livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

sexՉնայած նրան, որ մարդկանց թրաֆիքինգի են ենթարկում տարբեր կերպ շահագործելու նպատակով, վիճակագրությունն ապացուցում է, որ դեպքերի մեծ մասը սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգ է, այն պարզ պատճառով, որ շահագործման այս ձեւը առավել շահութաբեր է: Զոհերն այս դեպքում կանայք եւ աղջիկներն են: Նշենք նաեւ, որ սեռական շահագործում են համարվում ե՛ւ սեռական ծառայությունների կոմերցիոն շահագործումը (մարմնավաճառություն, պոռնոգրաֆիա), ե՛ւ այլ նման իրավիճակները, երբ կավատը կամ շահագործողը ամբողջությամբ կամ մասամբ իրեն է վերցնում գումարը, որը տալիս է հաճախորդը սեռական ծառայությունների համար:  Ոմանք սեռական շահագործման իրենց դեպքերի մասին խոսում են որպես արդեն հաղթահարված խնդրի, իսկ ոմանք, որքան էլ զարմանալի հնչի, ամեն անգամ շահագործման մասին խոսելիս կրկին մտովի անցնում են այն նվաստացումների ու զրկանքների միջով, որով անցել են շահագործվելու ընթացքում: Եվ ներկայացվող դեպքը վերոնշյալի վառ ապացույցներից մեկն է:

ԱՆԻՆ 28 տարեկան է, բնակվում է մայրաքաղաքում, սեռական շահագործման է ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրությունում: Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել հենց Անիից, որը մեծ դժվարությամբ համաձայնվեց պատմել իր հետ կատարվածը: Իսկ դրա պատճառը հետեւյալն է. «Ամեն անգամ պատմելիս կարծես կրկին վերապրում եմ այն նվաստացումներն ու ստորացումները, որոնց միջով անցել եմ արտերկրում: Ես մի կերպ կհաշտվեի, եւ միգուցե ավելի հեշտ լիներ մոռանալ կատարվածը, եթե ինձ խաբեր անծանոթ մեկը: Բայց ինձ խաբեությամբ կավատի ձեռքն է հանձնել մտերիմ ընկերուհիս, որին հարազատ քրոջ պես էի վերաբերվում, վստահում, կիսում գաղտնիքներս նրա հետ... Պարզապես անտանելի է նույնիսկ հիշելն ու նրա անունը տալը ...»:

Անին ծնողների միակ դուստրն էր, ուստի, բնական է, սիրո եւ ուշադրության պակաս երբեք չի զգացել: Թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում միշտ նախաձեռնող է եղել, եւ դա է պատճառը, որ միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է եղել: Բայց այդ ամենով հանդերձ` նա միշտ եղել է զգացմունքային, շատ շուտ հուզվող, ամոթխած եւ կասկածամիտ. «Նույնիսկ ամենալավ բանի մեջ փորփրում ու գտնում էի մի վատ բան»,- հիշում է Անին:

Անին ունեցել է հրաշալի մանկություն: Նորից լսենք նրան. «Ծնողներս ինձ ոչ մի բանից հետ չեն պահել: Չնայած հասարակ, միայն աշխատավարձի հույսին ապրող մարդիկ էին, բայց, այնուամենայնիվ, ինձ ոչ մի բանից չեն զրկել: Ես կարող եմ ինձ դասել այն հազվադեպ հանդիպող երջանիկների թվին, որոնց մանկությունն իրոք հեքիաթային է եղել»:

Իսկ արդեն հասուն տարիքում բոլորի նման Անին էլ երազում էր մեծ սիրո եւ երջանիկ ապագայի մասին. «Երազում էի, որ հանդիպեմ մեծ ու ազնիվ սիրո, եւ որ սիրելիիս կողքին անցկացրած ամեն մի օրը տոնի նման լիներ: Բայց դե, ոչ միշտ եւ սովորաբար հազվադեպ է  ցանկալին համընկնում դառն իրականության հետ: Պատահում է այնպես, որ հեքիաթային արքայազնը շատ զբաղված է կամ էլ պայքարում է սարսափելի դեւերի դեմ եւ քեզ համար ժամանակ չունի` ինչպես իմ դեպքում: Ես սիրեցի մեկին, որը սկզբում թվում էր, որ այն միակն է, ով լցնելու է իմ ողջ կյանքը սիրով: Սակայն, ավաղ, հիասթափությունը երկար սպասեցնել չտվեց եւ անկոչ հյուրի նման խուժեց իմ կյանք: Մենք ամուսնացանք, բայց ամուսնացած մնացի ընդամենը տասնհինգ օր, որովհետեւ պարզվեց, որ պարկեշտ, իրեն ու դիմացինին հարգող երիտասարդի դիմակի տակ թաքնված է թմրամոլ մեկը, որը պատրաստ է նույնիսկ իր սիրելիին վաճառել կամ փոխանակել մի փոշու` «պարաշոկի» հետ: Չնայած նրան, որ բոլորը համոզում էին, որ դիմանամ, չքայքայեմ նորաստեղծ ընտանիքս, Սակայն ես չկարողացա դիմանալ: Բաժանվեցի, ու այդ օրվանից փշրվեցին իմ բոլոր երազանքները, այլեւս հույս չունեի, որ երբեւէ կկարողանամ լիաթոք շնչել ու ժպտալ: Միակ ապավենն իմ ծնողներն էին, որոնք ինձ մենակ չթողեցին ու հնարավոր ամեն ինչ անում էին, որ ինձ մենակ ու լքված չզգամ: Իսկ նման իրավիճակներում յուրաքանչյուր բարի խոսք ուժ է տալիս քեզ, եւ դու զգում ես, որ մենակ չես եւ կարող ես հաղթահարել կյանքի դժվարությունները»:

Մի քանի ամիս անց Անին ընկերուհուց` Էմմայից, որը բնակվում էր Դուբայում եւ ուներ ազգությամբ պակիստանցի ամուսին, տեղեկանում է, որ ԱՄԷ-ում հեշտությամբ կարելի է աշխատանք գտնել եւ կարճ ժամանակահատվածում լավ գումար վաստակել: Երբ ընկերուհին հերթական անգամ զանգում է եւ պատմում բազմապիսի աշխատանքների մասին, ոսկե սարեր է խոստանում, նյութական պայմանները բարելավելու համար Անին դիմում է Էմմային, որ վերջինս նրա համար էլ աշխատանք գտնի եւ օգնի մեկնել Դուբայ: Ընկերուհին շատ է ուրախանում եւ ասում է. «Հիմարի՛կ, լավ ա հասկացար: Էսքան որ ասում էի, միշտ մտածում էի, որ դու անպայման կդիմես ինձ այդ հարցով, ուղղակի ես ինքս ուղիղ չէի ուզում ասել, որ հանկարծ մտքովդ ուրիշ անկապ բաներ չանցնեն»: Հիշում է Անին ընկերուհու ասածները:

Շուտով Էմման հայտնում է Անիին, որ երեք հազար դոլար վարկ է վերցրել բանկից` նրա գործերը դասավորելու համար: Սակայն, ինչպես պարզվում է հետագայում, Էմման գումարը վերցրել էր ոմն Ռուզանից` Դուբայում ճանաչված բոսից, որի համար էլ պետք է աշխատեր Անին:

«Կարճ ժամանակ անց ես մեկնեցի Դուբայ` ակնկալելով, որ, ըստ պայմանավորվածության, ինձ օդանավակայանում կդիմավորի մտերիմ ընկերուհիս: Բայցsex1 զարմանալի անակնկալները ուղեկցեցին ինձ առաջին իսկ օրվանից: Էմմայի եւ ամուսնու փոխարեն օդանավակայանում ինձ դիմավորեցին երկու անծանոթուհիներ, որոնցից մեկն անմիջապես վերցրեց իմ անձնագիրը` ասելով, որ դա պետք է փոխանցի ոմն Ռուզանի` իրենց եւ արդեն իմ շեֆին: Իսկ երբ հարցրեցի` որտե՞ղ է Էմման, նրանք ասացին, որ ոչ մի Էմմա չեն ճանաչում, ու բավական է իրենց հարցեր տամ: Ինձ տարան մի բնակարան, որտեղ էլ ծանոթացրին իրենց բոսի` Ռուզանի հետ, որը հայտնեց ինձ, որ ինձ վրա ծախսել է չորս հազար ԱՄՆ դոլար, եւ մինչեւ այդ պարտքը չաշխատեմ ու չփակվեմ, ես աշխատավարձ չեմ ստանալու: Ռուզանին հարցրեցի Էմմայի մասին, իսկ նա ինձ պատասխանեց, որ Էմման կապ չունի այս ամենի հետ, որ նա պարզապես համագործակցում է իր հետ Հայաստանից աղջիկներ բերելով, որի համար էլ նա տոկոսներ է ստանում: Միայն այդ պահին հասկացա, որ ես խաբվել եմ ու վաճառվել մտերիմ ընկերուհուս ձեռքերով ու նախաձեռնությամբ: Ռուզանն ինձ ներկայացրեց իմ աշխատանքի բնույթը, իսկ ավելի կոնկրետ` իմ «աշխատանքը» պետք է լիներ մարմնավաճառությունը: Ես պետք է աշխատեի դիսկո ակումբում օրական 10-12 ժամ` հաճախորդներին առաջարկելով «անմոռաց գիշերներ»:

- Իսկ մի՞թե հնարավոր չէր հրաժարվել նման աշխատանքից, անձնագիրը պահանջել եւ ետ վերադառնալ,- հարցրեցինք մենք:

Անին պատասխանեց.

- Դա պարզապես անհնար էր: Ստեղծված իրավիճակը նման էր մի թունելի, որտեղից լույսի նշույլ անգամ չէր երեւում: Ռուզանը եւ նրա հպատակները հետեւում էին ինձ ամենուրեք, նույնիսկ պետքարանում, արգելում էին ազատ տեղաշարժվել, վիրավորում էին, ստորացնում ու խոշտանգում: Չեք պատկերացնի` որքան եմ փորձել փախչել, բայց ամեն անգամ փախուստի փորձերս պսակվում էին անհաջողությամբ: Իսկ շուրջս չկար մեկը, որ սիրտ տար, ուժ, որ կարողանամ պայքարել: Ռուզանը սպառնում էր, որ չհպատակվելու դեպքում վատություններ կանի Հայաստանում գտնվող ծնողներիս: Ու ես, կամա թե ակամա, շուրջ երեք ամիս զբաղվում էի մարմնավաճառությամբ` օրական 10-15 հոգու սպասարկելով:

- Ինչպե՞ս  ազատվեցիք եւ հայտնվեցիք Հայաստանում:

- Վիզայի ժամկետը լրանալու պատճառով իմ բախտից ինձ տեղի ոստիկանությունը ձերբակալեց եւ արտաքսեց (դեպորտ արեց): Հայաստան հասնելուն պես` երկրորդ օրը գնացի ոստիկանություն եւ պատմեցի ինձ հետ կատարվածը: Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ես հուսով եմ, որ նրան կպատժեն օրենքի ողջ խստությամբ, եւ, ի վերջո, նման մարդիկ կհասկանան, որ «երկու կոպեկի» համար պետք չէ այդքան դաժանորեն վերաբերվել մարդու հետ, մանավանդ, երբ նա քո հայրենակիցն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում