livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

altՆոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած եւ անցած գիշեր հիվանդանոցում մահացած 47-ամյա Աննա Բադալյանը "չափից դուրս դյուրագրգիռ էր դառնում մեկ կիսուրին տեսնելուց հետ, մեկ էլ` ամուսնու զանգերից հետո: Ենթադրում եմ, որ դեպքի օրն էլ ամուսինը զանգել է իրեն, որից հետո էլ ինքը դիմել է այդ քայլին",- խոսելով իրեն եւ որդուն բնակարանում այրած Աննայի մասին` ասաց 9-ամյա տղայի` Ֆրունզիկի դպրոցի տնօրենը` ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Տնօրենը նաեւ պատմեց. 

-Դեպքից երկու առաջ էի հանդիպել Աննային, կարծես թե, միայն մի փոքր հանգստացած լիներ: Դրա համար էլ ինձ համար անակնկալ էր նրա այդ պահվածքը: Իսկ մինչ այդ, Աննան դեռ դեկտեմբերից ահավոր հոգեկան վիճակում էր, անընդհատ սպասում էր ամուսնու զանգին, որ հեսա ամուսինը գալու է ու էլի սկսելու է իրեն ծեծել: 

Հիմա ես ցավ եմ ապրում, որ ոմանք ասում են, թե ինքը անտարբեր էր երեխայի հանդեպ. ինչ-ինչ, բայց անտարբերություն հաստատ չի եղել: Անտարբերություն է ցուցաբերվել հորական կողմից, որովհետեւ նրանց շենքից երկու շենք այն կողմ ապրում էին Ֆրունզիկի տատիկն ու հորաքույրը, բայց իրենք երեխայի նկատմամբ առհասարակ ուշադիր չեն եղել, ընդհանրապես բանի տեղ չէին դնում: Երեխայի մայրը` Աննան, շատ հավասարակշիռ ու զուսպ կին էր, շատ ուշադիր էր տղայի հանդեպ, ու ինչ եղավ-չեղավ` եղավ դեկտեմբեր ամսից: Աննան դեկտեմբեր ամսից տարօրինակ էր դարձել, ինչն էլ անհանգստացրել էր ինձ: Տարբեր տեղերից մի քանի անգամ լսել էի, թե մայրը երեխայի հետ ինչ-որ բան է ուզում անել: Դեկտեմբերի վերջին ահազանգել եմ ոստիկանություն ու օգնություն խնդրել: Վերջիններս չեն մերժել խնդրանքս եւ պարբերակար օգնություն են տրամադրել թե՛ սննդի, թե՛ հագուստի, եւ թե՛ երեխային աջակցելու համար: Ըստ ինձ` ընտանեկան անախորժ վիճակը Աննային հասցրեց այդ ծայրահեղությանը, ամուսինն արտագնա աշխատանքի էր Ռուսաստանում: Ծանր վիճակից նրանց հանելու համար մանկավարժներով որոշակի գումար էինք հավաքել եւ հանձնել երեխային` իբրեւ Ամանորի նվեր: Աննային խնդրեցինք, որ սխալ չհասկանա, այդ պահին համոզել են` վերցրել է, սակայն օրվա վերջին գնացել է փոխտնօրենի տուն, գումարը հետ վերադարձրել ու ասել. "Եթե չեք ուզում, որ ես ինձ մի բան անեմ, խնդրում եմ` գումարը հետ վերցրեք": 

Դեպքից երկու առաջ էլ, երբ այցելեցի Աննային եւ Ֆրունզիկին, հասկացա, որ իմ որեւէ խոսք Աննան չի ընկալում, նա միայն մի բան էր անընդհատ կրկնում. "Հեսա էդ սրիկան կգա, կսկսի իր ծեծուջարդը, տունս կառնի իմ ձեռից, բայց նման բան չի լինելու, ես չեմ թողի: Ինքը ոչ էրեխով կուրախանա, ոչ էլ` տնով": Ես իրեն փորձեցի հանգստացնել, խոստացա, որ եթե ամուսինը գա, սկսի էդ ծեծը, ես անձամբ կգնամ ոստիկանություն, եւ նա պաշտպանված կլինի: Այդ օրը եւս անընդհատ նույն բանն էր կրկնում. "Հեսա էդ սրիկան կգա, ու էլի սաղ մարմինս կապտուկների մեջ կկորի":

Դեպքից հետո իմացա, որ մինչ տունը հրդեհելը, նախ վառել է տան փաստաթղթերը: Չգիտեմ ինչ է այդ պահին անցել մտքով, ինչ հոգեկան վիճակում է եղել, բայց նորից եմ կրկնում, Աննան այն մայրն էր, որ տարվա ցանկացած եղանակի` երեխայի ձեռքից բռնած բերում էր դպրոց, հետո գալիս դպրոցից տանում: Նույնիսկ մի քանի անգամ նրան ասացի՝ ինչի՞ ես էրեխու հետեւից գալիս, մանավանդ Ֆրունզիկը քաշված երեխա չէ, ասում էր. "Չէ, ո՞նց, ախր, էդ մինուճարին ունեմ": Ինքը հիանալի բուժքույր էր, բայց ամաչում էր գումար վերցնել, քանի անգամ ասում էի՝ Աննա ջան էդ քո աշխատանքն է, ասում էր` մարդկությունը բա ո՞ւր մնաց, ընկեր Հովհաննիսյան:

Խոսելով իր դպրոցի սանի` 9-ամյա Ֆրունզիկի մասին, տիկին Հովհաննիսյանը մասնավորապես նշեց.

- Իր տարիքին բնորոշ չարաճճի, կայտառ, աշխույժ երեխա էր, բայց այդ աշխույժ երեխան բոլորովին վերջերս կարծես 360 աստիճանով փոխվեց: Արդեն մի քանի ամիս է` երեխայի մոտ նկատելի է խեղճություն, հանգստություն: Մի տեսակ տխրություն կար, որ ոչ մի բառով հնարավոր չէ ասել:

Տնօրենի այս պատմությունն էլ է վկայում, որ մինչ նման ահավոր քայլին գնալը, շատերն են տեղյակ եղել Աննա Բադալյանի "չափից դուրս դյուրագրգիռ", "տարօրինակ", "ահավոր հեգեկան վիճակի" մասին: Մինչեւիսկ եղել են լուրեր, թե "մայրը երեխայի հետ ինչ-որ բան է ուզում անել": Նաեւ ահազանգել են ոստիկանություն... Եվ եթե այսքանից հետո Աննան չի հայտնվել հատուկ՝ մասնագիտական ուշադրության, վերահսկողության ներքո, ապա այս հանգամանքն արդեն իսկ պատկան չինովնիկությանն ուղղված մի շարք հարցեր է առաջ քաշում: Բայց դեռ սպասենք այս գործի քննությանը՝ անուղղելի լավատեսությամբ հուսալով, որ նշված հարցադրումները նույնպես իրենց պատասխանները կստանան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում