livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019
handcuffs-636Հայկական մտածելակերպում սովորաբար հանցանք, հանցագործություն բառերը կապվում են հիմնականում տղամարդկանց հետ: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հանցագործություններ կատարում են նաեւ կանայք: Ընդ որում, այնպիսի սահմռկեցուցիչ հանցագործություններ, որոնք դժվար է պատկերացնել նույնիսկ մղձավանջային երազներում: Այսօրվա մեր զրուցակիցը` Թեհմինեն,վերոնշյալ հանցագործների թվին չի պատկանում, սակայն ամեն դեպքում գործել է հանցագործություն, որի համար ենթարկվել է 9 տարվա ազատազրկման: Զրուցակիցս այսպես սկսեց.-Օրերն այստեղ միանման են: Բոլորն էլ տխուր են եւ կարոտում են: Կարոտում են ամեն ինչին` առանց փշալարերի օդին, մարդկանց, փողոցի եռուզեռին, բնությանը: Այստեղ գտնվողների երազանքը մեկն է` հայտնվել ազատության մեջ, սակայն երբ դա մնում է անցյալում, չես էլ հիշում, որ նախկինում նման երազանք ես ունեցել: Այն դադարում է երազանք լինելուց: Այստեղ բոլորիս աչքերի մեջ թախիծ կա, միգուցե դա է վանում, որ խուսափում ենք հայելու առաջ կանգնել նայելուց:

Ապա ներկայացրեց իր պատմությունը.

- Ես մարդկանց բնակարաններ էի տալիս գրավով, տոկոսով գումար էի վերցնում: Երբ իմացան, որ իմ բնակարանները չէին, տոկոս տվողներից մեծ գումարներ եմ վերցրել` կեղծ բնակարաններով, ամեն ինչ բացահայտվեց: Սկզբում երկուսով էինք, հետ մի տաղամարդ էլ ավելացավ մեր խմբին:

- Ձեր գործունեությունը որքա՞ն տեւեց:

- Մոտ երկու տարի:

- Իսկ այդ ամենի մասին, ինչով դուք զբաղվում էիք, տեղյա՞կ էին Ձեր հարազատները, մտերիմները, շրջապատի մարդիկ:

- Ես առանց իմ երեխաների իմացության ոչինչ չեմ արել: Ավելի լավ էր երեխաներս նախապես իմանային, քան թե հետո անակնկալի գային:

- Փաստորեն, ամուսնացած էիք:

- Այո, երկու երեխաների մայր: Աղջիկս հիմա 26 տարեկան է, սովորում եւ աշխատում է: Տղաս էլ վերջերս է վերադարձել բանակից: Երեխաներս իրար թեւ ու թիկունք լինելով` մենակ են ապրում: Արդեն չորսուկես տարի է, ինչ գաղութում եմ: Դատապարտվել եմ 9 տարի ազատազրկման: Ես ինձ կարող եմ երջանիկ մայր համարել, քանի որ դաստիարակված երեխաներ ունեմ:

- Ձեր ամուսինը ինչպե՞ս էր վերաբերում Ձեր գործունեությանը:

- Ամուսինս աշխատում էր գործարաններից մեկում որպես գլխավոր տեխնիկ, սակայն իրենց հիմնարկը լուծարվեց, ամուսինս մնաց առանց աշխատանքի: Գործազուրկ դառնալով` սկսեցի զբաղվել խարդախությամբ, ամուսնուս էլ տեղյակ պահեցի, նույնիսկ զգուշացրի, որ օրերից մի օր հնարավոր է հայտնվեմ գաղութում. «Դու կարո՞ղ ես այնպես անել, որ ես այդ քայլին չդիմեմ, ես չեմ ուզում, բայց հանուն երեխաների պատրաստ եմ»: Գիտե՞ք ինչ պատասխանեց ամուսինս... Ասաց` նայիր քո հարմարությանը: Նա ոչ մի քայլ չձեռնարկեց, որ ես հետ կանգնեմ խարդախությամբ զբաղվելուց:

- Երբ այստեղ եք` ճաղերի հետեւում, զղջո՞ւմ եք Ձեր` արդեն կրկնված արարքների համար:

- Ես ամեն րոպե զղջացել եմ, չեմ ցանկացել դա անել: Սա իմ երկրորդ դատվածությունն է: Առաջին անգամ եւս դատապարտվեցի խարդախության համար: Սկզբում չցանկանալով մտա այդ գործերի մեջ, իսկ հետո` երկրորդ անգամ, շանտաժի ենթարկվեցի, ես ուրիշ ճանապարհ չունեի: Այնտեղ ուրիշ հարցեր առաջացան, չեմ ցանկանում վերհիշել:

- Արդյոք չի՞ կորել ընտանիքի անդամների ջերմությունը Ձեր հանդեպ:

- Իմ ընտանիքը իմ երկու երեխաներն են: Երբ առաջին անգամ դատապարտվեցի, դատապարտվեց նաեւ ամուսինս: Հիմա նա Հայաստանում չէ:

- Դատապարտվածի Ձեր կնիքը արդյոք ստիպե՞ց ոմանց հրաժարվել Ձեզանից:

- Շատ բարդ հարցեր եք տալիս, որոնց մասին չէի ցանկանա խոսել, ես աշխատում եմ նրանց ուղղակի չհիշել: Իմ կողքին միայն իմ երկու երեխաներն են, միակ թանկ բանը, որ ես ունեմ. դա ինձ բավական է: Երբ զանգում եմ իմ երեխաներին, եւ նրանք ինձ «մամ ջան» են ասում, ես ինձ երջանիկ եմ զգում: Բավական չէ «մամ ջան» են ասում, դեռ մի բան էլ ավելացնում են` կհամբերես, չէ՞, մինչեւ գանք:

- Ինչո՞վ եք կարողանում վերաիմաստավորել գաղութում անցկացրած Ձեր ժամանակը:

- Խաչբառեր եւ սուդոկու եմ լուծում, ամսագրեր եւ գրքեր եմ կարդում` հիմնականում ռուսերեն: Գրադարանի բոլոր գրքերը ընթերցել եմ, անգամ գրքեր կան` երկրորդ անգամ եմ ընթերցել: Կրթությունս ռուսական է, չնայած այստեղ գտնվելով` սերտորեն տիրապետեցի հայերենին` շնորհիվ գաղութի գրադարանի հայալեզու գրականության: Զբաղվում եմ նաեւ հելյունագործությամբ եւ շյուղագործությամբ: Նախկինում երբեք չեմ սիրել գործել, բայց միակ զբաղմունքն է, որ թույլ է տալիս ցրվելու: Ես ինձ համար զբաղմունք եմ գտել, որպեսզի ժամանակս ե՛ւ բովանդակալից լինի, ե՛ւ արագ անցնի: Այստեղ բոլորը գիտեն, երբ ես գործում եմ` ինձ չպետք է անհանգստացնել, չեմ սիրում շատ խոսել:

- Ձեր ստեղծագործությունները նվիրո՞ւմ եք նույն ճակատագիրը կիսող մյուս կանանց:

- Իհարկե, էլ ինչի համար եմ գործում, իրենք խնդրում են եւ ասում, թե ինչ ձեւերի են պատկերացնում` ես էլ իրականացնում եմ իրենց ցանկությունները:

- Երբ ազատության մեջ հայտնվեք, ո՞րը կլինի Ձեր առաջին քայլը, տարիների բաց թողածը ինչո՞վ կլրացնեք:

- Դժվարանում եմ պատասխանել, թե ինչով եմ զբաղվելու, որովհետեւ ես դեռ շատ երկար ժամանակ ունեմ: Նայած թե ինչ վիճակում այստեղից դուրս կգամ. նկատի ունեմ թեկուզ առողջականս...

- Ո՞րն է, ըստ Ձեզ, կնոջ առաքելությունը հայ ընտանիքում:

- Գտնվելով կանանց գաղութում, ես երեւի թե իրավունք չունեմ կնոջ առաքելության մասին խոսելու: Հայ կնոջը բնորոշ չէ, որ հայտնվի գաղութում, ինչպես որ` Հայաստանը մանկատուն չպետք է ունենա: Եթե մանկատուն չլիներ, երեւի թե այստեղ էլ շատ քիչ կանայք կլինեին:

- Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր զանցանքի շեմին են:

- Շատ կցանկանամ, որ դեռ դպրոցական հասակից ծանոթանան քրեական օրենսգրքին, իրազեկ լինեն: Եթե այդպես լինի, կարծում եմ` այսքան հանցագործություններ չեն լինի: Մենք գիտենք` եթե ձեռքերը կրակին պահենք, կվառվի, օրենքն էլ պետք է իմանանք, որպեսզի այն չխախտենք, իմանանք` ինչն է օրենքով թույլատրվում, ինչը` ոչ:

- Երբեւիցե կկարողանա՞ք ճիշտ գնահատել Ձեր արարքները:

- Ես իմ կատարած քայլերին սկզբից եւեթ բացասական եմ վերաբերել, միեւնույն է, հետ նայեմ, թե առաջ, ոչինչ չի փոխում:

- Ճակատագրին հավատո՞ւմ եք:

- Իհարկե, ցանկացած մարդու հետ կատարվում է այն, ինչը սահմանված է ճակատագրով, ոչ ոք չգիտի, թե իր հետ ինչ կարող է լինել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում