marmnavacharԿալանավայրում մարմնավաճառությամբ եւ կավատությամբ զբաղվող հայ կանանց թիվը վերջին տարիների ընթացքում շատացել է, որի մասին փաստում Է "Աբովյան" ՔԿՀ-ի պետ Արամ Սարգսյանը: Սակայն դա կարծես բնավ չի խանգարում, որ մեր կանայք Արաբական Միացյալ Էմիրություններում եւ այլուր շարունակեն զբաղվել այդ գործունեությամբ:

Հայաստանի քաղաքացի Անուշ Մարտիրոսյանն էլ (Դուբայում հայտնի է որպես Մայր կավատ), ով այժմ գտնվում է "Աբովյան" ՔԿՀ-ում, շատերի նման աշխատանք փնտրելու նպատակով 1997-ին մեկնել եւ մինչ 2004թ. մայիս ամիսը բնակվել է Դուբայում: Սկզբնական շրջանում զբաղվել է մանրածախ առեւտրով, սակայն, ըստ ամենայնի, հետո հասկացել է, որ ավելի շահութաբեր է մարմնավաճառներ հավաքագրելու միջոցով փող վաստակելը` հայ աղջիկներին ներգրավել է պոռնկության մեջ: Անուշը մեզ հետ զրույցում Դուբայում առեւտրով եւ կավատությամբ զբաղվելը պատճառաբանում էր աշխատանք չունենալով եւ մինչեւ օրս չի համարում, որ նա  հայ աղջիկների է շահագործել. "Ես ինքս ֆիլմեր տեսել եմ եւ հասկացել, որ թրաֆիքինգն այն է, երբ մարդիկ աղջիկներին բռնում ու պահում են փակ տեղ: Իրենք են կլիենտ բերում, փողն էլ ձեռքներից վերցնում են: Բայց, այսպես կոչված, տուժողները հայտնի մարմնավաճառներ են: Դուբայում իմ նման մարդ են գտնում, ասում են. "Խնդրում ենք, ցավդ տանեմ, էլ չենք կարում Երեւանում աշխատել, չենք ուզում ճանաչվել, ինչ կլինի` մի հատ վիզա բացեք, տոմս ուղարկեք, գանք այդտեղ միլիոններ աշխատենք, ձեր ծախսը տանք, մի բան էլ մաղարիչ կանենք": Ու եթե գալիս են, երկրորդ օրվանից ներս ու դուրս են անում: "Փոլիսն" էլ ամեն քայլափոխի կանգնած է, եթե խնդիր ունենան, կարող են մոտենալ ու ասել: Եթե լեզու չեն իմանում, "փոլիսը" թարգմանիչ էլ է բերում: Սրա ի՞նչն ա թրաֆիքինգ, չեմ հասկանում":

Կավատ Անուշը, չնայած դատապարտված է 13 տարի ազատազրկման, բայց իրեն մեղավոր է ճանաչում հետեւյալում.

- Ես չեմ ասում, որ անմեղ եմ: Ես մեղավոր եմ նրանով, որ նախապես իմացել եմ, որ իրենք մարմնավաճառներ են, ինչով են զբաղվելու դրսում: Հետո չեմ առարկել, որ գան, իմ տանը քնեն: Ընդհակառակը, մեղքալով էդ մարմնավաճառներին, նրանց համար կլիենտներ եմ "կպցրել": Մեղավոր եմ նրանում, որ իրանց նմաններին` տաս տարվա մարմնավաճառներին, որպես հայ աղջիկների, վարձով տուն եմ տվել: Կողքները նստել ու լեզու եմ սովորեցրել: Որ խմել են, ասել եմ` աղջիկ ջան, սա ուրիշ երկիր է, մի խմիր ու քեզ կորցրու, կամ մի սիրահարվիր ու "վենեքդ փրթի": Ես չեմ զրկել իրանց ազատությունից: Իրանք խաբեցին դատարանում, թե անձնագրերն եմ վերցրել, բայց անձնագրերը իրանց "մամա ռոզաների" մոտ է եղել, իրանք ինձ մենակ իմ տան փողն են տվել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ