livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

hars«Մարդ վաղ թե ուշ պատասխան է տալիս իր գործած մեղքերի համար, ժամանակին գուցե դա զուտ խոսքեր կամ փիլիսոփայություն համարեի, բայց հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ»,- այսպես սկսեց իր անավարտ սիրո պատմության մասին խոսակցությունը զրուցակիցս` Կարինեն: Ապա,  շարունակեց պատմել իր հետ կատարվածը.

-Ես կորցրեցի Արամին հենց եկեղեցու բակում, երբ շատ մոտ էր մեր ամուսնության ժամը: Հարսի շորերով խելագարի պես վազում էի նրա հետեւից, նա գնաց, ուղղակի փախավ ինձնից: Չհասկացա նրա պահվածքի պատճառը. դեռ երկու օր առաջ մենք այնքան թանկ էինք միմյանց համար, երազում էինք մեծ ու երջանիկ ընտանքի մասին: Թե ինչ եղավ, ինչու իմ կյանքի առաջին ու վերջին Սերն այդպես փոխվեց քառասունութ ժամվա ընթացքում, այդպես էլ չէի կարողանում հասկանալ: Գուցե վախեցա՞վ ամուսնությունից, ընտանեկան ծանր պարտականությունների՞ց, թե՞....

Հենց այդ «թե»-ն ստիպեց ինձ վերանայել իմ կյանքը, ու ես մտովի տեղափոխվեցի անցյալ: Վերլուծում էի մեր ապրած ամեն մի վայրկյանն ու րոպեն, փորձում գտնել մեր բաժանման պատասխանը: Իմ հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին նա չէր էլ պատասխանում, անորոշությունը սպանում էր ինձ, գոնե իմանայի, թե ինչու է այդպես…Իմ հիշողություններում չկար այնպիսի մի դեպք, որ ստիպեր նրան լքել ինձ հենց եկեղեցու մոտ: Դրա համար հիմնավոր ու լուրջ պատճառներ էին անհրաժեշտ: Ես այդպես էլ չէի իմանա իրական պատճառը, եթե մի օր ճակատագիրն անակնկալ չմատուցեր:

Ապա, արցունքն աչքերին, Կարինեն շարունակեց.

- Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող համակուրսեցիս մի օր զանգեց ինձ (մենք վաղուց չէինք խոսել), ու պարզվեց, որ Հայաստան է գալիս` քրոջ հարսանիքին: Ես նույնպես հրավիրված էի: Չնայած այն բանին, որ պսակադրությունը լինելու էր այն նույն եկեղեցում, որտեղ նա լքեց ինձ, ես, այնուհանդերձ, ուժ գտա իմ մեջ՝ գնալու այնտեղ: Ընկերուհուս քույրը` Լիանան, ժպտերես, բարի աղջիկ էր: Գիտեի, որ ամուսնությունից հետո մեկնելու է ԱՄՆ՝ մշտական բնակության: Հարսանիքի օրը, անկախ իմ կամքից, շատ տխուր էի, չնայած փորձում էի հյուրերի ներկայությամբ ինձ ուրախ պահել: Վերջապես ժամանեցին նորապսակները: Սկսվեց պսակադրության արարողությունը: Փեսան, որը, հետագայում պարզվեց՝ ինձ եկեղեցում լքած տղան էր՝ իմ առաջին սերը, ինձ մեջքով էր կանգնած, ու ես երկար ժամանակ չէի կարողանում տեսնել նրա դեմքը: Այդպես էր մինչ այն պահը, երբ նա բռնեց հարսի ձեռքը եւ մոտեցավ քահանային: Նրա դեմքը տեսնելով` ես քարացա տեղում, երկար ժամանակ ուշքի չէի գալիս, այդ նա էր… Այդ պահին ակամայից հիշեցի նրա խոսքերը մեր չկայացած ամուսնությունից քառասունութ ժամ առաջ. «Ոնց կգնայի Միացյալ Նահանգներ, ամեն ինչ կտայի այնտեղ հասնելու համար»: Հասկացա այդ պահին նրա հեռանալու իրական պատճառը, փաստորեն, այդ «ամեն ինչը» ես էի, որ նա տվեց, զոհաբերեց ինձ, մեր երջանկությունը, սերը՝ ԱՄՆ գնալու համար: Վրեժի ծարավը խեղդում էր ինձ. «Ես թույլ չեմ տա, որ դու հասնես այնտեղ»,-խոստացա ինքս ինձ ու մոտեցա նրան, ոչինչ չէի տեսնում այլեւս, զայրույթը փակել էր աչքերս, նայեցի ուղիղ նրա ապշած աչքերի մեջ ու ապտակեցի: Նա չէր սպասում ինձ տեսնել այնտեղ, շփոթմունքից գլուխը կորցրել էր: «Քանի դեռ Աստծո տաճարում ես, պատմիր ամեն ինչ հարսնացուիդ, գուցե նա բարեհոգի գտնվի, խղճա, ների քեզ ու իր հետ ԱՄՆ տանի. չէ՞ որ այդքան երազում էիր այդ մասին, ամեն ինչ կտայիր, որ բաղձալի երազանքդ իրականանար»: Ասացի ու հեռացա: Ժամեր հետո իմացա, որ պսակադրությունը չի կայացել: Հարսնացուն այդպես էլ չներեց ու լքեց նրան՝ թողնելով եկեղեցում մենակ կանգնած, իր իսկ մեղքերի հետ:

Մի քանի տարվա առաջվա ապրածս նորից վերապրեցի, բայց այս անգամ ինձ ավելի հպարտ էի զգում, ես ակամայից նրան պատճառեցի այն նույն ցավը, որը նա էր ինձ պատճառել նույն եկեղեցու բակում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում