livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

 

 


zin

Մայր հողը երբեք անպակաս չի եղել հերոսներով ու բացառություն չէ նաեւ ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղը: Ինչ խոսք, կրկնակի հերոս են հերոսածին մայրերը, որոնց համար հայրենիքը ավելի քան թանկ է, քանի որ այն այսօր կա իրենց զավակների արյան գնով: Հարությունյանների հյուրընկալ ու ջերմ ընտանիքում այսօր էլ զուսպ են ծափ ու ծիծաղի ժամանակ, քանի որ Գոհար մայրիկի հառաչանքները մշտապես թարմ են պահում ողջ ընտանիքի այդպես էլ չսպիացող վերքերը…

 

Արցախյան պատերազմի ժամանակ Գոհար մայրիկը հիմնականում միայնակ էր տանը, քանի որ երեք որդիներն էլ զինվորական էին, իսկ ամուսինը դիրքերում խրամատ էր փորում: Սակայն 1994 թվականի հունվարի 27-ին, Սիփանի դիրքերում թշնամու գնդակից զոհվեց նախ Գոհար Հարությունյանի ավագ որդին` կրտսեր լեյտենանտ ՀԵՆՐԻԽ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ապա նաեւ կրտսեր որդին` ուսուցիչ, գումարտակի հրամանատար ՀՈՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

 

«ԹՈՂ ՈՉ ՄԻ ՄԱՅՐ ՉՊԱՐԻ ԱՅՆ ՊԱՐԸ, ՈՐ ԵՍ ՊԱՐԵԼ ԵՄ ԻՄ ԵՐԿՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ»

«Խնդիրը Մոնթեի շրջանի ազատագրումն էր… Առավոտյան ժամը 8-ին առաջնեկիս դիակը բերեցին, կեսօրին էլ` մյուսինը... Հովիկս ոչ ոքի չլսեց, գնաց 18 թուրք միաժամանակ կոտորեց ու վերջում էլ թուրքի ձեռքով ինքը զոհվեց... Այսօր ձեր առաջ նստած են ծնողներ` թեւաթափ, անզոր, կորցրած ուրախ ու երջանիկ ապրելու օրերի իրավունքը… Բայց դրա փոխարեն` 20 տարի է ունենք մի զենք, որի անունն է հպարտություն: Հպարտ ենք, որ մենք ենք ծնել, սնել, դաստիարակել նրանց մեջ բարություն, ազնվություն, առաքինություն», - արցունքները մի կերպ զսպելով` «Զարուհու» հետ զրույցի ժամանակ ասաց երկու հերոսի մայր տիկին ԳՈՀԱՐԸ, ով այսօր ապրում է հիշողություններով եւ որպես մասունք պահում որդիների մեդալները, պատվոգրերը, նրանց մասին գրված հոդվածներն ու գրքերը: Հայուհու արցունքոտ ա
չքերը կրկին կրակով ու փայլով են բոցավառվում, երբ նա ընկնում է հիշողության գիրկն ու մեկիկ-մեկիկ պատմում որդիների մանկության, ձեռքբերումների ու հերոսության մասին. «Բառերով չեմ կարող նկարագրել նրանց ողջ կենսագրությունը... Զավակներս բոլորն էլ հլու-հնազանդ ծառայում էին հայրենիքին ու ընտանիքիս` որպես մայր գոհ ու շնորհակալ եմ: Է՜հ, իմ երեխեքը շատ խելոք, դաստիարակված տղաներ էին, որ դիրքերից իջնում էին տուն, ինչպես միշտ, դիմավորում էի, շորերը լվանում, արդուկում, կերցնում-խմցնում ու նորից ճանապարհ դնում: Ընդհանրապես իմ բոլոր երեխեքը շատ հասկացող, խելացի, հավասարակշռված, իրենց չափ ու սահմանը իմացող են»: Հարությունյան եղբայրները, պարզվում է, ոչ միայն սահմանում քաջամարտիկներ էին, այլ նաեւ ուսման մեջ էին առաջամարտիկներ, այս մասին Գոհար մայրիկը նշեց` հատուկ ոգեւորությամբ. «Հովիկս ավարտել էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, երբ դեպքը տեղի ունեցավ Ռուսաստանի Լոբաչինսկու անվան համալսարանի 4-րդ կուրսի ուսանող էր: Նա խելքի մի ծով էր…

zinvor

Տղաներս 10 տարի սովորել են դպրոցում ու 10 տարի 10 գովասանագրով տուն են եկել»: Այսօր էլ հումորի զգացումը չկորցրած, թոռների ուրախությամբ ապրող ու որդիների անունները մշտապես խնկարկող մայրը` կարոտով է հիշում հին ու բարի օրերը. «Ամեն իրիկուն ընտանիքիս անդամները հավաքվում էին, մինը երգում էր, մինը` պարում, մյուսը` թխում: Առաջնեկս` Գենոն, ակորդեոն ու դաշնամուր էր նվագում»: Սակայն այսքանից հետո բոլորովին էլ կյանքի ու ճակատագրի դեմ չարացած չէ հերոս մայրիկը. «Հայրենիքը վտանգի տակ էր, ի՞նչ անեինք…»: Իսկ վերջում էլ տիկին Գոհարի ձայնով կարծես թե խոսեց Մայր Հայաստանը. «Երկրագնդի բոլոր անկյուններում թող թագավորի միայն խաղաղությունը: Թող ոչ մի մայր չպարի այն պարը, որ ես պարել եմ իմ երկու որդիների դիակների արանքում: Այսուհետեւ նրանց թափած արյունով ազատագրած հողում մեր փոքրիկները թող շատանան, թող մեր հայկական բուհերում գերազանց սովորողները շատ լինեն, բայց այդ սովորողներն իրենց ձեռքով, իրենց ստորագրությամբ իրենց դիպլոմը բերեն տան իրենց մորը, ոչ թե ուրիշի ստորագրությամբ, գերեզմանոցում` դարդից ծերացած մորը»: Ապա հավելեց. «Այսքանից հետո ես նրանց չեմ համարում կորած: Կորած կհամարեմ այն ժամանակ, երբ Սիփանում թափված նրանց արյունով ձեռք բերված հողը նորից անցնի մեր ոխերիմ թշնամու ձեռքը: Պետք է պահպանենք մեր ազատագրված հողն ու ազատությունը»:

 

«ԵԹԵ ԱՅԴ ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄՆԱՐ ԹՈՒՐՔԻ ՁԵՌՔԸ, ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՇՐՋԱՆԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԷՐ ԴՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ»

Հայրենիքի հանդեպ այս շռայլ ընտանիքը այսօր էլ մի զինվորական ունի` Գոհար մայրիկի երրորդ որդին` ԼՂՀ զորամասերից մեկի ֆիզպատրաստության պետ, մայոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա մեզ հետ զրույցում ավելի մանրամասն պատմեց 1994 թվականի հունվարի 26-ի գիշերվա ու 27-ի չարաբաստիկ առավոտվա մասին. «Լույս 27-ին թուրքերը հարձակվում են եւ այստեղ մահացու վիրավորված ախպերս զոհվում է: Մյուս եղբայրս` Հովիկը, բարձրանում է, տեսնում եղբորը զոհված: Ախպոր ճակատը պաչում է ու ասում` տղերք, դուք տարեք ախպորս, ապա մոտենում Հենրիխի դիակին` ախպեր ջան, կներես, բայց ես չեմ կարող գալ, ես պիտի էս սարը վերցնեմ: Այդպես էլ լինում է` սարը վերցնում է ու ինքն էլ վերջում թշնամու դիպուկահարի գնդակից զոհվում: Այդ դիրքը հիմա մեր ձեռքն է: Ու չտա Աստված, եթե այդ բարձունքը մնար թուրքի ձեռքը, մեր ամբողջ շրջանի լինել-չլինելու հարցն էր դրված լինելու»:

Ալեքսանդրի մեջ այսօր էլ մարդիկ Հենրիխ եւ Հովիկ եղբայրներին են փնտրում, այս մասին պարոն մայորը հավելեց. «Ես 20 տարի է մի տեսակ իմ կյանքով չեմ էլ ապրում: Միշտ իմ մեջ մարդիկ մեկ ուզում են Հովիկ տեսնել, մեկ` Գենո, որպես Սաշիկ ինձ չեն էլ ճանաչում: Մարտական ընկերներս էլ են իմ մեջ Հովիկ ու Գենո ուզում տեսնել: Նույնիսկ մերս էլ է ուզում իմ մեջ նրանց փնտրել»: Հետաքրքրական է այն, որ Ա.Հարությունյանի մտքով երբեւէ չի էլ անցել երկու եղբայրների կորստից հետո հրաժարվել ծառայությունից, նույնիսկ` հակառակը: «Մինչեւ հիմա էլ արյան պարտքի զգացում ունեմ: Ճիշտ է, եթե այսօր պատերազմ սկսվի, կարող է շատ տղերք զոհվեն, բայց մի տեսակ հոգու խորքում ուզում եմ սկսի, որովհետեւ դեռ պիտի վրեժխնդիր լինենք», - ասում է մայորը:

 

«ԹՇՆԱՄԻՆ ՈՒԺԵՂ ԳԱԼԻՍ Է, ԿԱՆԳՆՈՒՄ ՄԵՐ ԴԻՄԱՑ, ԲԱՅՑ «ՎԱ՜Յ, ՆԱՆԱ» ԱՍԵԼՈՎ` ՓԱԽՉՈՒՄ, ԳՆՈՒՄ Է»

zinvor1Հարությունյանները երեք զինվոր որդիների կողքին ծնել են նաեւ մի աղջիկ` ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ում բաժին է հասել ողջ կյանքում մխիթարել մորն ու թեւութիկունք լինել արդեն մինուճար դարձած եղբորը` Ալեքսանդր Հարությունյանին: «Իրենք չէին սիրում տանը պատերազմից խոսել, վախեցնել, աշխատում էին շատ հանգիստ տանել այդ ամենը: Մայրս միշտ հարցնում էր` էս են ասում, էն են ասում, ճի՞շտ է: Իրենք էլ պատասխանում էին` ո՞վ է ասել, թոնրի մոտ նստած կանա՞յք: Մի անգամ ասացին` գիտեք, թե ինչ է, թշնամին ուժեղ գալիս է, կանգնում մեր դիմաց, բայց «վա՜յ, նանա» ասելով` փախչում, գնում է: Չգիտեմ… երեւի ուզում էին մեզ սիրտ տալ», - խոսելով եղբայրների մասին` նշեց Անուշն ու հպարտությամբ նկատեց. «Հիմա, երբ տեսնում եմ, թե մեր բանակն ինչերի է հասել ու ինչքան է ձեւավորված, կազմավորված, հարստացած է, ափսոսում եմ, որ եղբայրներս չտեսան այս օրը»:

Այսօր Գյունե Ճարտարի միջնակարգ դպրոցը կոչվում է Հովիկ Վաչագանի Հարությունյանի անունով ու նոր Հովիկներ եւ Հենրիխներ են դաստիարակվում մեր դպրոցներում: Իսկ Հարությունյանների ընտանիքում շարունակվում են երեխաներ ծնվել` հերոսների անունով: Հենրիխ Հարությունյանի մահից 7 ամիս անց ծնվում է նրա որդին, որին եղբոր անունով կոչում են Հովիկ: Իսկ Ալեքսանդր Հարությունյանի որդին կրում է ավագ եղբոր` Հենրիխի անունը:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում