livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

alt2013թ. Երեւանի բնակիչ Նարինե Նիկողոսյանից ծննդատնից դուրս գրվելու օրը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց նա, "գողացել են" իր տղա երեխային: Այժմ երեխան ունի երկու ծննդյան վկայական` առաջին փաստաթղթով երեխայի անունն Արթուր Է. Ն. է, երկրորդով` Արթուր Էդիսոնի Ադյան: Նարինեն այդ պատմությունը ներկայացնում է այսպես.

-Երեխայիս ինձանից խլելու գործում ներգրավված են եղել բժիշկ Հրաչ Գալուստյանը, ով կատարվածից հետո հեռացել է Հայաստանից` այսպիսով խուսափելով պատասխանատվությունից, եւ Էդիսոն Ադյանը: Ինձ իմ երեխայից բաժանեցին 2013թ. հունիսի 15-ին` երեխայիս ծնվելուց 3 օր հետո...

Ես ամուսնացած էի, այդ ընթացքում բուժվում էի (նույն բժշկի մոտ)` երեխա ունենալու համար, բայց ամուսինս մահացավ ու ես մնացի մենակ: Որոշ ժամանակ անց ես սկսեցի շփվել մի մարդու հետ, ումից էլ հղիացա: Շատ ուրախացա, բայց նույն պահին էլ հասկացա, որ հղի եմ մի մարդուց, ով ընտանիք ունի, ու չգիտեի ինչ անել: Գնացի նույն` ծանոթ բժշկի մոտ, ով ինձ քաջալերեց, ասաց, որ կան մարդիկ, որ կարող են ուղղակի երեխային վերցնել եւ հոգ տանել նրա մասին: Բնականաբար, ես հրաժարվեցի այդ տարբերակից: Երեխայի հայրն էլ ասաց, որ ես աբորտ անեմ, բայց ես երբեք նման բան չէի անի: Իմանալով որոշմանս մասին` բժիշկ Գալուստյանն ինձ խորհուրդ տվեց, որ հորը չասեմ որոշմանս մասին, ասեմ, որ երեխային հեռացրել եմ, որովհետեւ այդպես ապահով կլինի թե՛ իմ, թե՛ երեխայիս համար: Նա ինձ առաջարկեց ժամանակավոր բնակություն հաստատել իր ծանոթներից մեկի` Էդիսոնի տանը: Ես էլ այլընտրանք չունեի, մտածեցի, որ խղճում են ինձ եւ օգնության ձեռք են մեկնում: Ինչ իմանայի, որ հենց այդ "բարերար" մարդն է գողանալու է երեխայիս...

Հիվանդանոցից դուրս գրվելու օրը երեխան գրկիսª ես ստորագրեցի թղթերը, չիմանալով, որ դրանց մեջ կար նաեւ երեխայի հայրության ճանաչման թուղթը. ստորագրելովª ես փաստորեն իմ իսկ ձեռքով ճանաչեցի այդ օտար մարդուն` Էդիսոնին, որպես երեխայիս հայր: Ինձ բժիշկն ասում էր, որ հիվանդանոցում այդ մարդուն ներկայացնեմ որպես իմ ամուսին: Երեխայի դուրս գրման օրը Էդիսոնը եկել էր, որ ինձ տուն ուղեկցի. նրա հետ էր նաեւ իր բարեկամուհին: Երբ պետք է նստեինք տաքսի, որ տուն գնայինք, այդ կինը երեխային վերցրեց իր գիրկը, ասում էրª երեխան թող մի քիչ մոտս մնա: Քիչ հետո ինձ ասինª իջիր մեքենայից, բժիշկը հեսա գալիս է, ուղղակի պիտի մի բան ասի ու գաս: Իջա, բայց մի երկու քայլ էլ չէի արել, երբ մեքենան անմիջապես տեղից շարժվեց ու դուրս եկավ հիվանդանոցից...

- Հետո ի՞նչ եղավ, հանդիպեցի՞ք բժշկին:

- Այո, տեսա, նա թեւիցս բռնեց ու ինձ նստացրեց մեքենան, ասելով. "Նարինե ջան, խնդիր չկա, մեկ է, այդ մարդիկ, գիտես, քեզ էլ են տիրություն արել, երեխայիդ էլ տիրություն կանեն", որ Էդիսոնը, ով երեխայիս բառիս բուն իմաստով փախցրեց, արդեն հայրություն է ճանաչել: Ես այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչն ինչոց է:

Դեպքից հետո ես դիմել եմ պատկան մարմիններին, բայց մինչ օրս չեմ տեսել երեխայիս: Չգիտեմ` ինչ միջոցներով հակառակ կողմը կարողանում է լռեցնել արդարությունը: Էդիսոնն իմանալով, որ ես ամեն բան անում եմ, որ երեխայիս վերադարձնեմ, ինձ զանգերով սպառնում է, որ եթե հանկարծ էնպես ստացվի, որ ինձ հաջողվի երեխային հետ վերադարձնել, նա իր ընկերների հետ միասին խմբակային բռնաբարության կենթարկի ինձ, անվանս հետ այնպես կխաղա, որ ես այլեւս ապրելու ցանկություն չեմ ունենա:

Նարինե Նիկողոսյանից այս մեկնաբանությունները խնդրելու առիթն այն էր, որ նախօրեին Էդիսոն Ադյանն իր փաստաբանիª Կարեն Սարդարյանի հետ հանդիպեց լրատվամիջոցների հետª ներկայացնելով տեղի ունեցածի մասին իրենց վարկածը: Նարինեն էլ երեկ մի իսկական միտինգ էր սարքել Գլխավոր դատախազության շենքի մոտª շարունակելով պնդել, թե իր երեխային գողացել են:

Եվ քանի որ երեխայի մոր տեսակետը ներկայացրեցին, նշենք նաեւ, որ Էդիսոն Ադյանն էլ պնդում է, թե Նարինեն ինքնակամ է հրաժարվել երեխայից եւ հիմա շարունակում է բողոքելª իրենից փող պոկելու ակնկալիքով: Միգուցե այս տարբերակն էլ կա, առավել եւս, որ Նարինեի վերը ներկայացված պարզաբանումներում հակասությունների պակաս չի զգացվում: Թեկուզեւ այն, որ թեեւ պնդում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուն պես իր երեխային գողացել են, բայց նույն օրն էլ հիշատակված տխրահռչակ բժշկի հետ գնացել է նոտարական գրասենյակ եւ ստորագրել է փաստաթուղթ, որով երեխայի խնամակալությունն անցել է Էդիսոնին: Ասում է, թե չի գիտակցել ինչ է անում: Բայց եթե տրամաբանական է թվում, որ հիվանդանոցում գտնվելովª կարող էր չգիտակցել եւ Էդիսոնի կողմից երեխայի հայրությունն ընդունելու մասին թուղթ ստորագրել, ապա միանգամայն անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր երեխային գողանալուց ժամեր անց խաբվել ու հասնել նոտարի մոտ: Առավել եւս, որ նոտարն էլ պնդում է, թե Նարինեն մենակ է եղել իր մոտ:

Միեւնույն ժամանակ ֆիքսենք նաեւ, որ Էդիսոն Ադյանի պնդումը, թե ինքն է երեխայի կենսաբանական հայրը, առնվազն կասկածելի է: Ո՞րն է Էդիսոնի հիմքը, որ Նարինե՞ն է այդ մասին իրեն ասել: Բայց չէ՞ որ հենց ինքն էլ բազմիցս Նարիներին մեղադրեց ստախոսության մեջ, ուրեմն ի՞նչ երաշխիք ունի, որ այդ հարցում էլ չի ստել. թեկուզեւ մինչ ծննդաբերությունը Էդիսոնի օգնությունը ստանալու համար: Իսկ ամենապարզ լուծումիցª ԴՆԹ թեստ հանձնելուց Էդիսոնը հրաժարվում է: Կասկածներն ավելի են սրվում, երբ նաեւ հաշվի ենք առնում, որ բավականին պատկառելի տարիք ունեցող Էդիսոնը, թեեւ երկար ժամանակ ամուսնացած է, սակայն այլ երեխաներ չունի: Իսկ ահա նրա փաստաբանն էլ նախօրեին հետեւյալ բավականին պերճախոս միտքը ներկայացրեց. "Հնարավոր էª Նարինեն ինքն էլ չգիտիª երեխայի հայրը ով է, սակայն էդիսոնը հոգեպես ընդունել, պահում է` միայնակ, առանց մոր օգնության, իր համար նշանակություն չունիª կենսաբանական հայրն ով է", եւ եթե նույնիսկ ԴՆԹ թեստը հակառակը պարզի, Էդիսոն Ադյանը չի հրաժարվի երեխայից: Այսինքն, եթե վերջնականապես հստակեցված չէ, որ երեխայի հայրը Էդիսոնն է, տղան ի՞նչ գործ ունի նրա մոտ: Նկատի ունենք, որ եթե նույնիսկ Նարինեն ծննդատանը երեխայից հրաժարվել է ու ինչ-որ թղթեր է ստորագրել, ապա կարող էր չէ՞ դա լինել ինչ-որ գործարքի արդյունքում, որն էլ արդեն իսկ չէ՞ր նմանվի երեխայի առքուվաճառքի: Ամեն դեպքում, եթե կան նման կասկածներ, ապա ինչպես Նարինեի, այնպես էլª Էդիսոնի մեկնաբանությունները դառնում են երկրորդական. առաջնայինը կարող է լինել միայն պատկան պետական մարմինների կողմից մինչեւ վերջ իրականացված պատշաճ քննությունը, որից հետո, չբացառենք, որ ինչպես Էդիսոնի, այնպես էլª Նարինեի արարքներում կարող էին ի հայտ գալ երեխայի առքուվաճառքի մասին վկայող դրվագներ: Մինչդեռª գործով քննություն անցկացվել է, եւ այն, որ դրանից հետո էլ այս պատմությունը չի դադարում, խոսում է այդ քննության, մեղմ ասած, կասկածելի որակի մասին:

Իսկ չէ՞ որ կշեռքի հիմնական նժարին երեխան է` անկախ նրանից, թե ովքեր են նրա իրական ծնողներն ու ինչ դեր ունեն այս տհաճ պատմության մեջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում