mayrԴժվար է ասել ինչպիսին է նա, առյուծածին մոր հպարտությունն է արտացոլված նրա ապրած յուրաքանչյուր պահի մեջ, կամ տառապանքն այնքան խորն է, որն աշխարհի համար չէ, այլ այն պատերի, որոնք ամեն օր` գիշեր, թե ցերեկ զգում են անդառնալի կորստի ցավը:

 

Խոսքը հայրենասեր մոր, հայ կնոջ տառապանքի մասին է, որը լռության մեջ պարփակված 21-ամյա պատմություն ունի: Մայրը` ԶԱՐՈՒՀԻ ՇԱՄՅԱՆՆ է, հզոր մի կին, ով լույս աշխահ բերելով իր նման հզոր մի անհատի` Վարդան Ստեփանյան հայորդուն` ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ կորստի սոսկալի ցավը հոգում ապրեց, ապրեց ու շարունակեց որդու կիսատ գործը...

Բոլոր զինվորներին համարեց իր որդիները, ապա որդու ընկերների տղաներին` Վարդաններին, իր թոռները...

-Տիկին Զարիկ, թերեւս գիտեմ` դժվար է, բայց մի՞թե հաղթահարելի է այն, որ Ձեր հերոս զավակի ամեն մի ընկեր իր որդուն կոչեց ի պատիվ Ձեր Վարդանի, դեռ որքան տղաներ էլ փափագում են Վարդաններ ունենալ: Մի՞թե հնարավոր է ամենուր լսել Վարդան անունը:

- Կյանքով լեցուն էր իմ Վարդանը, անասելի հմայքով ու առնականությամբ օժտված: Շատ գեղեցկուհիներ էին հմայված նրանով, բայց նրա համար հայրենիքից զատ ոչինչ չկար թանկ, անձնական կյանքն էլ, ասում էր, իր համար չէ: Շատ կուզենայի մի զավակ էլ նա ունենար, բայց ավա՜ղ... Խորապես գիտակցում էր իր առաքելությունն այս կյանքում: Անգամ մի անգամ նա ասաց. «Մամ, թանկ ես ինձ համար, բայց քեզանից թանկն էլ կա. դա իմ հայրենիքն է, ես այնքան մահ եմ տեսել, որ անգամ քո մահը ինձ հետ չի պահի հայրենի հողի ազատագրման սուրբ գործից»: Նա դեռ ապրում է, նա իմ կողքին է, իսկ նրա ընկերների զավակներն էլ իմ թոռներն են, իմ Վարդանները: Ամեն օր լույսը բացվելուն պես մտնում եմ գրադարան, որը նրա տուն-թանգարանն է, իմ բարի լույսը մաղթում, երեկոյան էլ բարի գիշեր մաղթելով` սպասում եմ հաջորդ օրվա բացվելուն: Նա ապրում է, ամեն մի Վարդանի մեջ իմ Վարդանին եմ տեսնում, ամեն զինվորի` որդիս համարում:

- Ո՞րն էր Ձեր որդու նվիրական հաղթանակը:

- Շուշիի ազատագրումը, որից հետո նա գնացել էր Հայոց բերդաքաղաքի ավերված հայկական գերեզմանատուն եւ թշնամուց վրեժ լուծած զինվորի հպարտությամբ ձայն տվել. «Մեր պապեր, հիմա կարող եք հանգիստ քնել, Շուշին ազատագրված է»: Վարդանս գիտեր, զգում էր, որ մի օր էլ ինքն է զոհվելու, դրա համար էլ ընկերներին պատգամել էր. «Եթե զոհվեմ` մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ...»: Ես գիտեի այդ մասին եւ որդուս սուրբ պատգամը այդ անգամ եւս կատարեցի:

- Տիկին Զարիկ, բոլորիս է հայտնի, որ Վարդանը եղել է գրականության սիրահար ու ավելի մեծ գրադարան է ունեցել, կհիշեք մի դեպք գրադարանից, որը նրա մանկության արտացոլանքն է...

- Գրադարանի ընթերցողների համար հերթական միջոցառումն էի կազմակերպել ու հրավիրել էի հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին: Դահլիճում բոլորը հավաքված սպասում էին Շիրազին ու երբ նա ներս մտավ եւ նախասրահում տեսավ Լենինի արձանը, զայրացած հետ դարձավ ու բարձրաձայնեց, թե` էս շան պատճառով ենք կորցրել մեր հողերը: Միջոցառումը տապալվում էր, բայց մոտեցա ես Վարդանին գրկիս ու խնդրեցի ներս մտնել, ինձանից հետո կրկնեց նաեւ Վարդանը: Նա նայեց Վարդանին, ապա հարցրեց նրա անունը ու ասաց. «Վարդան զորավարն ես դառնալու: Աչքերին նայեք, աչքերին...»: Ամեն ինչ անցյալում է, միայն հիշողությունը չի կարող անցյալ դառնալ...

«Ես սգավոր մայր չեմ, այլ հերոսի մայր եմ ու յուրաքանչյուր մայր պետք է հպարտ լինի, որ հերոս որդիք է ծնում...»,- ահա տիկին Զարիկի` վեհ կնոջ վերջին խոսքը ցաված սրտի խորքից: Գուցե պատերազմը մահ է ծնում, բայց եւ տարածում է սեր եւս, զինվորի մոր սրտում որքան էլ հուսահատության ցավ կա, անասելի կսկիծ, բայց նաեւ հպարտություն կա, որ ծնել է մեկին, ով միայն իրենը չէ: Վարդան Ստեփանյանը (Դուշմանը) միայն Ստեփանյաններինը չէր, ինչպես նաեւ տիկին Զարուհին, այլ մի ողջ ժողովրդի հարստությունն են նրանք` հերոսներ` մայր եւ որդի... 21 տարվա ցավը ծնկի չիջեցրեց վեհանձն տիկնոջը, այլ ավելի հզորացրեց, նա դարձավ պաշտպանը ամեն մի զինվորի, ամեն հայորդու, նվիրյալը իր որդու կիսատ թողած գործի, որը նրա կյանքն էր` ապրելակերպը...

Զրույցը` ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ