livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

Այսօր կնոջ դերը հասարակության մեջ ընկալվում է այլ կերպ: Իսկ այդ այլ կերպը արտահայտվում է նրանով, որ բավական մեծ նշանակություն ունի կինը հասարակական ու սոցիալական կյանքում՝ իր անհատականությամբ, հմայքով, մայրական քնքշանքով եւ կանացի հատուկ բնավորությամբ: Իսկ ի՞նչ առանձնահատկություններ են դրանք, որոնց շնորհիվ այսօր կինը տղամարդու հետ գրեթե հավասար է քայլում հասարակական ու քաղաքական կյանքում, այս հարցերով զրուցեցինք հմայիչ կին հոգեբան` ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

 

- Անշուշտ, շատ կարեւոր է կնոջ դերը հասարակության մեջ` ցանկացած սոցիալական խմբում, լինի դա ընտանիք, աշխատավայր: Կնոջ եւ տղամարդու ներկայությունը, երբ հավասարակշռված է  գործում լրացնելու գործոնը, միշտ տվյալ օղակը լավագույն ձեւով է գործում: Կինը ու տղամարդը որքան տարբեր են, այնքան էլ նման են, սակայն հոգեբանությունը ապացուցում է, որ ավելի շատ նման են հոգեբանական իմաստով, իսկ տարբերությունները շատ ավելի ցցուն են, աչքի զարնող: Աստված այնպես է ստեղծել կնոջն ու տղամարդուն, որ նրանք երբ իրար կողք են, լրացնում են մեկը մյուսին հոգեբանական առումով: Եվ այս առումով, բնականաբար, կնոջ դերը հասարակության մեջ պետք է այդ հավասարակշռվածությունը պահպանելու համար: Մեր հասարակության մեջ կա մի ստերեոտիպ, երբ կարծես կնոջը ընկալում են ավելի պակաս խելացի, քան տղամարդուն, որը կարծես դուր է գալիս տղամարդկանց, սակայն կանայք եւս կարծես ընդունում են այդ հանգամանքը եւ շատ ժամանակ մտնում են այդ դերի մեջ: Այս առումով հետազոտություններ են կատարել ամերիկացիները, որոնք ժամանակակից հետազոտություններ են: Իսկ նախկին հետազոտություններում մենք կհանդիպենք ավելի ցածրացուցիչ ընկալման կնոջ մասին, օրինակ, հայտնի փիլիսոփա Սոկրատեսը ասել է. «Երջանիկ լինելու համար հարկավոր է լինել մարդ եւ ոչ թե կենդանի, հարկավոր է լինել հույն եւ ոչ թե բարբարոս, եւ հարկավոր է լինել տղամարդ, այլ ոչ թե կին»: Բայց քաղաքակրթությունը գնալով զարգանում է, կինը անցնում  է ինքնահաստատման ճանապարհ: Իսկ ինտելեկտի չափման մեջ չի կարելի ասել, որ տղամարդը ավելի խելացի է, քան կինը, ուղղակի բանականության ու ինտելեկտի տարբերություն կա: Տղամարդկանց ինտելեկտը ավելի շատ հիմնված է ձեւական-տրամաբանական կառույցների վրա: Ձեւական ասելով նկատի ունենք դատողությունները, հասկացությունները ու եզրահանգումները, որոնք նրանց մոտ ավելի լավ են գործում: Իսկ կանանց մոտ կա ինտուիտիվ մտածողության  առավելությունը: Երբ կինը եւ տղամարդը կանգնած են ինչ-որ խնդրի առջեւ, տղամարդը հարցին մոտենում է զուտ տրամաբանական տեսանկյունից՝ մտածելով, որ լուծում չկա, կամ լուծումը կբերի միայն սրան, իսկ կինը նայում է խնդրին, շատ չի խորանում դատողությունների ու հասկացությունների մեջ, եւ այդ պահին գլուխ է բարձրացնում ինտուիցիան եւ ասում, որ պետք է էսպես լինի: Եվ շատ հաճախ ճիշտ է դուրս գալիս կինը, չնայած, երբ տղամարդը ասում է՝ բացատրիր, թե ինչու է պետք այսպես հարցին լուծում տալ, կինը  չի կարողանում բացատրել, բայց նա զգում է վերջնարդյունքը, որ այդպես ավելի ճիշտ է: Ինտուիցիան կարող է մի փոքր առաջ ընկած լուծումներ տալ: Որքան որ տրամաբանությունը հզոր բան է, սակայն երբեմն այն կարող է մեզ ծուղակը գցել: Այս առումով մենք չենք կարող ասել, որ տղամարդը չունի ինտուիցիա՝ կամ կինը տրամաբանություն:

- Կարո՞ղ եք մի որեւէ օրինակ բերել տղամարդու տրամաբանական ծուղակի:

- Մի աթենացի ասում էր, որ բոլոր աթենացիները ստախոս են:  Ուրեմն, եթե բոլոր աթենացիները ստախոս են, նշանակում է, որ ինքն էլ, լինելով աթենացի, ստախոս է եւ սուտ է ասում, որ բոլոր աթենացիները ստախոս են: Իսկ եթե սուտ է ասում, որ բոլոր աթենացիները ստախոս են, նշանակում է, որ բոլոր աթենացիները ճշմարտախոս են, եւ ինքն էլ, աթենացի լինելով, ճշմարտախոս է եւ հետեւաբար ճիշտ է ասում, որ բոլոր աթենացիները ստախոս են: Ահա այս կախարդական օղակը գնում է գնում, եւ այդպես էլ չես հասկանում՝ իրականում նրանք ստախո՞ս են, թե՞ ոչ: Սա շատ տիպիկ ձեւական-տրամաբանական մտածելակերպի օրինակ է, որի արդյունքում իրականությունը չենք պատկերացնում:

 

ՏՂԱՄԱՐԴԻՔ ԱՎԵԼԻ ՓԽՐՈՒՆ ԵՆ, ՔԱՆ ԿԱՆԱՅՔ

 

- Հնարավո՞ր է, որ հենց կանացի ինտուիցիայի հզոր լինելու հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ տղամարդիկ մեզ անվանում են ուժեղ սեռ:

- Գիտեք, տղամարդիկ այդպես են մտածում, քանի որ նրանք իրենց հոգու խորքում համոզված են, որ կինը իրենց կյանքում բավականին ազդեցիկ էակ է: Նույնիսկ ամենաառնական, ամենաինքնահաստատված տղամարդու համար գտնվում է կին, որի ազդեցությունը նա միանգամից զգում է իր վրա:

- Իսկ դա չի՞ ազդում տղամարդկանց ինքնագնահատականի վրա:

- Գիտեք, տղամարդիկ ավելի փխրուն են, քան կանայք: Որպեսզի տղամարդը իր ինքնագնահատականը բարձր պահի, անընդհատ կանացի գոտեպնդման, կնոջ կողմից գովասանքի ու գնահատականի անհրաժեշտություն է զգում՝ իր եսը բարձր պահելու համար: Ինչ խոսք, կինը եւս ունի դրա անհրաժեշտությունը՝ իր կանացիության մեջ ինքնահաստատվելու համար, բայց ոչ գործնական առումով, իսկ տղամարդը հասարակության մեջ պետք է պահպանի իր առնական կեցվածքը, որը իրենք ստանում են կնոջ կողմից տրված գնահատականով: Նույնիսկ վերլուծաբան հոգեբանները շատ խորը ուսումնասիրություններ կատարելով՝ եկել են այն եզրակացության, որ տղամարդիկ նույնիսկ վախենում են կանանցից, որի մասին չեն սիրում լսել կամ ընդունել, ինչպես նաեւ կանայք չեն բարձրաձայնում, որ դա այդպես է, բայց հոգու խորքում լավ էլ ընդունում են: Հնագույն ժամանակներում, երբ տղամարդիկ որսի էին գնում, դրա նախորդ օրը ոչ մի գործ չէին ունենում կնոջ հետ, որովհետեւ կինը կխլեր տղամարդու ուժերը ամբողջությամբ: Այս տեսակետից քրիստոնեության մեջ եթե նայում ենք, ապա ոչ մի եկեղեցում չենք գտնի կին հոգեւոր սպասավորի, ինչպես նաեւ ընդունված է, որ կինը երեխա ունենալուց հետո 40 օր չպետք է մտնի եկեղեցի, քանի որ համարվում է անմաքուր: Երբ շատ ժամանակ մասնագիտական առումով խորամուխ ենք լինում տղամարդկանց հոգեկան աշխարհ, նկատում ենք այդ վախի զգացումը:

- Կարելի՞ է ասել, որ հենց այդ ինտուիցիայի շնորհքն է, որ կանայք գուշակությամբ են զբաղվում:

- Գոյություն ունի կախարդ կնոջ կերպար: Կա նաեւ նմանատիպ արխեոտիպ, մարդկանց կոլեկտիվ անգիտակցականում, որը միայն կնոջն է բնորոշ, եւ դժվար է պատկերացնել տղամարդկանց դեպքում: Ի վերջո չմոռանանք առաջին կնոջը` Եվային: Կա նաեւ նման հասկացողություն` մայր-հայրենիք: Ֆրանսիացիները այն անվանում են` քնքուշ հայրենիք: Իսկ ահա հրեաների մոտ բավականին ընդգծված է կնոջ դերը: Իսկ հայկական ընտանիքներում կա եւ եղել է խտրականություն, սակայն չենք կարող ասել, որ կնոջ դերը մեր ընտանիքներում երկրորդական է եղել: Օրինակ, նահապետական հայկական ընտանիքներում նահապետի կոջ՝ մոր կերպարը շատ հզոր է եղել ընտանեկան խորհրդակցությունների ժամանակ, սակայն ի տարբերություն դրա՝ ստորացուցիչ վիճակում եղել են նորահարսները: Սակայն հարցը այն է, որ երբ մի բան ընդունված է լինում քո մշակույթի մեջ, դու դա նորմալ ես ընկալում եւ առանձնապես տառապանքներ չես կրում: Օրինակ բերեմ մի փաստ. հայ կինը ասում է՝ երբ իմ ամուսինը չի պառկում բազմոցին եւ ասում՝ մի բաժակ սուրճ բեր, ես մի տեսակ անհանգստանում է՝ մտածելով, որ ամուսինս նեղացել է, իսկ այս նույն դիպվածով ամերիկացի կինը այդ հանգամանքը կհամարի բռնություն իր նկատմամբ:

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ

 

- Չե՞ք կարծում, որ այնուամենայնիվ ժամանակակից հայ կինը արդեն իսկ գնում է դեպի ամերիկանացման եւ ի՞նչ արդյունքների կբերի այն մեզ նման փոքր երկրում: Չե՞ք կարծում, որ այս ձեւով կանհետանա հայ կնոջ կերպարն ու ավանդույթները:

- Երբ մեր երկրում նոր-նոր զարգանում էր գենդերային շարժումը, կար մի փոքր զգուշավորություն, որ կինը հանկարծ գլուխ չբարձրացնի, կնոջը ավելորդ անգամ չկպնեն: Սակայն ես միշտ հանգիստ եմ եղել այն առումով, որ մեր երկրում այդ անցումը այդքան չի ազդի մեզ վրա, քանի որ գոյություն ունի ազգային բնավորություն, ավանդույթների բավականին կայուն հիմքեր: Եթե նկատել եք, այս վերջին տարիներին առավել քչացել են ներընտանեկան բռնությունները, եւ կինը հիմա կարողանում է գնալ ինքնահաստատման: Կան շատ մշակույթներ, որտեղ կանանց եւ աղջիկներին վերաբերվում են հատուկ բռնությամբ:  Աֆրիկյան երկրներում, օրինակ, վնասում են աղջիկ երեխաների սեռական օրգանները, ծնված ժամանակվանից, եթե այդ երեխան իրենց համար ցանկալի չէ: Իսկ արաբական երկրներում, եթե կինը ուզում է երկրից դուրս գալ, մինչեւ չունենա ամուսնու գրավոր համաձայնագիրը՝ նա  չի կարող դուրս գալ:

- Ինչպե՞ս եք տեսնում հայ կնոջը քաղաքականության մեջ եւ ի՞նչ հարաբերակցությամբ պետք է լինի այն:

- Ես բավականին կարեւորում եմ կնոջ դերը քաղաքականության մեջ: Պատկերացրեք, եթե խորհրդարանում չլինեն կին պատգամավորներ, տղամարդիկ իրենց արտահայտություններում շատ ավելի ազատ կլինեն: Երբ գնում ես ընտրության եւ ցուցակում լինում է կին, այստեղ մի փոքր վարանում ես: Այս դեպքում կապ չունի սեռային պատկանելությունը, եւ պետք է նայել մարդու արժանիքներին, կրթվածությանը եւ այլն: Մեր իրականության մեջ կան շատ կանայք, որոնք ավելի արդյունավետ են աշխատում, քան տղամարդիկ: Կանայք ավելի սոցիալական էակներ են, որոնք իրենց փափկասունությամբ ու մայրական զգացմունքներով ստեղծում են ավելի դրական իրավիճակ` յուրաքանչյուր միջավայրում: Իսկ տղամարդիկ ավելի շատ իրենց անձնական հաղթանակների մասին են մտածում, որ պետք է լինի իրենց ասածը, ու վերջ:

 

ՈՒ՞Մ ԲԱՆԲԱՍԱՆՔՆ Է ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ


- Իսկ ինչո՞վ են տարբերվում կնոջ ու տղամարդու բամբասանքները:

- Այս դեպքում կնոջ բամբասանքը եւս սոցիալական  բնույթի է: Նրանք խոսում են այդ պահին հանգստանալու համար:  Իսկ ահա տղամարդկանց բամբասանքը ավելի ագրեսիվ է, տրամաբանող, ոչնչացնող ու նպատակաուղղված: Այսինքն՝ խոսքը կարող է գործ դառնալ, որը հեչ պարտադիր չէ կանանց մոտ: Այս առումով, երբ կինը առավել ակտիվ դերակատարում է ունենում հասարակական կյանքում, կարծես շատ բան բալանսի է գալիս: Օրինակ, կոռուպցիայի հոգեբանությունը բարոյականությունից հեռու մի իրավիճակ է, եւ եթե կանայք ավելի շատ լինեն այս հասարակական ու քաղաքական ոլորտներում, այս ամենը ավելի կփափկանա, կմեղմանա, թեեւ կանայք եւս կաշառք վերցնում են:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ մեզ նման երկրի համար ճի՞շտ կլինի ունենալ կին նախագահ:

- Ես դժվարանում եմ ասել, սակայն եթե լինի արժանավոր կին, ուժեղ բնավորությամբ, կայուն, նպատակասլաց, հայրենասեր, ապա ինչո՞ւ ոչ: Բայց, հաշվի առնելով մեր ստերեոտիպը, պետք է նշեմ, որ տղամարդը մի տեսակ հենարանի, պաշտպանի ու ապահովության, ամրության զգացման սիմվոլիկայի կրող է, իսկ կինը ավելի քնքուշ, նեղ ու ծանր պահերին հասնող, հոգատար ու լսող էակ է: Եվ քանի որ մեր երկրում այժմ բավականին բարդ է իրավիճակը թե ներսում եւ թե դրսում, ապա այս պահին մեզ ավելի անհրաժեշտ է ունենալ ապահովության ու ամրության այդ զգացումը: Կարծում եմ, որ մենք այս պահին այնքան էլ պատրաստ չենք կին նախագահ ունենալուն: Մեզ նման հոգեբանություն ունեցող երկրի պայմաններում 40-60 հարաբերակցությամբ կինը պետք է լինի քաղաքականության եւ հասարակական այլ օղակներում, իսկ լրիվ հավասարը եւ չի ընկալվի, եւ արդյունավետություն չի տա:

 

ԿԻՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է, ՏՂԱՄԱՐԴԸ ԿՈՐՑՆՈՒՄ


- Իսկ ինչո՞ւ են սկսել ասել, որ կանայք ուժեղ սեռ են, իսկ տղամարդիկ գեղեցիկ:

- Գիտեք, քաղաքակրթությունը բերում է ֆեմինիզացիայի: Պետք չէ կնոջը այդքան ուժեղ պատկերացնել, եւ պետք է թույլ տալ, որ կինը թույլ լինի: Ուղղակի այսօր մի փոքր խաթարվել է կնոջ եւ տղամարդու դերակատարումը թե հասարակության եւ թե ընտանիքի մեջ, որի արդյունքում պարզապես կանայք ավելի են ակտիվացել, իսկ տղամարդիկ, կորցնելով աշխատանքը կամ չկարողանալով այն գտնել, դառնում են ավելի խոցելի, ագրեսիվ եւ ինչ-որ տեղ՝ նաեւ դեմքը կորցրած: Կինը նահանջում է իր կանացիության մեջ, իսկ տղամարդը՝ իր առնականության: Այս առումով ընտանիքում սկսվում են անհաշտություններ, բռնություններ, խանդ եւ այլն:

-  Ի՞նչ կմաղթեք վերջում մեր կանանց մարտի 8-ի կապակցությամբ:

- Կցանկանայի, որ մեր կանայք ունենային այն հոգեբանական ու կենցաղային կարեւոր բաները, որ իրենց սիրված կին զգան: Եվ ամենակարեւորը, որ ես կցանկանայի դա այն է, որ մեր կանայք պետք է ինքնահաստատված լինի, եւ ունենան այնքան քնքշանք, որ կարողանան շրջապատված լինել իրենց սիրելի մարդկանցով:

Զրույցը`
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում