livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

psychology1Ցանկացած մարդ, անկախ գործունեության ոլոտից եւ սոցիալական ստատուսից, առաջին հերթին կողմնորոշվում է շրջապատող մարդկանց կարծիքներով եւ գնահատականներով, հետեւում է, թե ինչ տպավորություն է թողնում նրանց վրա: Տպավորությունները ձեւավորվում են անկախ մարդկանց ցանկություններից:

Իմիջն անձի ձեւավորված կերպարն է այլ մարդկանց գիտակցության մեջ: Այն հուզական եւ հոգեբանական կայուն եւ երկարատեւ տպավորությունն է մարդու կամ մարդկանց խմբի վրա:

Իմիջն այցեքարտ է, որով մարդը պատկերացում է ստեղծում իր մասին շրջապատում: Յուրաքանչյուրը փորձում է իր իմացած միջոցներով նպատակաուղղված տպավորություն թողնել ուրիշների մոտ եւ ստանալ ակնկալվող արձագանք:

Կարծում ենք, որ ոչ բոլորն ունեն բնածին հմայք, իսկ քանի որ հասարակական կյանքում իմիջն այն բանալին է, որի շնորհիվ լուծվում են բազում խնդիրներ, ապա շատերի մոտ հետաքրքրություն է  առաջանում ստեղծել գրավիչ իմիջ, առանց որի իրոք դժվար է հասնել հաջողության կարիերայում, ամրապնդել դիրքն ընտանիքում, գործընկերների եւ ընկերների շրջանակում եւ այլն:

Անձի եւ նրա իմիջի միջեւ գոյություն ունի տարբերություն, եւ ոչ միշտ է իմիջը համապատասխանում իրականությանը. լինում են դեպքեր, երբ անձը տուժում է անհամապատասխան իմիջից: Լինում է նաեւ հակառակը, որ ստեղծված իմիջի արդյունքում անձին վերագրում են հատկանիշներ, որը նա չունի:

Համոզիչ իմիջ կարելի է ձեւավորել միայն այն դեպքում, եթե այն ներդաշնակ է մարդու ներքին աշխարհին, նրա անձնային հատկանիշներին, բնավորությանը, խառնվածքին, վարքին, ապրելակերպին:

Իմիջի ներդաշնակությունը կախված է բոլոր մասնիկների համադրության մակարդակից եւ ներգրավվածությունից: Իմիջ ձեւավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել անձի.

• Բիո-ֆիզիոլոգիական տվյալները (հասակ, կշիռ, տիպաժ):

• Արտաքին ատրիբուտները (հագուստ, սանրվածք, աքսեսուարներ):

• Վարքագիծը (ձայն, հայացք, ժեստեր, քալվածք, կեցվածք):

• Անհատական տվյալները (սեռ, տարիք, ծագում):

• Անձնական տվյալները (ինտրավերտություն, էքստրավերտություն, հեղինակային լինել, բարդույթներ եւ այլն)

• Սոցիալ-մասնագիտական տվյալները (կրթություն, մասնագիտություն, փորձ):

• Կենսագրական տվյալները  (գործնական համբավ, սոցիալական նվաճումներ):

• Սոցիոմետրիկ տվյալները  (խարիզմա, լիդերություն, հակակրանք):

Համադրել այսպիսի տարբեր որակական մակարդակների տվյալները, դժվար խնդիր է, այդ պատճառով էլ իմիջեոլոգիան հասարակ գիտություն չէ, այլ տարբեր գիտությունների ինտեգրացիայի համակարգ է` կոնկրետ անձի, կոնկրետ խնդրի լուծման համար: Իմիջի ձեւավորմանը մասնակցում են  ազգագրագետներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, բժիշկներ, դիզայներներ, կոսմետոլոգներ եւ այլն:  

Դա ակնհայտ երեւում է կանանց իմիջի ձեւավորման օրինակի վրա:

Չնայած գենդերիզմի հաջողություններին, գոյություն ունի տարբերություն կնոջ եւ տղամարդու իմիջի ձեւավորման միջեւ:

Կանանց համար շատ քիչ է միայն ուշադրություն գրավել, հարկավոր է ստանալ բացառիկության, անկրկնելիության հաստատում, հատկապես տղամարդկանց կողմից:

Ունենալ հմայիչ տեսք, կնոջ համար անհամեմատ ավելին է նշանակում, քան բնական գեղեցկությամբ օժտված լինելը: Ցանկացած կին հմայիչ է յուրովի, իր անհատական առանձնահատկությունների շնորհիվ: Սեփական հմայքի, գրավչության մասին պատկերացում ստեղծելը իրենց եւ շրջապատի մոտ` դա արվեստ է, որին յուրաքանչյուր կին պետք է տիրապետի: Իր արտաքին տեսքով, վարքով, խոսքով կինը ազդակներ է հաղորդում իր մասին, իր սոցիալական դերի մասին (մայր, կին, գործարար կին, քաղաքական գործիչ, տնային տնտեսուհի եւ այլն): Կինն իր արտահայտչաձեւերով այնքան բազմազան է, որ չի կարելի միանշանակ նշել որեւէ սոցիալական դեր, որպես առաջնային եւ կարեւոր, եւ այդ պատճառով կինն իր իմիջը պետք է կառուցի` հաշվի առնելով իր բոլոր սոցիալական դերերը` հոգատար մայրիկից եւ կնոջից մինչեւ գործարար եւ հաջողակ կին, ու կարողանա այդ բոլորը համադրել իր մեջ ներդաշնակ եւ բնական: Հաճախ դժվար է ինքնուրույն գրագետ կառուցել սեփական իմիջը, քանի որ մեծ դեր է խաղում սուբյեկտիվության գործոնը: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել մասնագետին` իմիջմեյքեր-հոգեբանին, ով կօգնի կառուցել իմիջը` հաշվի առնելով բոլոր ներքին եւ արտաքին նախադրյալները: Իմիջմեյքեր-հոգեբանն օգնում է կնոջը ստեղծել եւ ստանալ գեղագիտորեն գրավիչ տպավորություն եւ օգնում է ներկայացնել այն դրականը, որը տրված է բնությունից` շտկելով թերությունները: Իմիջմեյքեր-հոգեբանն օգնում է մշակել կյանքի փոխոխության հեռանկարային քայլեր, կառուցում է Ձեր կյանքի դինամիկան եւ այդ ճանապարհին աշխատում կնոջ մարմնի պլաստիկայի, իրավիճակին համապատասխան արտահայտվելու, խոսելու ձեւի, ինչպես նաեւ ձեւավորում մարդու մոտ գեղագիտական ճաշակ, ոճ: Սովորեցնում է ինչպես ներկայացնել սեփական անձը ստեղծված իրավիճակներում կամ մարդկանց որոշակի խմբի մոտ: Տալիս է համապարփակ ուղղվածություն` դեպի ուր շարժվել սեփական կերպարի ստեղծման մեջ` նպատակների իրագործման (սիրված կին լինելու, ամուսնու բարեկամների հետ լավ հարաբերություններ ստեղծելու, աշխատանքում եւ կամ շոու-բիզնեսում հաջողություններ եւ նվաճումներ ունենալու, կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ այլն) համար:    

Ի դեպ յուրաքանչյուր իմիջ ունի իր կարծրատիպային արտացոլումները, եւ որպեսզի իմիջն ադեկվատ ընկալվի, անհրաժեշտ է հետեւել այդ «չգրված կանոններին»: Մի քանի տիպական կերպարների միջոցով ներկայացնենք ասվածը.

 «Գործնական կնոջ» իմիջ- խիստ, ինքնավստահ, ինտելեկտուալ, կենտրոնացած հաջողության վրա, իրավիճակի ճկուն կառավարում, նյութապես անկախ, պատասխանատու մարդ: Ունի խնամված տեսք` էլեգանտ դասական զգեստներ, գործնական դիմահարդարում եւ սանրվածք, քիչ աքսեսուարներ: Ունի աշխույժ քայլվածք, ծակող հայացք, լակոնիկ տրամաբանական խոսք:

«Մոխրագույն մկնիկի» իմիջ - համեստ, ամաչկոտ, կախված ուրիշներից, չշփվող, դժվարանում է իրեն որպես կին եւ որպես աշխատող ներկայացնել,  հաճախ էրուդիտ, շատ բան է  նկատում, շատ բան գիտի եւ կարող է անել, սակայն դժվարանում է իր իմացածը ներկայացնել: Շարժումները կաշկանդված են, ձայնը` ցածր, հագուստը` համեստ, դիմահարդարումը շատ անգամ բացակայում է:

psychology «Ժամանակակից կնոջ» իմիջ- ունի ստեղծագործական եւ բազմակողմ մոտեցում, որն ուղղված է անձի զարգացմանը, իր վառ անհատականության ձեւավորմանը, նրա ներքին ներդաշնակության պահպանմանը, ձգտում է միշտ իրազեկ լինել, արագ որոշումներ է որոնում եւ այլն:

Կյանքի ժամանակակից դինամիկան շատ բաներ է հեշտացնում, եւ ոճերը, որոնք նախկինում ստույգ սահմանված էին, խառնվում են, միահյուսվում եւ փոխակերպվում, բայց եւ այնպես կնոջ ստեղծած կերպարը պետք է խոսի նրա սոցիալական դիրքի, ստատուսի, կրթվածության մակարդակի, մասնագիտության եւ անգամ հոգեկան ապրումների մասին:

Ճիշտ ընտրված վարքագիծը, ժեստերի եւ խոսքի դրվածքը, արտաքին ոճը, մասնագիտական հմտությունների տեղին կիրառումը, եւ այլն, բացում են կնոջ անսպառ ներուժը եւ նորանոր ստեղծագործական հորիզոններ ստեղծում: Որքան գրագետ է ստեղծված իմիջը, այնքան հեշտ է հետագայում կառավարել մարդկանց մոտ ստեղծված տպավորությունները, այդքան ավելի էֆեկտիվ է դառնում շփումը, ավելի հեշտ է հաջողվում համակրանք առաջացնել, հարգանքի արժանանալ:

Գրագետ մշակված իմիջը գրավում է շրջապատի ուշադրությունը, կնոջ շուրջ ստեղծում է համակրանքի մթնոլորտ եւ դարձնում նրան սոցիալապես պահանջված անձնավորություն:     

Հոգեբան-իմիջմեյքեր` ԼԻԼԻԹ ԱԴԻԲԵԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում