՛ՙՕրերն այստեղ միանման են: Բոլորն էլ տխուր են եւ կարոտում են: Կարոտում են փշալարերից դուրս ամեն ինչին` մարդկանց, փողոցի եռուզեռին, բնությանը: Այստեղ գտնվողների երազանքը մեկն է` հայտնվել ազատության մեջ: Սակայն երբ դա մնում է անցյալում, չես էլ հիշում, որ նախկինում նման երազանք ես ունեցել: Այն դադարում է երազանք լինելուց: Այստեղ բոլորիս աչքերի մեջ թախիծ կա, միգուցե դա է վանում, որ խուսափում ենք հայելու առաջ կանգնելուց: Հիշում եմª տատիկս ասում էր, գաղտնիքներդ ուրիշին չպատմես, այլ հայելու առջեւ ինքդ քեզ կպատմես: Երբեմն տատիկիս խորհրդով եմ փորձում շարժվել. ինքս ինձ հետ զրուցում եմ հայելու առջեւ՚,- այսպես սկսեց մեր զրույցը երկու անգամ դատապարտված, այժմ  խարդախության մեղադրանքով ՙԱբովյան՚ ՔԿՀ-ում պատիժը կրող Կարինեի հետ:

-Ինչպե՞ս եք հայտնվել դատապարտյալի կարգավիճակում:

- Մտածում էի ռիսկի դիմել, սակայն բռնվեցի: Իմ կյանքում երկու անգամ ապօրինի քայլ արեցի ու բռնվեցի, պարզվեց, որ ես անհաջող խարդախ եմ, որի համար շատ-շատ եմ զղջում:

- Դուք, արդեն երկրորդ անգամն եք պատիժ կրում, ո՞րն էր պատճառը, երբ առաջին անգամ հայտնվեցիք ՔԿՀ-ում:

- Միանշանակ սոցիալական վիճակից էր: Ամուսին ունեի, նա ամբողջովին տրվել էր հարբեցողության, ինձ չէր օգնում: Որքան ինձ հիշում եմ, միշտ աշխատել եմ, ծանր աշխատանքից երբեք չեմ խուսափել, միայն թե երեխաներս լավ սնվեին, հագնվեին, բարձրագույն կրթություն ստանային:

- Քանի՞ երեխա ունեք:

- Երեք տղա եւ մեկ աղջիկ: Աղջիկս արդեն ամուսնացել է եւ ունի իր ընտանիքը, չնայած ոչ մի արարողության ներկա չեմ գտնվել: Աստծուն միշտ խնդրում եմ, որ երեխաներիս պահապան լինի:

- Երեխաները Ձեզ մեղադրում են:

- Աղջիկս` ոչ, չի մեղադրում, հասկանում է, իսկ տղաների հետ մի քիչ դժվար է. լինում են պահեր, երբ մեղադրում են: Բայց միեւնույն է, ես նրանց մայրն եմ. ծնել եմ, մեծ դժվարություններ հաղթահարելով`  մեծացրել եմ: Այժմ տղաներս հանրապետությունում չեն, ցանկացած հնարավորության դեպքում զանգահարում եւ խոսում եմ նրանց հետ:

- Համարում եք Ձեզ ուժեղ մարդ:

- Իհարկե, թույլ մարդն այստեղ չի կարող գոյատեւել: Երեւի թե այստեղ ավելի կոփվեցի: Գաղութն էլ իր դրական եւ բացասական կողմերն ունի. ով ուզում էª լավն է վերցնում, իսկ ով ոչ` իր գործն է: Համենայնդեպս, ես միշտ փորձում եմ լավն ընդօրինակել:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Սովորեցի այստեղ ասեղնագործել, չնայած մանկուց տատիկս սովորեցրել էր, այստեղ վերհիշեցի, գրքեր եմ շատ կարդում: Արտասահմանյան գրականություն եմ շատ սիրում. նախընտրում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսին: Ընդհանրապես ընթերցել շատ եմ սիրում: Գրեթե բոլորին սիրում եմ, նրանց ստեղծագործությունները մեկը մյուսին գերազանցում են:

- Ըստ Ձեզ`ճակատագիր կա՞, թե մարդն ինքն է կերտում իր կյանքի ուղին:

- Ամեն դեպքում մտածում եմ, որ մարդու ճակատագիրն իր ձեռքերում է, եթե ցանկանա, կարող է փոխել: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ճակատագրո՞վ է մարդ ծնվում, ինչ-որ պահ գալիս է, որ հավատում եմ դրան, բայց պահ էլ գալիս է` չեմ հավատում: Ճակատագիրն ի՞նչ մեղք ունի, ես ընդունում եմ իմ մեղքերը, կարող էի խուսափել, բայց արեցի:

- Կա՞ ինչ-որ մեկը, որը Ձեզ ուժ, եռանդ եւ կորով է տալիս:

- Նախ` ապրելու ցանկությունն է եւ երկրորդը, երբ իմացա, որ շուտով տատիկ եմ դառնալու. դա ինձ կրկնակի ուժ տվեց. դեռ լույս աշխարհ չեկածª փոքրիկն ինձ ուժ փոխանցեց: Ինձ փշալարերի հակառակ կողմի ուժն է պահում:

- Ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

- Ոչինչ, ընդհանրապես հունից դուրս չեմ գալիս, որովհետեւ ուղեղս աշխատում է: Մեր սերունդն այնքան է լսել ծնողներից, որ սա չի կարելի, նա չի կարելի, որ մտել է ուղեղի մեջ, չնայած հիմա կմտածեք`  եթե չի կարելի, ապա ինչու խարդախություն արեցիք... երեխաներիս էի ուզում օգնել:

- Դուք չորս զավակների մայր եք, որն է կնոջ առաքելությունը հայ ընտանիքում:

- Գտնվելով կանանց գաղութում, ես երեւի թե իրավունք չունեմ կնոջ առաքելության մասին խոսելու: Հայ կնոջը բնորոշ չէ, որ հայտնվի գաղութում, ինչպես որ` Հայաստանը մանկատուն չպետք է ունենա: Եթե մանկատուն չլիներ, երեւի այստեղ էլ շատ քիչ կանայք կլինեին:

- Դատապարտված տարիները Ձեր մեջ չարություն առաջացրե՞լ են:

- Առաջին անգամ, երբ դատապարտվեցի, չարակամ էի բոլորի նկատմամբ: Երբ դատարանի դահլիճից դուրս եկա, հայրս արցունքախառն  ասաց. ՙԻնչի՞ համար, ինչո՞ւ պետք է այսպես լիներ՚, իսկ ես բարկացած մեղադրեցի նրանց: Այդ պահին ես պատրաստ էի բոլորին մեղադրել. իրականում ոչ ոք մեղավոր չէր:

- ՔԿՀ-ում անցկացրած տարիներին վստահ եմ, որ ձեռք եք բերել նոր ընկերներ, ընկերության մեջ ի՞նչն եք գնահատում:

- Պատասխանս գուցե զարմանալի է, բայց խարդախության հոդվածով դատապարտված լինելով` ընկերության մեջ ազնվությունն եմ գնահատում: Խիղճդ էլ պետք է ազնիվ լինի թե° քո, թե° քո ընկերոջ հանդեպ:

- Ինչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր զանցանքի շեմին են:

- Շատ կցանկանամ, որ դեռ դպրոցական հասակից ծանոթանան Քրեական օրենսգրքին, իրազեկ լինեն: Եթե այդպես լինի, կարծում եմ` այսքան հանցագործություններ չէին կատարվի: Մենք գիտենք` եթե ձեռքերը կրակին պահենք, կվառվի, օրենքն էլ պետք է իմանանք, որպեսզի այն չխախտենք, իմանանք` ինչն է օրենքով թույլատրվում, ինչը` ոչ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ