livemarks sitemap
Կիրակի, Հունվարի 19, 2020

priton2 Դատարանների հետ շփվող անձանց ստվար հատվածի համար "իրավաբանական" ամենաանտանելի հասկացություններից է "ողջամիտ ժամկետ" բառակապակցությունը: Այդ հոդվածի մեջ, հասկանալի է, ընդգրկված չեն այն անձինք, ում համար "խալխի" դժբախտություններն ու խնդիրները` "հացուջուրն" են: Թվարկելու անհրաժեշտություն կարծես թե չկա: Իմաստ` նույնպես, քանի որ սույն նյութի հիմնական հերոսներն են հանդիսանալու հանցագործությունից տուժողները: Սակայն, որոշ դեպքերում, ներածական այս թեզն այնքան էլ կիրառելի չէ...



ԽՆԴԻՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է


Ըստ իր բնույթի եւ վտանգավորության` թրաֆիքինգը`"շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը... ՚, դասվում է ծանր, անգամ` առանձնապես ծանր հանցագործությունների շարքին: Ավելին. վերջին տարիների դատական պրակտիկան ցույց է տալիս, որ դատավարական տեսակետից այդ հանցագործությունը ամենածանրագույնն է: Ամիսներ, անգամ տարիներ է տեւում դրանց նախաքննությունը եւ ոչ պակաս երկար` դատական քննությունը: Ասել, թե մեր իրավապահներն ու դատական համակարգը պատրաստ չէին այդ հանցագործության դեմ պայքարելուն, նշանակում է ոչինչ չասել: Սակայն պատճառն, ըստ իս, այդ հանցագործության "նորամուծության" մեջ չէ: Շատերն են հիշում, որ դեռ տասնյակ տարիներ առաջ ժողովրդի մեջ պտտվում էին բավականին հիմնավորված լուրեր, որ որոշ "գործարար" ավտոբուսի վարորդներ հայ "գեղեցկուհիներին" տեղափոխում էին հարեւան "եղբայրական" հանրապետություն`"գիշերային" աշխատանքների...
Հետեւաբար, պատճառը պետք է փնտրել մեկ այլ տեղ...


ՉԱՎԱՐՏՎԱԾ 3 ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վերջին 3-4 տարիներին լրագրողների, հետեւաբար եւ` հանրության բացառիկ հետաքրքրության առարկա էին դարձել Կալյակինա մոր ու դստեր, Կարինե Այվազյանի եւ Աղունիկ Այվազյանի ու այլոց քրեական գործերը: Առաջին երկու գործով արդեն կայացվել են առաջին ատյանի դատարանների դատավճիռներ, երրորդի դատաքննությունը սկզբնական փուլում է:

Ելենա եւ Վերա Կալյակինաները 2005թ. փետրվարից մինչեւ 2008թ. մարտը ժամանակահատվածում Վոլգոգրադ քաղաքից իբր խաբեությամբ Հայաստան էին "ներմուծել" 24 կանանց եւ ներգրավել "հարկադիր աշխատանքի եւ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ": Քրեական գործը հարուցվել էր 2008 թվականի հուլիսին, դատավճիռը` 2011թ. հոկտեմբերին: Այս պահին գործը վերաքննվում է երկրորդ ատյանում:

Կարինե Այվազյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր 2009թ. դեկտեմբերին: 2011թ. նոյեմբերին կայացված դատավճռով այս անձը մեղավոր էր ճանաչվել անչափահաս հայ աղջիկներին պոռնկության մեջ ներգրավելու համար: Պատիժը` 4 տարի ազատազրկում:

Աղունիկ Այվազյանը եւ նրա կազմակերպված հանցավոր խումբը իրենց գործունեությունը տարածել էին Արաբական Միացյալ Էմիրություններում: Ըստ մեղադրական եզրակացության` նա "շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամբ միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինիս միջոցով` նաեւ Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ եւ իրենց հանցավոր մտադրությունը օգտագործելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով եւ ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավվել նրանց մարմնավաճառության մեջ` տեւական ժամանակ դնելով եւ պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները...":

Քրեական այս գործը դատարան էր ուղարկվել 2011թ. հունիսին: Գործում կան 8 մեղադրյալ եւ 8 տուժող...


ԳՈՐԾՈՒՄ ԿԱՅԻՆ, ԴԱՏԱՐԱՆՈՒՄ` ՈՉ


Վերեւում նշել էինք, որ այս գործը ներկայումս գտնվում է դատաքննության սկզբնական փուլում: Կարելի է ասել, որ դատաքննությունը փաստորեն չի էլ սկսվել: priton
Ձգձգման պատճառներից մեկն այն էր, որ այս գործով մի քանի նիստեր անցկացնելուց հետո փոփոխվել էր դատարանի կազմը, հետեւաբար` քննությունը պետք է սկսվեր սկզբից: Նոր կազմով առաջին նիստը նշանակված էր դեկտեմբերի 2-ին, երկրորդը` 16-ին: Դատական նիստին ներկայացել էր մեկ տուժող, տուժողների 2 ներկայացուցիչ եւ 0 վկա: Տպավորությունն այն էր, որ թե տուժողներից եւ թե վկաներից ոմանք այնքան էլ մեծ ցանկություն չունեն ցուցմունքներ տալու դատարանում: Ավելին, ներկայումս մեկ տուժող եւ մեկ վկա պարզապես դարձել են անհասանելի արդարադատության համար. նրանք լքել են իրենց բնակության վայրը եւ նոր հասցեներ չեն թողել: Պատճառների մասին հնարավոր կլինի տեղեկանալ դատաքննության հետագա ընթացքում: Սակայն այս պահին էլ որոշ ենթադրություններ անել հնարավոր է...

Կալյակինաների գործով մեղադրյալներին մեղսագրվել էր նաեւ այն, որ իրենց զոհերին կախվածության մեջ պահելու նպատակով, հանցագործները կիրառել էին տույժեր ու տուգանքներ: Դրանք տատանվում էին 3-ից մինչեւ 200.000 դրամի սահմաններում եւ նշանակվում էին "մարզումներին չմասնակցելու, մաքրությունից խուսափելու եւ այլնի համար": Այդ հանգամանքը գործնականում ապացուցման կարիք էլ չուներ: Այնուամենայնիվ, մայր Կալյակինան դատարանում ստեղծված իրավիճակը ընկալել էր"սթափ"եւ հայտարարել էր."Ի վերջո, դատարանում 6 տուժողներից միայն մեկն է նշել, որ իրեն տուգանել են...":


ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՏՈՒԺԵԼ ՆԱԵՎ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ


Թրաֆիքինգի գործերով տուժողների վիճակը միանշանակ գնահատել հնարավոր չէ: Պետք է համաձայնել, որ շատ դեպքերում դատական նիստի դահլիճում ներկաները այնքան էլ մեծ տարբերություն չեն տեսնում հանցագործների ու տուժողների բարոյական կերպարների մեջ: Հասարակության պատկերացման մեջ պոռնիկը մնում է պոռնիկ, եւ պոռնիկի պիտակով կինը առավել խորությամբ դա գիտակցում է դատարանում`"խաչաձեւ" հարցաքննության ընթացքում: Հավանաբար, դատարանները նույնպես պետք է գիտակցեն այդ իրողությունը եւ...
Դատաքննություն` փակ դռների հետեւում: Լրատվական դաշտը դրանից, անշուշտ,"կտուժի"... Իսկ արդարադատությունը: Իսկ տուժողները...


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում