանիքում` զրկված շատ վայելքներից: Այս անգամ զրկող չկար, նա ուղղակի սովոր չէր առանց զոհաբերությունների ապրել, սովոր էր, որ իր ցանկություններն ու պահանջները չկատարվեն: Այդ պատճառով էլ ամուսնու պահվածքը նրան հիասթափեցնում էր:

Հոգեբանի միջնորդությամբ ստեղծված իրավիճակի եւ յուրաքանչյուրի վարքի դրդապատճառների գիտակցումը եւ վարքի նոր մոդելների ձեւավորումը փրկեց ընտանիքն ամուսնալուծությունից: Ամուսիններին, հատկապես` կնոջը, հասկանալի դարձավ, որ այս պատմության մեջ ավելի շուտ զոհը տղամարդն է, բայց կինն էր իրեն զոհի տեղ դնում, քանի որ փոքր ժամանակից դաստիարակվել էր «զոհի» հոգեբանությամբ:

Լուծում կա՞ արդյոք, կարելի՞ է որեւէ կերպ կանգնեցնել այս շրջապտույտը:

hogi6Այո, իհարկե կարելի է: Մենք պետք է հաշիվ տանք, որ երեխաները ապագա մայրեր ու հայրեր են, հասարակական էակներ: Կանացիության եւ տղամարդկության կերպարներ հաղորդելը նշանակում է` երեխաներին տալ վարքի շաբլոններ, ելնելով նրանից, որ տարբեր սոցիալական դերեր ու ֆունկցիաներ են կատարելու նրանք հասարակության մեջ. Կին-մայրը` խնամք եւ հոգատարություն,  տղամարդ-հայրը` ուժ ու պաշտպանություն:  

Այդ կերպարներ տալը բանավոր զրույցների միջոցով չի ընկալվում երեխայի կողմից:

Ամենամեծ պարտականությունը` օջախի պահպանումը, մեր հասարակությունում դրված է կնոջ ուսերին: Եվ մեծ մասամբ նրանից է կախված բռնության փաստը: Երբ մայրը բռնություն է գործադրում իր երեխայի հանդեպ, ինչպե՞ս կարող է նա պահանջել ամուսնուց նման կերպ չվարվել իր նկատմամբ:

Ճիշտ է, ծնողները կկարողանան օրինակ ծառայել` ընտանիքում ջերմ եւ սիրո մթնոլորտ պահպանելով, բռնությունն ու կոպիտ վերաբերմունքը բացառելով` գոնե երեխաների աչքի առաջ: Իսկ հասարակությունում նման երեւույթ-դեպքերին արձագանքեն անհանդուրժողաբար: Աղջիկ երեխային չսահմանափակեն, իսկ տղաներին ամեն ինչ թողնեն: Թույլ չտան իրենց երեխայի հանդեպ բռնություն թե իրենց կողմից, թե ուրիշների կողմից: Նպաստեն նրան, որ երեխայի բազային համոզմունքների մեջ մտնեն սիրված լինելու, պաշտպանված լինելու եւ իր նկատմամբ ցանկացած կոպիտ վերաբերմունքի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի համոզմունքները:

Հոգեբան ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում