livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Ամեն տարի հազարավոր երեխաներ դառնում են ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական բռնության զոհ, շատերը մահանում են: Իսկ կենդանի մնացածների մոտ էմոցիոնալ տրավման շատ ավելի երկար է տեւում, քան բռնության վնասվածքները: Եվ բռնության ենթարկված շատ երեխաներ դառնում են բռնություն գործադրող ծնողներ: Իզուր չի ասված` բռնությունը բռնություն է ծնում:

 

Հաճախ սեռական բռնություն ասելով հասկանում ենք միայն բռնաբարություն, բայց սեռական բռնության ձեւերը խիստ բազմազան են. հայացքներ, համբույրներ, հպումներ, անհարկի առաջարկություններ, սպառնալիքներ... Բռնության ենթարկված երեխան դառնում է ինքնամփոփ,  համարում է, որ ինքը ոչ մի բանի պիտանի չէ, դժվարությամբ է հարաբերություններ հաստատում մարդկանց հետ, անսովոր ագրեսիա է ցուցաբերում:  Իսկ սեռական բռնության զոհ դարձած շատ երեխաներ հետագայում աղճատված պատկերացումներ են ունենում սեռական հարաբերությունների մասին, դառնում են մարմնավաճառներ կամ այլ լուրջ խնդիրներ են ունենում, նկարներում, խաղերում, երեւակայության մեջ սեռական ասպեկտներ են գտնում: Հաճախ բռնաբարվածը ենթագիտակցորեն ինքն է ձգտում այդ զգացողության եւ հետագայում հեշտությամբ դառնում բռնության զոհ, իսկ բռնաբարված շատ տղաներ էլ հետագայում դառնում են բռնաբարողներ:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացրած «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում երեխաները ամենից հաճախ ենթարկվում են ֆիզիկական բռնության:

- Բռնությունները ամենատարբեր բնույթի են, սակայն առավել մեծ տեղ են զբաղեցնում տանը, մանկապարտեզում եւ դպրոցում: Հատկանշական է, որ երեխայի ծնողները, դաստիարակները եւ ուսուցիչները հաճախ չեն էլ գիտակցում, որ ապտակը եւ ծեծը բռնություն են անչափահասի նկատմամբ: Հայաստանում երեխաները բռնության են ենթարկվում նորածնային շրջանից սկսած: Օրինակ` երբ փոքր երեխան լաց է լինում, ասում են` մի՛ գրկեք, երես կառնի: Իրականում չգրկելն ու չհանգստացնելը բռնության տիպիկ օրինակ է: Բռնության մեկ այլ տարբերակ է դեռահասների կարծիքը հաշվի չառնելը,- նշեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար ԻՐԻՆԱ ՍՈՂՈՅԱՆԸ:

Ցանկացած գործողություն կամ գործարք, որով երեխան անձի կամ մի խումբ անձանց կողմից հավաքագրվում, տեղափոխվում, հանձնվում, թաքցվում է, ինչպես նաեւ դրվում կամ պահվում է շահագործման վիճակի մեջ` վճարի կամ պարգեւատրման դիմաց, համարվում է երեխայի թրաֆիքինգ: Եվ չնայած երեխաների շահագործումը եւ անտեսումը ամեն տեղ են առկա, շատերը չեն ցանկանում ընդունել, որ Հայաստանում եւս այդ խնդիրը կա, երբ հայտնի է, որ սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները սրում են իրավիճակը: Երեխաները ավելի շատ են դպրոցից բացակայում կամ փողոցներում ողորմություն խնդրում, ծայրահեղ դեպքերում հայտնվում են անչափահասների գաղութներում կամ մանկատներում:

Հայաստանում երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ կարծիքները իրարամերժ են: Չկա հստակ վիճակագրություն: Ըստ մասնագետների` թրաֆիքինգի տեսանկյունից երեխաների առավել խոցելի տարիքը 14-17-ն է: Աղքատությունը, բնակարանային անապահով պայմանները պարարտ հող են ստեղծում երեւույթի համար:

Իսկ թե Հայաստանում որն է համարվում երեխայի թրաֆիքինգ, եւ ինչ դեպքերի հետ են առնչվել մասնագետները` հարցով դիմեցինք «PEOPLE IN NEED» չեխական կազմակերպության «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ԲԵԺԱՆՅԱՆԻՆ, որն էլ պատասխանեց.

- Երբ շահագործման նպատակով` հարկադիր աշխատանքի, սեքսուալ բռնության, ստրկության, երեխային տեղափոխում են իր բնակության վայրից մեկ այլ վայր (դա կարող է լինել թաղամասից թաղամաս, մարզից մարզ, քաղաքից քաղաք, հանրապետությունից դուրս), որտեղ նրան չեն ճանաչում, համարվում է երեխայի թրաֆիքինգ: Մեր երկրում ստիպողաբար մուրացկանությամբ զբաղվելը նույնպես համարվում է թրաֆիքինգ, այսինքն` երբ երեխային հավաքագրում են եւ ստիպում, որ նա կատարի մուրացկանություն եւ մուրացկանությամբ հավաքած գումարը վճարի իրեն շահագործողին:

Երեխայի թրաֆիքինգի` մուրացկանության վառ դեպքերից մեկն է, երբ Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը դպրոցի սաներին Երեւան քաղաքի փողոցներում ստիպել է զբաղվել մուրացկանությամբ եւ հավաքած ողջ գումարը հանձնել իրեն, իսկ դպրոցի մեկ այլ սանի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Այժմ Ուռումյանը դատապարտված է 10 տարվա ազատազրկման: Հանրապետությունում բացահայտվել են նաեւ երկու անչափահասի նկատմամբ կատարված սեռական բնույթի շահագործման դեպքեր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում