livemarks sitemap
Հինգշաբթի, Փետրվարի 20, 2020

«Իմ ընտրած տղային եմ կնության տալու քեզ, նա լավ տղա է»,- մի օր ասաց հայրը եւ աղջկան ամուսնացրեց: Բայց աղջկա սրտով չէր: Հարսանիքի երկրորդ օրվա գիշերը աղջիկը փախավ հայրական տուն: Հայրը որոտաց՝ կսպանե՛մ, եւ ձեռքը խփեց սեղանին: Ներողություն խնդրելով փեսայից՝ աղջկան հետ ուղարկեց՝ հրամայելով մոռանալ հայրական տան ճանապարհը:

Այլ ելք չունենալով՝ աղջիկը ամուսնուն խնդրեց իրեն հանգիստ թողնել, քանի որ ինքն ուրիշի է սիրում, որ նրա հետ չի ուզի ապրել անգամ այն ժամանակ, եթե այդ «ուրիշն» էլ չուզի իրեն: «Ես չեմ ուզում կամովին բռնաբարվել, հետո էլ քեզ դավաճանել՝ հավատարիմ կին ձեւանալով,- ասում է կինը:- Մանուկն անդրդվելի էր: Ես գնալու տեղ չունեի. երկու բռնակալ տղամարդիկ տնօրինում էին իմ ճակատագիրը, եւ ես այլ ելք չգտա: Մի օր վերցրի պարանն ու բարձրացա ձեղնահարկ... կախվեցի: Այն մարդը, որն իմ ամուսինն էր, ժամանակին վրա հասավ եւ ազատեց ինձ: Վերակենդանացման բաժանմունքում պառկելուց հետո Մանուկն ինձ նորից տարավ իրենց տուն»: Հուսահատությունից աղջիկն այս անգամ ժավելի սպիրտ խմեց եւ կրկին հայտնվեց հիվանդանոցում, իսկ դուրս գրվելուց հետո ո՛չ հայրն էր իր տանն ընդունում, ո՛չ ամուսինը: Այդպես մերկ եւ անօգնական նա հայտնվում է փողոցում՝ չավարտելով ֆիզկուլտինստիտուտը: «Քնում էի` որտեղ պատահեր, սոված ու տկլոր էի: Իմ անօգնական վիճակից օգտվեց այն ժամանակ (1980-ականներին) «սպեցպրոմի» աշխատող թալինցի Հ. Չախոյանը կամ Չաթոյանը, լավ չեմ հիշում: Ես հղիացա, բայց չուզեցի կապերս շարունակել չսիրածս մարդու հետ: Ծննդաբերեցի Հանրապետական հիվանդանոցում: Ելենա Գարեգինովնան ինձ համոզում էր` երեխայիս մի ապահով ընտանիքի տամ, եւ որ այդ ընտանիքն արդեն կա: Ես չհամաձայնեցի»,- պատմում է նա: Քանի դեռ եղանակները տաք էին, ջահել մայրը` երեխան գրկին, քնում էր այգու նստարանին: Ցրտերը վրա հասնելուն պես նա տղային մեկ տարի ժամկետով հանձնում է «Հայրենիք» զբոսայգում գտնվող մանկատուն: Չգիտես ինչու, շատերն էին ձգտում տիրանալ հենց այդ երեխային (թե՛ Ելենա Գարեգինովնան, որ երեխա չուներ, թե՛ Հ. Չախոյանը): Հետո հասկանում է, որ ինչ-որ մեկն է տարբեր մարդկանց միջոցով ձգտում տիրանալ իր որդուն: «Ես խորշում էի թափառաշրջիկների ու պոռնիկների որջերում երեխա պահելուց: Դրա համար էլ որոշեցի աշխատանք գտնելուց եւ կացարան ճարելուց հետո միայն տղայիս հետ վերցնել մանկատնից,- պատմում է վերհուշից տակնուվրա եղած Վեներան:- Բայց պարզվեց, որ ճակատագիրն ավելի մեծ փորձություն էր պատրաստել ինձ համար: Մի քանի օր անց երեխայիս մանկատնից տեղափոխում են հիվանդանոց (պլանի գլուխ): Ծանոթներիս առաջարկությամբ եւ նրանց միջոցով (Ֆրիդա, Անահիտ, Վաչո) տղայիս գողացանք հիվանդանոցից, բերեցինք Վաչոյենց տուն՝ Գոգոլի փակուղի, տուն 72 (Շահինյան Անահիտ, որդին՝ Վարդան)»:

Արցունքախեղդ կինը մի կերպ պատմում է, որ դա նախօրոք պատրաստված սցենար է եղել, որ այդ հանցագործներին՝ Վաչոյին, Անահիտին ու Ֆրիդային, ինչ-որ մեկն էր ուղղորդում: Նրանք Վեներային Ֆրիդայի հետ ուղարկում են խանութ, իբր երեխայի համար տակաշոր գնելու: Երբ տնից դուրս են գալիս, նստում են փողոցում արդեն սպասող մեքենան: Վեներայի համար անսպասելիորեն Ֆրիդան վարորդից ինչ-որ գումար է պահանջում: «Ես սարսափած ու վախեցած նայեցի Ֆրիդային: Ճիշտ է՝ ես գումար չունեի, սակայն մտքովս չէր անցնում, որ տակաշորի համար խանութ ուղարկող եւ մեքենա պատվիրող Անահիտն ու Վաչոն Ֆրիդային գումար տված չէին լինի: Կարծում եմ՝ Ֆրիդայի մոտ տակաշորի համար գումար կլիներ, այլապես նրանք բոլորն էլ շատ լավ գիտեին, որ ես գումար չունեմ, ինչո՞ւ պետք է վստահաբար մեքենա պատվիրեին ու մեզ տակաշորի ուղարկեին: Ինչեւէ: Ֆրիդան կրկնեց իր պահանջը վարորդից: Վերջինս ոստիկան կանչեց: Այնքան արագ կատարվեց, որ չհասցրեցի հասկանալ Ֆրիդայի վարքագիծը, իսկ երբ միլիցիոները մոտեցավ, վարորդն ու Ֆրիդան այնքան հանգիստ էին, որ ես վախից փորձեցի դուրս փախչել մեքենայից»,- պատմում է նա: Միլիցիոները բռնում է փախչող Վեներային ու տանում... ուղիղ հոգեբուժարան: Երկու ամիս անց հոգեբույժ Աննայի մոտ Վեներան անսպասելիորեն տեսնում է Անահիտին եւ բժշկին հարցնում, թե ո՞վ էր այդ կինը: «Քո մորաքույրն է, որ գալիս է որպիսությունդ իմանալու: Բայց քեզ տեսնել չի ուզում, որովհետեւ դու մի գլուխ գոռում ես՝ ո՞ւր է երեխաս,- պատասխանում է բժիշկը:- Դու երեխա չես ունեցել, նա քո երեւակայության մեջ է: Մենք քեզ բուժում ենք, եւ դու արդեն էլ առաջվա պես չես խոսում մտացածին երեխայիդ մասին»:

Մի խոսքով՝ Վեներային երեք տարի հետո միայն դուրս են գրում հոգեբուժարանից: Ուղիղ Անահիտենց տուն գնալով՝ Վեներան իմանում է, որ նա դատապարտված է: Այլ ելք չունենալով՝ Վեներան սպասում է, մինչեւ նա բանտից ազատվի, որպեսզի կարողանա որեւէ տեղեկություն ստանալ իր առեւանգված որդու վերաբերյալ: Վերջապես 1995թ.-ին Անահիտն ազատվում է կալանքից: Վեներան գտնում է նրան եւ պահանջում հայտնել իր երեխայի գտնվելու վայրը: «Տեսնո՞ւմ ես` ինչ քոսոտ բնում եմ ապրում,- ասում է Անահիտը:- Երբ ինձ համար բնակարան կգնես, այն ժամանակ էլ կասեմ երեխայիդ տեղը»:

Բնական է, որ Վեներան գումար չուներ, իսկ Անահիտը չէր ասում երեխայի տեղը: Վեներան որոշում է փնտրել Վաչոյին եւ նրան գտնում է Ջրվեժի մոտերքում գտնվող եկեղեցում: «Այնտեղ նա սպասավոր էր աշխատում իր վերջին կնոջ հետ: Այնտեղ վերջիններս զբաղվում էին մոմ «թափելով», մոմ ծախելով, պահակությամբ եւ միմյանց հետ խոսում հայհոյանքներով, բայց հենց ինչ-որ մեկը մոտենում էր եկեղեցու պատուհանին, նրանք դառնում էին «բարեպաշտ»»,- պատմում է Վեներան ¥ինչում ինքս համոզվեցի, երբ լրագրողական հետաքննություն կատարելու նպատակով այցելեցի Ջրվեժ թաղամասի Քոսաղբյուր եկեղեցին: Եկեղեցու պատուհանին մոտենալուն պես` ես լսեցի Վաչոյի եւ նրա կնոջ վեճն ու հայհոյանքները: Սակայն ինձ տեսնելով՝ կինն արագորեն գլխին քաշեց գլխաշորը եւ մեղմանուշ ժպիտով հարցրեց. «Աստված օգնական, ինչո՞վ ծառայեմ Ձեզ»: Ես մոմեր գնելով՝ մտա եկեղեցի՝ ուսումնասիրելու նպատակով: Մոմ վառելուց հետո ներխուժեցի եկեղեցու բոլոր ծակուծուկերը: Աջ մասում մի փակ սենյակ կար, որի դուռն այդ պահին կիսաբաց էր: Ինձ հետաքրքրեց, թե ինչ կար այնտեղ: Հրեցի դուռն ու ներս մտա... Սենյակում բազմոց էր դրված՝ վրան բազմաթիվ բարձ ու մութաքաներ, անկյունում էլ սեղան կար, որի վրա ջրով լի ալյումինե թաս էր դրված, ջրի երեսին՝ հալված լողացող մոմ, իսկ կողքին՝ մեծ ու մրոտ սեւ գդալ: Պատերին էլ կախված բազմաթիվ սրբապատկերների կողքին «պատվավոր» տեղ էին գտել Վաչոյի ծնողների մեծադիր լուսանկարները- հեղ.¤:

Վեներան Վաչոյին հանդիպելով էլ ոչ մի արդյունքի չի հասնում: Այժմ Վեներան Գերմանիայի քաղաքացի է: Ամուսնացել է, ունի սիրող ամուսին, ով քաջածանոթ է նրա կյանքի դառը պատմությանը, աջակցում է նրան որդուն գտնելու հարցում, եւ նրանց նպատակը ոչ թե որդուն նրան խնամող ծնողներից զրկելն է, այլ նրանց օգնելն է, մոտիկից շփվելն իր հարազատ որդու հետ, որից ինքը երբեւէ չի հրաժարվել, այլ նրան նենգաբար եւ հանցավոր ճանապարհով խլել են իրենից: «Ես բավականաչափ հարուստ եմ, տարիքով մեծ եմ, որդիս էլ արդեն հասուն մարդ է՝ 31 տարեկան: Հասկանալի է, որ մեր մեջ մայր ու որդի հարաբերություն չի կարող այլեւս ձեւավորվել, բայց գոնե ուզում եմ հովանավոր լինել միակ որդուս, ունեցվածքս թողնել նրան»,- ասում է Վեներան:

Վեներայի կյանք ներխուժած եւ նրա որդուն առեւանգած անձինք դեռեւս ապրում են մեզ հետ կողք կողքի եւ շարունակում իրենց արարքներով ցավ ու տառապանք պատճառել ուրիշ վեներաների եւս:

Վաչոն այժմ դատապարտված է ազատազրկման՝ դաժանաբար սպանություն կատարելու մեղադրանքով, եւ իր պատիժն է կրում Հրազդանի քրեակատարողական հիմնարկում: Դա նրա 5-րդ դատվածությունն է: Մինչդեռ Քոսաղբյուր եկեղեցաբնակ Վաչոյի կինն ինձ ասաց, որ եկեղեցին հովանավորողներից մեկն իրենից վերցրել է Վաչոյի դատավճռի լուսապատճենը, որպեսզի զբաղվի Վաչոյի շուտափույթ ազատմամբ...

Վեներան կրկին մեծ հավատով, որդուն գտնելու մեծ հույսով է վերադարձել Գերմանիայի Դաշնությունից: Հուսանք, որ նրան այս անգամ կհաջողվի գտնել 31 տարի առաջ կորցրած իր որդուն:

Այս՝ նամակ ասեմ թե հոդվածով Վեներան խնդրում է բարձրաստիճան այրերին՝ ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին եւ համապատասխան մարմիններին, որպեսզի օգնեն իրեն՝ գտնելու որդուն. ծննդյան վկայական` թիվ 3891, տրված 14.11.1980թ. Հանրապետական հիվանդանոցի բժշկի տեղեկանքի հիման վրա հաստատված ՀՀ ք. Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱ) բաժնի որոշմամբ, Լեւոն Մանուկի Հովակիմյան, ծնված 1980թ.-ի հոկտեմբերի 14-ին, մայրը՝ Վեներա Հովհաննեսի Հովակիմյան (ծնված 30/01/1960թ.), հայրը՝ Մանուկ Արշալույսի Հովակիմյան (հոր տվյալները պայմանական են): Հետո նրա տվյալները փոխված են:

Թ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում