livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

VikaՍովորաբար շատերն առանձնացնում են կանացի եւ ոչ կանացի մարզաձեւեր, մասնագիտություններ: Օրինակ, դժվար թե որեւէ մեկը լեռնափրկարարի մասնագիտությունը համարի կանացի: Չշահագործելով ընթերցողի համբերությունը` միանգամից ներկայացնենք մեր ակնարկի հերոսուհուն:

ԱՐՄԱՏՆԵՐԸ

ՎԻԿՏՈՐՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ծնվել է 1990թ.: Ավարտել է «Բերկուտ» թիկնապահական քոլեջը, սովորում է հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի «փրկարարական գործ» բաժնում: Աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատում. լեռնափրկարար է, ավագ ենթասպա:

Վիկտորյայի մորական տատիկը Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան է, եղել է հրետանավոր: Նա իր թոռնուհուն է փոխանցել ոչ միայն անունն ու շքանշանները, այլ նաեւ խիզախությունն ու հայրենասիրությունը:

Վիկտորյայի մայրը լրագրող Թերեզա Ասատրյանն է: Երեւի քչերը գիտեն, որ Թերեզան դեռեւս 1977-80 թթ. լրջորեն զբաղվել է ծանրամարտով եւ պատրաստվում էր աշխարհի առաջնությանը, սակայն ծնկահոդի վնասվածքի պատճառով վիրահատության է ենթարկվել եւ թողել ծանրամարտը: Ի դեպ, Թերեզան եւ աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը մտերիմ ընկերուհիներ են:

1992-95թթ. Թերեզան դասախոսել է հայկական պետական մանկավարժական ինստիտուտում եւ այդ ժամանակ անձնական նախաձեռնությամբ ու միջոցներով բարեգործությամբ է զբաղվել եւ մեկնել թեժ կետեր` իր հետ տանելով սնունդ, հագուստ, դեղորայք: Այդ նպատակով նա եղել է ռազմադաշտում, որտեղից էլ լուսաբանել է Արցախյան պատերազմը: Նույն առաքելությամբ նա հայտնվել է Հայաստանի եւ Ռուսաստանի գրեթե բոլոր կալանավայրերում: Ինքնանպատակ չէ մեր ակնարկի հերոսուհու հարազատներին ներկայացնելը: Մեր նպատակն է, որպեսզի ընթերցողը եւս մեկ անգամ համոզվի, որ դաստիարակության եւ կրթության հետ մեկտեղ կարեւոր է նաեւ ապուպապերի արյան եւ մայրական կաթի միջոցով ժառանգած առանձնահատկությունները: Դա կոչվում է գենետիկ կոդ եւ արտահայտված է Վիկտորյայի էության մեջ:

ՓՐԿԱՐԱՐԸ ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿ Է

Vik1Ըստ Վիկտորյայի` փրկարար կարող է դառնալ նա, ով ունի տիեզերքի չափ հոգի, չբեկվող կամք, անձնազոհության աստիճանի Սեր մարդու նկատմամբ, համապատասխան պատրաստվածություն եւ գիտելիքներ. «Հավատացե՛ք, ես ճռճռան բառեր չեմ ասում, որ տարբերվեմ ուրիշներից կամ թե հաճելի թվամ... Քավ լիցի, ես հեռու եմ ամեն տեսակ ձեւականություններից: Ավելի ստույգ` փրկարարին հարիր չէ ձեւացնելը»: Ապա նա ավելացնում Է. «Թվարկածս հատկություններով օժտված են նախարարից մինչեւ ենթասպա: Նրանց բոլորի մեջ տիեզերքի չափ Աստծո լույս կա, իսկ հոգու մեջ` Փրկչի մի մասնիկը: Եղել է դեպք, որ փրկարարն անձնազոհ է եղել է` ուրիշ մեկին փրկելու համար: Փրկարարը մարդու տեսակ է` «մարդու մեջ փրկիչ»: Մեր մասնագիտության առաքելությունը փրկելն է, ինչ իրավիճակներում էլ լինենք, դրա համար էլ կոչվում է արտակարգ իրավիճակների նախարարություն... Միշտ, բոլոր ժամանակներում կանայք տղամարդկանց անբաժան մասն են եղել ամենուր` օդում, ջրում եւ ցամաքում, ինչպես իմ հրետանավոր Վիկտորյա տատիկը, տիեզերագնաց Տերեշկովան, պարաշյուտիստ ամուսիններ Իլիկչյանները (նրանք իմ ուսուցիչներն են), հրամանատար գեներալ Նազիկը, ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը... Այսպես կարելի է անվերջ թվարկել: Ես աշխատանքի մեջ սեռային տարբերություն չեմ տեսնում: Կարեւորը այն չէ, թե ինչ աշխատանք ես կատարում, այլ այն, որ կարեւոր գործ ես անում եւ կատարելապես տիրապետում ես արածիդ»:

Իսկ որ Վիկտորյան տիրապետում է իր գործին, մենք դրանում բազմիցս համոզվել ենք հեռուստաէկրանից եւ տեղեկացել մամուլից: Սեղանիս դրված են Վիկտորյայի  մասին խոսող փաստաթղթեր. տիրապետում է մի քանի զինատեսակի, մի քանի մարտարվեստի, ունի դիպուկահարի կոչում, պատվոգրի է արժանացել ֆուտբոլային առաջնությունում... Մի փխրուն ու հեզ, քնքուշ աղջիկ, որ գիտի կրակել, մարդկային կյանքեր փրկել եւ աղջկական ամոթխածությամբ կարմրել: Նաեւ նկարում է Վիկտորյան, նկարում է սովորական սեւ մատիտով` թղթի վրա: «Եթե մայրս չխանգարեր, գուցեեւ նկարչուհի դառնայի»,- ծիծաղելով պատմում է Վիկտորյան: Իսկ մի քիչ անց շարունակում է. «Մայրս ամեն անգամ նկարներին նայելով` կիսահանդիմանանքով ասում էր. «Պարծենալու բան չէ, ոչ էլ քեզանից է, որ նկարել գիտես: Սա Աստծո շնորհ ու պարգեւ է, պահպանիր այն, նկարիր` որքան կուզես, բայց դու մասնագիտություն պիտի ունենաս, պիտի ձգտես, ջանք ու քրտինք թափես եւ սովորես` սովորել»: Ամեն անգամ լսում էի մայրիկիս խոսքերն ու մտածում. «Անցած դարից եկած, կոմունիստական ռեժիմի ծնունդ մայրս ի՞նչ ջանքերի ու քրտինքի մասին է խոսում»: Բայց մայրիկիս խոսքերը աղոթքի նման են եղել: Մարգարեացան: Գոնե իմ կրթությունն ու ստացած մասնագիտությունները, ինչպես նաեւ փրկարարի աշխատանքը ամենօրյա ջանք ու քրտինք են պահանջում, որը ես մեծ նվիրումով եմ կատարում: Չեմ ասում, թե վախ չեմ զգում, բայց ես վախը դիտում եմ որպես զգոնության եւ զգուշության ազդակ: Դժվարությունները նրա համար են, որ հաղթահարես եւ էլ ավելի վստահ կանգնես այս հողի վրա: Աստծո օգնությամբ հաղթահարում եմ եւ Աստծուց շնորհակալ եմ ինձ բաժին հասած ճակատագրի համար: Նրա համար, ինչ կամեցել է, եւ ունեմ ես: Պաշտում եմ մեր եռագույն դրոշն ու զինանշանը: Ծանոթներս գիտեն այդ մասին եւ մի քանի անգամ ծննդյանս օրվա առիթով եռագույն դրոշ են նվիրել: Ցնծությանս չափ չկար: Վերջին անգամ անցած տարի էր` կրկին եռագույն դրոշ նվիրեցին: «Արցախ» երաժշտության ներքո ես պարեցի` իմ գլխավերեւում բարձր պահելով եռագույն դրոշը: Պիտի տեսնեիք, թե քանի հոգի մոտեցան ինձ ու խնդրեցին. «Ձեր դրոշը կտա՞ք, նկարվենք»: «Մեր դրոշն է, իմը չէ»,- ասացի եւ սիրով նկարվեցի նրանց հետ` դրոշը վերեւ պահած: Գալիս էին ու գալիս` կտա՞ք դրոշը, մենք էլ նկարվենք: Մենք հայրենասեր ազգ ենք, ոչ մի ազգ կամավորական ջոկատ չունի, երկրապահ ու ազատամարտիկ չունի, իսկ մենք ունենք, որովհետեւ բարձր արժեքներ կերտող ազգ ենք: Փառք ու պատիվ մեր պետությանը, մեր փառահեղ դրոշին ու զինանշանին, փառք ու պատիվ մեր ազգին, փառք ու պատիվ փրկարարին եւ նրա անկոտրում կամքին ու բոլոր ուսադիր կրողներին, որոնք պետություն են ներկայացնում եւ կրում են այդ ուսադիրների պատիվն ու պատասխանատվությունը»:

21 տարեկան է Վիկտորյան, 4 տարի է` աշխատում է հատուկ փրկարարական ջոկատում: 3 անգամ երդում է տվել պետությանը. «Ամեն անգամ, երբ դրոշը բարձրացել է, եւ հնչել է պետական հիմնը, անասելի հպարտության զգացում եմ ապրել: ՍԵր ու աղոթք է լցվել ներսս: Արժե ապրել (ոչ թե մեռնել) մեր երկրի համար, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Ինձ կհասկանան նրանք, ովքեր երդում են տվել եւ անկեղծորեն ծառայում են հայրենիքին: Դա մի ուրիշ բան է եւ վեր ամեն գեղեցիկից: Սա արժանապատվություն է: Իմ Հայաստան աշխարհի սահմաններում թող առհավետ խաղաղություն տիրի, եւ պատերազմ երբեք չլինի: Հպարտորեն ասում եմ, որ հաշվառված եմ մեր տարածքային զինկոմիսարիատում եւ, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում Հայրենիքս պաշտպանելու համար իմ ջոկատը կունենամ: Ես մշեցու թոռն եմ «ծուռ»: Իմ սիրած երգը «Հայ ենք մենք» եւ փրկարարի մասին երգն է, իսկ սիրածս երաժշտությունը` Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ փրկարարի հիմնն է»:

vik2Մեր զրուցակիցը վերջերս է ամուսնացել, ամուսինը փրկարար էր, հիմա նախարարությունում է աշխատում. «Մեր հարսանիքի օրվա առաջին երգն ու երաժշտությունը եղել են Հանրապետության հիմնը եւ փրկարարի երգը: Սիրում եմ իմ նոր ընտանիքը. հրաշալի մարդիկ են: Սկեսրայրս եւս ուսադիրներ է կրում, ամեն առավոտ եւ երեկո «ռազվոդի» ենք թե՛ ընտանիքում եւ թե՛ աշխատավայրում: Ինձ համար նորմալ է նման կյանքն ու կենցաղը: Իսկապես երջանիկ եմ, որ փոխադարձ սիրո եւ հարգանքի պայմաններում է անցնում ընտանեկան եւ աշխատանքային օրս: Դեռ շատ բաներ ունեմ սովորելու թե՛ իմ վերադասից եւ թե՛ հրամանատար Ավետիս Մանուկյանից»:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԹԱՇԿԻՆԱԿԸ

Մեր զրույցին միացավ նաեւ Վիկտորյայի մայրը` Թերեզա Ասատրյանը. «Արցախյան պատերազմի ժամանակ աղջիկներս 2-3 տարեկան էին: Պատահել է, որ նրանց (Տաթեւիկին, ով այժմ մասնագիտությամբ դատական փորձագետ է, եւ Վիկտորյային) ինձ հետ տարել եմ Ղարաբաղ: Առաքելությունս լրագրությունն էր եւ բարեգործությունը: Քարվաճառում թշնամու տանկ կար առգրավված: Մեր տղաներից մեկը Վիկային բարձրացրեց տանկի վրա, իսկ նա տոտիկ-տոտիկ հասավ փողին եւ նստեց: Վիկային անվանեցին խաղաղության թաշկինակ: Երեւի այդ ժամանակ էլ Վիկտորյան իր ուղին ընտրեց»:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում