altԱբովյանի ՔԿՀ-ում այսօր պահվում են շուրջ 200 կանայք, որոնցից 146-ը դատապարտյալներ են, իսկ մնացածի գործերը դեռ գտնվում են նախաքննության փուլում: ՙԶարուհու հետ զրույցում դատապարտված կանայք հիմնականում զղջում էին իրենց կատարած հանցանքների համար եւ այդ իսկ պատճառով զերծ էին մնում մանրամասներ պատմելուց: Սակայն մեզ հաջողվեց խոսել նրանցից մի քանիսի հետ, ովքեր այնուամենայնիվ պատմեցին, թե ինչպես են հայտնվել դատապարտյալի կարգավիճակում:

ՙԻնձ 2010 թվականին դատապարտել են իմ կատարած հանցանքի համար՚,- մեզ հետ զրույցում ասաց Աննան (կեղծանուն), ով դատապարտված է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը):

- Իմ հորաքրոջ աղջիկը մարզից էր եկել ու ապրում էր իմ տանը: Սկզբնական շրջանում աշխատում եւ իր գլուխը պահում էր, մի բան էլ ինձ էր օգնում, բայց մի որոշ ժամանակ անց աշխատանքից ազատվեց ու սկսեց ձրիակերի նման վզիս նստել: Ես էլ առեւտուր էի անում, ասի կարամ շոր-մոր տամ գնաս ծախես` համ իմ մոտ էդքան անաշխատանք մնալուտ հախը կհանես, համ էլ քեզ լավություն կլինի: Համաձայնեց, երեք միլիոն դրամի ապրանք եմ տվել, որպեսզի վերավաճառի եւ գումարը դո կապեկ վերադարձնի ինձ: Ահագին ամիսներ անցավ, տեսնում եմ` սա ոչ ապրանքս է հետ բերում, ոչ էլ ապրանքիս գումարը: Գժված վիճակում էի, մի օր էլ ասի` գնա ինչ ուզում ես արա` փողերս բեր: Ասեց` ինչ ուզում ես արա, որ փող չունեմ, ինչ անեմ: Ես էլ իմ փողի տերն էի, ասի, որ փող չունես, արտաքին էլ չունե՞ս, գնա մարմինդ ծախի, փողս բեր, փակվի: Ու էդպես հորաքրոջս աղջիկը շուրջ յոթ ամիս իմ թելադրանքով, չնայած ինքն էլ այնպես չէր, որ դեմ էր ընկնում, մարմնավաճառությամբ էր զբաղվում Երեւանի փողոցներում: Ու ի վերջո գումարիս կեսը փակեց, որ բռնել չտար, էն կեսն էլ կփակեր:

- Դուք Ձեզ մեղավոր ճանաչե՞լ եք:

- Այո, մենակ այնքանով ինձ մեղավոր չեմ համարում, որ ես իրեն չեմ զրկել ազատ տեղաշարժից, չեմ խոշտանգել, ոնց որ ինքն է ասում:

- Զղջում եք Ձեր արարքի համար:

- Գիտեք հիմա հա, որովհետեւ այս չորս պատի մեջ հասկացա, որ կարեւորը փողը չի, կարեւորը նեղն ընկած տեղդ հարազատիդ աջակցությունն զգալն է: Իսկ ես լրիվ հակառակն եմ արել, հորաքրոջս աղջիկը, որն այդ պահին այդքան իմ աջակցության, իմ կողմից հասկացվելու կարիք ուներ, ես իրեն օտարի պես` առանց առանց երկար-բարակ մտածելու շպրտեցի փողոցները` խալխի տղամարդկանց գիրկը: Չգիտեմ` ինքը ինձ երբեւէ կների, բայց ես ինձ իմ այդ արարքի համար երեւի երբեք էլ չկարողանամ ներել:

Սկզբի ժամանակներն ինձ ավելի վատ էի զգում, բայց գաղութի աշխատակիցները ինձ շատ-շատ բաներում օգնեցին, իրենց շնորհիվ հիմա կարողանում եմ կարեւորել ու գնահատել այն մարդկանց, ում հանդեպ սխալներ շատ եմ արել: Այժմ ազատ ժամանակներս զբաղվում եմ ձեռագործությամբ, հելունագործությամբ, այդ աշխատանքներն օգնում են ինձ ցրվել, մոռանալ ազատության մեջ կատարած ինձ համար աններելի արարքներս:  


ՙԲԵՆԶԻՆԸ ԼՑՐԵՑԻ ՍԻՐԱԾՍ ՏՂԱՅԻ ՎՐԱ ՈՒ ՎԱՌԵՑԻ՚

ՙՏասնութ տարեկան էի ու գժի պես սիրահարված: Իմ առաջին սերն էր, կարծում էի, որ նա էլ ինձ է նույն անմնացորդ սիրով սիրում, ինչպես որ ես իրեն: Բայց չէ, ժամանակի հետ հասկացա, որ նա ինձ ոչ թե սիրում է, ոչ թե զգացմունք է տածում, այլ պարզապես աղջկա համար ամենաթանկ բանը` իմ կուսությունն էր ուզում ինձանից վերցնել՚,- արցունքներն աչքերին պատմեց 19-ամյա Կարինեն, ում աչքերում լի էր թախիծ ու վիշտ, չնայած, որ երկար ու գեղեցիկ մազերով, հրեշտակի անմեղ դեմքով աղջիկը փորձում էր իրեն ամեն կերպ ուրախ ու անհոգ ձեւացներ իր բախտակիցների մոտ:

- Նրա վերաբերմունքն իմ հանդեպ մի քանի օրվա մեջ լրիվ փոխվեց, ասում էր. ՙԻնչ ես քեզ էրեխու պես պահում, ասում ես` սիրում ես, դե ապացուցի, ոնց ես սիրում, սիրելը հո մենակ բառերով չի՞՚: Ու էդ դաժան օրը, իրա բառերը... Այլասերվածի նման էր խոսում, հայհոյում, ինձնից պահանջում էր այն, ինչը չէի կարող անել, բայց նա դա իմ կամքին հակառակ արեց ու ինձ այդ վիճակում թողնելով փորձում էր գնալ:

Այդ պահին իմ մեջ խոսում է իմ վիրավորված ու ոտնահարված ինքնասիրությունը, ու պահի տակ ես էլ չհասկանալով, թե ինչ եմ անում, լրիվ պատահական բենզինը լցրեցի  Արամի վրա ու կրակը գցեցի:

Արամն ամբողջությամբ այրվել էր: Սիրած տղայի հետ դաժան հաշվեհարդար է տեսած աղջիկը դեռ բողոքարկում է իր նկատմամբ սահմանված պատժաչափը, ասելով. ՙԵս առանց այն էլ պատժված եմ հավետ: Ինձ համար ամենասոսկալի պատիժն արդեն գործում է` փշրված ճակատագրի ու սիրո վախճանը՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ