livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

fate«Ուսանող էի, երբ սիրահարվեցի առաջին ու վերջին անգամ: Սերն ինձ այցելեց վայրկյանների ընթացքում եւ կյանքս նոր ընթացք ստացավ` նոր հուն, բայց դեռ չէի գիտակցում, թե կյանքի անհուն օվկիանում ինչպես եմ նավարկելու այդքան անփորձ»,- այսպես սկսեց զրուցակիցս անկեղծանալով իր տխուր սիրո պատմության մասին:

-Մինչ այդ երբեք չէի մտածի, որ երբեւէ կհանդիպեի այդպիսի տղայի, ով կգերազանցեր ինձ հույզերի նրբությամբ, ընկալման արագությամբ կամ գաղափարների վեհությամբ: Միանգամից նրա մեջ գտա այն, ինչ փնտրում էի իմ ամբողջ գիտակցական կյանքում: Նա կարողացավ ինձ սիրել այնպիսի սիրով, որի մասին սովորաբար իմ հասակակից աղջիկները միայն գրքերում են կարդում ու ֆիլմերում տեսնում: Հետզհետե այդ սերն այնքան մեծ բոցով էր հրդեհվում իմ մեջ, որ գլուխս ու սիրտս միայն նրա մասին մտքերով էին հեղեղվել: Ինձ թվում էր, թե շարժվում էի գեղեցկության մեջ, քայլում էի ամենուրեք շաղ տված երջանկության վրայով: Ցավալի էր գիտակցել, որ այդպիսի ցնծությունը չէր կարող մշտական լինել, ինչպես գեղեցկությունը չի կարող լինել ամեն տեղ եւ հավերժական: Երբեմն սարսափում էի այդչափ երջանկությունից, քանի որ այն ինձ շատ պատահական էր հյուր եկել, եւ նույնքան անսպասելի կարող էր նաեւ ինձ լքել: Եվ որքան մոտենում էի այն որոշակի փոխըմբռնմանը, որ գոյություն ունի տղամարդու եւ կնոջ միջեւ, երբ նրանք սիրում են միմյանց, այն բնական ցանկությանը, սիրո ցույցերին ու բերկրալի վերացմանը, որ առաջացնում էր սերը, այնքան սիրտս սահմռկեցուցիչ վախով էր պարուրվում: Մենք ունեինք մեր ժամադրման վայրը, մի վայր, որը մեզ համար կարծես դրախտ լիներ, չնայած առանձնակի որեւէ բան չկար: Դա այն վայրն էր, որտեղ ես նրան տրվեցի հոգով եւ մարմնով: Ես նրան թույլ տվեցի այն թանկագին խանդաղատանքները, որոնք պետք է վերապահված լինեին միայն ամուսնության մահճի համար:

Իհարկե րոպեներ անց սիրտս ճմլվում էր զղջման անբացատրելի զգացումից, բայց չեմ կարող հերքել նաեւ, որ չէի զգում այդ պահի գեղեցկությունն ու պատճառած ցնծությունը: Բայց ավանդական դաստիարակված խիղճս սարսափելիորեն խեղդում էր ներսից եւ ես ողբում էի ներքուստ: Հայտնվել էի հաճույքի եւ զղջման խաչմերուկում, եւ միակ փարատող միտքն այն էր, որ նա երբեք չի լքի ինձ, քանի որ նրա սերն անսահման ու անվերջանալի էր թվում:

Իսկ ամենազարմանալին այն էր, որ նա չէր էլ կարող պատկերացնել, թե ես ինչ հոգեվիճակում եմ, քանի որ, այն, ինչ ինձ համար այդքան կարեւոր էր, պարզվեց, որ գրոշի արժեք չուներ իր համար: Այդ օրը եղավ մեր վերջին հանդիպումը: Երբեք չէի կարող պատկերացնել, նույնիսկ ամենասարսափելի երազում, որ այսքան գունեղ, երջանիկ սիրո պատմությունը նման անգույն, դժբախտ ավարտ կունենար:

Այդ հանդիպումից հետո գրեթե մեկ ամիս ոչ մի լուր չունեի նրանից: Հեռախոսազանգերիս չէր պատասխանում, իսկ դրանից ավելին չգիտեի նրա մասին: Ուղիղ մեկ ամիս անց հայտնվեց, դռնից անգամ ներս չմտնելով ընդամենը երեք բառ արտասանեց. «Ես ամուսնացել եմ»:

Այն, ինչ այդ պահին ինձ հետ կատարվեց, չեմ կարող բառերով բացատրել, միայն հիշում եմ, որ կարողացա դուռը նրա երեսին լուռ փակել: Կարծում էի այդկերպ մեկընդմիշտ կփակեմ կյանքիս այդ էջը:

Բայց ոչ, զղջումն ու տառապանքը դեռ նոր պետք է հյուրընկալեին ինձ…

Մինչ դռան զանգը հնչելը, հղիության թեստ էի արել, առանց պատասխանը նայելու, վազեցի դուռը բանալու` կարծելով դրական պատասխանի դեպքում մեր ճակատագրերն ընդմիշտ կմիաձուլվեն:

Կրկին սխալվեցի, բայց այս անգամ անդառնալին էր տեղի ունեցել:

Ես մայր էի դառնալու, վախի ու անկարողության զգացումից ուզում էի ճչալ, բղավել ի լուր աշխարհի, որ դա նրա երեխան է, մեր սիրո պտուղը, բայց զուր… Երբ կատարվածից փոքր-ինչ սթափվեցի, եւ բանականությունս փոքր-ինչ ենթարկվեց ինձ, հասկացա, որ ես կանգնել եմ շատ կարեւոր ընտրության առաջ: Ու ընտրեցի երջանիկ թվացող, բայց իրականում դժբախտ սիրո քաղցր պտուղը: Ծնվեց որդիս, ով ինձ օգնեց ապացուցել կյանք կոչվածին, որ այս պայքարում հաղթողը ես եմ, այլ ոչ թե նա…

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում