livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

model3Վերջին շրջանում հայ մոդելինգը սկսել է կամաց-կամաց ոտքի կանգնել ու եթե ժամանակին «մոդել» բառը շատերի մոտ այլ կարծիք էր ստեղծում, հատկապես տղաների դեպքում, հիմա մոտեցումը փոխվել է: Ասպարեզի զարգացման գործում իր նշանակալի դերն ունի «Թոփ մոդել փրոդաքշն Հայաստանը», որն այս տարի նշեց իր 5-ամյակը: Ընկերությունն աշխատելով 3-23 տարեկան աղջիկների եւ տղաների հետ` պատրաստում է իրենց գործին գիտակ մոդելներ: Սրանից հետեւություն, որ առաջիկա տարիներին արդեն ոչ թե Վրաստանից կամ մեկ այլ երկրից բարձր հոնորարներով կհրավիրվեն մոդելներ որեւէ դիզայների հագուստները ցուցադրելու համար, այլ` հենց այդ բարձր հոնորարներով կհրավիրվեն հայաստանյան մոդելներ: Եվ արդեն այդ տենդենցը տեսնում են «Թոփ մոդել փրոդաքշն Հայաստանի» հիմնադիրները: «Զարուհու» հետ զրույցում հիմնադիրներից ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ համենայն դեպս իրենց ստեղծած դպրոցում փորձում են այնպես աշխատել սաների հետ, որ եթե նույնիսկ մոդելներ էլ չդառնան, ապա հաստատ կունենան գեղեցիկ կեցվածք ու քայլվածք: Դա անելու համար նրանք սկսել են մարզերից ու նույնիսկ սահմանամերձ գյուղերից.

 - Մենք հիմա մի քանի ասպեկտներով ենք աշխատում, 3-23 տարեկանների համար մրցույթներ ենք կազմակերպում, արվեստի դպրոցում` Առնո Բաբաջանյան համերգասրահում գեղաքայլքից բացի մեր սաներին սովորեցնում ենք արվեստի պատմություն, գեղանկարչություն: Նրանք առնչվում են արվեստի բոլոր բնագավառների հետ, որ ներքին կուլտուրայով, կեցվածքով, պահվածքով, արտաքին առավելությունների հետ մեկտեղ նաեւ ներքին բովանդակությունը հարստացնեն: Այսինքն` ոչ թե երեխաներին բերում ենք, որպեսզի մրցույթի մասնակցեն ու գրավեն կամ չգրավեն ինչ-որ մրցանակային տեղեր ու նորից գնան տուն, այլ այս դեպքում ճիշտ քայլվածքը դառնում է կենսաձեւ ամբողջ կյանքում` զգաստ քայլելու, գեղեցիկ ու ճիշտ խոսելու, նստելու: Հիմա երեխաները բոլորովին անպատրաստ են, չունեն տեսախցիկների ու ֆոտոխցիկների կամ հանդիսատեսի հետ աշխատելու ներքին մշակույթ: Դրա համար չխնայելով մեր ո՛չ էներգիան, ո՛չ ժամանակը` գնացինք սահմանամերձ գոտիներ, մարզեր, սասունցիաբնակ հեռավոր գյուղեր, որտեղի երեխաներին էլ ներգրավեցինք մրցույթում, որովհետեւ կարծես թե մինչ այս ամեն ինչ կենտրոնանում էր միայն Երեւանում: Հեռավոր մարզերում իրենց պատկերացմամբ մրցույթն այս է. «Բեմ ենք բարձրանում, մոդա ենք ցույց տալիս...»: Բայց ընթացքում հասկանում են, որ ոչ թե իրենց են ցուցադրում, այլ հագուստները:

- Մարզերում ինչպե՞ս հաջողվեց կոտրել ընդունված կարծրատիպերը:model2

- Օ՜, խիստ հայրիկներն ու եղբայրները մրցույթից հետո մոտենում ասում էին` եթե իմանայինք, որ նման լավ բան եք անելու, չէինք ընդդիմանա: Հետո դպրոցների տնօրեններն էին ընդդիմանում, ամեն դպրոցի ու մանկապարտեզի տնօրենի հետ անհատական զրույց եմ ունեցել: Նրանք էլ մրցույթից հետո ասում էին` այ, հիմա պատկերացրեցինք, թե ինչ էիք ուզում անել:

- Ի՞նչ փուլերով եք աշխատում մարզային մրցույթներում:

- Նախ դիմում ենք մարզպետներին, նրանք էլ հանձնարարում են համայնքապետներին, վերջիններս էլ կրթության վարչություն, նրանք էլ իրենց հերթին դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին: Իսկապես դժվար աշխատանք է, իհարկե, երեխաների, նրանց ծնողների հետ էլ եմ մանրամասնորեն զրույցներ ունենում, թե այդ 2-3 ամիսների ընթացքում ինչ են սովորելու, ինչի համար են գալու, վերջում ինչ պիտի լինի, որից հետո նոր սկսում ենք աշխատել: 3 ամիս անց, երբ արդեն պատրաստ են լինում, 3 տարբեր փուլերով տեղում անցկացնում ենք, ասենք, «Թոփ մոդել Դիլիջան»: Որից հետո մրցանակային տեղեր զբաղեցնողներն իրավունք են ունենում մասնակցելու եզրափակիչ փուլին` «Թոփ մոդել Հայաստան» մրցույթին:

model1- Հայաստանում մրցույթներ անցկացնող շատ կազմակերպություններ կան, դա մրցակցային դաշտն է ակտիվացնո՞ւմ, թե լարվածություն է ստեղծում:

- Ոչ, ես դեմ չեմ, թող լինեն, պարզապես, թող ճիշտ աշխատեն, նուրբ մոտենան, որ երեխաները սթրեսներ չտանեն: Իհարկե, այդպիսով կլինի առողջ մրցակցություն:

- Իսկ ի՞նչ եք անում, որ երեխաները սթրեսների չենթարկվեն:

- Դրա համար երեխաների հետ հոգեբաններ են աշխատում: Ինքս անձամբ խոսում եմ ամեն երեխայի ու ծնողի հետ: Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան ամենալավն է, ու երեխային ասում է. «Վա՜յ, դու ամենալավն ես, դու պիտի հաղթես», եւ այդ հիվանդությամբ վարակում են երեխաներին: Մենք անպայման փորձում ենք հարթել ու բուժել այդ հիվանդությունը: Եթե ի սկզբանե բուժենք, հաստատ այդ սթրեսը հիվանդություն չի դառնա: Դրանում ծնողներն են մեղավոր, որ երեխան մեծամտանում է, քաղքենի դառնում: Այդ քաղքենիությունը գալիս է նրանից, որ որոշ մրցույթներ կազմակերպվում են այնպես, որ մրցակցություն առաջանա ծնողների եւ երեխաների միջեւ ու արդյունքում «տյոտյայական» հագուստներ, սանրվածքներ... Ծնող գիտեմ, որ մի քանի հազար դոլար է ծախսում մի հագուստի համար: Մեզ մոտ այլ է, բոլոր մասնակից երեխաների համար կարվում են միատեսակ հագուստներ, որպեսզի ծնողները չընկնեն մրցակցության մեջ, թե իմ երեխայինն ամենալավը պիտի լինի: Անչափահաս երեխայի դեպքում ծնողի գործոնը շատ կարեւոր է: Մենք նույնիսկ աշխատում ենք հատուկ դիզայներների հետ, ունենք հագուստի մշակված մոդել, որպեսզի բոլորը լինեն միանման: Սանրվածքների համար էլ էլի աշխատում ենք հայտնի ընկերության հետ, նրանք ապահովում են ե՛ւ կերպարին, ե՛ւ տարիքին, ե՛ւ հագուստին համապատասխան սանրվածք:

- Լուսինե, լավագույնները հաղթեցին մրցույթում, հետո ի՞նչ ուղի է բացվում նրանց համար:

- Տարբեր տարիքի երեխաների համար առաջարկները տարբեր են լինում: Տարբեր ընկերությունների, կազմակերպությունների հետ ենք համագործակցում, մանկական գովազդներում ենmodel4 նկարահանվում, Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ նկարահանվում են «Գժուկ» մանկական մանրապատումում, մասնակցում են քաղաքապետարանների կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին: Եվ հետո մեր մրցույթների ժամանակ ժյուրիի անդամները արվեստի, մշակույթի հայտնի մարդիկ են, ովքեր երեխաներին առաջարկներ են անում:

- Այսօր մոդելային ասպարեզում ամենացավոտ ու անհանգստացնող խնդիրը ո՞րն է:

- Երեխաների քայլվածքն ու կեցվածքը դեռ մի կողմ, մանավանդ աղջիկներն անցումային տարիքում չգիտեն որտեղ` ինչպես հագնվել: Իրենք կարող են ընկերուհու հետ այգում հանդիպման գնալ բարձրակրունկներով կամ երեկոյան հագուստով...

Կամ էլ նախկինում կարող էին վատ նայել մոդելներին, հատկապես` տղաների դեպքում, բայց կամաց-կամաց կարծես թե այդ կարծրատիպը կոտրվում է:

- Վերջին շրջանում այսպիսի տենդենց կա, որ դիզայներները իրենց հավաքածուները ցուցադրելու համար մոդելներին հրավիրում են դրսից:

- Այո, որովհետեւ ասում են, որ չեն կարողանում ճիշտ ներկայացնել, իրենք իրենց են ներկայացնում, ոչ թե հագուստները: Հիմա փոքր տարիքից ենք դնում այդ շեշտը, որ երեխանե՛ր, դուք ընդամենը պարտավոր եք ճիշտ ներկայացնել հագուստը եւ ոչ` ձեզ:

model- Ձեր երեխաները նույնպե՞ս անցել են Ձեր դպրոցը:

- Այո, իմ աղջիկն օտար լեզուների մասնագետ է, դեռ ուսանողուհի է, բայց, երբ ինչ-որ հագուստ ցուցադրելու առաջարկ է ստանում, անպայման սիրով մասնակցում է: Նա մասնակցել է տարբեր մրցույթներին եւ չնայած իր ծանրաբեռնված գրաֆիկին, միեւնույն է, սիրով է մասնակցում ցուցադրություններին, ասում է` մա՛մ, չես պատկերացնի, մի անգամ բեմ ենք դուրս գալիս ու այդ մի ակնթարթն ամեն ինչ արժի, մեծ էներգիա ենք ստանում:

Մեր անկեղծ զրույցը եւս մեկ անգամ փաստում է, որ մոդելային ոլորտում զարգացումն ու հաջողությունները անխուսափելի են ինչպես հայրենիքում, այնպես էլ միջազգային նորաձեւության աշխարհում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Էջի գործընկեր «Թոփ մոդել Հայաստան» փրոսաքշնը

հեռ. 094163040

       055163040

email. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում