livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Հաշվի առնելով մեր դժվար սոցիալ-հոգեբանական խնդիրները` շատ հաճախ մեզ թվում է, թե դրանք անլուծելի են, կամ այլեւս ելք չկա ստեղծված անելանելի դրությունից, ու որ փակ են բոլոր դռները, իսկ թե որտեղ են բանալիները… Սա մեր կյանքի ու հոգեկանի այն սահմանային վիճակներն են, որի արդյունքում մարդը կա՛մ կորցնում է իր եսը, կա՛մ խաթարվում ու խանգարվում է հոգեկան աշխարհի անդորրը: Ի՞նչ անել եւ ո՞ւր գնալ, կամ, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, «գլուխներս ո՞ր պատովը տանք»: Սակայն ակնհայտ է, որ գլուխը պատին տալը կամ, առավել եւս, այն կորցնելը ոչ մի հնարավոր ելքի չի բերի, եւ հենց այստեղ է, որ մարդը, լինելով բանական էակ, պետք է հնարավոր լուծումներ կամ գոնե համբերատարություն դրսեւորի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Բերենք օրինակ, որպեսզի առավել պարզ դառնա մեր միտքը: Եթե, ասենք, ցավում է մարդու ատամը, այդ ցավի պատճառը ամենեւին էլ ցավը չէ, որ սկսում ենք նյարդայնանալով ու տառապելով վազել ատամնաբույժի մոտ, այլ պատճառը ատամը այդ վիճակին հասցնելու սխալ կամ վատ հետեւելու արդյունքն է: Այս նույն իրավիճակը դրսեւորվում է նաեւ մարդկային հոգեկան աշխարհում:  Հայտնվում ենք ինչ-որ էքստրեմալ իրավիճակում, չկարողանալով գտնել ճիշտ բանալին` սկսում ենք հիշել, թե ինչքան դժբախտ ենք ու սկսում ենք մեկուսանալ արտաքին աշխարհից եւ շփումներից, որը բերում է անցանկալի հոգեկան շեղումների ու խաթարումների: Չկա աշխարհում այնպիսի դուռ, որը հնարավոր չլինի բացել ու ներս մտնել, իսկ շատ դեպքերում մեր հոգեկան աշխարհը կարող է բացել ու մտնել բարձրակարգ հոգեբանը, որի մասին, ի դեպ, ունենք սխալ պատկերացում եւ, ինչու չէ, դեռեւս նաեւ վախ: Սակայն այսօր արդեն իսկ նկատվում է հոգեբանի մոտ այցելելու միտում` ի տարբերություն նախկին ժամանակների, երբ հոգեբանին այցելությունները կատարվում էին գաղտնի կերպով, կամ էլ մարդիկ ընդհանրապես խուսափում էին լսել կամ մտածել այն մասին, որ նրանք հոգեբանի կարիք ունեն:

Սակայն այս ամենը վերաբերում է հասարակության միայն որոշ շերտերին, քանզի մեր հասարակության որոշ մասը դեռ հոգեբանների եւ հոգեբույժների մասին սահամանափակ գիտելիքներ ունի: Ու կա համատարած այն թյուր կարծիքը, որ հոգեբանին այցելում են միայն  հոգեկան խանգարումներ ունեցող, շեղված կամ, ինչպես ոմանք են ասում, այն մարդիկ, ում «գլխի հետ մի բան էն չի»: Եվ խուսափում են հոգեբանի մոտ այցելությունից, անկախ իրենց ծայրահեղ վիճակից:

Սա վկայում է նաեւ այն մասին, որ հոգեբանները շատ անելիքներ ունեն, որպեսզի կարողանան փոխել իրենց մասնագիտության նկատմամբ ստեղծված բացասական վերաբերմունքը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման բացասական արձագանքը հոգեբանական խորհրդատվության հանդեպ: Խնդիրը, հավանաբար, տեղեկատվության պակասն է վերջիններիս կատարած գործի մասին:

 

ՀՈԳԵԲԱՆԸ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

 

Հարկավոր է հստակ պատկերացում ունենալ, որ հոգեբանությունը բավականին զարգացած եւ հին արմատներ ունեցող գիտություն է, որն այսօր շոշափում է մեր կյանքի համարյա թե բոլոր կողմերը ու մշտապես գտնվում է իր դինամիկ զարգացման փուլում: Շատ հաճախ մարդիկ շփոթության մեջ են հայտնվում կամ չեն տարբերում, թե ով է հոգեբանը, իսկ ով է հոգեբույժը, եւ, անգամ չտարանջատելով մեկը մյուսից, ասում են առանց մտածելու, թե երկուսն էլ նույնն են: Բայց ինչպես կարող են նույնը լինել, եթե հոգեկան վիճակներն ու պրոբլեմները տարբեր են, որի արդյունքում մարդը գտնվում է սահմանային եւ ոչ սահմանային հոգեկան իրավիճակներում: Այս առումով մենք կներկայացնենք դրանց տարբերությունը, իսկ միակ նմանությունն այն է, որ գործ ունեն բացառապես մարդկային հոգեկանի հետ:

Հոգեբույժը բարձրագույն բժշկական մասնգիտություն ունեցող անձն է, որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ եւ խանգարումներ ունեցող մարդկանց հետ ու իրականցնում է բուժում դեղամիջոցների օգնությամբ:

Հոգեթերապեւտը գործ ունի առողջ հոգեկան ունեցող կամ սահմանային վիճակներում (դեպրեսիաներ, նեւրոզներ եւ այլն) գտնվող մարդկանց հետ: Նա նույնպես օգտվում է դեղամիջոցներով բուժումից:

Հոգեվերլուծողը կիրառում է հոգեվերլուծական մեթոդներն ու հնարները: Նրա հիմնական գործունեությունն է հանդիսանում անգիտակցական ոլորտում համապատասխան խնդրի աղբյուրի որոնումն ու վերամշակումը:

Հոգենյարդաբանը բժիշկ-հոգեբույժ է, որը մասնագիտացած է նեւրոզների եւ այլ սահմանային վիճակների բուժման մեջ:

Հոգեբանը գործ ունի միայն առողջ մարդկանց հետ եւ իրավունք չունի դեղեր նշանակելու: Հոգեբանին այցելում են այն անձինք, ովքեր գտնվում են դժվար հոգեբանական կացության մեջ, իրենց կյանքի տվյալ պահին բախվել են որոշ խնդիրների, անհրաժեշտ է սեփական վարքի կարգավորում կամ էլ միջանձնային փոխհարաբերությունների հարթեցում, հոգեբանական ճգնաժամի հաղթահարում, միջանձնային խնդիրների կարգավորում, ներքին ներդաշնակության հաստատում, սեփական ընդունակությունների բացահայտում եւ  արդյունավետ կիրառում, սուր ապրումների վերացում կամ թուլացում եւ այլն: Բացի այդ, հարկավոր է հիշել, որ հոգեբանական խորհրդատվությունը խիստ գաղտնի գործընթաց է, եւ գաղտնիությունը հանդիսանում է բարձրակարգ հոգեբանի առաջնային ու կարեւորագույն որակներից մեկը: Ցավոք, այսօր շատերը հոգեբանին այցելելու փոխարեն նախընտրում են կիսվել իրենց ընկերուհու, ընկերոջ կամ հարազատ մարդկանց հետ, մեկ բաժակ սուրճի սեղանի մոտ հարեւաններին պատմել բոլոր անձնական խնդիրները եւ յուրացնելով նրանց կողմից տրված բոլոր խորհուրդները` կատարել համապատասխան քայլեր: Միշտ հիշեք, որ ցանկացած անձ անհատականություն է, յուրօրինակ եւ չկրկնվող, այս կյանքում չկան լրիվ իրար նման մարդիկ, տարբեր են նրանց անձնային եւ անհատական առանձնահատկությունները, կյանքի փորձը, արժեքային կողմնորոշումները եւ այլն: Դրա համար վտանգավոր է սեփական փորձից ելնելով խորհուրդներ տալը, քանզի չգիտես, թե ինչ հետեւանքների այն կարող է հանգեցնել, իսկ ցանկացած խորհուրդ տվող առաջին հերթին ինքն է պատասխանատու հետեւանքների համար: Եթե նույնիսկ տվյալ խնդրի լուծումները օգնել են մեկին հենց նմանատիպ իրավիճակում, ապա հնարավոր է լրիվ հակառակ ռեակցիա ունենան մյուսի համար ու վնասեն նրան: Բայց հաճախ մարդիկ խուսափում են անձնական գաղտնիքները վստահել որեւէ մեկին` կասկածելով հետագայում նրանց կողմից գաղտնիության պահպանման հարցում, իսկ հարազատները, եթե նույնիսկ շատ գաղտնապահ էլ լինեն, ցուցաբերում են զգացմունքային վերաբերմունք ստեղծված խնդրի հանդեպ, չեն կարող համարժեք եւ օբյեկտիվ գնահատել ու վերլուծել իրավիճակը: Ոմանք էլ չեն ցանկանում անհանգստացնել ու ցավ պատճառել իրենց հարազատներին անձնական խնդիրներով` մտածելով նրանց առողջության եւ հոգեկան հանգստության մասին: Նման մարդիկ հաճախ, նախընտրելով սեփական ուժերով խնդրի լուծման մեկ ուրիշ տարբերակ, ոչ ոքի ոչինչ չեն պատմում, պահում են իրենց մեջ կամ էլ փորձում են լուծումները փնտրել ինքնուրույն (հոգեբանական գրքերի ընթերցման միջոցով): Խնդիրը անձի ներսում պահելը եւ չարտահայտվելը որոշ դեպքերում հետագայում կարող է տանել դեպի բարդացում ու խորացում` հասցնելով ավելի բարդ հոգեկան վիճակի: Իսկ սեփական ուժերով հաղթահարումը երբեմն անհնար է, քանզի կյանքում գոյություն ունեն խնդիրներ, որոնց սկզբնաղբյուը եւ լուծումները թաքնված են անգիտակցականի խորը շերտերում, եւ դրանց դուրսբերումը հնարավոր է միայն հոգեբանի միջամտությամբ:

Վերջում նշենք, որ հոգեբանի աշխատանքը բավականին ծանր եւ պատասխանատու է:  Եվ, ի տարբերություն վերը նշվածների, ունի անձի մասին համապատասխան գիտելիքների հզոր պահեստ, որը նրան թույլ է տալիս այցելուին ճիշտ կողմնորոշելու եւ ընտրություն կատարելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մեջ:


ՆԱՆԱ ՓԵԹԱԿՉՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում