livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

kin-Դատապարտվում եմ երկրորդ անգամ: Առաջին անգամ դատապարտվել եմ խարդախության համար: Ավարտել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություն` Բրյուսովի անվան եւ մանկավարժական  համալսարանները: Օգնել եմ մարդկանց լիազորագրերով եւ քաղաքապետարանից հողեր եմ սեփականաշնորհել իրենց փոխարեն: Ես ունեմ այդ ընդունակությունները, ինձ մոտ ստացվում է աշխատելը` անկախ նրանից, թե ինչ բնագավառ է դա:

Առաջին անգամ չորս տարի փորձաշրջան եմ անցել եւ պատիժս կրել եմ դրսում: Իսկ հիմա կրկին խարդախություն չեմ արել, ընտանիք չեմ քայքայել, ոչ մեկի գումարը չեմ յուրացրել, սակայն գտնվում եմ այստեղ: Բանն այն է, որ ես լիցենզավորված բրոկեր չեմ եւ իրավունք չունեմ նման բաներով զբաղվելու: Ունեմ երեք անչափահաս երեխա` երկու աղջիկ, մեկ տղա ու մեկ որդեգրած աղջիկ: Ապրում ենք վարձակալությամբ, 44 տարեկան եմ, դատապարտվել եմ հինգ տարի ազատազրկման: Որդեգրել եմ ընկերուհուս աղջկան, քանի որ նա երեխային թողել է ինձ մոտ եւ գնացել ամուսնու հետ արտագնա աշխատանքի:

Այս երեխաներին պետք է պահել, իսկ սովորական աշխատավարձով դա հնարավոր չէ: Ես ինձ համար աշխատում էի, որը օրենքով անթույլատրելի էր, որի համար դատապարտվեցի եւ պատիժ եմ կրում: Գաղութ հասկացողությունը ինձ մոտ, մինչ այստեղ հայտնվելս, լրիվ այլ էր, իսկ հիմա, այստեղ գտնվելով, կարելի է ասել, որ դարձել ենք մի ընտանիք: Այստեղ աշխատողները մեզ լավ են վերաբերվում, եթե ենթարկվում ես բոլոր գաղութային օրենքներին: Սակայն ընդամենը մեկ օր եթե դուք ապրեք գաղութում, այդ ժամանակ կհասկանաք, թե մենք որտեղ ենք գտնվում: Այստեղ ամեն մարդ ստանում է այն վերաբերմունքը, ինչին որ նա արժանի է, իսկ այստեղ են գտնվում ամենատարբեր մակարդակի ու կրթության, ինչպես նաեւ տարբեր հանցանք կատարած կանայք: Վատն այն է, որ պատժաչափը երկար տալով` շատ բան չի փոխվում, իսկ եթե կրճատեն այն եւ ավելի խիստ լինեն, կարծում եմ, որ այդպես ճիշտ կլինի: Ես հիմա չգիտեմ, թե ինչ է լինելու իմ երեխաների ապագան, կամ ինչով են զբաղվում նրանք ամբողջ օրը: Իսկ ամուսնուս մասին ընդհանրապես չեմ ցանկանում խոսել»:

 

- Մեկ անգամ սխալվելով` մի՞թե հնարավոր չէր առավել ուշադիր լինել, որպեսզի այդ չորս երեխաները այսօր գտնվեին իրենց մոր հսկողության տակ:

- Գիտեք, ես չէի մտածում, որ խարդախություն եմ անում: Ես անում էի այն, ինչ որ կարողանում էի, ինչը ինձ մոտ լավ էր ստացվում: Իմ այդ արարքը օրենքով է դատապարտվում, իսկ ես ընդամենը օգնել եմ մարդկանց, որպեսզի արագ ստացվի իրենց գործը: Ճիշտ է, մենք այստեղ զրկված ենք ազատությունից, սակայն զրկված չենք խոսքի ազատությունից: Ես այստեղ ամբողջ աշխատող անձնակազմին մի առաջարկ եմ արել` ասելով, որ այն կանայք, ովքեր գտնվում են մեկուսարանում, իսկ հետո դուրս են գալիս, նրանց երեք օրով թող բերեն գաղութ, որից հետո նրանք երբեք սխալ բան չեն անի եւ չեն ցանկանա այստեղ վերադառնալ, եթե, իհարկե, նրանք նորմալ ձեւով են մտածում: Չեմ կարող նկարագրել եւ նույնիսկ խոսքեր չեմ գտնում ասելու, թե ինչու: Այդպես եղավ նաեւ ինձ հետ, երբ առաջին անգամ մեկուսարանից դուրս եկա ու չհասա գաղութ: Եթե ես ինքս գոնե երեք օրով գտնվեի գաղութում, հաստատ ավելի զգույշ կլինեի իմ գործի մեջ կամ նույնիսկ չէի մնա Հայաստանում:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ապագան ճաղավանդակներից դուրս, ունե՞ք նպատակ կամ ծրագիր, թե ինչո՞վ եք զբաղվելու դուրս գալուց հետո:

- Հաստատ նման գործով չեմ զբաղվի, ինչը օրենքով սահմանափակվում է: Եվ հետո` չեմ մնա Հայաստանում: Չգիտեմ, ես ասում եմ, որ չեմ անի, բայց եթե իմ երեխաները սոված լինեն, ինչ պետք է` ես կգնամ կանեմ, քանի որ ունեմ չորս երեխա: Ես 18 տարի ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ տեսել եմ շատ դաժան օրեր, անցել եմ ամեն տեսակի արահետներով ու խոչընդոտներով, սակայն ոչ մի անգամ ինձ նեղություն չեն տվել, իսկ ընդամենը չորս տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, արդեն երկու անգամ դատապարտվել եմ: Իմ դատավարության ժամանակ դատավորը երբ ասում էր հայցվորին, թե ձեզ խաբել են, ինքը բանկի աշխատող չի, վերջինս ասում էր` չէր կարող ինձ խաբել, քանի որ իմ բոլոր ծանոթներին նա հիպոթեք է դասավորել: Այսինքն` տվյալ անձնավորությունը եւս դատի ժամանակ կարծում էր, որ ես որեւէ խարդախություն չեմ արել: Իսկ երբ ինձ են հարցնում, թե ինչու էի խաբում եւ ասում, որ բանկի աշխատող եմ, ես ասում էի, որ լավ եմ արել, եթե այդպես չասեի, ինձ գումար չէին վստահի, բայց չէ՞ որ ես այդ մարդկանց գործը հասցնում էի նպատակին եւ օգնում էի: Այդ ամբողջ ընթացքը` գումար տալու եւ վերցնելու, նկարվել էր բանկում: Եվ ամբողջ քննչական եւ դատավարական անձնակազմը ուզում էր հասկանալ, թե ես չլինելով բանկի աշխատող` ինչպե՞ս եմ կարողացել մարդկանց լավություն անել: Նույնիսկ շատ ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց բանկը մերժել է, ասելով` վստահություն չեք ներշնչում, իսկ ես կարողացել եմ նրանց օգնել իմ ճարպկությամբ: Ինչեւէ, իմ ամբողջ մտատանջությունը իմ երեխաներն են, թե ինչ կլինի նրանց հետ հինգ րոպե հետո եւ ոչ թե մեկ օր հետո, քանի որ մեկ օրը արդեն ուշ է: Դուրս գալուն պես` կգնամ կարի հաստոցներ ձեռք կբերեմ եւ մի փոքր բիզնես կհիմնեմ: Չնայած այս գաղութը չի կոչվում ուղղիչ աշխատանքային, բայց ստացվում է, որ դու մտովի ուղղվում ես եւ էլ չես գնա այլ ճանապարհներով:

- Ինչպե՞ս են վերաբերվում երեխաները ձեր այստեղ գտնվելուն:

- Բնականաբար, ծանր են տանում երեխաներս այս փաստը: Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը հայտնվի այս իրավիճակում... Պատիժն այն չի, որ գրում` ուղարկում են գաղութ, այլ պատիժն այն է, որ հեռու ես քո ընտանիքից, երեխաներից, եթե, իհարկե, դու նորմալ կին ես: Կան կանայք, որոնք զարմանալիորեն տնավորվում են այստեղ, հաշտվում են այն մտքի հետ, որ իրենց կյանքը պետք է այսպես լիներ:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում