livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

gaxut2«Զարուհի» կանանց համար ամսագրի նպատակն է լուսաբանել հայ կնոջ կերպարը, խնդիրները` ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաեւ ներկայացնել մեր հանրությանը հայ կնոջ իսկական կերպարը, որը կարծես մոռացության է մատնվում: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, ամսագիրը նվիրված է բացառապես կանանց կերպարներին, խնդիրներին եւ մտորումներին, ապա չէինք կարող չանդրադառնալ մի ոլորտի, որտեղ մի պահ քեզ թվում է, թե ամեն բան ավարտվում է: Սակայն, ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց մեր զրուցակիցը` «կինը ամեն տեղ կին է մնում»: Այս խորագրի տակ կներկայացնենք մի կնոջ կերպար, որը, ցավոք, ճակատագրի կամ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հայտնվել է անազատության մեջ` ճաղերից այն կողմ:

Ամեն անգամ, երբ աշխատանքի բերումով գտնվում ենք ազատազրկման վայրերում ու հատկապես կանանց գաղութում, մի պահ կյանքի գույները խառնվում են եւ դառնում գորշ, քանի որ այդտեղ գտնվողներից ոմանք մայր են, ոմանք` քույր, ընկերուհի, զավակ եւ, ի վերջո` կին: Իսկ ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում. «Կինը յուրաքանչյուրի տան աղն է»: Մոտենալով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դարպասներին` արդեն հասկանում ես, որ ազատությունը կանգ է առնում ու առաջ չի գնում, եւ կարծես ազատության հետ տեսակցությունն ավարտվում է, այդ դարպասներից ներս ազատության մուտքն արգելվում է: Իսկ ազատությունը մարդու ամենացանկալի եւ ամենադժվար հասանելի բաներից մեկն է այս կյանքում:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տնօրինությունը մեզ դիմավորեց ջերմորեն, հատկապես երբ իմացան, թե ինչ նկատառումներով էինք եկել: Զրույցի ընթացքում պարզվեց, որ վերջին շրջանում առավել շատացել է թրաֆիքինգի եւ խարդախության հոդվածներով դատապարտվող կանանց թիվը, եւ որ ամենակարեւորն է` տենդենց է նկատվում բարձրագույն կրթությամբ կանանց մուտքը քրեակատարողական հիմնարկ: Մտնելով տարածք (զոն), որտեղ ժամանակավորապես բնակվում են դատապարտված կանայք, նրանցից ոմանք սկսեցին հետաքրքրվել, թե ով ենք եւ ինչի համար ենք եկել: Գաղութում աշխատում է կին հոգեբան, որն, ի դեպ, բավականին բարիդրացիական հարաբերությունների մեջ էր գտնվում կին դատապարտյալների հետ: Վերջինս առաջարկեց ազատազրկվածներից ոմանց զրուցել մեզ հետ, որոնցից մի քանիսը պարզապես խուսափեցին: Սակայն պատահաբար մի կին, որն առաջին հայացքից բավականին ակտիվ էր, ընդունեց հոգեբանի առաջարկը եւ մեզ հետ զրույցի բռնվեց:

«Դատապարտվում եմ երկրորդ անգամ: Առաջին անգամ դատապարտվել եմ 1178 հոդվածի gaxut3երկրորդ մասով: Այդ հոդվածը վերաբերում է խարդախությանը, սակայն իմ արարքը խարդախություն չի, սակայն քանի որ օրենսգրքում այլ հոդված չկա, դրա համար այդ հոդվածով եմ դատապարտվում: Ավարտել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություն` Բրյուսովի անվան եւ մանկավարժական  համալսարանները: Օգնել եմ մարդկանց լիազորագրերով եւ քաղաքապետարանից հողեր եմ սեփականաշնորհել իրենց փոխարեն: Ես ունեմ այդ ընդունակությունները, ինձ մոտ ստացվում է աշխատելը` անկախ նրանից, թե ինչ բնագավառ է դա: Առաջին անգամ չորս տարի փորձաշրջան եմ անցել եւ պատիժս կրել եմ դրսում: Իսկ հիմա կրկին խարդախություն չեմ արել, ընտանիք չեմ քայքայել, ոչ մեկի գումարը չեմ յուրացրել, սակայն գտնվում եմ այստեղ: Բանն այն է, որ ես լիցենզավորված բրոկեր չեմ եւ իրավունք չունեմ նման բաներով զբաղվելու: Ունեմ երեք անչափահաս երեխա` երկու աղջիկ, մեկ տղա ու մեկ որդեգրած աղջիկ: Ապրում ենք վարձակալությամբ, 44 տարեկան եմ, դատապարտվել եմ հինգ տարի ազատազրկման: Որդեգրել եմ ընկերուհուս աղջկան, քանի որ նա երեխային թողել է ինձ մոտ եւ գնացել ամուսնու հետ արտագնա աշխատանքի: Այս երեխաներին պետք է պահել, իսկ սովորական աշխատավարձով դա հնարավոր չէ: Ես ինձ համար աշխատում էի, որը օրենքով անթույլատրելի էր, որի համար դատապարտվեցի եւ պատիժ եմ կրում: Գաղութ հասկացողությունը ինձ մոտ, մինչ այստեղ հայտնվելս, լրիվ այլ էր, իսկ հիմա, այստեղ գտնվելով, կարելի է ասել, որ դարձել ենք մի ընտանիք: Այստեղ աշխատողները մեզ լավ են վերաբերվում, եթե ենթարկվում ես բոլոր գաղութային օրենքներին: Սակայն ընդամենը մեկ օր եթե դուք ապրեք գաղութում, այդ ժամանակ կհասկանաք, թե մենք որտեղ ենք գտնվում: Այստեղ ամեն մարդ ստանում է այն վերաբերմունքը, ինչին որ նա արժանի է, իսկ այստեղ են գտնվում ամենատարբեր մակարդակի ու կրթության, ինչպես նաեւ տարբեր հանցանք կատարած կանայք: Վատն այն է, որ պատժաչափը երկար տալով` շատ բան չի փոխվում, իսկ եթե կրճատեն այն եւ ավելի խիստ լինեն, կարծում եմ, որ այդպես ճիշտ կլինի: Ես հիմա չգիտեմ, թե ինչ է լինելու իմ երեխաների ապագան, կամ ինչով են զբաղվում նրանք ամբողջ օրը: Իսկ ամուսնուս մասին ընդհանրապես չեմ ցանկանում խոսել»:

Մեկ անգամ սխալվելով` մի՞թե հնարավոր չէր առավել ուշադիր լինել, որպեսզի այդ չորս երեխաները այսօր գտնվեին իրենց մոր հսկողության տակ: Այս հարցին մեր զրուցակիցը, որը չցանկացավ իր անունը հայտնել եւ լուսանկարը տալ, ասաց հետեւյալը. «Գիտեք, ես չէի մտածում, որ խարդախություն եմ անում: Ես անում էի այն, ինչ որ կարողանում էի, ինչը ինձ մոտ լավ էր ստացվում: Իմ այդ արարքը օրենքով է դատապարտվում, իսկ ես ընդամենը օգնել եմ մարդկանց, որպեսզի արագ ստացվի իրենց գործը: Իսկ հիմա տեղեկացել եմ, որ նման հոդվածները` տնտեսական, գումարային, քրեականից փոխվելու ու դառնալու են քաղհայց: Ճիշտ է, մենք այստեղ զրկված ենք ազատությունից, սակայն զրկված չենք խոսքի ազատությունից: Ես այստեղ ամբողջ աշխատող անձնակազմին մի առաջարկ եմ արել` ասելով, որ այն կանայք, ովքեր գտնվում են մեկուսարանում, իսկ հետո գուրս են գալիս, նրանց երեք օրով թող բերեն գաղութ, որից հետո նրանք երբեք սխալ բան չեն անի եւ չեն ցանկանա այստեղ վերադառնալ, եթե, իհարկե, նրանք նորմալ ձեւով են մտածում: Չեմ կարող նկարագրել եւ նույնիսկ խոսքեր չեմ գտնում ասելու, թե ինչու: Այդպես եղավ նաեւ ինձ հետ, երբ առաջին անգամ մեկուսարանից դուրս եկա ու չհասա գաղութ: Եթե ես ինքս գոնե երեք օրով գտնվեի գաղութում, հաստատ ավելի զգույշ կլինեի իմ գործի մեջ կամ նույնիսկ չէի մնա Հայաստանում: Իմ հոդվածի վրա համաներումը չի ազդում, եթե հանցագործության ժամանակ հանցագործություն ես կատարում: Պարզապես իմ ազատազրկման ժամկետը կրճատել են 2 տարի 6 ամսով` բարեփոխման շնորհիվ»:

«ՊԱՏԻԺՆ ԱՅՆ ՉԻ, ՈՐ ԳՐՈՒՄ` ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆ ԳԱՂՈՒԹ...»

gaxutԻնչպե՞ս եք պատկերացնում ձեր ապագան այս դարպասներից դուրս, ունե՞ք նպատակ կամ ծրագիր, թե ինչով եք զբաղվելու դուրս գալուց հետո: Այս հարցին դատապարտյալ կինը պատասխանեց միանգամից, առանց երկար մտածելու. «Հաստատ նման գործով չեմ զբաղվի, ինչը օրենքով սահմանափակվում է: Եվ հետո` չեմ մնա Հայաստանում: Չգիտեմ, ես ասում եմ, որ չեմ անի, բայց եթե իմ երեխաները սոված լինեն, ինչ պետք է` ես կգնամ կանեմ, քանի որ ունեմ չորս երեխա: Ես 18 տարի ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ տեսել եմ շատ դաժան օրեր, անցել եմ ամեն տեսակի արահետներով ու խոչընդոտներով, սակայն ոչ մի անգամ ինձ նեղություն չեն տվել, իսկ ընդամենը չորս տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, արդեն երկու անգամ դատապարտվել եմ: Իմ դատավարության ժամանակ դատավորը երբ ասում էր հայցվորին, թե ձեզ խաբել են, ինքը բանկի աշխատող չի, վերջինս ասում էր` չէր կարող ինձ խաբել, քանի որ իմ բոլոր ծանոթներին նա հիպոթեք է դասավորել: Այսինքն` տվյալ անձնավորությունը եւս դատի ժամանակ կարծում էր, որ ես որեւէ խարդախություն չեմ արել: Իսկ երբ ինձ են հարցնում, թե ինչու էի խաբում եւ ասում, որ բանկի աշխատող եմ, ես ասում էի, որ լավ եմ արել, եթե այդպես չասեի, ինձ գումար չէին վստահի, բայց չէ՞ որ ես այդ մարդկանց գործը հասցնում էի նպատակին եւ օգնում էի: Այդ ամբողջ ընթացքը` գումար տալու եւ վերցնելու, նկարվել էր բանկում: Եվ ամբողջ քննչական եւ դատավարական անձնակազմը ուզում էր հասկանալ, թե ես չլինելով բանկի աշխատող` ինչպե՞ս եմ կարողացել մարդկանց լավություն անել: Նույնիսկ շատ ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց բանկը մերժել է, ասելով` վստահություն չեք ներշնչում, իսկ ես կարողացել եմ նրանց օգնել իմ ճարպկությամբ: Ինչեւէ, իմ ամբողջ մտատանջությունը իմ երեխաներն են, թե ինչ կլինի նրանց հետ հինգ րոպե հետո եւ ոչ թե մեկ օր հետո, քանի որ մեկ օրը արդեն ուշ է»:

Ինչպե՞ս են վերաբերվում երեխաները ձեր այստեղ գտնվելուն, արդյոք նրանց փորձո՞ւմ են վիրավորել շրջապատում ձեր այստեղ գտնվելու կապակցությամբ: Այս հարցը բավական հուզեց կնոջը, որը լացակումած նշեց հետեւյալը. «Բնականաբար, ծանր են տանում երեխաներս այս փաստը, նույնիսկ իմ աղջիկը, որը հաճախելու է երկրորդ դասարան, ինձ ասել է, որ եթե դու սեպտեմբերին տուն չգաս, ես դպրոց չեմ գնալու: Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը հայտնվի այս իրավիճակում... երեխաս գիտակցել է, որ չեմ կարող իր առաջին դասարանի հանդեսին ներկա գտնվել, խնդրել է, ասելով` թույլ տվեք իմ բանաստեղծությունը հեռախոսով ասեմ մայրիկիս ... ես մայր եմ, կին եմ, ախր, տղամարդ չեմ, որ չզգամ շատ բաներ: Պատիժն այն չի, որ գրում` ուղարկում են գաղութ, այլ պատիժն այն է, որ հեռու ես քո ընտանիքից, երեխաներից, եթե, իհարկե, դու նորմալ կին ես: Կան կանայք, որոնք զարմանալիորեն տնավորվում են այստեղ, հաշտվում են այն մտքի հետ, որ իրենց կյանքը պետք է այսպես լիներ: Ես չեմ կարող քնել, եթե իմ երեխան սոված լինի, ես ինձ վնաս կտամ, քանի որ իմ երեխաներին ես շատ լավ եմ պահել»:

Բացի լավ ուտելուց կամ հագնվելուց, չե՞ք կարեւորում արդյոք հոգեբանական այն պահը, որ ավելի լավ է` քիչ ուտեն, բայց մայրիկը միշտ լինի իրենց կողքին. «Գիտեք, իմ կյանքում եղել են պահեր, երբ իսկապես չոր հաց են կերել իմ երեխաները եւ ոչ մի անգամ ավելի պահանջ չեն ներկայացրել, որպեսզի ես չնեղվեմ, լաց չլինեմ, եւ նույնը` հագնվելու առումով: Իմ երեխաների մեջ կա էն, ինչ որ ինձ պետք է, բայց ես ցանկանում եմ, որ նրանք ունենան ամեն ինչի լավը: Ի դեպ, ես քիչ եմ զբաղվել նրանց դաստիարակմամբ, քանի որ ավելի շատ եղել եմ իմ ընտանիքի տղամարդը: Եվ եթե դրան ժամանակ տրամադրեի, ապա յոթ հոգի սոված կմնային` մայրս, հայրս, եղբայրս ու երեխաներս»:

Վերջում մեր զրուցակիցը մեզ զարմացրեց իր լավատեսությամբgaxut1` ներկայացնելով, թե ինչ նպատակներ ունի գաղութից դուրս գալուց հետո. «Ասեմ, որ գաղութում աշխատելով, կար անելով, որը երբեք չէի արել, մտովի նստած մտածում եւ պլանավորում եմ իմ ապագան: Դուրս գալուն պես` կգնամ կարի հաստոցներ ձեռք կբերեմ եւ մի փոքր բիզնես կհիմնեմ: Չնայած այս գաղութը չի կոչվում ուղղիչ աշխատանքային, բայց ստացվում է, որ դու մտովի ուղղվում ես եւ էլ չես գնա այլ ճանապարհներով»:

Ինչ վերաբերում է գաղութում կին մնալուն կամ կին զգալուն, մեր զրուցակիցը պատասխանեց հետեւյալ կերպ. «Կանացիությունը դու ինքդ պետք է պաշտպանես ու պահպանես, այստեղ ոչ ոք դա չի պաշտպանի եւ ոչ էլ ձգտելու է, որ դու կանացի մնաս: Այստեղ գտնվողների 80 տոկոսը կարգին մայրեր են, բարձր մակարդակի կանայք են: Ի դեպ, կան կանայք, որ այստեղ ավելի լավ են իրենց զգում այն առումով, որ բավականին լավ ծնունդներ ու խնջույքներ ենք կազմակերպում, որը նրանք չեն տեսել իրենց ամուսինների կամ ծնողների կողմից: Այստեղ լինում են նաեւ վիճաբանություններ` շատ տարբեր պատճառներով: Այնուամենայնիվ, կինն ամեն տեղ կին է մնում»:

Զրույցի ավարտից հետո շրջելով գաղութի ներսում` ականատես եղանք, թե ինչ պայմաններում են քնում, սնվում եւ իրենց առօրյան անցկացնում կին կալանավորները: Այդ ընթացքում հայտնվեցինք մի սենյակում, որտեղ ապրում էին դատապարտված կանայք` իրենց մանկահասակ երեխաների հետ, որոնք ժամանակավորապես ապրում են իրենց մայրիկների հետ մինչ երեք տարեկան դառնալը:

 

Պատրաստեց

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում