livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Ամեն տարի հազարավոր մարդիկ, հատկապես կանայք եւ աղջիկները դառնում են առեւտրի, շահագործման եւ խաբեության զոհ: Նրանց խաբում են, վաճառում, շահագործում, ստիպում զբաղվել անվայել եւ բարոյազրկող աշխատանքներով, ենթարկում ֆիզիկական եւ սեռական բռնության, ծեծի, խոշտանգումների, հոգեբանական ճնշման: Թրաֆիքինգը տրանսնացիոնալ կազմակերպված հանցագործության մի տեսակ է, որը չափազանց գրավիչ է կազմակերպված հանցավոր խմբերի համար, անհամեմատ ցածր ռիսկի է եւ աչքի է ընկնում բարձր շահութաբերությամբ: Թրաֆիքինգով զբաղվող մարդու մտադրությունը չի եզրափակվում զոհին միայն նշանակետ երկիր անօրինական փոխադրելով: Զոհի նկատմամբ իրականացվում է սեփականության իրավունք, այսինքն՝ մարդն ինքնին հանդիսանում է սեփականության օբյեկտ: Նրա հարկադիր աշխատանքի արդյունքից օգտվում է բացառապես այլ անձ կամ անձինք: Ըստ պաշտոնական տվյալների՝ մարդկանց առեւտրի միջոցով կազմակերպված հանցավոր խմբերը աշխատում են տարեկան շուրջ 3,5 միլիարդ դոլար:

 

Այսօրվա իմ զրուցակիցը սեռական շահագործման է ենթարկվել Թուրքիայում, մասնավորապես՝ Իզմիր քաղաքում: Եվ զարմանալի չէր, որ նա ողջ զրույցի ընթացքում անընդհատ նույն արտահայտությունն էր կրկնում. «Ինձ նսեմացրել են, ինձանից խլել են ինքնասիրությունս ու արժանապատվությունս»:

Անին 23 տարեկան է: Բնակվում է Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկում: Ծնողների միակ զավակն է: Խառնվածքով աշխույժ է, մարդամոտ, անմիջական ու նպատակասլաց: Եվ պատահական չէ, որ դեռ դպրոցական տարիքից առաջնորդվում էր հետեւյալ նշանաբանով. «Պետք է անել այն, ինչ սիրում ես, եւ դա հաճախ ավելի կարեւոր է, քան այն, ինչ պարտավորված ես անել»: Փոքրիկ Անին երազում էր մեծ սիրո եւ երջանիկ ապագայի մասին: Դպրոցն ավարտելուց հետո որոշել էր ուսումը շարունակել համալսարանի իրավագիտության բաժնում: Ոգեւորված երջանիկ վառ ապագայի հույսերով` ջանք ու եռանդ չէր խնայում իր նպատակին հասնելու՝ իր երազած մասնագիտությունը ձեռք բերելու համար: Վստահ էր, որ իր համար եւս կհնչեն բուհական առաջին զանգերը: Եվ կհնչեին, եթե ընտանեկան վիճակը կտրուկ չվատանար, ծնողները գործազուրկ չդառնային, իսկ կուտակվող պարտքերը օր օրի ահավոր չափերի չհասնեին: Ծնողները զրկվել էին աշխատանքից, ընտանիքում սկսեցին համարյա ամեն օր ծագել վեճեր, մեկը մյուսի հասցեին լսվում էին վիրավորանքներ, որոնց հիմնական շարժառիթը ապրուստի միջոց չունենալն էր: Բայց նույնիսկ այդ ծանր պահերին Անին չէր էլ պատկերացնում, որ ճակատագրի դաժան անակնկալը դեռ առջեւում էր:

Ընտանիքի վիճակը գնալով ավելի ու ավելի էր ծանրանում: Արդեն հանապազօրյա հացի գումար չունեին, իսկ պարտք էլ ոչ ոք չէր տալիս: «Աշխատանք չունեք, ինչո՞վ պիտի փակեք: Եղածները չեք կարողանում փակել, ի՞նչ հույսով եք նոր պարտքերի մասին մտածում»,- ասում էին պարտքատերերը:

Տեսնելով ընտանիքի նյութական ծանր վիճակը, բազում պարտքերը` ընտանիքի ծանոթներից մեկը՝ Մ.-ն, Անիին առաջարկում է բարձր վարձատրվող աշխատանք Թուրքիայում: Համոզիչ լինելու համար Մ.-ն օրինակ է բերում ծանոթին, որը, նույն աշխատանքը Թուրքիայում կատարելով, մի քանի ամսում «տան փող է աշխատել» եւ վճարել բոլոր պարտքերը: Անին այլընտրանք չուներ, ուստի, առանց երկար մտածելու, համաձայնեց: Նա այսպես է ներկայացնում իր կյանքի ոդիսականը.

- Ծնողներս, իմանալով, որ աշխատանքը Թուրքիայում է, կտրականապես արգելեցին մեկնել, բայց ես այլեւս չէի դիմանում ծնողներիս վեճերին, որոնց հիմնական պատճառը, ինչպես նշեցի, փող չունենալն էր: Հագուստներս հավաքեցի գիշերը եւ առանց որեւէ մեկին զգուշացնելու մեկնեցի: Մեկնելիս մեծ հույսեր ունեի, որ վերադառնալով` կկարողանամ վճարել ընտանիքիս պարտքերը, եւ մեր ընտանիքն էլ մյուս ընտանիքների նման կապրի հաշտ ու համերաշխ, առանց ծեծի ու ջարդի:

- Արդարացա՞ն Ձեր հույսերը Թուրքիայում:

- Ավա՜ղ... Թուրքիա հասնելուն պես Մ.-ն ասաց, որ մոռանամ սպասուհու աշխատանքի մասին: Այնտեղ ես պիտի զբաղվեմ մարմնավաճառությամբ եւ առաջին հերթին մտածեմ ճանապարհածախսի գումարը վճարելու մասին: Ես, իրոք, փորձում էի ընդդիմանալ, բայց իմ դժգոհությունները լսող չկար: Մ.-ն խլեց ինձանից անձնագիրս, անձնական իրերս եւ հրամայեց, որ առանց «ձեւեր թափելու» գնամ եւ աշխատեմ: «Դու պիտի մոռանաս համեստ կյանքիդ մասին, այստեղ օրենքները ես եմ թելադրում»,- ասում էր Մ.-ն: Ինձ տվեցին կարճ շրջազգեստներ, բարձրակրունկ կոշիկներ եւ կանգնեցրին փողոցում: Ես պիտի առաջարկեի ինձ, եւ եթե փողոցով անցնող մարդկանց մեկի դուրը գալիս էի, տանում էին հյուրանոց, ինձ հետ սեռական հարաբերություն ունենում, վարվում ամենավերջին անբարոյականի նման: Այն դժոխքը, որի միջով ես եմ անցել, չեմ ցանկանա նույնիսկ ամենաոխերիմ թշնամուս: Ահավոր էր, նվաստացուցիչ: Աշխատածս գումարը տալիս էի Մ.-ին: Փողոցում աշխատեցի մի քանի օր, մինչեւ կարողացա վճարել ճանապարհածախսի գումարը: Հետո Մ.-ն ինձ տարավ բար, եւ ես արդեն սեռական ծառայություններ պիտի մատուցեի բարի հաճախորդներին, որոնց գերակշիռ մասը տարեց մարդիկ էին: Մ.-ն ինձ զգուշացնում էր, որ, եթե խելքս գլուխս չհավաքեմ, մի կլորիկ գումարով ինձ կվաճառի: Զգուշացմանը հետեւեց համապատասխան քայլը: Երկու օր հետո Մ.-ն ինձ 3000 դոլարով վաճառեց բարի մշտական հաճախորդ, ազգությամբ քուրդ Մուսլում անունով մեկին: Եվ Մուսլումն ինձ տարավ իր տուն՝ որպես երրորդ կին: Սկզբնական շրջանում նա ինձ հետ լավ էր վերաբերվում, նույնիսկ խղճում էր, ինձ ձեռք չէր տալիս: Բայց դա ընդամենը ժամանակավոր խաբկանք էր: Աստիճանաբար նա վերաբերմունքը փոխեց դեպի վատը: Անընդհատ հիշեցնում էր, որ ինձ սովորական ապրանքի նման գնել է: Իսկ երբ իմացավ, որ երեխայի եմ սպասում, կատաղեց: Գրեթե ամեն օր ծեծում էր, սոված պահում, ստիպում էր գնալ դաշտերը, արեւի տակ աշխատել: Այլեւս ոչ մի տեղից ոչ մի դրական ակնկալիք չունեի: Լրիվ թեւաթափ էի եղել: Ծնողներիս հետ կապը ամբողջությամբ կտրվել էր: Միակ հույսս այն էր, որ երեխայի ծնունդը ինչ-որ կերպ կմեղմացնի Մուսլումին: Բայց` ոչ. պատմությունը կրկնվում էր: Երեխայի ներկայությունը ոչ միայն չմեղմացրեց նրա զայրույթը, այլ` ընդհակառակը. նա թշնամաբար էր մոտենում ե՛ւ ինձ, ե՛ւ երեխայիս: Ծեծում էր ոչ միայն ինձ, այլ նաեւ բարբարոսաբար տանջանքների էր ենթարկում նորածին երեխայիս, սպառնում էր 10-րդ հարկից գցել փոքրիկիս: Այլեւս անհնար էր դիմանալ անվերջանալի ծեծերին, նվաստացումներին: Մի օր էլ որոշեցի գիշերով երեխայիս հետ փախչել: Մի կերպ դադարներով կարողացա հասնել Հայաստան` հույսով, որ հարազատներիս կողքին ինձ ապահով ու վստահ կզգամ, ինչքան էլ ծանր վիճակում լինեմ: Բայց այստեղ էլ հույսերս ի չիք դարձան. ո՛չ ծնողներս, ո՛չ հարազատներս ինձ չընդունեցին: Միայն հիշեցրին, որ առանց որեւէ մեկի թույլտվության վեր եմ կացել եւ գնացել, իսկ հիմա երեխան գրկիս վերադարձել եմ: «Դե՛, ինչպես ինքնագլուխ գնացել ես, այդպես էլ հիմա գլուխդ պահիր: Մենք այլեւս դուստր չունենք, դու խայտառակում ես ե՛ւ մեզ, ե՛ւ մեր հարազատներին»,- ասում էր մայրս:

Այդ դժվար պահերին բոլորն ինձանից երես թեքեցին, ոչ ոք չփորձեց ինձ հասկանալ, կարեկցել: Բայց, ախր, Թուրքիա մեկնելիս բոլորովին ուրիշ ծրագրեր, սպասելիքներ ունեի, ինքս էլ չէի ցանկանա նման իրավիճակում հայտնվել: Կեցության խնդրանքով դիմեցի մտերիմ ընկերուհուս, որի մոտ մնացի շուրջ երկու ամիս: Նա ինձ օգնեց, որպեսզի աշխատանք գտնեմ: Հիմա ապրում եմ երեխայիս հետ: Կատարում եմ տնային աշխատանքներ, հավաքարարություն: Եվ միայն երեխաս է, որ ինձ ուժ ու ապրելու ցանկություն է տալիս: Հիմա ծնողներս քիչ թե շատ փորձում են հասկանալ, փոքր-ինչ օգնում են, երեխայիս փորձում են ընդունել որպես իրենց թոռնիկ...

Ուզում եմ կոչ անել մեր հայ աղջիկներին, որ, ինչքան էլ դժվար իրավիճակում հայտնվեն, չբռնեն արտերկրի ճանապարհը, մանավանդ որ` անփորձ են: Ավելի լավ է` կես կտոր հաց վաստակեն հայրենիքում, քան կեղտոտ միլիոններ` արտերկրում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում