livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

trafiking Աննան (կեղծանուն) այժմ 25 տարեկան է: Բնակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում, ծնվել եւ մեծացել է սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքում: սկ այժմ լսենք Աննային, ով հազիվ էր զսպում հուզմունքը. «Հայրս (եթե, իհարկե, նրան կարելի է հայր կոչել) հարբեցող էր: Հորս մասին հիշելիս մորս աչքի տակի կապտուկներն ու արցունքից չչորացող աչքերն եմ հիշում»: Չունենալով գոյատեւման միջոցներ` մայրը Աննային եւ քրոջը հանձնում է մանկատուն: «Երեւի մանկատանը անցկացրած ժամանակս իմ կյանքի ամանալուսավոր ու պայծառ տարիներն են: Հիշում եմ, թե ինչ երազանքներ ունեի, ամեն բացվող առավոտ  մտածում էի, որ այսօր մայրս կգա` կասի, որ տանը ամեն ինչ հարթվել է, եւ մեզ կտանի տուն: Երբեք հույսս չեմ կորցրել, որ ես էլ մի օր նորմալ ընտանիք կունենամ, առավոտյան կարթնանամ, ընտանիքով կնախաճաշենք, կքննարկենք մեր օրվա անելիքը: Բայց երանի իրականանար երազանքներիս գոնե մի մասը»:

Մանկատանը Աննան մնում է միչեւ չափահաս դառնալը: Չափահաս դառնալուն պես վերադառնում է տուն: Տեսնելով մոր անհույս, անորոշ վիճակը` Աննան սկսում է աշխատանք փնտրել, բայց ամենուր նույն հարցն է լսում` աշխատանքային փորձ ունե՞ք: Մի օր Աննայենց տուն է գալիս ոմն Անժելա (Անժո) անունով մեկը եւ հայտարարում, որ նա իրենց` Ռուսաստանում բնակվող բարեկամների մտերիմն է եւ եկել է նրանց մասին տեղեկություններ հաղորդելու: Աննան եւ մայրը բարեհամբույր ընդունում եւ ճանապարհում են Անժոյին:

«Անժոն, ծանոթանալով ինձ հետ, տեսնելով մեր պայմանները, ինձ առաջարկեց աշխատանք Թուրքիայում: Ասաց, որ ես պետք երեխա խնամեմ, որի համար օրական կստանամ 200 դոլար: Մայրս դեմ էր, ասաց, որ չնայեմ մեր վիճակի ծանր լինելուն, ավելի լավ է` Հայաստանում թեկուզ գրոշներով գործ ճարեմ, քան թե երկու օրվա ծանոթի հետ գնամ Թուրքիա: Ճիշտն ասած, այդ պահին մորս նման այդքան խորը չէի մտածում, շատ էի ոգեւորված բարձր աշխատավարձով: Մի խոսքով` համաձայնվեցի:

Անժոն ասաց, որ ճանապարհի եւ այլնի ծախսերը ինքը կհոգա, պրոբլեմ չկա: Հաջորդ օրը նա իմ անձնագիրը վերցրեց, միասին գնացինք անձնագրային բաժին, որտեղ կնիք խփվեց անձնագրիս մեջ: Տաքսիով գնացինք Երեւան, եւ Թուրքիա մեկնող ավտոբուսով Անժոն ինձ ճանապարհեց: Հասանք Տրապիզոն, որտեղ ինձ դիմավորեց Գոհարը եւ տարավ հյուրանոց, որտեղ արդեն բնակվում էին Հայաստանից եկած աղջիկներ: Հյուրանոցում Գոհարն ինձնից, բառի բուն իմաստով, խլեց անձնագիրս եւ հպարտորեն հայտարարեց, որ այսուհետ պետք է զբաղվեմ մարմնավաճառությամբ: Չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ինչ կատարվեց ինձ հետ. չէ՞ որ ես եկել էի Թուրքիա` որպես դայակ աշխատելու, այլ ոչ թե մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Միանգամից աչքիս դեմ հայտնվեց մորս խեղճ, աղերսող հայացքը, որը, կարծես թե, զգալով վտանգները, ամեն կերպ ցանկանում էր ինձ Թուրքիա գնալուց ետ պահել եւ  ասում էր. «Աննա՛ ջան, մոր սիրտը երբեք չի խաբում, լավ բան չեմ զգում: Գնալու ես, այնտեղ փորձանքի մեջ ընկնես: Օտար տեղ ա, ո՛չ տեր ունես, ո՛չ տիրական: Ես էլ իմ խեղճուկրակ հալով այստեղից այնտեղ ո՞նց եմ կարենալու մի բան անել: Ոչի՛նչ, այսքան տարի յոլա ենք գնացել, էլի յոլա կգնանք: Որ էսքան Աստված մեզ ուժ է տվել, դիմացել ենք, էլի կդիմանանք: Միայն թե դու մի՛ գնա: Էդ կնիկը ինձ մի տեսակ անվստահություն է ներշնչում, համ էլ` չե՞ս մտածում, թե ինչու, ընդամենը երկու օր մեզ ճանաչելով, միանգամից Թուրքիայում աշխատելու նման առաջարկ արեց: Էդքան բարի կամեցող էր, թող Հայաստանում մի տեղ դասավորեր, աշխատեիր: Մի՛ գնա, բալա՛ ջան, մեզ ոչ մի բան էլ պետք չի»:

Ես միանգամից հրաժարվեցի անբարոյականությամբ զբաղվելուց, ասացի, որ ինձ ետ ուղարկի Հայաստան կամ էլ տա այն գործը, որի համար եկել եմ: Առաջարկեցի նաեւ, որ եթե չի ստացվել նախատեսված աշխատանքը, կարող եմ նույնիսկ հավաքարարությամբ զբաղվել, աման լվանալ, բայց Գոհարը, բարձրաձայն ծիծաղելով, կարծես ծաղրանքով ասաց. «Աղջի՛կ ջան, կարո՞ղ ա` գիտես մորդ փորն ես ընկել: Ես ինչ ասում եմ, էն էլ լինելու ա: Գիտե՞ս, զարմանում եմ` Հայաստանից մի «էփեջա» աղջիկներ կան մոտս, որ իրենք էլ են զբաղվում նույն գործով, բայց նրանք, ճանաչելով ինձ, երբեք չեն հանդգնել իմ հա-ին չէ ասել, իսկ դու եկել, այստեղ «պրավա ես կաչատ անում», հլա մի բան էլ ինձ առաջարկություններ ես անում: Ուշքի՛ արի, էստեղի ասողը, որոշողը ես եմ, սսկվի, տեղդ նստի, նվնվոցդ չլսեմ, կոկորդիլոսի արցունք էլ չթափես.  հավատացող չկա: Մի խոսքով` էսօրվանից դու էլ ես համալրելու մարմնավաճառուհիներիս շարքերը: Փոխանակ ուրախանաս, որ հլա չեկած, քո մասին պատմելով «կլիենտներ» ես հավաքել, մի հատ էլ ձենդ գլուխդ ես գցում: Գնա՛, փոխվի՛, բարձրակրունկ կոշիկները եւ կարճ յուբկեքը պահարանից ջոկի՛, ամեն օր մեկը հագի՛»:

trafiking-2Երբ ես սկսեցի կրկին հակաճառել եւ չենթարկվել, հենց առաջին օրով Գոհարն ինձ դաժան ծեծի ենթարկեց, քացիների տակ գցեց` ասելով. «Ա՛յ, հիմա հաստատ խելքդ գլուխդ կգա»: Լացում էի, բայց նույնիսկ այնտեղի հայ աղջիկներն ինձ չէին օգնում, չէին հասկանում, ասում էին. «Քուր ջան, ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը: Առաջին օրը դժվար կլինի, հետո սովորական առօրյա կդառնա»: Աղջիկները Գոհարի հրամանով ինձ տարան մի սենյակ, որտեղ մի քանի ժամ անց սկսեցին ինձ մոտ գալ տարեց թուրք եւ քուրդ տղամարդիկ, որոնց ես պետք է զվարճացնեի, հետները գինի խմեի, դե, իսկ վերջում էլ` ոնց ուզում, էնպես էլ ինձ հետ վարվում էին: Սեռական ծառայություններ էին պահանջում ամենալկտի, անբարո ձեւերով, իսկ այդ ամենի համար պահանջվող գումարը տալիս էին Գոհարին կամ էլ Գոհարին հավատարիմ մարմնավաճառուհիներին: Հարկադրաբար, ուժի սպառնալիքով մարմնավաճառությամբ զբաղվում էի օրական քսանչորս ժամ` սպասարկելով 10-30 հաճախորդի, նույնիսկ հիվանդ ժամանակ, ջերմության մեջ: Ես անընդհատ Գոհարին խնդրում էի ուղարկել ինձ Հայաստան, ասում էի. «Մերս մեղք ա, որ ականջով ընկնի, թե ես ըստեղ ինչով եմ զբաղվում, ինչեր եմ անում, ում հետ, տեղնուտեղը ինֆարկտ կստանա, չի դիմանա. ինքը նամուսի մեռած կնիկ ա»: Բայց ամեն անգամ, երբ տուն գնալու մասին խոսք էի գցում, ինձ ծեծում ու սպառնում էր, որ կվաճառի թուրք կամ քուրդ կավատների կամ իզութոզս կկորցնի Թուրքիայի խորը շրջաններում, եւ ես երբեք չեմ տեսնի մորս երեսը: Կամ էլ կտեսնեմ, բայց արդեն` ոչ կենդանի մորս: Ասում էր. «Եթե էդ քո ասած նամուսով մոր մասին մտածող աղջիկ ես, ուրեմն ձենդ կտրած գործդ արա՛, համ էլ ասեմ` իմանաս, որ լավ էլ տղերքը գոհ են քեզանից: Ինչ եկել ես, բոլորը քեզ են ցանկանում»:

Ես բազմիցս փորձել եմ փախչել, սակայն ամեն անգամ իմ փորձը ձախողվում էր. ինձ հետեւում էին Գոհարի հավատարիմ թուրք աղախինները: Մի ամիս մնալուց հետո վիզայի ժամկետը լրացել էր, եւ ինձ «դեպորտ» արեցին, ես շատ էի ուրախացել, մտածում էի` հիմա հաստատ, ուզեն-չուզեն, կուղարկեն Հայաստան: Չգիտեի, որ Գոհարի համար փակ դռներ չկան. իր ծանոթներից Ռուսլան անունով մեկը հազար դոլարով անօրինական ճանապարհով ինձ տարավ Վրաստան եւ նորից ետ բերեց Թուրքիա` Գոհարին հանձնելու համար: Նրանց համար անշունչ առարկա էի դարձել. ո՛չ առարկելու, ո՛չ ընդհանրապես խոսելու իրավունք ունեի: Դրանից հետո երկու անգամ նորից բռնեցին անօրինական Թուրքիայում գտնվելուս համար, բայց ամեն անգամ Ռուսլանին հաջողվում էր կաշառքով պահել ինձ իրենց մոտ: Բայց մի օր, երբ թուրք ոստիկանները եկան հյուրանոց եւ պահանջեցին անձնագիրս, տեսան, որ անօրինական եմ գտնվում իրենց երկրում, ինձ ուղարկեցին Սարփի, որտեղից էլ ինձ տեղափոխեցին Բաթումիի բանտ: Ոստիկաններն ինձնից 2500 դոլարի չափով տուգանք պահանջեցին, եւ ես զանգահարեցի Գոհարին ու ասացի, թե ինչ է պատահել, եւ ինձնից ինչ են պահանջում: Բայց Գոհարը կտրականապես հրաժարվեց ինձ օգնելուց, ավելին` ասաց, որ մոռանամ իրեն, իսկ եթե փորձեմ բերանս բացել, անպայման հիշեմ Հայաստանում գտնվող մորս: Սակայն ես այս անգամ չլսեցի Գոհարին եւ ոստիկաններին պատմեցի ամբողջ եղելությունը: Գոհարի դեմ գործ հարուցվեց, իսկ ես իրավապահների օգնությամբ վերադարձա Հայաստան, որտեղ ընդգրկվեցի «Թրաֆիքինմգի զոհերի աջակցության» ծրագրում:

Աննան տասներեք ամիսների ընթացքում կավատ Գոհարի կողմից շահագործվել է եւ, մոտավոր հաշվարկներով, «վաստակել է» ութ հազար դոլար, սակայն վերադարձել է հայրենիք առանց գրոշի եւ անձնական իրերի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում