altՀոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, որն ավարտվել է հանցագործի փախուստով: Անհայտ անձը զենքով ներխուժել է գյուղի տներից մեկը, որտեղ եղել են տանտիրուհին եւ նրա 22-ամյա դուստրը: Դեպքի մասին մանրամասներ ներկայացրեց ԷԴԻԿԸ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ, ում տան վրա էլ եղել էր զինված հարձակումը:

 

-Դիմակավորված ավազակը մեր տուն է մտել երեկոյան 22-ի սահմաններում: Առաջինը` 22-ամյա աղջկաս է տեսել, եւ երբ կինս վրա է հասել, բռնել է աղջկաս ու սպառնացել կնոջս, որ տեղից չշարժվի, թե չէ կվերացնի սաղին, առաջինը` երեխուս:

Ես արդեն գնացել էի հանգստանալու, մեկ էլ պատահական ձայն լսեցի: Մտածեցի` մեր հարազատներից մեկն է եկել: Մեկ էլ պահի տակ ականջիս առա տղամարդու ձայն, ով բղավելով ասում էր. ՙԻնչ ունեք-չունեք` դրեք սեղանին, թե չէ կգյուլլեմ, կվերացնեմ ձեր սեփական տան մեջ՚: Զենքը պահել էր աղջկաս վրա, ասելով, որ եթե ձայն հանի` տեղում կխփի: Ես միանգամից ննջասենյակի պատուհանը բացեցի, որ դարպասը փակեմ. մտածեցի մի քանի հոգի կլինեն, որ գոնե նրանք չգան: Մինչեւ իմ դուրս գալը կինս ու աղջիկս իրեն մի կերպ դուրս էին արել: Այն էլ, ոչ թե դուրս էին արել, այլ կինս ընդիմանալով, կարողացել է դիմակը հանել: Այդ պահին ինքը, վախենալով բացահայտվելուց, մի քանի հարված է հասցրել կնոջս ու նետել գետնին եւ փախել: Մթով ընկա հետեւից, որ տեսավ վազում եմ հետեւից, զենքը հեռավորության վրա պահեց վրաս ու սպառնաց, որ եթե հետ չդառնամ, կկրակի: Ձեռքի հետ էլ քարեր էր շպրտում իմ ուղղությամբ:

- Դուք տեսաք նրան, հանդիպելու դեպքում կճանաչեք:

- Մութ էր, շատ հստակ, պարզ չեմ տեսել, բայց տեսնելու դեպքում երեւի կճանաչեմ: Միջահասակ էր, քսանհինգից-երեսուն տարեկան, մկանոտ երիտասարդ: Չնայած նրան ոչինչ չի հաջողվել տանից տանել, էական ֆիզկական վնաս չի հասցրել, բայց տանեցիների վիճակը վիճակ չի: Երեկվանից ոչ հաց են ուտում, ոչ ջուր խմում: Մանավանդ աղջիկս` մենակ լացում է ու ասում. ՙԻնչի՞ պապա, ինչի՞ մեր տունը, ինչի՞ մենք: Էդ վախը, սթրեսը, սարսափի զգացումը երեւի երբեք էլ չանցնի, դա անելու բան չէր՚:

ՙԱհավոր էր, ոնց որ ֆիլմ լիներ, մտավ թե չէ` սկսեց ահաբեկել, զենքը պահել էր աղջկաս վրա, ու սպառնում, որ էղածներս չդնենք սեղանին, սաղիս հարցերը կլուծի՚,- հավելեց տան տիկինը` տիկին Սիրունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ