livemarks sitemap
Երեքշաբթի, Հունվարի 21, 2020

alt-Գաղութում հայտնվել եմ կնոջս պատճառով, բայց ինձ հանցագործ է դարձրել զոքանչս: Իմ եւ կնոջս միջեւ` զոքանչիս պատճառով, հաճախակի էին վեճեր ծագում: Ու այստեղ հայտնվելու միակ պատճառը զոքանչս է, ով առիթը բաց չէր թողնում ինձ ու կնոջս բաժանելու փորձերի համար:

Երկար աշխատելուց հետո  նրա մոտ, ինչպես տեսնում եք, թեկուզ կարճ ժամանակով, բայց ստացվեց: Դատապարտվել եմ երեք տարի ժամկետով, բայց իմ ու կնոջս միջեւ բաժանություն չկա: Մինչեւ հիմա իրար հետ ենք, ունենք երկու` երեք եւ յոթ տարեկան  որդիներ: Ուղղակի այս ամենը զոքանչս է արել:

- Ինչ է արել Ձեր զոքանչը:

- Ինչպես ասացի, զոքանչս միշտ խառնվում էր մեր ընտանեկան, նույնիսկ շատ խիստ անձնական հարցերին: Ամեն ինչ անում էր, որ կինս ինձ չվստահի, մտածի, որ դավաճանում եմ, իբր աշխատածս գումարները աղջիկների վրա եմ վատնում: Կինս ահավոր խանդոտ էր, որն էլ շատ լավ գործիք էր դարձել մոր ձեռքին` աղջկան ուզածի պես կառավարելու համար: Ես աշխատում էի, իսկ կինս րոպեն մեկ զանգում էր, հետաքրքրվում` ուր եմ եւ ում հետ: Մեկ-մեկ էդ զանգերը, էդ անտեղի ավստահությունը այնքան էին ինձ հունից հանում, որ չեմ կարող նկարագրել: Մի օր ջղայնացած գնացի տուն, սկսեցի վիճաբանել կնոջս հետ, որ վերջ տա իր հիվանդագին խանդին: Այդ պահին եկավ զոքանչս ու փոխանակ աղջկան հանգստացներ, էն որ ասում են` կրակի վրա ջուր չլցնելու փոխարեն, ավելի բորոբոքեց մեր վեճը: Մի խոսքով` վեճն ավարտվեց ծեծկռտուքով: Կնոջս մի քանի հարված հասցրի. այնպես էի հարվածել դեմքին, որ աչքը կուրացել էր: Միանգամից տարա հիվանդանոց` վիահատեցին ու տեսողությունը վերականգնվեց:

Այդ դեպքից հետո հաշտ ու համերաշխ շուրջ մեկ տարի ապրեցինք: Ու այդ խաղաղ կյանքը մեզ տրվեց միայն այն ժամանակ, երբ ես այդ դեպքից հետո արգելեցի կնոջս շփվել մոր հետ: Ամեն ինչ կարծես իր բնականոն հունով էր ընթանում, մինչեւ այն պահը, երբ ես գործերով` տասնհինգ օրով մեկնեցի արտերկիր: Այդ ընթացքում զոքանչս` իմանալով իմ բացակայության մասին, եկել էր աղջկա մոտ ու նորից գլուխը հիմարություններով լցրել: Հասցրել էր աղջկա խելքը ուտել ու համոզել, որ կինս գնա ու իմ դեմ բողոք ներկայացնի ոստիկանությանը: Ինձ ձերբակալեցին մեկ տարի առաջ կատարված դեպքի` կնոջս ծեծի ենթարկելու համար:

- Ինչով էիք զբաղվում մինչ այստեղ հայտնվելը:

- Խառը գործեր էի անում` տաքսի էի քշում, հացի փռում էի աշխատում, շինարարություն էի անում:

- Ինչ տվեց Ձեզ կալանավայրում անցկացրած երկու տարին:

- Այստեղ մի բան հասկացա, որ մարդ անպայման պետք է մի նեղ տեղ ընկնի, ու դրանից հետո զգա, թե ով ով է: Դրսում` ազատության մեջ, ամեն ինչ այլ էր, մեծ շրջապատ ունեի, լիքը ընկերներ, բայց գաղութում հայտնվելուց հետո այդ ընկերներից եւ ոչ ոք, թեկուզ ձեւի համար չզանգեց հարցներ` ոնց եմ, ինչու եմ հայտնվել գաղութում: Գաղութն ինձ համար կյանքի մի մեծ դպրոց էր, որտեղ, գուցե  զարմանաք ասածիցս, բայց, երեւի, պետք է ընկնեի, որ հասկանայի, թե ով ով է իրականում:

- Իսկ զոքանչի հանդեպ ատելություն զգում եք:

- Այն էլ ինչքան` չափից դուրս շատ, չեմ կարող ասել, թե դուրս գալուց հետո ոնց կլինի: Բայց հաստատ չեմ սպանի, դա նրա համար չափից մեծ նվեր կլինի: Ես կվերցնեմ ընտանիքս ու կհեռանամ երկրից, որ ինքն այլեւս չկարողանա խառնվել ո°չ իմ, ո°չ էլ աղջկա գործերին, իսկ ես գիտեմ, թե նա ինչքան կապված է աղջկա հետ, ու աղջկանից հեռու լինելը նրա համար մահից էլ  դաժան է: Հիմա էլ կինս մոր հետ որեւէ առնչություն չունի, ես նրան ասել եմ, որ եթե մոր հետ կապ ունենա, ավելի լավ է հիմիկվանից մոռանա ինձ:

- Ինչով եք լցնում Ձեր ազատ ժամանակը կալանավայրում:

- Հիմնականում` ընթերցանությամբ, այստեղ ձեռք եմ բերել շատ ընկերներ: Կալանավայրը մեզ համար դարձել է փոքր գյուղի նման մի վայր, որտեղ ամեն մեկն ապրում է մյուսի հոգսով, միմյանց հետ կիսում ենք մեր ուրախ ու տխուր պահերը: Ինչպես ազատության մեջ, այնպես էլ գաղութում, կան ՙքյասիբներ՚ ու ապահով ապրողներ: Բայց հավատացեք, որ ի տարբերություն դրսի ապահով ապրող մարդկանց, որոնց համար միեւնույն, թե ինչ է զգում ՙքյասիբը՚` կուշտ է, թե սոված, ուրախ է, թե տխուր, այստեղ այդպես չէ, այստեղ ապահով ապրողը թույլ չի տալիս, որ կողքինը ինչ-որ բանի կարիք զգա, դա երեւի նրանից, որ այս պատերի ներսում զգում ես, որ ամեն ինչ չէ, որ փողով ու ունեցվածքով կարելի է գնել:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում