livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

altԹրաֆիքինգի զոհ դարձած անձանց պատմությունների շարքում այս հերթական դեպքը առանձնահատուկ ողբերգական երանգներ ունի: Չնայած, միգուցե սխալվում ենք. քիչ չեն հայաստանյան մարմնավաճառներն ու կավատները, ովքեր առանց որեւէ մտահոգության, իրենց «բիզնեսը» ծավալում են Թուրքիայում: Բայց ահա մեր զրուցակիցը` Նարինեն, այլ կերպ է նայում դրան:

Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիկինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը: Բայց մինչ օրս, ինչպես ինքն է ասում, նրան առավելապես տանջում է հենց Թուրքիայում շահագործվելու փաստը: Առավել եւս, որ.

Ինձ համար ամենացավալին այն է, որ ես խաբվեցի հայ կնոջ կողմից: Մինչ օրս չեմ կարողանում վերագտնել վստահությունս մարդկանց նկատմամբ. վախը, ցավն ու դաժանությունը այլեւս իմ անբաժան ուղեկիցներն են դարձել: Ախր, ես ընդամենը 18 տարեկան էի, նոր-նոր էի կյանք մտնում: Ի՞նչ իմանայի, որ մեր մտերիմ հարեւանուհին արդեն ինձ վաճառել էր թուրքերին:

Ամեն անգամ հիշելով Թուրքիայի Անթալիա քաղաքում վերապրածս 15 օրերը, կարծես կրկին անցնում եմ այդ դժոխքի միջով:

- Ինչպես՞ ընկաք թակարդը:

- 18 տարեկան էի: Ապրում էինք սոցիալապես ծանր պայմաններում, տեսնում էի` ինչպես են ծնողներս ծայրը ծայրին հասցնելով` փորձում ինձ ուսման տալ: Մեր հարեւանուհի Աննան, տեսնելով մեր վիճակը, մի օր եկավ մեր տուն, մամայիս ասաց, որ ինքը երկու ամսով գնում է Անթալիա՝ բարեկամների մոտ: Իբր թե, նրանք էնտեղ ռեստորանային բիզնես ունեն: Եվ առաջարկեց. «Աղջկադ տանեմ էնտեղ: Մի երկու ամիս երեխեքին կնայի, հայերեն կսովարեցնի, ամսական 1000 դոլար փող կտան: Երկու ամիս կաշխատի, հետս ետ կբերեմ»: Ծնողներս համաձայն չէին, բայց ես հավատալով ու մի կաթիլ անգամ չկասկածելով հարեւանուհուս խոսքերի ճշմարտացիությանը՝ իր հետ գնացի Անթալիա: Հիշում եմ` մայրս արցունքն աչքերին ինձ ճանապարհեց, մինչեւ վերջին պահն էլ սիրտը անհանգիստ էր, ասում էր՝ ո՞ւր ես գնում, ախր, էրեխա ես, քո ի՞նչ աշխատելու ժամանակն է:

Հիշելով՝ Նարինեն էլ սկսեց արտասվել, ապա արցունքները խեղդելով՝ շարունակեց.

- Որ իմանայի մորս արցունքները տեղին են, չէի գնա: Հասնելով Անթալիա` ինձ տարան մի բար, որտեղ սեղանի շուրջ նստած էին թուրք մարմնավաճառներ: Ինձ տարան, նրանց կողքը նստեցրին: Եվ պարզվեց, որ թուրքերը պետք է ընտրություն կատարեին ու մեզանից որեւէ մեկի հետ գնային առանձին սենյակ: Սկսեցի ընմբոստանալ, ասացի, որ սա իմ տեղը չէ, բայց Գագիկը (թրաֆիքյորը) ապտակեց ինձ ու ասաց. «Դերասանություն մի արա, Հայաստանում ով է իմանալու այստեղ ինչ ես արել. թուրքերի հետ կեր-խմի, քեֆ արա, փողդ ստացի ու գնա»: Ինձ հետ այլ հայ աղջիկներ էլ էին եկել. նրանք մի քիչ ըմբոստանալուց հետո համաձայնեցին, բայց ես երբեք նման քայլի չէի գնա: Դրա համար էլ ինձ տարան, փակեցին սենյակում ու տասնհինգ օր անընդմեջ միայն ծեծում էին: Մենակ նրա համար, որ թուրքերի հետ սեռական հարբերություն չէի ուզում ունենալ, չէի ուզում ստրկանալ, վաճառվել թուրքերին. մի բաժակ ջուրն ինչ է որ՝ էդ էլ չէին տալիս: Ասում էին. «Աղջի, գիտե՞ս, թուրքերի խելքը հայ աղջիկների համար գնում է, գիտես ինչ փողեր կտան: Մանավանդ իմացել են, որ կույս ես. միլիոններ են խոստանում քո համար»:

Կկարողանա՞ր երկար դիմանալ Նարինեն, եթե բախտը մի փոքր չբերեր.

- Երբ մեզ բոլորիս բերեցին Տրապիզոն, որպեսզի վիզայի ժամկետները երկարացնեն, ես նկատեցի մի ոստիկանի, ով ռուսերեն, չէի ասի, որ շատ լավ, բայց հասկանում էր: Մոտեցա ու միանգամից` հենց իրենց ներկայությամբ ասացի, որ օգնեն ինձ, որ ինձ բռնի ուժով են պահում: Մեր ղեկավարը սկսեց արդարանալ, թե նա իմ քեռին է, եւ ես պարզապես շատ եմ կարոտել ծնողներիս, ովքեր իբր շուտով պետք է միանան ինձ: Ոստիկանն այնուամենայնիվ հավատաց ինձ, վերցրեց անձնագիրս եւ իր հեռախոսը տրամադրեց, որ զանգեմ ծնողներիս: Զանգելուցս հետո ծնողներս միանգամից դիմել էին Հայաստանի ոստիկանություն, իսկ ես ոստիկանի շնորհիվ եւ աջակցությամբ վերադարձա: Նույն օրն էլ գնացի ոստիկանություն եւ պատմեցի այն դժոխքի նման տասնհինգ օրերի մասին, որոնք անցկացրել եմ Թուրքիայում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում